In Vino ակումբում ապրիլի 11-ին առաջին անգամ տեղի ունեցավ տարախառնման (կուպաժավորում) վարպետության դաս, որի մասնակիցները ստեղծեցին «Մալահի» գինու սեփական տարբերակը։
Գինեսերները հերթականությամբ փորձեցին «Մալահիի» մաս կազմող գինիները, որոնք աշնանը «Մարան» ընկերության գինեգործարանում տարախառնելու եւ ստանալու են 2022 թվականի գինին։
«Մարան» ընկերության գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը նշեց՝ իրենց նպատակն այն է, որ մարդիկ «կարողանանք մոտենալ տարախառնման գործընթացին»։
Ֆրունզ Հարությունյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կան գինիներ, որոնք մոնոսորտ են՝ գալիս են մի այգուց, մի շրջանից եւ դա իր հետեւում ունի հսկայական փիլիսոփայություն։ Մենք նաեւ այդ տարբերակով ենք աշխատում, բայց «Մալահին» մի քանի տերուարի, աշխարհագրական շրջանների եւ խաղողի սորտերի խառնուրդ է։ Սա հետաքրքիր է, չնայած գինեգործի աշխատանքը մի քանի անգամ ավելանում է։ Տարբեր սորտերի եւ տերուարների հետ աշխատելիս նա առանձին-առանձին պետք է հետեւի բոլորի հասունացմանը»,- ասաց Ֆրունզ Հարությունյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինեգործը տեղեկացրեց, որ 2022 թվականի համար որոշել են փոխել «Մալահի» գինու բլենդը՝ հրաժարվել են Մալբեկից եւ փոխարենն օգտագործելու են Սիրա խաղող։
«Դուք առաջինը հնարավորություն կունենաք տեսնելու, թե ինչպես է իրեն դրսեւորում Սիրան։ Այն ավելի բարդ եւ համաշխարհային արենայում գնահատվող, հարգված սորտ է, քան Մալբեկը»,- մասնակիցներին ասաց նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսից առաջ Ֆրունզ Հարությունյանը գինեսերներին հուշեց, որ «Մալահի» կարմիրը հիմնականում Արենի է. ««Մալահի» նշանակում է Արենի եւ մեզ համար կարեւոր է եղել, որ Արենին կարմիր գինու մեջ լինի դոմինանտ։ «Մալահին» պատրաստելով մենք ուզում ենք ստանալ թարմ, մրգային հետաքրքիր գինի, որ կտա շատ էմոցիա»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջին գինին, որ համտեսեցին գինեսերները, Արենին էր։ Ֆրունզ Հարություննյանն ասաց, որ այն գինու գործարանում հասունանում է մինչեւ ամառ, իսկ մյուս խաղողները, օրինակ՝ Սիրան, Մալբեկը, Խնդողնին, ավելի շուտ են ձեւավորվում եւ հնարավոր է լինում հստակ որակական գնահատական տալ։
«Արենիի պարագայում կարող ես գինին փորձել նոյեմբերին եւ ամռանն այն շատ տարբեր կլինի։ Այս գինին փորձելուց հաշվի առեք, որ սա վերջնական չէ, դեռ փոխվելու է»,- նշեց նա։
Ֆրունզ Հարությունյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսի երկրորդ գինին պատրաստված էր Արցախից բերված Խնդողնի խաղողից։
«Երանգով այն ավելի մուգ է, քան առաջին գինին եւ սա հատուկ է Խնդողնիին: Բույրով ինձ հիշեցնում է բալով չիզքեյք։ Սա չի նշանակում, որ ես երբեւէ կերել եմ բալով չիզքեյք (ծիծաղում է- հեղ.), նկատի ունեմ, որ այստեղ կա մրգային բույր, բայց նաեւ կան սերուցքային տոներ։ Խնդողնին բարձր գնահատվող սորտ է եւ մեծ է հրապուրանքը միշտ գինի պատրաստել հենց այս խաղողից։ Կարելի է ասել, որ այն պատրաստի երիտասարդ գինի է եւ կարող է շշալցվել»,- ասաց գինեգործը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երրորդ գինին՝ Սիրան, համտեսելուց առաջ Ֆրունզ Հարությունյանն ասաց, որ այն պակաս թափանցիկ գույն ունի, քան նախորդ երկուսը եւ կպահանջի, որ խմելուց առաջ «օդ տան»։
Վերջին գինու համտեսից հետո սկսվեց տարախառնման պրոցեսը, որի ընթացքում մասնակիցները պետք է օգտագործեին երեք գինիները եւ չափիչի օգնությամբ յուրաքանչյուրից բաժակի մեջ լցնեին այնքան, որ ստանային «Մալահիի» իրենց տարբերակը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վարպետության դասի մասնակիցներից Ռուզաննա Բադալյանը, ով էնոտուրեր է անցկացնում, որոշեց մի փոքր դեմ գնալ կանոններին եւ խառնել միայն երկու գինի։
Ռուզաննա Բադալյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արենին ինձ բավականին ծանոթ է, կարելի է ասել, ես հասունացել եմ խաղողի այս սորտի հետ։ Սիրան ճանաչել եւ սիրել եմ Ֆրանսիայում, այստեղի Սիրան մի փոքր տարբերվում է, բայց շատ հետաքրքիր ու հասուն գինի է։ «Մալահիի» Խնդողնին ինձ շատ դուր եկավ, այն կայացած է եւ չէի խառնի որեւէ այլ գինու հետ»,- ասաց նա։
Ռուզաննա Բադալյանը նշեց, որ փորձել է խառնել Խնդողնին եւ Սիրան, որպեսզի տեսնի, թե ինչ է ստացվում այս երկուսի բլենդից․ «Ավելի շատ օգտագործեցի Խնդողնի, որպեսզի Սիրան «չխեղդի» Խնդողնուն։ Դեմ գնացի գինեգործի սկզբունքներին եւ զերծ մնացի Արենին խառնելուց, ամեն ինչ սիրում եմ մինիմալիզմի մեջ եւ ինձ դուր է գալիս Խնդողնի-Սիրա բլենդը։ Խախտեցի բոլոր կանոններն ու ստացա այսօրվա համար չկրկնվող գինի»,- ասաց նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հանդիպման ավարտին Ֆրունզ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ չափաբաժիններով էր պետք խառնել գինիները, որ ստացվեր «Մալահին» մոտ գինի։
««Մալահին» ի սկզբանե եղել է խաղողի երեք սորտի խառուրդ եւ որպեսզի մասնակիցների տարախառնած գինիները մոտ լինեին դրան, անհրաժեշտ կլիներ օգտագործել 60-70% Արենի, 20-30% Խնդողնի եւ 15%-ից ոչ ավելի Սիրա»,- ասաց նա։
Ֆրունզ Հարությունյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դասի ավարտին ամեն մասնակից շշալցրեց իր պատրաստած գինին, փակցրեց «Մալահի» գինու պիտակ եւ տարավ իր հետ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: