×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Կույր», բայց թափանցիկ քննություն՝ հայկական գինիների համար

Հայկական 134 գինի դեկտեմբերի 17-ին ենթարկվել է «կույր քննության»։ Գինիները համտեսել ու գնահատել են մրցույթին մասնակցող 34 ընկերությունների ներկայացուցիչները, ընթացքը ղեկավարել է գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ ունեցող 5 անկախ փորձագետ։

Գինիները համտեսելու համար մասնակիցներին տրվել է 8 ժամ, յուրաքանչյուր գինին գնահատելու համար՝ 3-5 րոպե։ Գինիները մատուցվել են փակ պիտակներով։

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ։

Սիրվարդ Ամատունին (GIZ) Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մրցույթի նպատակն է մշակել հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան սահմանել որակական նոր չափանիշներ հայկական արտադրության բարձրորակ գինիների համար։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը GastroVino-ին պատմել է համտես-մրցույթի նպատակների եւ դրան զուգահեռ իրականացվող ծրագրերի մասին։

Գինու կույր համտես

Տարիներ շարունակ փորձել ենք համտեսներ կազմակերպել Հայաստանում, անկողմնակալության ու թափանցիկության համար հրավիրել արտասահմանից փորձագետների։ Նրանք հաճախ նշել են, որ դժվարանում են գնահատել, որովհետեւ ծանոթ չենք տերուարին, սորտերին, հայկական գինու ոճին։ Մենք հասկացանք, որ մեզանից լավ ոչ ոք չի կարող գնահատել մեր գինին եւ, որպեսզի անկողմնակալ լինի, որոշեցինք, որ հենց արտադրողները պետք է գնահատեն։ Մասնակիցները նախապես չեն իմացել, թե ինչ գինի են համտեսելու, մրցույթը կազմակերպվել է հնարավորինս պարզ ու թափանցիկ։

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կույր մրցույթից հետո՝ եւս երկու օր, անկախ փորձագետները կգնահատեն մասնակից բոլոր գինիները, գնահատականները կհամադրվեն գինեգործական ընկերությունների փորձագետների կարծիքների հետ, որպեսզի հասկանանք, թե որքանով է պրոֆեսիոնալ մեր պանելը։ Եթե պարզվի, որ գինիները ճիշտ չեն գնահատվել, գուցե հասկանանք, որ դեռ պատրաստ չենք նման ձեւաչափով ներկայանալու։

«Հայկական գինիներ» ապրանքանիշն ու հավաքական պահեստը

Մրցույթի արդյունքում կստեղծվի «Հայկական գինիներ» ապրանքանիշը։ 86 եւ ավելի միավոր ստացած գինիները միջազգային ասպարեզում կներկայացվեն այդ պիտակով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պանելի մասնակիցներին ասել ենք՝ համտեսելուց մտածեք՝ ուզո՞ւմ եք, որ այս գինին կրի «Հայկական գինիներ» ապրանքանիշը, թե՞ ոչ։

Զուգահեռ՝ Եվրոպայում ստեղծում ենք էլեկտրոնային առցանց հարթակ, վարձակալելու ենք պահեստ, որտեղ լինելու են բոլոր լավագույն գինիները։ Համտես-մրցույթից, դասակարգումից հետո կհասկանանք, թե որ գինիներն ու ինչ քանակով կուղարկվեն հավաքական պահեստ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս կերպ հայկական գինիներն ավելի հասանելի կլինեն Եվրոպայում։ Մենք նաեւ փորձում ենք գնորդին կապել արտադրողի հետ՝ բացառելով միջնորդներին, նաեւ հնարավորություն տալ, որ արտադրողը շփվի գնորդի հետ, հասկանա պահանջները, վաճառքի ծավալները։ Երբ ներմուծող ընկերություններն են վաճառում գինիները, արտադրողը երբեմն չի էլ իմանում, թե որ քաղաքներում է իր գինին սպառվում։ Այսպես հնարավորություն կլինի հետեւել նաեւ վաճառքներին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պահեստը մեզ թույլ կտա հասանելի դառնալ ոչ միայն վաճառքի, այլեւ նմուշների համար, քանի որ երբ արտադրողը նոր գործընկեր է ձեռք բերում, այստեղից նմուշն ուղարկելը բավական թանկ ու ժամանակատար է լինում։ Եթե հաջողենք, ապա նմանատիպ հարթակներով կարող ենք ներկայանալ նաեւ Չինաստանում, ԱՄՆ-ում ու տարբեր երկրներում։

«Հայաստանի գինիներ» ասոցիացիայի հիմնադրման մասին

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը համախմբել է գինեգործական ընկերություններին, բայց, կարծում եմ, ոլորտում պետք է ունենալ ուժեղ, անկախ կառույց՝ ի դեմս ասոցիացիայի։ Բոլոր գինեգործական երկրներում կան նմանատիպ ասոցիացիաներ, որոնք իրենք են իրենց ոլորտի տերը։ Սա մեծ հնարավորություն է եւ այժմ առաջին քայլերն ենք անում այդ ուղղությամբ։

«Հայաստանի գինիներ» ասոցիացիան հետագայում պատասխանատու կլինի նաեւ համտես-մրցույթների կազմակերպման եւ իրականացման համար։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին