×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մեյրոն»-ը ներկայանում է նոր՝ վարդագույն գինիներով

«Մեյրոն» գինիները շուկային են ներկայանում նոր արտադրատեսակով։ Այսուհետ կարմիր Արենի եւ սպիտակ Ոսկեհատ գինիներին կավելանա նաեւ վարդագույն Արենին՝ «Meyron Rose»-ը։


Վայոց Ձորի Ռինդ գյուղի այգիների Արենիից է ստացվում «Meyron Rose»-ն։

Ընկերության խաղողի այգիները գտնվում են ծովի մակերեւույթից 1250-ից 1550 մետր բարձրության վրա, ինչի շնորհիվ էլ գինիները ձեռք են բերում չկրկնվող համային ու բույրային հատկանիշները։ «Meyron Rose»-ը տարբերվում է իր բաց վարդագույն երանգով, իսկ բույրը հիշեցնում է ծանոթ հատապտղային ու մրգային բազմազանությունը: Համային հատկանիշներով գինին աչքի է ընկնում իր թարմացնող թթվայնությամբ եւ թեթեւ տտիպությամբ հետհամային զգացողությունով:

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոն» գինիների բրենդ ամբասադոր Վլադ Խաչատրյանն ասում է, որ վարդագույն գինին խորհուրդ է տրվում մատուցել միջերկրածովյան, ինչպես նաեւ հայկական ազգային խոհանոցի ուտեստների, աղցանների ու չոր պանիրների հետ: Հենց այս շեշտադրումներով էլ աչքի էին ընկնում հյուրասիրության սեղանները, որոնց շուրջ հավաքվել էին գինեսերներն ու «Մեյրոն»-ի գործընկեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրանք միասին մասնակցեցին գինու համտեսին, որը վարում էր Վլադ Խաչատրյանը։ Նա ներկայացրեց նաեւ փոքր չափերով շշալցված գինիները, որոնք հետաքրքիր նորություն են շուկայում, ինչպես նաեւ ավելի նախընտրելի են ռեստորանային ոլորտում, երբ կարիք է լինում հաճախորդներին գինին մատուցել գավաթով, ոչ թե ամբողջական մեծ շշով։

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ռոզեն գինու գույնն է եւ կարող է լինել տարբեր, ինչպես սպիտակը կամ կարմիրը: Համային եւ բույրային շերտերը շատ լայն են, անընդհատ կարելի է նոր երանգներ բացահայտել։ Ուզում եմ շեշտել, որ ամենակարեւորը գույնը չէ, կարեւորը որակն է, իսկ մեր գինին այդ հարցում չի թերանում՝ շնորհիվ պատրաստման տեխնոլոգիայի։ «Խելացի գյուղատնտեսության» չափանիշներով հիմնված մեր այգիներն ամբողջությամբ հագեցած են կաթիլային ոռոգման համակարգով, որը թույլ է տալիս լիովին վերահսկել խաղողի որակը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այգիների զգալի մեծամասնությունը գտնվում է հարավային թեքության վրա, ինչն այդ տարածաշրջանի համար աննախադեպ է ու եզակի: Նման ուղղվածությամբ թեքությունը նույնպես բարենպաստ ազդեցություն է թողնում խաղողի բարձր շաքարայնության եւ որակի վրա»,- GastroVino-ի հետ զրույցում պատմել է Վլադ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա նշեց, որ շատ շուտով մեկ այլ հետաքրքիր նորություն են ներկայացնելու գինեսերներին՝ առաջին հայկական կլարետը։ Այն իր երանգով ռոզեից ավելի մուգ է, կարմիրից՝ ավելի բաց։ Իր տտիպությամբ եւ հետհամային զգացողություններով այն նման է կարմիրին, իսկ գույնը շատ ավելի նոր համադրություն է հիշեցնում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ես կարծում եմ՝ շուկան հաստատ կընդունի այդ գինին, որովհետեւ այն թարմ է ու հետաքրքիր՝ որպես նոր փարձառություն»,- նկատեց Վլադ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոն ռոզե»-ն արդեն ներկայացված է հայաստանյան խանութ-սրահներում, ինչպես նաեւ ռեստորանային ու հյուրանոցային ոլորտի բազմաթիվ այլ վաճառակետերում։ Ընկերությունը ծրագրում է մոտ ապագայում դուրս գալ նաեւ արտասահմանյան շուկա՝ սկսելով այդ ճանապարհը Ռուսաստանից, ապա շարունակելով դեպի Եվրոպա ու ԱՄՆ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարող եք կարդալ նաեւ Վլադ Խաչատրյանի հետ մեր նախորդ զրույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ «Մեյրոն» գինիների հիմնադրման պատմությանը.

https://gastrovino.mediamax.am/am/news/drink/45965 ։

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին