×

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինուն սիրահարեցնողը, «Մեյրոնի» գինիներն ու Ռինդի այգիները

Ինչպե՞ս անել, որ գինին դառնա խմողի «առաջին սերը», ո՞ր պահին է պետք կուլ տալ այն ու ինչպե՞ս արտաշնչել ու վայելել գինին․ «գինու դեսպան» Վլադ Խաչատրյանն իրեն հանդիպած մարդկանց առանց շտապելու պատմում է այս ամենի մասին, հետո բացատրում, թե ինչու է գինին «նյարդային» կամ ինչու է հարկավոր խմելուց առաջ «արթնացնել» բաժակում քնած գինին։

GastroVino-ի հետ զրույցում «Մեյրոն» գինիների «բրենդ ամբասադորը» պատմել է նաեւ գինու եւ մարդու նմանության, վերջերս շուկա դուրս եկած «Մեյրոն» գինիների ու Հայաստանը գինեգործական տեսանկյունից էլ ավելի լավ ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։

Գինին ներկայացնել սեփական դեմքով

Արդեն 15 տարի է, ինչ ոգելից խմիչքների ոլորտում եմ։ Սկզբում աշխատում էի մասնագիտացված խանութներից մեկում եւ հպարտ կարող եմ ասել, որ դեռ այն ժամանակ մենք փորձում էինք Հայաստանում զարգացնել գինու մշակույթը։ Այս տարիների ընթացքում աշխատել եմ հայկական եւ արտասահմանյան տարբեր գինեգործական ընկերությունների, այդ ոլորտի հետ առնչություն ունեցող կազմակերպությունների հետ, երեք տարի Ուկրաինայի Օդեսա քաղաքում եղել եմ տարբեր գինեգործական ընկերությունների տարածաշրջանային ներկայացուցիչ։

2014-2016-ին եղել եմ խցան արտադրող խոշոր պորտուգալական ընկերություններից մեկի ներկայացուցիչը, իսկ 2015-2017-ը Հայաստանում զբաղվել եմ տեղական մի քանի գինիների վաճառքների զարգացմամբ՝ դրանք ներկայացնելով ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ Ռուսաստանում։

2017-ին առաջարկ ստացա եւ տեղափոխվեցի Ռուսաստան՝ ղեկավարելու ընկերություններից մեկի մարքեթինգի բաժինը եւ իմ պորտֆոլիոյում հավաքել ու ներկայացնում էի լավագույն հայկական գինիները։ Կորոնավիրուսի շրջանում, մորս ծննդյան առթիվ եկա Հայաստան ու սահմանները փակվեցին, փորձեցի հեռավար աշխատել, ընթացքում հասկացա, որ այլեւս չեմ ուզում մեկնել։ Որոշ ժամանակ գինեգործական կազմակերպություններում խորհրդատվություն էի տալիս, թրեյնինգներ անցկացնում, իսկ վերջերս շատ գրավիչ ու մասնագիտական առումով հետաքրքիր առաջարկ ստացա «Մեյրոն» ընկերությունից եւ դարձա այդ գինու «դեսպանը»՝«բրենդ ամբասադորը»։

Վլադ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դեռ այն ժամանակվանից, երբ աշխատում էի խանութում, փորձում էի առաջարկել միայն լավ գինիներ։ Չգիտեմ, լավ է, թե վատ, բայց ինձ համար սկզբունքային է ներկայացնել միայն որակյալ գինիներ, ես կարող եմ հրաժարվել աշխատանքից, եթե պրոդուկտը ինձ դուր չի գալիս։

Միշտ փորձում եմ անել ամեն հնարավորը, որ խմողը սիրահարվի գինուն։ Մենք որքան էլ ապրում ենք, չենք մոռանում մեր առաջին սիրահարվածությունը, ես ուզում եմ, որ իմ ներկայացրած գինին լինի համտեսողի «առաջին սերը», որ մարդը սիրահարվի այն խմելու պրոցեսին, համին, հետհամին, եւ հետո ինչ էլ խմի, հիշի եւ համեմատի հենց այդ գինու հետ։ Բոլոր գինիներն ունեն ուժեղ եւ թույլ կողմեր եւ «ամբասադորը» պետք է կարողանա մարդկանց բացատրել՝ ինչ բաժակով խմել՝ որեւէ գինու պոտենցիալը մաքսիմալ բացահայտելու, վայելելու համար եւ թե որ ուտեստներն են հետաքրքիր համադրվում խմիչքի հետ։

Գինու եւ մարդու նմանությունը

Գինին միշտ համեմատում եմ մարդու հետ, երբ այն լցնում ես բաժակի մեջ, կարծես, մարդուն արթնացնում ես, բայց նա դեռ անկողնում է, տրամադրությունն էլ մի փոքր վատ է, երբ գինին պտտեցում ես բաժակի մեջ, մարդը գնում է լոգարան՝ թարմանալու, կրկին պտտեցնելով՝ նրան սուրճ ես տալիս, որպեսզի պատրաստ լինի աշխատանքի։

Բաժակից կում անելուց հետո գինին պետք է ընդունել լեզվի վերեւի հատվածով, կենտրոնացած, որպեսզի այն չտարածվի, ապա անհրաժեշտ է գինին հանգիստ տանել-բերել բերանում, բայց ոչ այնպես, կարծես ատամներն ես ողողում, որպեսզի բոլոր ռեցեպտորները (ընկալիչներ) ծանոթանան գինու հետ, հետո կենտրոնացնում ես ու հանգիստ կուլ տալիս, երբ գինին Ա կետից հասնում է Բ կետ, պետք է դանդաղ արտաշնչել։

Թեթեւ, բայց ողնաշար ունեցող գինի

Վերջին շրջանում գինեսերներին մեծ պարծանքով ներկայացնում եմ «Մեյրոն» կարմիր եւ սպիտակ գինիները, որոնք շուկա դուրս եկան մոտ երեք շաբաթ առաջ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոն» բրենդը որոշել է առայժմ աշխատել Վայոց ձորի երկու էնդեմիկ խաղողի տեսակով՝ «Արենի» եւ «Ոսկեհատ» (Խարջի), թեպետ, երկրորդը ծնունդով Արագածոտնի մարզից է ու, ցավոք, այդ մարզում այլեւս քիչ է աճում, բայց Վայոց ձորում եւս այն իրեն լավ է դրսեւորում։

«Մեյրոնի» սպիտակ գինին խմորումն անցել է Արցախի կաղնուց պատրաստված տակառներում, իսկ կարմիրը՝ մետաղական տանկերի մեջ, ջերմային հատուկ ռեժիմում։ Դեռ մոտ տասը տարի առաջ «Ոսկեհատ» խաղողից պատրաստված գինիները բավականին թեթեւ եւ հանքային էին, բարձր թթվայնությամբ, թարմություն հաղորդող, իսկ, օրինակ, «Կանգուն» տեսակից պատրաստվածները՝ խիտ բույր ու համով, մարմնեղ, յուղոտ, նման գինիները կոչվում են «ձմեռվա գինիներ» եւ սրանք խմելը բավականին դժվար է։

Լուսանկարը՝ «Մեյրոն»


Ժամանակի ընթացքում գինեգործները փորձեցին թեթեւացնել «Կանգունից» պատրաստված գինիները, միաժամանակ, փորձարկումներ արեցին նաեւ «Ոսկեհատի» հետ եւ դրանից պատրաստված գինիները դարձան ավելի մարմնեղ։ Այսպես, ժամանակի ընթացքում «Կանգունն» ու «Ոսկեհատը» տեղերով փոխվեցին, առաջինը դառավ թեթեւ, երկրորդը՝ ծանր։
 
Ես ուրախ եմ, որ «Մեյրոնի» սպիտակ գինին պահել է «Ոսկեհատի» դեմքը, թեթեւությունը, բացի թարմություն հաղորդելուց՝ այն նաեւ հետաքրքիր է իր համով, հետհամով, բույրով։

Լուսանկարը՝ «Մեյրոն»


Կարմիր գինու դեպքում մենք եւս փորձել ենք չծանրացնել «Արենին», ինչպես լինում է հաճախ, այն թեթեւ, բայց բնավորություն ու ողնաշար ունեցող գինի է։ Ունի տտիպություն, տանինները հարուստ են եւ կլոր։ Երբ գինին նոր էր շշալցվել, բավականին նյարդային էր, ինչը բնական է, բոլոր գինիները շշալցվելուց հետո պետք է հանգստանան, բայց օրեցօր այն փոխվում է, դառնում ավելի լավը։

Համեղ դեղձի գյուղի խաղողի այգիները

«Մեյրոնի» խաղողի այգիները Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում են, որը Խորհրդային շրջանում հայտնի էր համեղ դեղձով եւ խաղողի այգիներ գրեթե չկային։ Առաջին գինեգործը, ով ցանկացել է այս գյուղում խաղողի այգիներ հիմնել, չի կարողացել անգամ խորհուրդ հարցնել տեղացիներից, քանի որ ոչ ոք չի զբաղվել խաղողագործությամբ։ Մեծ ռիսկի գնալով եւ սեփական սխալների վրա սովորելով՝ կարողացել է իրագործել իր նպատակը։ Ռինդը հետաքրքիր պոտենցիալ ունեցող վայր է, ուր այժմ կա գինու չորս արտադրող։

Լուսանկարը՝ «Մեյրոն»


«Մեյրոնի»՝ Ռինդ գյուղում գտնվող 45 հեկտար խաղողի այգիները սկիզբ են առնում 1250 մետրից եւ բարձրանում մինչեւ ծովի մակարդակից 1550 մետր։ Այգիները դեռ բավականին երիտասարդ են, բայց տարեցտարի կունենան հետաքրքիր արդյունքներ, քանի որ տնկվել են ճիշտ եղանակով, անհրաժեշտ թեքության վրա եւ դեպի հարավ, որպեսզի ճիշտ զարգանան ու հնարավորինս լավ բերք տան, ինչն էլ լավ գինու սկիզբն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոնը» ծրագրում է 2-3 տարվա ընթացքում խաղողի այգում ունենալ դեգուստացիոն սրահ։ Հավատացեք, երբ մարդը խմում է գինի ու նրա աչքի առաջ խաղողի այգին է, բոլորովին այլ զգացողություն է ունենում։

Հայկական արեւի «սպիրտայնությունը»

Գինին համտեսելիս՝ ոչ միայն տեսարանն է կարեւոր, այլեւ դրա ջերմաստիճանը։ Հայկական սպիտակ գինիները խորհուրդ եմ տալիս խմել 8-10 աստիճանով՝ սառը խորտիկների հետ, իսկ տաք ուտեստների հետ՝ 10-12, կարմիր գինիները՝ 14-16 ջերմաստիճանով։ Ֆրանսիական կամ իտալական գինիների նախընտրելի ջերմաստիճանը, օրինակ, այլ է՝ 16-18 աստիճան, պատճառն այն է, որ Հայաստանի արեւն ավելի ուժեղ է, այստեղ աճող խաղողը՝ ավելի քաղցր, իսկ որքան խաղողը քաղցր է, այնքան սպիրտի տոկոսայնությունը բարձր է։ Ֆրանսիայում հնարավոր չէ ստանալ սպիրտի նույն տոկոսայնությունը, ինչ այստեղ, դրա համար ցանկալի է հայկական գինիները խմել այն ջերմաստիճանով, որ ես նշեցի, որպեսզի գինին ագրեսիվ չլինի քիմքի, համային ընկալիչների համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինչ վերաբերում է ուտեստների հետ համադրություններին, ապա «Մեյրոնի» սպիտակ գինին առաջարկում եմ խմել եվրոպական պանիրների, թեթեւ աղցանների, գրիլ արած բանջարեղենի, ծովամթերքի, սպիտակ, ոչ յուղոտ մսի հետ, որպես ապերիտիվ՝ այն եւս շատ հետաքրքիր է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ Սուրբ Ծնունդը մոտ է, իսկ մեզ մոտ ընդունված է այդ օրը ձուկ ուտել, սպիտակ գինին հաճելի համադրություն կլինի նաեւ Հայաստանում եղած ձկնատեսակների հետ, իսկ այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, նախընտրում են կարմիր միս, կարող են այդ օրը խմել «Մեյրոնի» կարմիր գինի։

Մեռոնի (մյուռոն) պես գինի

Ուզում եմ պատմել նաեւ «Մեյրոն» գինիների անվան մասին։ Ընկերության հիմնադրի պապը տանը գինեգործությամբ է զբաղվել ու այնքան համեղ գինի է պատրաստել, որ համտեսողներն այն համեմատել են մեռոնի հետ՝ ինչպես սիրում է ասել ժողովուրդը։ Իր թոռանը խրատելիս պապն ասել է՝ «եթե երբեւէ գինի պատրաստես, այն պետք է մեռոնի պես լինի»։ Քանի որ գինու հիմնադրի պապը մեռոն բառը մի փոքր հնչյունավորված է արտասանել՝ «մեյրոն», նա էլ որոշել է գինիները հենց այդպես անվանել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեյրոնի» պիտակին պատկերված է կաթիլ, որը խորհրդանշում է մեռոնի կաթիլը եւ քանի որ այն եփվում է յոթ տարին մեկ անգամ, պիտակին պատկերված ողկույզն ունի խաղողի յոթ հատիկ։

«Մեյրոնի» գինիներն ամեն անգամ խմելիս՝ ես նորովի եմ վայելում եւ զգում դրա համը, այնպես որ, այս գինին անմոռանալի «ճամփորդություններ» է խոստանում։ Իր տեսակի մեջ այն կարող է լինել հայկական գինեգործության լավագույն ներկայացուցիչներից մեկը։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին