×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երեմյան Փրոջեքթսը» միացել է «Վայելիր կաթնամթերքը» արշավին

Մի բաժակ «կաթ ու սերով» «Երեմյան Ակադեմիայում» սկսել են Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկումը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն այս տարի միացել է ՄԱԿ-ի համաշխարհային արշավին, որի կարգախոսն է՝ «Վայելիր կաթնամթերքը» (Enjoy Dairy)։

2001 թվականից ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հունիսի 1-ը նշվում է որպես Կաթի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սեւեռելով կաթի՝ որպես գլոբալ կարեւորություն ունեցող մթերքի նշանակության վրա։ Օրվա նպատակն է նպաստել հանրության շրջանում կաթի եւ կաթնամթերքի լայն օգտագործմանը, բարձրացնել բնական կաթի արտադրության, սննդային արժեքի, տնտեսական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր տեղի ունեցած ասուլիս-քննարկման ընթացքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը խոսել է կաթի սպառման, որակյալ կաթնամթերք ստանալու շղթայի եւ «Կաթը սեր է» արշավի մասին։

Բարձրորակ կաթի արտադրության շղթան

Օրը խորհրդանշական է: Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային եւ երեխաների առողջ ու կայուն զարգացման համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող «Կաթի համաշխարհային օրն» է։

Մեր կազմակերպությունը մեծ ներդրում ունի կաթարտադրության մեջ։ Արդեն 15 տարի Հայաստանում զբաղվում ենք ռեստորանային ոլորտով եւ որակյալ մթերքով աշխատելը կազմակերպության գործունեության գերակա սկզբունքն է։ Երբ հասկացանք, որ մեզ համար ավելի բարդ է դառնում մեր չափանիշներին ու պահանջներին համապատասխան կաթնամթերք գտնել, 2019 թվականին «Սերմից Սեղան» հայեցակարգի շրջանակում հիմնեցինք ամբողջական փակ ցիկլով աշխատող մեր ֆերմերային տնտեսությունները, կառուցեցինք նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ, կերաղաց, կաթի արտադրամաս, ներկրեցինք բարձրարժեք գենետիկայով կաթնատու եւ մսատու կենդանիներ, ու մեր կաթնամթերքի տեսականին ներկայացրինք լայն սպառման շուկայում։

Որակյալ կաթնամթերք ստանալու համար կարեւոր մի շարք հանգամանքներ կան՝ սկսած խոտից, որն ուտում է կենդանին։ Այն պետք է պարարտացված լինի ոչ թե քիմիական, այլ՝ բնական միջոցներով։ Անգամ կարեւոր է, որ քաղը կատարվի ճիշտ ժամանակին, որպեսզի խոտն ունենա օգտակար հատկանիշներ եւ կաթի որակն էլ դրա արդյունքում ավելի բարձր լինի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում կիթի գործընթացը եւ կերի բաշխումն ավտոմատացված են, ինչը թույլ է տալի ավելի մաքուր կաթ ստանալ, քանի որ խողովակներն ու ֆիլտրերը ամեն կիթից հետո մաքրվում են։ Այնուհետեւ կաթը հատուկ մեքենաներով գործարան է հասնում առանց արտաքին միջավայրի հետ շփման, ինչի արդյունքում պահպանում է իր համային եւ որակական հատկանիշները։

Մուտքը կաթնամթերքի շուկա

Մեր ֆերմաներն ի սկզբանե հիմնել ենք միայն մեր ռեստորաններում կաթնամթերք պատրաստելու համար, բայց երբ համավարակի հետ ռեստորանները փակվեցին, մեզ մոտ մեծ քանակի կաթնամթերք ու մսամթերք սպառելու խնդիր առաջացավ։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բրենդինգ եւ փաթեթավորում արեցինք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մտածում էինք, թե ինչպես ենք մուտք գործելու կաթնամթերքի շուկա, բայց հաշված օրերի ընթացքում սպառողը գնահատեց մեր արտադրանքը։

Կաթնամթերքի շուկա մուտք գործելուց առաջ մեր կազմակերպությունն ուսումնասիրություն կատարեց եւ, ցավոք, պարզեց, որ Հայաստանում կաթնամթերք քիչ են օգտագործում։ Սպառողները նշում են՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ որակյալ կաթնամթերք քիչ են հանդիպել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ապրանքատեսակները շուկայական ստանդարտ գներից մի փոքր բարձր են, բայց պատճառն ինքնարժեքն է, որը գոյանում է շղթայական մեծ աշխատանքի արդյունքում։

Մեր գործարանը հայտարարել է եւ հիմա էլ ասում եմ, որ պատրաստ ենք 300 դրամով գնել կաթ, այն ստանդարտների եւ որակի, որ մենք այսօր արտադրում ենք։ Ցավոք, դեռ առաջարկներ չկան։

«Մրցակցությունը սպառողի հետ է»

Մեզ համար մրցակցությունը միշտ եղել է ոչ թե արտադրողների, այլ՝ սպառողների հետ՝ նրանց հնարավորինս շատ իրազեկելու առումով։ Կաթնամթերքի շուկա մուտք գործելուց առաջ մենք իրականացրեցինք «Կաթը սեր է» արշավը։ Այն պետք է շարունակվի, որ կարողանանք հնարավորինս շատ պրոպագանդել կաթնամթերքի օգտագործումը։ «Կաթի համաշխարհային օր» արշավին միանալով՝ շարունակելու ենք կաթ օգտագործելու նոր մշակույթի ձեւավորման ու տարածման արշավը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երեմյան Փրոջեքթս»-ն ուզում է ընդլայնվել եւ նոր ծրագրեր իրագործել, նոր ֆերմաներ հիմնել, որ որակյալ կաթնամթերքը հնարավորինս շատ լինի Հայաստանում։

Շուկայում որակյալ կաթնամթերք ապահովելու եւ կաթի օգտագործման մշակույթը հանրայնացնելու համար կարեւոր է բոլոր կառույցների ներգրավումն ու համագործակցությունը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին