Կաթն այն մթերքներից է, որոնք մեր առօրյայի եւ սննդակարգի անբաժանելի մասն են, ինչպես, օրինակ՝ սուրճը, թեյը, գինին… Օրվա ընթացքում գոնե նախաճաշին մենք, մեր ընտանիքի անդամները՝ հատկապես փոքրիկները, կաթնամթերքի առնվազն մեկ տեսակ օգտագործում ենք, էլ չասած կաթով սուրճի մասին, որը շատերի սիրելի ըմպելիքներից է:
Առաջին հայացքից գուցե կարող է խորթ հնչել, բայց կաթի եւ կաթնամթերքի օգտագործումը եւս պահանջում է մշակույթ: Մենք գիտենք կաթի օգտակար հատկանիշների մասին, բայց արդյո՞ք դրա օգտագործումը մեր սնվելու մշակույթի մասն է կազմում:
Վերջին օրերին քաղաքի տարբեր հատվածներում եւ սոցիալական ցանցերում կարող եք հանդիպել շատ էմոցիոնալ լուսանկարների շարքի՝ «Կաթը սեր է» դրական կարգախոսով:
Արշավի նախաձեռնությունը «Yeremyan Projects» ռեստորանային ընկերությանն է, որն այժմ հանդես է գալիս նոր «Yeremyan Products» ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրանքը: Թե որքանով այս արշավը կապ ունի Հայաստանում կաթ եւ կաթնամթերք օգտագործելու մշակույթի տարածման կամ «կաթի պաշտամունքի» հետ, պարզեցինք՝ զրուցելով «Yeremyan Projects»-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գեւորգյանի հետ, ով մեզ ներկայացրեց արշավի նպատակներն ու մանրամասները:
-Անահի՛տ, «Yeremyan Projects»-ը միշտ աչքի է ընկնում իր յուրօրինակ միջոցառումներով եւ հետաքրքիր արշավներով: Ահա եւ հերթական ստեղծագործ մոտեցումը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
- Արդեն տասնամյակից ավելի լինելով ռեստորանային ոլորտում՝ «Yeremyan Projects»-ի առաքելությունն է եղել արժեքներ ստեղծելը, Հայաստանում հյուրընկալության եւ ռեստորանային մշակույթը զարգացնելը եւ հայկական խոհանոցն ու հյուրընկալությունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելը: Տարիներ շարունակ մեր ցանկացած միջոցառում եւ արշավ մենք ուղղել ենք այդ առաքելության իրագործմանը:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
«Կաթը սեր է» արշավը դրանցից մեկն է, որն իրականացնում ենք «Yeremyan Projects» ընկերության նոր «Yeremyan Products» նախագծի շրջանակում: Արշավի հիմնական նպատակն է մեր բնակիչների շրջանում ձեւավորել կաթ եւ կաթնամթերք օգտագործելու նոր եւ ճիշտ մշակույթ: Բացի ռեստորանային նախագծերից, այսօր «Yeremyan Projects»-ը նաեւ ներկայանում է իր սեփական տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրանքով, որն ի սկզբանե նախատեսված էր մեր ընկերության նախագծերը սպասարկելու համար: Սակայն արդեն մայիսից մեր ֆերմայից ստացած կաթնամթերքը հասանելի է նաեւ երեւանցիներին:
Այս արշավը մենք, կարելի է ասել, սկսել ենք դեռ 2017 թվականին, երբ բացվեց «Լավաշ» ռեստորանը: «Լավաշ»-ի գործունեության առանցքում է մոռացված հայկական բրդուճային նախաճաշի ու առավոտյան սնվելու գեղեցիկ մշակույթի վերականգնումն ու տարածումը: Իսկ ինչ հայկական ավանդական կոլորիտային նախաճաշ առանց կաթի եւ կաթնամթերքի: Եվ մեր հմուտ խոհարարները ստեղծեցին նախաճաշի՝ կաթնամթերքով պատրաստված ուտեստներով հարուստ ճաշացանկ:
Կցանկանայի նշել, որ կաթնամթերքով պատրաստված ուտեստները շատ սիրված եւ պահանջված են մեր հյուրերի կողմից, օրինակ` կաթնաշոռով գնդիկներ ու նրբաբլիթները: Ասել, որ Հայաստանի բնակչությունը կաթ եւ կաթնամթերք չի օգտագործում, ճիշտ չէ: Կաթնամթերքը մեր՝ հայերիս ամենօրյա սեղանի մասն է՝ հատկապես պանիրը, մածունը, թթվասերն ու կաթնաշոռը:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Ցանկացած տեսակի մթերքի օգտագործումն իրենից ենթադրում է որոշակի մշակույթ, որի միջոցով այդ մթերքը պարզապես օգտագործողից դառնում ենք դրա գիտակը՝ սկսելով սովորել տարբերակել որակյալը, համեմատել, հասկանալ՝ ինչպես օգտագործել այն, ինչ քանակով, երբ եւ ինչ մթերքների համադրությամբ:
Սննդաբաններն ու բժիշկները կհաստատեն, որ բալանսավորված սննդակարգը դժվար է պատկերացնել առանց կաթնամթերքի։ Սակայն կաթը մաքուր վիճակում մարդիկ շատ հազվադեպ են օգտագործում՝ անգամ օգտակար հատկանիշներից քաջատեղյակ լինելով: Պատճառներից մեկն ապրանքի բազմազանությունն ու տարածված կարծրատիպերն են, որոնք խանգարում են ճիշտ ընտրություն կատարել կամ առիթ են դառնում հրաժարվելու կաթի օգտագործումից։ Այս արշավով մենք փորձել ենք կաթը ներկայացնել որպես օգտակար եւ հաճելի ըմպելիք եւ իրազեկել՝ ինչպես տարբերակել որակյալ կաթն ու կաթնամթերքը:
- Ինչու՞ «Կաթը սեր» է:
- Նոր կոնցեպտ մշակելու փոխարեն մենք նպատակային համարեցինք տեղայնացնել 27-ամյա պատմություն ունեցող աշխարհի ամենահայտնի սոցիալական արշավներից մեկը՝ Got Milk?-ը: 20-րդ դարի վերջում, երբ Ամերիկայում, որտեղ կաթը, որը մշտապես ճիշտ սնվելու խորհրդանիշն էր, չգիտես թե ինչու, կորցրել էր իր կարեւորությունը, Կալիֆոռնիայի Կաթի վերամշակողների ասոցիացիան նախաձեռնեց այս յուրօրինակ արշավն՝ ուղղված կաթի օգտակարության հանրայնացմանը:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Այն շատ մեծ եւ բազմահարթակ արշավ է եղել: Մենք ընտրեցինք Got Milk?-ի ֆոտոարշավներից մեկը, որում հերոսներն իրենց ձեռքում ունեն կաթ, իսկ դեմքերին առկա են կաթն ըմպելու արդյունքում առաջացած «կաթնային բեղեր» -ը: Այն ամենաճանաչելին էր մեր հասարակության շրջանում, ինչպես ցույց տվեցին մեր կողմից իրականացված ֆոկուս խմբերի արդյունքները, ուստի եւ ընդհանուր արշավից հենց այս շարքի վրա կանգնեց մեր ընտրությունը: Մենք այն տեղայնացրեցինք «Կաթը սեր» է ջերմ կարգախոսի ներքո, որն, ի դեպ, առաջարկեցին ֆոկուս խմբային քննարկումներին մասնակից մայրիկները: Այն խորհրդանշական եւ բազմիմաստ է առնվազն այն առումով, որ «Yeremyan Products» ապրանքանիշի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք մեր ողջ թիմի սիրո եւ նվիրումի արդյունքն է, այն արտադրված է սիրով:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
«Սեր» եւ «կաթ» բառերի համեմատությանը կարող եք հանդիպել մեր լուսանկարների շարքին ուղեկցող մեկ այլ՝ «Կաթը տարիք չի հարցում» կարգախոսում, որը ցույց է տալիս կաթի ու կաթնամթերքի օգտակարությունն ու կարեւորությունը տարբեր տարիքային խմբերի համար: Սրանով փորձել ենք կոտրել մեր հետազոտության արդյունքում բացահայտված, տարածված կարծրատիպերից կամ պատկերացումներից մեկն այն մասին, որ կաթը միայն երեխաների համար է:
Եթե նկատել եք, տարբեր լուսանկարներում մեր հերոսների ձեռքերում կաթը տարատեսակ բաժակներով է ներկայացված՝ գինու, կոկտեյլի, հյութի, մարտինիի, կոնյակի: Սա եւս պատահական չէ. մենք կաթին հավասար կարեւորություն եւ նշանակություն ենք տալիս մեր կյանքում, ինչպես մյուս բոլոր ըմպելիքներին ու խմիչքներին, մենք դրա մատուցմանն ու օգտագործմանը նույնքան ուշադրություն ենք դարձնում:
Ինչպես եւ Got Milk?-ի դեպքում էր, մեր արշավին միացել են հայտնի եւ հեղինակավոր մարդիկ, մեր հաճախորդները, զանգեր ենք ստացել մեր ծանոթներից, ովքեր իրենք են ցանկացել, որ իրենց եւս ներգրավենք այս արշավին: Արշավն ու այս լուսանկարների շարքը շարունակական է լինելու:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Got Milk?-ը տեղայնացնելու հավակնոտ եւ թաքնված նպատակներից մեկը նաեւ հայկական տարբերակը որոնողական համակարգերում ակտիվացնելն է, արշավի հայկականացված տարբերակը ներկայացնելը: Այն դիտարկում ենք հայկական արտադրության կաթի ու կաթնամթերքի համբավն ու հեղինակությունը նաեւ Հայաստանից դուրս ներկայացնելու հնարավորություն: Շատ եվրոպական երկրներ են հայտնի կաթի արտադրությամբ: Մեր կաթն ու կաթնամթերքն իր որակով ոչնչով չի զիջում եվրոպականին, իսկ դրա մասին քչերը գիտեն։ Կաթի եւ կաթնամթերքի արտադրությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերից մեկը, ավելին` մեր բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս բարձր որակական հատկանիշներով կաթ եւ կաթնամթերք ստանալ:
- Կտրուկ տարբերվող է նաեւ «Yeremyan Products» -ի կաթի տարայի տեսքը շուկայում գտնվող այլ կաթերի տարաներից: Ինչու՞ սեւ եւ սպիտակ:
- Սեւը եւ սպիտակը «Yeremyan Projects»-ի բրենդային գույներն են: Իսկ կաթի տարայի վրա պատկերված կովիկը «Yeremyan Projects»-ի ֆերմայում բուծվող հոլշտեյն կաթնատու ցեղատեսակից է: Իսկ այդ լուսանկարն ունի իր պատմությունը:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Էվոլյուցիա ապրած ներկայիս հոլշտեյն ցեղատեսակի նախատիպը սեւ եւ սպիտակ կովեր էին, որոնք բարձր կաթնատվություն ունեին: Նրանց ուսումնասիրությունն ու բուծումը իրականացվում էր Եվրոպայում 19-րդ դարի սկզբներին, սակայն այդ ուսումնասիրությունների մասին վկայող բոլոր նյութերը անհետանում են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերսկսվում են ցեղատեսակի զարգացմանն ուղղված նոր ուսումնասիրությունները, եւ երկար ջանքերի արդյունքում հաջողվում է գտնել նաեւ հանրագիտարանից որոշ հատվածներ, վերականգնել էջերն ու լուսանկարները:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Երբ մեր գործընկերներից՝ ավստրիական Genetic Austria GmbH ընկերությունից, ձեռք էինք բերում մեր ֆերմայի հոլշտեյն ցեղատեսակի կենդանիներին, հանրագիտարանի լուսանկարով էջերից մեկը մեր գործընկերներն ի նշան շարունակական համագործակցության նվիրեցին մեզ: Օրիգինալ տարբերակն այժմ «Yeremyan Projects»-ի ֆերմայում է, իսկ կրկնօրինակը պատկերված է կաթի շշի վրա: Երբ քննարկում էինք կաթի տարայի տեսքն ու պիտակը, առաջարկված բազմաթիվ տարբերակներից նախընտրեցինք հենց այս պատմական նշանակություն ունեցողը:
- Որտե՞ղ է հնարավոր ձեռք բերել «Yeremyan Products» -ի արտադրանքը:
- «Yeremyan Products» ապրանքանիշը ներկայանում է կաթնամթերքի լայն տեսականիով՝ այժմ միայն հասանելի է կաթը, շուտով նաեւ կարտադրվի մածուն, թթվասեր, կաթնաշոռ, քամած մածուն, կարագ, ռեժան, բազմատեսակ պանիրներ՝ լոռի, չանախ, իմերուլի, թել, մոցարելլա, սուլուգունի, հալած պանիր, էդամ: Դրանք կարող եք ձեռք բերել «Yeremyan Products» ֆիրմային խանութից, որը գտնվում է «Լավաշ» ռեստորանի առաջին հարկում, ինչպես նաեւ շատ շուտով Երեւանի առաջատար սուպերմարկետներից: «Yeremyan Products» արտադրանքը հնարավոր է պատվիրել նաեւ անվճար առաքման ծառայության միջոցով՝ 010 600 006, եւ կաթը ձեզ կառաքեն հատուկ սառնարան-մեքենաներով եւ բրենդավորված համազգեստներով կաթի առաքիչները`«կաթի մարդիկ» (ժպտում է):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: