×

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արգելքից՝ վերածնունդ. հայկական գինու անցյալը, ներկան եւ ապագան

Հայաստանում գինի արտադրել են դեռեւս 6100 տարի առաջ։ Այս մասին վկայում են Վայոց ձորում գտնվող քարանձավում պահպանված կարասներն ու կավե խողովակները։ Բայց եղել են ժամանակներ, երբ որոշել են, որ Հայաստանին գինեգործներ պետք չեն ու արդյունքում գինու արտադրության մշակույթը հետընթաց է ապրել։

Գինեգործության վերածննդի, վերջին տարիների հաջողությունների ու ընթացիկ աշխատանքների մասին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին պատմել է Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Ինչպես Հայաստանում արգելվեց գինեգործությունը

Խորհրդային Միության պլանային տնտեսության պայմաններում գինեգործությունը Հայաստանում նահանջ է գրանցել, քանի որ միութենական համակարգն է որոշել, թե ԽՍՀՄ որ երկիրը ինչ եւ որքան պետք է արտադրի։ Հայաստանին վերապահված չէր գինու արտադրությունը, գորբաչովյան «չոր օրենքով» մեր երկրում չէր թույլատրվում նաեւ գինեգործների կրթությունը։ Արդյունքում խզվեց հազարամյակների պատմական ընթացքը։ Այդ տարիներին Հայաստանում ավելի շատ սկսեցին արտադրել կոնյակ, արտադրվող գինիներն էլ հիմնականում թնդեցված աղանդերային էին։

Գինեգործության վերածնունդը

Հայաստանում վերջին տարիներին գինեգործությունը վերածնունդ է ապրում։ Ներդրումների շնորհիվ հիմնվում են տեղածին հայկական խաղողի սորտերի այգիներ, արտադրվում բարձրորակ գինիներ։ Միջազգային շուկայում ավելի լավ ներկայանալու համար ներգրավվել ենք աշխարհահռչակ գինեգործների։ Նրանք օգնում են, պահպանելով մեր ավանդույթները, պատրաստել բարձրորակ գինիներ։

Յակոբ Շուլերը եւ Զորի Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանի խաղողագործական շրջաններն ու կոլեկցիոն այգին

Հայաստանում դեռեւս ամբողջությամբ ճշգրտված չեն խաղողի այգիների տեղակայման վայրերը։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն այս տարի կմեկնարկի խաղողի տնկարկների ծրագիրը, կքարտեզագրվեն առկա բոլոր այգիները։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 16 099 հեկտար է։ Խաղողագործական շրջաններն են՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ եւ Վայոց ձոր։

Լուսանկարը՝ Noa Wines


Որպես վերջին տարիների հաջողություն՝ կարող եմ նշել նաեւ կոլեկցիոն այգու ստեղծումը, ուր հավաքագրվել է 400-ից ավելի նմուշ, կատարվել է գենետիկական հետազոտություն, տրվել են անձնագրեր։ Շատ եվրոպական կայքերում հայկական տեղածին սորտերը գրանցված են որպես վրացական կամ ադրբեջանական։ Այդ պատճառով որոշեցինք ապացուցել, որ դրանք հայկական են։ Հետազոտություններն էլ ցույց տվեցին, որ այդ սորտերն աճել են Հայկական լեռնաշխարհում։

«Արենին» ստիպում է գալ Հայաստան

Հայկական խաղողի տեսակներից մի քանիսը մեզ համար այցեքարտ են դառել միջազգային շուկայում, օրինակ՝ «Սեւ Արենին», որ անվանում ենք «խաղողի թագավոր»։ Ծագումով այն Վայոց ձորից է, 120-ամյա վազերը մինչ օրս մշակվում ու բերք են տալիս։ Չկա միջազգային մի փորձագետ, որ չխոսի այս տեսակի խաղողի մեծ ներուժի մասին։ «Արենին» մարդկանց ստիպում է գալ Հայաստան ու ծանոթանալ խաղողի ծննդավայրին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Յուրահատուկ է նաեւ մեր «թագուհին»՝ «Ոսկեհատը», այն ծագումով Արագածոտնի մարզից է, սակայն լայն տարածում ունի նաեւ Վայոց ձորում։ Հանդիպում են 150-ամյա վազեր։ Արցախում մեծ տարածում ունի «Խնդողնին»։ Վերջին տարիներին գինեգործներն այս տեսակը խառնում են նաեւ տարբեր սորտերի հետ՝ գինիները լրացնելու եւ մարմնեղ դարձնել համար։

Այժմ Հայաստանում գինու արտադրության համար հիմնականում օգտագործվում է 55 տեսակի տեղածին խաղող, որից 30-ը սպիտակ է, 25-ը՝ կարմիր։ Հայաստանում աճող խաղողի միայն 15%-ն է օգտագործվում գինեգործության նպատակով։

Լուսանկարը՝ Armenia Wine


Վայոց ձորում կսահմանվեն խիստ կանոններ

Այս տարվա ավարտին կունենանք աշխարհագրական նշումով առաջին գինիները, որոնք կտարբերակվեն «Արփայի հովիտ» մակնշմամբ։ Հայաստանում միայն Վայոց ձորն է համարվում ֆիլոքսերազերծ տարածք։ Դեռեւս միայն այս տարածաշրջանի «Արենի» տեսակի խաղողից պատրաստված գինիները կարող են ունենալ աշխարհագրական մակնշում։ Տարածաշրջանի բոլոր գինի արտադրողների հետ մշակում ենք խիստ պահանջներ, դրանք շուտով կներկայացվեն։ Այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն տեխնիկական պահանջներին, իրավունք կունենան պիտակի վրա մակնշել, որ արտադրանքն «Արփայի հովիտի» գինի է։ Բոլոր այն վայրերում, ուր ներդրվել է այս համակարգը, նպաստել է որակյալ գինիների արտադրությանն ու ճանաչելի դառնալուն։

Գինեգործությունը՝ թվերով

Այժմ Հայաստանում գործում է 67 գինեգործական ընկերություն։ Նրանցից 11-ը իրավունք ունի արտադրել մինչեւ 5 հազար շիշ գինի, 24-ը՝ 5-50 հազար շիշ, 19-ը՝ 50-200 հազար շիշ, 4-ը՝ 200-500 հազար շիշ, եւս 4-ը՝ 500-1 մլն, 5 գործարան իրավունք ունի արտադրել 1 մլն-ից ավելի շիշ գինի։

Եթե 2018 թվականին արտադրվել է մոտ 9,6 մլն լիտր գինի, ապա 2019-ին արտադրության ծավալը հասել է 12,7 մլն-ի։ Ցավոք, դեռեւս չենք կարողանում ամփոփ ներկայացնել մրգային գինիների արտադրության ծավալները, սակայն 2018 թվականին արտահանվել է 2,9 մլն լիտր, իսկ 2019-ին գրեթե երկու անգամ ավելի՝ 4,8 մլն լիտր։ Միջազգային շուկայում առավելապես պահանջված է հայկական նռան գինին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանի համար արտահանման խոշոր շուկաները 6-ն են։ Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական եւ կարեւոր շուկա։ Ապրանքի 75%-ն արտահանվում է այդ երկիր, 5,2%-ը՝ ԱՄՆ, երեք տարի է, ինչ ակտիվ աշխատում ենք չինական շուկայում, այս ուղղությունը մեզ համար դարձել է երրորդ շուկա՝ 2,7% արտահանմամբ։ Մրգային գինիներն արտահանում ենք նաեւ Լեհաստան, Լիտվա եւ Ուկրաինա։

Վերջին տարիներին մեր երկրում զարգանում են բուտիկային տիպի գործարանները, որոնք եվրոպական շուկայում հաջողություններ են գրանցել։ Դրանք արտադրում են բարձրորակ գինիներ, սակայն ծավալներով զիջում են խոշոր արտադրողներին։ Այդ գինիների շնորհիվ մենք փորձում ենք հայկական գինու իմիջը բարձրացնել միջազգային շուկայում։ Երկար ու դժվար ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ շատ երկրներ անգամ Հայաստանի տեղը չգիտեն։

Լուսանկարը՝ ONE Armenia


Հայկական գինիները, ընդհանուր առմամբ, ներկայացված են 32 երկրում։ Գուցե չկարողանանք նոր շուկաներ «ողողել» հայկական գինիներով, բայց մեր տեղը կգտնենք։ Հուսանք, որ եւս մի քանի տարի ակտիվ աշխատելու արդյունքում կհաջողենք։

Կորոնավիրուսի արդյունքում գինու ներքին սպառումը նվազել է

Եթե 2012 թվականին Հայաստանի ներքի շուկայում մեկ շնչի հաշվով սպառվում էր 0,6 լիտր գինի, ապա 2019-ին այն դարձավ 3,5 լիտր։ Բարձրորակ գինի արտադրողների, տեղի ունեցող փառատոնների, համտեսների, 30-ից ավելի մասնագիտացված խանութների, ռեստորանների եւ բարերի շնորհիվ գինի խմելու մշակույթը կրկին տարածվեց Հայաստանում։

Կորոնավրուսի համավարակի ընթացքում գրանցված ցուցանիշը, սակայն, մի փոքր տխրեցրեց։ Ժամանցի վայրերի փակվելու հետեւանքով՝ վերջին երեք ամսվա ընթացքում ներքին շուկայում գինու սպառումը նվազել է։ Սա վկայում է, որ գինի խմելը Հայաստանում ժամանցի ձեւ է, տանը, կենցաղում գինի չեն խմում։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի թիմը մտածում է այս տարի ներքին շուկայում գինու սպառումն ակտիվացնելու մասին։ Եթե Հայաստանում արտադրված գինու մոտավորապես 70 տոկոսը սպառենք ներքին շուկայում, ապա խաղողագործությունն էլ ավելի կզարգանա, կներդրվեն նոր այգիներ, ոլորտն էլ մեծ աճ կգրանցի։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին