2019 թվականի աշնանն առաջին անգամ գինիներ կպատրաստվեն խաղողի կոլեկցիոն այգու որոշ տեսակներից: Գինիները փորձնական են լինելու՝ նմուշի համար, որ հասկանան, թե նոր հայտնաբերված խաղողի տեսակներից որն է պիտանի գինու համար:
Կոլեկցիոն այգու մասին GastroVino-ին պատմել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը:
Այգին
Խաղողի կոլեկցիոն այգին գտնվում է Արմավիրի մարզում: Հիմնադրվել է ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Մշակության մեջ ներգրավված անձիք տեղացիներն են՝ հիմնականում Էջմիածնի հարակից գյուղերի բնակիչները:
Այգու ընդհանուր տարածքը 2.3 հեկտար է. մեկ հեկտարը ցուցադրական այգին է, 1.3 հեկտարը՝ կոլեկցիոն այգին։
Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Խորհրդային տարիներին Հայաստանում խաղողի մի քանի խոշոր կոլեկցիոն այգի է եղել, որոնք անկախացումից հետո անհետացել էին: Երեք տարի առաջ հիմնադրված այս այգու նպատակն է պահպանել ու հետազոտել Հայաստանի խաղողի գենետիկան:
Նպատակները
Խաղողի կոլեկցիոն այգու նպատակը նախ կենսաբազմազանության պահպանումն է:
Ըստ Ֆրունզ Հարությունյանի՝ Հայաստանն ունի խաղողի սորտերի հսկայական շտեմարան, որոնք երկրի հպարտությունն են եւ ապացույցը, որ խաղողագործությունն ու գինեգործությունը ծագել են հենց այս տարածաշրջանում։
«Այս այգին կարեւոր երաշխիք է, որ մենք չենք կորցնի մեր հարստությունը։ Չենք բացառում, որ ապագայում կոլեկցիոն այգիների քանակը կավելանա»,- ասում է հիմնադրամի փոխտնօրենը:
Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Կոլեկցիոն այգում հավաքագրվում ու փաստագրվում են խաղողի բոլոր սորտերը: Սա երաշխիք է, որ որեւէ անկանխատեսելի հիվանդության կամ վնասատուների պատճառով խաղողի որեւէ սորտ չի անհետանա:
«Օրինակ՝ խաղողի վազի վնասատու ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոց չկա, միակ փրկությունը պատվաստումն է: Ֆիլոքսերան նոր-նոր է տարածվում Հայաստանում, եւ վտանգ կա, որ տարիների ընթացքում բոլոր այգիները կվերափոխի: Եթե դա տեղի ունենա, սորտերը կորցնելու մեծ վտանգի առջեւ կկանգնենք, եւ հենց միայն այդ պատճառով այս այգին չափազանց կարեւոր է»,- շեշտում է Ֆրունզ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Նոր սորտերը
Հայաստանում հայտնի է խաղողի ավելի քան 600 տեսակ, բայց մշակվում է տասն անգամ ավելի քիչ:
Այգում արդեն իսկ հավաքագրված է մոտ 300 տեսակի խաղող: 2018 թվականին միայն հայտնաբերվել է 60 սորտ:
Սորտերը հավաքագրելուց հետո ստուգվում է դրանց պիտանելիությունը գինեգործության համար: Քանի որ խաղողի այգին բերք է տալիս չորրորդ եւ նույնիսկ հինգերորդ տարում, այս տարի առաջին անգամ բազմաթիվ սորտեր կփորձարկվեն գինեգործության մեջ:
Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Այստեղ հայտնված բացառիկ խաղողի տեսակները շատ են, եւ սորտեր կան, որոնք նույնիսկ անուն չունեն, որովհետեւ երբեւէ հայտնի չեն եղել։ Դա պարզվել է գենետիկ հետազոտությունների միջոցով: Նման տեսակ է, օրինակ, Մորմոր սորտը, որը Եղեգնաձորի տարածաշրջանից է եւ ունի գորշ մոխրագույն, կիսաթափանցիկ գունավորում։
Այգու մշակումը
Ֆրունզ Հարությունյանը մանրամասնում է, որ այգին անցնում է հողի մշակման բոլոր փուլերը՝ գարնանային խոր վար, սովորական վար մի քանի անգամ տարվա ընթացքում, ապա տարվա վերջում՝ այգեթաղ:
Մարտին սկսվում է այգեբացը, էտումը, կապը, ձեւավորումն ու սաղարթի ձեւավորումից հետո՝ շվատումը, ծերատումը:
Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Այս պահին այգու միայն մեկ հատվածում կա կաթիլային ոռոգում, բայց հետագայում հույս ունեն ոչ միայն ամբողջ այգին ոռոգել կաթիլային տարբերակով, այլեւ կարկտապաշտպան ցանցեր ունենալ:
Մշակման ընթացքում հերբիցիտներ չեն կիրառվում, քիմիական պայքարը միայն վնասատուների դեմ է:
«Քանի որ կոլեկցիոն այգին կազմված է տարբեր սորտերից, որոնք հիվանդություններից տարբեր դիմացկունության աստիճան ունեն, չափազանց դժվար է միանգամից հրաժարվել քիմիական պայքարից»,- բացատրում է Ֆրունզ Հարությունյանը:
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: