×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Էրիկի «երրորդ ճանապարհն» ու «Երես գինիների» պատմությունը

Ոմանք թողնում են հայաստանյան բուհերը, որ գնան Ստենֆորդ, Էրիկը թողեց, որ խաղող ճզմի ու գինի պատրաստի։ Իր գինիները դեմք ունեն: Ոչ թե բարդ գրաֆիկական լուծումներով պիտակներ, այլ իրական դեմքեր՝ մարդիկ, ում հետ կռվել է, հարբել է, սիրահարվել, կամ ուղղակի զրուցել։ Դեմքերից մեկն էլ իր սեփականն է։

Մարքեթինգի ուսանող էր, բայց արագ հասկացավ՝ Excel-ի աղյուսակներով կյանք չի կառուցվում։ Իսկ գինով՝ հնարավոր է, առավել եւս, եթե այդ գինին ոչ թե վաճառելու ես, այլ՝ պատմելու։ 

Իր պատմությունը սկսվում է ոչ թե այգում, այլ բանակում։ Երազանքներն այնտեղ պատահական են լինում՝ մի օր տղերքով մտածում են, որ ծառայությունից հետո բար են բացելու, հաջորդ օրը զանգում-ասում են՝ ուսման վարձը չես մուծել։ Այդ պահերին է ծնվում այն մարդը, որը մի օր որոշում է բնական գինի պատրաստել՝ ի հակառակ ամեն բանի, նույնիսկ ինքն իրեն։

«Արվեստի հետ կապված ամեն բան սիրում եմ, բայց շատ անտաղանդ եմ՝ ոչ լավ նկարում եմ, ոչ լավ երգում, ոչ լավ պարում, ոչ մի բան լավ չեմ անում, իսկ սա միակ բանն է, որ քչից-շատից ստացվում է։ Ինչ-որ էքսպերիմենտներ եմ անում, կարելի է ասել՝ ինչ-որ բան ստեղծելու փորձ է, որ հետքդ թողես մոլորակի վրա, ինչ-որ կետում, ինչ-որ մի տեղ», - ասում է Էրիկը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հասա Արենի։ Էրիկն ինձ դիմավորեց այն էներգիայով, որն ունեն միայն նրանք, ովքեր իրենց կյանքի ամեն դետալն ուզում են մի շնչով պատմել։ Միաժամանակ սկսեց հինգ պատմություն պատմել։ Ճամփա ընկանք, մտածեցի՝ երեւի գնում ենք իր գինիները տեսնելու։ Բայց Էրիկն ասաց՝ գնում ենք ժայռագնացության։ Ասում է՝ հաճախ իր առավոտները սկսում են սարերում։ 

Համալսարան, բանակ, պատերազմ

Դպրոցի վերջին տարին Էրիկը սովորել է Ամերիկայում: Հանձնել է քննություններն ու վերադարձել Հայաստան։ Երազում էր սպորտային լրագրող դառնալ, բայց ինչպես ինքն է ասում, տանեցիները կոտրեցին երազանքը։ 

«Հետո մաման ասեց, պետք ա համալսարան ընդունվես: Իմ հանձնած քննություններով կարող էի Ամերիկյան համալսարան գնալ, բայց չուզեցի, վերջում ընդունվեցի Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ», - պատմում է Էրիկը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նոր էր ընդունվել համալսարան, բայց արդեն տարկետում վերցնելու դիմում էր գրում։

Սեպտեմբերի 2-ին, Մատաղիսում էր, երբ զանգեցին համալսարանից։ «Էրիկ ջան, դասի ինչո՞ւ չեք գալիս» ։ Ինքն էլ. «Մի քիչ հարմար չի, բանակում եմ» ։

Հոկտեմբերին կրկին զանգում են, այս անգամ՝ քրոջը։ 

- Ձեր եղբայրը վարձը չի վճարել։

- Նա հիմա բանակում է, ու այդ բանակում՝ պատերազմ է։

Բանակից՝ համալսարան ու In Vino

Երբ բանակից վերադարձավ, արեց այն, ինչ անում են հազարավոր տղաներ ծառայությունից հետո՝ մի ամիս ապրեց, ինչքան գումար ուներ ծախսեց, հետո հասկացավ, որ այդպես երկար չի ձգի։ Աշխատանք էր պետք։ Մտավ staff.am, տպեց մեկ բառ՝ «գինի» ։ Հենց այդպես էլ սկսվեց։ Առաջինը, ինչ հայտնվեց, In Vino-ն էր, դիմեց, գնաց, ընդունվեց։

Ամիսներ անց պարզ էր. սիրում է իր գործը, գինու հոտը, մարդկանց հետ խոսելը, ամեն օր նոր բան իմանալը։ Համալսարանում դասերին նստած գինու մասին փոդքաստներ էր լսում։ Մի օր էլ նայեց «Drop of God» սերիալը ու ներսում մի բան փոխվեց։ Մեկ ուրիշի ստեղծած արվեստը քեզ ստիպում է մտածել քո չարածի մասին։ Հասկացավ, որ պետք է անի։ Նկարել չգիտի, բայց գինի սարքելը նրա համար նույնն է, ինչ նկարչի համար՝ կտավը։

«Դու կարող ես մեկին ցույց տալ նկար, ասես՝ նայի, ես եմ արել։ Ես էլ եմ ասում՝ նայի, իմ գինին է։ Խմում ես, ասում ես՝ դզեց, կամ ասում ես՝ չէ, մի բան պակաս է։ Բայց արդեն հրաշալի է, իմ հետքն է մոլորակի վրա», - ասում է Էրիկը։

«Գալիս եմ Արենի»

Երբ Էրիկն արդեն աշխատում էր, կարծես, ամեն ինչ իր սրտով էր, իր սիրած գործով էր զբաղվում, գինի էր խմում՝ մասնագիտական պատճառաբանությամբ, ինչ-որ պահից սկսեց ձանձրանալ։ Ոչ թե գինուց, այլ կյանքից, երբ ամեն օրը գրեթե մեխանիկորեն կրկնվում է։ Երեւանը, ասում է նա, տրանսպորտային մղձավանջ է։ Քաղաք, որտեղ քեզ թվում է՝ ապրում ես, բայց իրականում քայլում ես Ա կետից Բ կետ, հետո՝ Գ կետ, հետո տուն։ Ամեն ինչ խցանման մեջ էր՝ ներառյալ ինքը։ 

«Կյանքս անցնում էր երթուղիների վրա, ոչ թե ապրելու», - նշում է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ու մի օր զանգեց եղբորը՝ Դավիթին. «Գալիս եմ Արենի»։

Վերադարձավ։ Գնում էր մի տեղ, որտեղ հնարավոր էր ապրել՝ առանց խցանման, առանց շնչելու ժամանակը հաշվարկելու, առանց վազելու։

Երբ թողեց համալսարանը եւ վերադարձավ Արենի, դեռ գինեգործ չէր դարձել։ Բայց արդեն սովորել էր կարեւորագույն կանոնը. «23 տարեկան եմ, դեռ 10-12 տարի ունեմ սխալվելու»։ Ու հավելում. «Ինչ-որ մեկն իր առաջին գինին արել է 30-ում, ես անում եմ 23-ում» ։

«Աներես» գինիները 

Արենին Էրիկի ծննդավայրն է, մի գյուղ, որտեղ մարդիկ դիպլոմներով չեն ապրում, այլ ձեռքով։ Ու հենց այդ ձեռքով էլ սկսեց խմորել իր առաջին գինին։ Բարեկամներն ասացին. «Արդեն 23 տարեկան ես։ Տունը պիտի վերանորոգես, հետո՝ ամուսնանաս» ։ Էրիկը համաձայնեց վերանորոգման մասով։ Ամուսնության մասով՝ ոչ այնքան։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երեխա պետք ա ունենաս, որ երեխեքդ քո դեմքը ցույց տան», - ասել էր բարեկամներից մեկը։ Նա էլ պատասխանեց. «Ես իմ դեմքը գինու շշի վրա եմ դնում» ։ 

Լուսանկարը՝ Էրիկ Եղյանի անձնական արխիվից


Եթե հասարակությունը «ստիպում է» քեզ դեմք ունենալ, թող գինին լինի այն տեղը, որտեղ ինքդ քեզ կսկսես ճանաչել։ Երբ Էրիկն առաջին անգամ փրփրուն բնական գինի սարքեց, այն այնքան գազավորված էր, որ շիշը բացելիս՝ բառացիորեն շատրվան էր լինում։ «Շատ աներես գինին էր», - կատակում է նա։ 

Այդ պահից էլ սկսվեց «Երես գինիների» պատմությունը։ Նրա գինեգործությունը միաժամանակ պարզ ու զարմացնող ըմբոստություն է, ոչ թե լուրջ դեմքով բիզնես- պլան։ Փորձ՝ ապրել մի փոքր այլ կերպ, երբ չես վախենում կեղտոտ ձեռքերից ու մեկ-մեկ չստացվելուց։ 

Նրա համար գինի սարքելը ոչ միայն խմիչք է, այլ մի երրորդ ճանապարհի ընտրություն։ Արենիում երկու տարբերակ կա. կա՛մ խաղողդ ծախում ես, կա՛մ 
գինի ես սարքում։ Էրիկն ընտրել է երրորդը՝ լավ գինի սարքել։ Ոչ զանգվածային, ոչ զարդարված, ոչ էլ շուկայական։

Լուսանկարը՝ Էրիկ Եղյանի անձնական արխիվից


«Իմ պիտակները, երբ վերջապես լինեն շշերին, մարդիկ կնայեն ու կտեսնեն ոչ թե ֆոտոշոփով արված դիզայն, այլ դեմքեր։ Էդ կերպարները մի գերմանահայ նկարչի գործեր են, թույլ է տվել օգտագործեմ։ Հիմա, երբ սա իմ մասնագիտությունն է դառնում, գիտեմ՝ դժվար է լինելու։ Որովհետեւ շատերը գինուն լուրջ չեն վերաբերվում։ Մտածում են, թե սա իմ հերթական «կատակն» է, բայց իրականում՝ ճիշտ հակառակն է։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պիտակները, գինին, այդ դեմքերը հենց այդպես մտածող մարդկանց դեմ քայլ է, որ ամեն ինչ փորձում են լուրջ ներկայացնել, իրենց տխմարությունները փաթեթավորում են որպես արվեստ։ Ես դեմ եմ դրան, ինչը չի նշանակում, թե ես պրիմիտիվ մի բան եմ անում: Բայց եթե իմ պատմությունը պարզ ու անկեղծ է՝ էլ ինչու՞ հորինեմ», - անկեղծանում է նա։

«Եթե մարդիկ լավ գինի խմեն, գուցե երկիրը չլքեն»

Էրիկի համար գինին երբեք միայն խմիչք չի եղել։ Դա մի եղանակ է, որով ինքը փորձում է փոխել ուրիշների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։

«Եթե դու ճիշտ գինի տաս մարդուն, ինքը կմնա Հայաստանում», - համոզված է նա։ 

Երբ In Vino-ում աշխատում էր որպես կավիստ՝ ոչ միայն գինի էր բացում ու առաջարկում, այլեւ ցույց էր տալիս, որ լավ հայկականը գոյություն ունի։ Ու եթե մի մարդ նախընտրում էր ֆրանսիական գինի հայկականի փոխարեն՝ ոչ թե համի, այլ պիտակի վրա գրված «Բորդո»-ի պատճառով, Էրիկն դա գրանցում էր որպես մշակութային պարտություն։ Ասում է, որ գինու որակով մենք հաճախ հաղթում ենք, բայց պիտակով՝ դեռ շատ կռիվ ունենք տալու։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Գինին ամենաուժեղ ձեւերից մեկն է մարդուն մոտեցնել մշակույթին: Երբ մարդը գինի է խմում ու իր հետ տանում է Հայաստանի համը, նա, հավանաբար, երբեւէ վերադառնալու ցանկություն կունենա», - ասում է Էրիկը։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին