Արցախցի Նարինեի պատրաստած փախլավան այսօր ինքն իր ճանապարհն է հարթում, հատում Հայաստանի սահմանն ու ուղեւորվում նոր երկրներ, բայց Նարինեն դեռ զգուշավորությամբ է խոսում ապագայի մասին։
«ՓախLOVEա»-ի հիմնադիր Նարինե Բարսեղյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է, իր փախլավայի «գաղտնիքների», հույսի ու այն մասին, թե ինչպես իր արագ որոշումը դարձավ կյանքի նոր շրջափուլի սկիզբ։
Նոր սկիզբ՝ Երեւանում
Մինչեւ Երեւան գալն աշխատում էի Արցախի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնում՝ ավագ լաբորանտ էի։ Վերջին տարում նաեւ որոշել էի դասաժամեր վերցրել, բայց ամեն ինչ կիսատ մնաց։ Արցախից տեղահանվելուց եւ Երեւան տեղափոխվելուց հետո մեծ աղջիկս ընդունվեց Շիրակացու ճեմարան։
Առաջին օրը երեխային դասի տարա, վերադառնում էի տուն, նրա դասընկերների մայրերը ծնողների խմբում սկսեցին ողջունել ինձ, ջերմ խոսքեր ասել։ Տրանսպորտում էի, մի վայրկյանում որոշեցի ու գրեցի, որ փախլավա եմ պատրաստում, եթե ցանկանան՝ կարող են պատվիրել։ Կարճ ժամանակ անց զանգ ստացա, ծնողներից մեկը պատվեր արեց։
Անհանգիստ տուն հասա։ Ուրախությունն ու տխրությունը խառնվել էին։ Մի քանի թխվածք կա, որ սիրով եմ պատրաստում, բայց փախլավա պատրաստելիս հանգստանում եմ։ Արցախում երբեք սոցիալական խնդիր չենք ունեցել, չեմ մտածել, որ այն ընտանիքի կարիքները հոգալու միջոց կդառնա։
Աղջկաս դասընկերներից մեկի մայրը՝ Մարիամ Սիմոնյանը, մի օր ասաց, որ ուզում է օգնել՝ փախլավան ավելի ներկայանալի դարձնել։ Սկզբում չէի ուզում նեղություն տալ։ 2024թ. նոյեմբերին զանգեց ու ասաց՝ «գիտես ի՞նչ, եթե քեզ սպասեմ, ժամանակ կկորցնենք»։ Մարիամի նախաձեռնությանը միացան նաեւ ուրիշ ծնողներ, սկսեցին մեր փոքրիկ գործին օգնել ֆինանսապես, մարքեթինգային հարցերով, ֆինանսական խորհուրդներով։ Հիմա ինձ պրոֆեսիոնալ թիմ է օգնում (ծիծաղում է-խմբ.)։
Լուսանկարը՝ ՓախLOVEա
Փախլավան սկսեց ներկայանալ «ՓախLOVEա» անունով։ Facebook-ում ու Instagram-ում էջեր բացեցին, գովազդ միացրին ու զանգերն սկսեցին ավելանալ։ Ամանորին արդեն փախլավան որոշակի ճանաչելիություն ուներ։ Այդ շրջանում Շիրակացու ճեմարանում բարեգործական միջոցառում էր նախատեսված։ Ամեն ծնող ինչ կարողանում էր՝ պատրաստում էր, ուղարկում վաճառքի։ Կասկածելով, որ կվաճառվի, երեք տուփ փախլավա պատրաստեցի։ Մոտ մեկ ժամ էր անցել տոնավաճառի մեկնարկից, երբ աղջիկս զանգեց ու ոգեւորված ասաց, որ ամբողջությամբ վաճառվել է։ Երեք տուփի համար մարդիկ միասին 18 հազար դրամ էին վճարել։ Ինձ ու աղջկաս ճեմարանը գովասանագիր տվեց, բայց ամենամեծ պարգեւն ինձ համար զգացողությունն էր, որ իմ ձեռքով ստեղծածը լավ նպատակի է ծառայել։ Ներսումս եղած անվստահությունը մի փոքր կոտրվեց։
Նարինե Բարսեղյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետո ինձ օգնող մարդիկ ասացին, որ պետք է ավելի կայուն եկամտի մասին մտածել ու սկսեցինք մտածել բիզնեսների հետ աշխատելու մասին։ Տարբեր տեղեր հյուրասիրություն ուղարկեցինք ու շատ զարմացանք, երբ «The Alexander» հյուրանոցից արձագանքեցին։ Չնայած ասել էին, որ իրենց հրուշակարանն ունեն, բայց համտեսել էին ու համաձայնեցին աշխատել ինձ հետ։
Իմ պատրաստած փախլավայի վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Հյուրանոցի հյուրերին փախլավայի միջոցով փորձում են ծանոթացնել ազգային խոհանոցին։ Այս դեպքից հետո ավելի վստահ դարձա, սկսեցի մտածել՝ գուցե իրոք իմ փախլավան յուրահատուկ է։
Սերը՝ փախլավայի շերտերի արանքում
Փախլավայի պատվերները ցանկալի է ստանալ ամենաքիչը մեկ օր առաջ, որովհետեւ մինչեւ կեսօր մասնավոր մանկապարտեզում եմ աշխատում ու գործերս այնպես եմ դասավորում, որ կեսօրից հետո կարողանամ թխել։ Հաճախ ինձ հարցնում են՝ ի՞նչ հատուկ բաղադրիչ եմ օգտագործում։ Բայց ճշմարտությունն այն է, որ գաղտնիք չկա։ Համոզված եմ՝ որ արցախցուն էլ հարցնեք, կասի՝ նույն բաղադրատոմսով է պատրաստում։ Կարեւոր են լավ ընկույզը, մեղրը։
Լուսանկարը՝ ՓախLOVEա
Մինչեւ վերջերս փախլավան պատրաստում էի Արցախի մեղրով՝ սկեսրայրս էր տվել։ Եթե որեւէ գաղտնիք կա, միգուցե հենց սա է։ Հիմա Սյունիքի սարերի մեղրով եմ պատրաստում։ Ընկույզն էլ լավագույնն եմ վերցնում, գրտնակով եմ «ճմոռում», որ համը չփոխվի։ Եթե ընկույզը լավն է, մանրացնելուց հետո յուղ է դուրս գալիս։ Չոր ընկույզով լավ փախլավա չես ստանա։ Այս ամենից զատ՝ ամենակարեւոր բաղադրիչը սերն է, որը
նաեւ փախլավայի շերտերի արանքում ու մեր լոգոյում է երեւում։
Արցախից բերած վառարանն ու շարունակվող կյանքը
Այս փախլավայի մեջ մեր ընտանիքի պատմությունն է, այն մեզ Արցախին կապող օղակ է։ Ամեն անգամ փախլավայի խմոր բացելուց միտքս ինձ պապական տուն, իմ խոհանոց, սիրելի վայրեր է տանում։ Երեւի, հենց դրա համար էլ մարդկանց թվում է, թե հատուկ բաղադրիչ կա։ Արցախից դուրս գալուց մի ճամպրուկ ենք վերցրել՝ երեք երեխայիս հագուստներով, ու կենցաղային մի քանի իր։ Հույս չունեի, որ Հայաստան կհասնենք, մտքումս վախն էր երեխաներիս համար։ Մեծ մեքենայով էինք դուրս գալու, կարող էի մեզ անհրաժեշտ շատ բան վերցնել, բայց գիտակցում չունեի՝ պետք կգան, թե՝ ոչ։
Մտածում էի՝ «եթե զգեստ վերցնեմ, որտե՞ղ եմ հագնելու, սրանից հետո կյա՞նք է լինելու»։ Դուրս գալուց ամուսինս ասաց՝ «դուխովկադ յոր չես օնո՞ւմ»։ Ներկառուցված էր, անտարբեր ասացի՝ «կարիս հանես՝ հանի»։ Հայաստան էինք բերել ու բարեկամներից մեկի տանը թողել։ Հիմա վարձով տանն ենք ապրում, այստեղ էլ վառարան կա, բայց ես իմ վառարանին եմ սովոր, երբ սկսեցի պատվերներ անել, ամուսնուս խնդրեցի մերը բերել։ Եղածը մի կտոր երկաթ է, բայց մեր տան մի մասն է, երբ տուն բերեց, սկսեցի լաց լինել։ Հետո հավաքեցի ինձ ու սկսեցի թխել։
Նարինե Բարսեղյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դժվար է, բայց ուրախության պահեր էլ են լինում։ Մի օր պատվերը տաք-տաք էի ուղարկել, խնդրեցի, որ շուտ չկտրեն, ասացին՝ «մինչեւ հասնի Իտալիա՝ կհովանա»։ Ուրախությանս չափ չկար։ Չնայած վախենում եմ հեռուն նայել, բայց փախլավան իր ճանապարհը հարթում է, սահմաններ հատում։
Այն պահից, երբ Արցախից դուրս ենք եկել ու տարբեր դժվարություններ ունեցել, միայն լավ մարդկանց ենք հանդիպել։ «ՓախLOVEա»-ն այդ մարդկանց մի մասի շնորհիվ է։ Արցախից հետո մի քիչ վախով եմ նայում ապագային, դժվարանում եմ պատկերացնել՝ ինչ կլինի, ինչպես կլինի։ Դեպի դրական գնացող այս պրոցեսից զարմանք եմ ապրում, ուրախություն, բայց հետոն չեմ պատկերացնում։ Մեկ տարի առաջ ոչնչի հույս չունեի, հիմա այլ կերպ եմ մտածում, գուցե հաջորդ տարի էլ ավելի ուժեղ լինեմ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: