Երեւանից Գյումրի տեղափոխված Դավիթ Ավետիսյանն ու Քրիստինա Սոլոյանը 2023 թվականին Գյումրու կենտրոնում հիմնեցին «Կոմուննա» հյուրատունը, իսկ արդեն 2024թ. հուլիսին դրան կից բացվեց քաղաքի առաջին գինու բարը՝ «Ինչեւէ»-ն:
«Ինչեւէ»-ն բառ ու բար է, որը կարող է կոնֆլիկտային իրավիճակներ հարթել ու այցելուներին հնարավորություն տալ «լուսավոր խմելու տեղում» վայելել փոքրիկ, ընտանեկան գինեգործարանների արտադրանքը:
Քրիստինա Սոլոյանն ու Դավիթ Ավետիսյանը | Լուսանկարը՝ Անահիտ Ղազարյանի
Գյումրիում գինի խմելու մշակույթի տարածման, դժվարությունների ու հաջողությունների, ինչպես նաեւ «Ինչեւէ»-ի «ստորգետնյա» գաղտնիքների մասին Դավիթն ու Քրիստինան պատմել են GastroVino-ին:
«Ստացվում էր՝ եթե չես ծխում, ուրեմն չես էլ խմի»
Դավիթ
Ես եւ Քրիստինան Գյումրի տեղափոխվեցինք 2019 թվականին: Շենք գնեցինք եւ 4 տարի անց դրա մի հատվածում բացեցինք «Կոմուննա» հյուրատունը: Կից ունեինք բավականին մեծ ավտոտնակ: Վստահ էինք՝ այն իր բուն նշանակությամբ չենք օգտագործելու (ժպտում է - հեղ.):
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Ապրելով այստեղ՝ մեր փորձով հասկացանք, որ քաղաքում չկա լուսավոր խմելու տեղ: Փաբային վայրերը հիմնականում նկուղային են, մութ, իսկ տարիներ առաջ` նաեւ ծխով լի: Ստացվում էր՝ եթե չես ծխում, ուրեմն չես էլ խմի (ծիծաղում է – հեղ.), իսկ ես ու Քրիստինան գինու սիրահարներ ենք:
Մտածեցինք՝ Երեւանում գինի խմելու մշակույթը ծաղկում է, ինչո՞ւ այն չբերենք նաեւ Գյումրի: Հիշեցինք ավտոտնակի մասին ու հասկացանք՝ այն կարող է հարմար գինու բար դառնալ: 2024 թվականի հուլիսի 5-ին բացվեց «Ինչեւէ»-ն:
Ինչո՞ւ «Ինչեւէ»
Դավիթ
Ինչեւէ-ն ինձ համար թեթեւ, լարվածությունը հարթող բառ է: Նկատել եմ՝ երբ ինչ-որ զրույցում կոնֆլիկտ է հասունանում եւ կողմերից մեկն ասում է՝ «դե ինչեւէ», իրավիճակը հարթվում է:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Որոշել էինք, որ մեր բարը հայերեն անվանում է ունենալու, բայց դրան զուգահեռ ցանկանում էինք, որ այն հեշտ ընկալելի ու արտասանելի լինի նաեւ արտասահմանցիների համար: Սկզբում «թեստավորում» էինք անվանումը, կարծիքներ հավաքում: Ինչ-որ պահից, երբ նկատեցինք, որ այցելուները զանգում են ընկերներին ու ասում՝ «արի հանդիպենք, ես «Ինչեւէ»-ում եմ», հասկացանք, որ ճիշտ անուն ենք ընտրել:
«Գինու բարը գտավ իր մարդկանց»
Քրիստինա
Ինչպես մեր բոլոր ծրագրերին, այնպես էլ «Ինչեւէ»-ին շատերը թերահավատությամբ էին մոտենում: Իհարկե, մենք եւս գիտակցում էինք ռիսկերը, բայց դրանք կառավարելի էին:
Բացումից առաջ երկար էինք մտածում՝ ովքեր են լինելու մեր հյուրերը: Հիմա արդեն կարող եմ ասել՝ «Ինչեւէ»-ն գտավ իր մարդկանց: Նրանց թվում Երեւանից եկող այցելուներն են, զբոսաշրջիկներն ու ամենակարեւորը՝ գյումրեցիները:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Գինիների բազմազանության ուղղությամբ դեռ աշխատում ենք, բայց ի սկզբանե որոշել ենք առաջնահերթություն տալ հայկական փոքր գինեգործարաններին: Երեւանից եկող ու գինու մշակույթին արդեն իսկ ծանոթ հյուրերը կարող են իրենց համար նոր համեր բացահայտել, որոնք, հավանաբար, աննկատ էին մնացել մայրաքաղաքում գինիների բազմազանության մեջ: Ինչ վերաբերում է տեղացիներին, շատ ուրախ ենք, որ կարողանում ենք այս կերպ ինչ-որ փոփոխություն բերել: Գյումրիում եւ առհասարակ Շիրակի մարզում գինին այնքան էլ տարածված չէ: Նույնիսկ տներում հիմնականում գինի չեն «քաշում», ինչպես դա արվում է այլ մարզերում: Շատ հաճելի է նկատել, որ մեզ մոտ պարբերաբար տեղացի նոր այցելուներ են գալիս՝ ժամադրության, ընկերների հետ հավաքույթի: Սա նաեւ մտածողության փոփոխություն է, որ հավաքվելու համար պետք չէ ուտելիքով լի սեղան, կարելի է հաճելի երեկո ու զրույց անցկացնել գինու բաժակի շուրջ:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Ամեն ինչ արել ենք, որ «Ինչեւէ»-ն մատչելի ու հասանելի լինի հենց տեղացիներին: Օրինակ՝ մեզ մոտ կարելի է բացել գինու ցանկացած շիշ ու դրանից պատվիրել միայն մեկ բաժակ: Չունենք սպասարկման վճար եւ այն չենք ավելացնում հաշվի մեջ: Այցելուններն իրենք ցանկության դեպքում կարող են թողնել թեյավճար, իսկ չթողնող հյուրերի նկատմամբ վերաբերմունքը երբեք չի փոխվի (ժպտում է – հեղ.): Մեր գլխավոր նպատակն է, որ հնարավորինս շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, «Ինչեւէ» գալու հնարավորություն ունենան:
Ֆանտաստիկ բնավորությամբ գինեգործներն ու բարի համտես-երեկոները
Քրիստինա
Այս պահին մեզ մոտ ներկայացված գինիների 95 տոկոսը հայկական է: Ունենք նաեւ իսպանական, ավստրալիական, նորզելանդական գինիներ, բայց շեշտը դնում ենք հայկական, հատկապես՝ քիչ հայտնի, փոքր գործարանների գինիների վրա: Երբ կազմում էինք գինիների ցանկը, սկսեցինք իմ ու Դավիթի սիրելիներից, իսկ մեզ ամենից շատ դուր են գալիս բնական գինիները: Հետո քիչ-քիչ սկսեցին բացահայտումները: Ինքներս էլ չէինք պատկերացնում, որ Հայաստանում այսքան հավես ու փորձարարական գինիներ կան:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Ինչ-որ պահից բարում նոր ձեւաչափով երեկոներ սկսեցինք: Հրավիրում էինք գինեգործին, ում գինին ցանկանում էինք փորձել ու դուր գալու դեպքում՝ ներառել մենյուում, եւ մեր հյուրերի հետ համտեսում այն, քննարկում ստեղծումը, տեսակը: Այդպես մեզ համար մի բացահայտում էլ արեցինք՝ գինեգործները ֆանտաստիկ բնավորություն ու կամք ունեն, նրանց շրջանում դեռ վատ մարդու չենք հանդիպել (ժպտում է-հեղ.):
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Հատկապես սա զգացվում է փոքր, ընտանեկան գինեգործարաների դեպքում: Հասկանում ես՝ որքան սեր կա սեփական աշխատանքի, ստեղծած գինու հանդեպ: Իսկ խոշոր, հայտնի արտադրողների դեպքում համագործակցությունն արդեն ավելի շատ բիզնես դաշտում է:
Մենյուն ու փոքր բիզնեսների փոխօգնությունը
Քրիստինա
Ի սկզբանե որոշել էինք մենյուում ունենալ միայն պանրի եւ մսի ափսեներ, որոնք համադրվում են գինու հետ, բայց ինչ-որ պահից հաճախորդների պահանջով տեսականին ավելի բազմազան դարձրեցինք: Հիմա ունենք նաեւ ընդեղեն, համեմված լավաշից նախուտեստ եւ, երևի, մեր ամենապահանջված ուտեստը՝ «Քիմք»-ի ձկնեղեն:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Ի սկզբանե, երբ մտածում էինք համագործակցել, շատ անհանգիստ էինք՝ կկարողանա՞նք արտադրանքը ճիշտ պահպանել ու մատուցել, բայց եկավ «Քիմք»-ի հիմնադիր Նարեկը, մեծ հոգատարությամբ մեզ ամեն ինչ բացատրեց ու հիմա այդ տեսականին մեր հյուրերի ամենասիրելին է:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Առհասարակ շատ հաճելի է այս տեսակ բիզնեսների փոխօգնությունը, համագործակցությունը՝ մենք, «Քիմք»-ը, փոքր գինեգործարանները: Կարծես՝ նույն կետում լինենք ու միասին առաջ շարժվենք:
«Ախպե՛ր, փաստորեն ցիվիլ տեղ էիք սարքում»
Դավիթ
Իհարկե, թե՛ հյուրատան, թե՛ գինու բարի վրա աշխատելու ընթացքում լինում էին նաեւ բարդություններ, զավեշտալի իրավիճակներ: Ամենից դժվարը նորոգման համար մեզ հետ նույն կերպ մտածող վարպետներ գտնելն էր, որովհետեւ, երբ ասում էինք գինետուն ենք բացելու, իրենք ցանկանում էին իրականություն դարձնել գինետան մասին իրենց պատկերացումները: Երբ ասում էի՝ բետոնից աթոռներ եմ ուզում ու թեք պատուհաններ, պատասխանում էին՝ «պատուհանն ուղիղ արա, աթոռն էլ փափուկ»:
Դավիթ Ավետիսյանը՝ աջից | Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Նորոգման ընթացքում մեկ-մեկ հյուր էին գալիս նաեւ հարեւաններն ու օգնելու մեծ ցանկությամբ խորհուրդ տալիս պատերին խաղողի վազերի նկարներ փակցնել (ժպտում է – հեղ.): Հիշում եմ՝ ամեն ինչ կառուցել, վերջացրել էինք, դուռը բացել էինք օդափոխության համար ու տարբեր մարդիկ անցնելիս ներս էին նայում, առաջին արտահայտությունը, որ ասում էին՝ «ախպե՛ր, փաստորեն լավ ցիվիլ տեղ էիք սարքում (ծիծաղում է – հեղ.), որովհետեւ ինչ ուզում ես արա, դեռ կա այն ասոցիացիան, որ խմելու տեղն ինչ-որ անհասկանալի, շատ ծխած վայր է, ուր ընտանիքով չեն գնում:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Հետո քիչ-քիչ այցելուներ ունեցանք, մարդիկ գալիս էին, «ստուգում»՝ ինչ տեղ է: Այսօր արդեն մեզ են այցելում ընտանիքներով, գինի խմում, հաճելի երեկո անցկացնում: Սա մարդկանց ընկալումների փոփոխության լավ ցուցիչ է:
Գյումրու թունելների միֆն ու «Ինչեւէ»-ի ստորգետնյա կյանքը
Դավիթ
Երբ Գյումրու կենտրոնում գնեցինք այս տունը, չգիտեինք, որ այն պատմամշակութային հուշարձանների շարքում է: Սա շատ հաճելի էր, բայց նաեւ բարդ, որովհետեւ ցանկացած արտաքին փոփոխության համար բազմաթիվ թույլտվություններ էին անհրաժեշտ: Այս տունը հիմնադրել է Անտոն Ղասպենցը՝ 1865 թ.-ին: Նրա թոռնուհին, որը հիմա 80-անց կին է, մեզ հյուր էր եկել, պատմել՝ որտեղ է խաղացել տան մեջ, որ հատվածում է եղել իր օրորոցը: Նա պատմում էր՝ ինչպես էին բակում կինոդիտումներ կազմակերպում, կիսվում էր այլ հիշողություններով:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Մի օր, երբ ընթացքում էր հյուրատան շինարարությունը, հարեւաններից մեկն ինձ ասաց՝ «գիտե՞ս չէ, սրա տակ թունել կա»: Սա գրավեց վարպետների ուշադրությունը, որոնք մտածեցին՝ թունել կա, տունն էլ կուլակի է պատկանել, հաստատ մի ոսկի թաքցրած կլինի ու որոշեցին փնտրել (ժպտում է – հեղ.): Ինձ էլ թունելների պատմությունը հետաքրքրեց, որովհետեւ լսել էի, որ Գյումրիում թունելային համակարգ կա. դրանց մի մասը ծառայել է որպես գաղտնի, անվտանգ ճանապարհ, մյուսը՝ օգտագործվել ջրամատակարարման համար:
Սկսեցինք ինտենսիվ փորել, մոտ 15 մեքենա հող հանեցինք ու մտածեցինք՝ լավ է, այս հատվածը գինու բարի համար մառան կդառնա:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Արդյունքում գտանք բավականին մեծ՝ մոտ 2մ բարձրությամբ թունել, որով մարդը հանգիստ կարող է քայլել: Ներսում ջուր կար: Դիմեցինք երկրաբանների, որոնք նախ շատ ուրախացան, որ բացահայտել ենք այն, քանի որ իրենց քարտեզագրածների թվում այս թունելը նշված չէր: Հետո եկան եզրակացության, որ սա երկրորդային «քյարիզ» է: Քյարիզը պարսկական անվանում է ու մաս է ստորգետնյա ջրամատակարարման համակարգի:
Այսօր Իրանում քյարիզները բացահայտված են, ուսումնասիրված, համարվում են պատմական արժեք ու կան այստեղ տանող տուրիստական խմբեր: Իսկ Գյումրու թունելների մասին շատերը գիտեն միֆերի, քաղաքային լեգենդների մակարդակով:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Օրինակ, որ Ալեքսանդրապոլը դրանցով կապվում էր Կարսին, կամ որ դրանցում չար հոգի է ապրում, որով ժամանակին վախեցնում էին երեխաներին: Այսօր էլ շատ գյումրեցիներ լարվում են թունելներից: Հաշվի առնելով Կարս հասնելու մասին լեգենդները՝ ոմանք ասում են՝ «փակեք, մեջից թուրք դուրս կգա»: Վարկած կա նաեւ, որ Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ այս թունելներում է թաքնվել տեղի բնակչությունը:
Լուսանկարը՝ «Ինչեւէ»
Մեր թունելով մոտ 100 մ ենք քայլել ու այն դեռ երկար շարունակվում էր, վերջը չէր երեւում: Առաջիկայում քարանձավագետ ընկերներիս հետ նախատեսում եմ անցնել ամբողջ ճանապարհն ու պարզել՝ որտե՞ղ է դուրս գալիս: Հնարավոր է՝ հետագայում փոքրիկ խմբեր էլ կարողանանք տանել, ծանոթացնել թունելներին, պատմել դրանց մասին: Գյումրին միայն մեկ-երկու հայտնի վայրը չեն, այս քաղաքը հարուստ պատմական շերտ ունի ու շատ եմ ափսոսում, որ այն դեռ ուսումնասիրված չէ:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: