Տանը «համերի տոն» կազմակերպելը Օլգայի եւ Նորայրի սիրելի զբաղմունքներից էին։ Հետո համեղ ուտեստները փոքրիկ չափաբաժիններով մատուցելու հարցում Օլգան այնքան հմտացավ, որ որոշեցին հյուրասիրության դաշտը մեծացնել։ Երկուսն էլ թողեցին իրենց հիմնական աշխատանքն ու գնացին երազանքի հետեւից: Մեկ տարի առաջ «օդում կառուցած» նրանց ռեստորանը բազմաթիվ հյուրեր է ունեցել։
Ամուսինների հիմնած Tastive քեյթրինգի ծառայությունը կարող է տեղակայվել սարի լանջին, քաղաքային գեղեցիկ տարածքում ու ցանկացած այլ վայրում։ Այն սպասարկում է կորպորատիվ եւ անհատական միջոցառումներ։ Հիմնադիրներն ասում են՝ որքան ուտելիքը համեղ է, այնքան գեղեցիկ է, արհեստականորեն գեղեցկացնելու կարիք չկա։
Օլգա Արեֆեւան եւ Նորայր Պողոսյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել են սննդի մատուցման ծառայության եւ իրենց մշակած արցախյան խոհանոցի ժառանգության պահպանման ու տարածման բիզնես պլատֆորմի հայեցակարգի մասին։
Կիսվել համեղ սննդով ու արժեքներով
Օլգա Արեֆեւա
Tastive catering-ի հիմքում մարդկանց հետ արժեքները կիսելն է։ Միշտ տանը սիրով հյուրեր ենք ընդունել ու նրանց հետ կիսել ոչ միայն սնունդ, այլ՝ տրամադրություն, էմոցիա ու արժեքներ։ Դեռ չորս տարի առաջ մեր ծանոթների խնդրանքով էինք տարբեր ուտեստներ պատրաստում եւ արդեն այդ ժամանակ մտածում էինք գաստրոնոմիկ ոլորտում գործ սկսելու մասին։
Օլգա Արեֆեւան | Լուսանկարը՝ Tastive catering
Ես լրագրող եմ, բայց երկար տարիներ աշխատել եմ գովազդային, միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Ամուսինս մանկաբարձ-գինեկոլոգ է, նա էլ շուրջ տասը տարուց ավելի աշխատել է հաղորդակցման, միջոցառումների կազմակերպման ու այլ ոլորտներում։ Երկուսս էլ անցած տարի թողեցինք մեր աշխատանքն ու հիմնեցինք մեր գործը։ Ամուսինս՝ Նորայրը, ավելի լայն, ռազմավարական մտածողություն ունի, իսկ ես վախեր ունեմ, այն մարդկանցից եմ, որ հանգիստ լինելու համար տանը պետք է 6 շիշ
ձեթ լինի պահեստավորած, 10 կգ ալյուր (ծիծաղում է-խմբ.)։ Կայուն վիճակը թողնելը չափազանց վախեցնող էր, բայց ամուսինս ասաց՝ «արի փորձենք, եթե չստացվի՝ 1-2 տարվա ընթացքում այլ աշխատանք կգտնենք»։ 2025թ. փետրվարին կլրանա Tastive catering-ի մեկ տարին եւ կարծես ամեն ինչ լավ է։
Նորայր Պողոսյան
Մեկնարկից առաջ մտածում էինք՝ ինչպե՞ս սկսենք մարդկանց արագ կերակրել եւ հասկացանք, որ լավագույն տարբերակը քեյթրինգն է։ Մեր հավակնոտ մտքերում սննդի ոլորտի հետ կապված շատ պլաններ կան, բայց քեյթրինգից ծառայությունից սկսելն ավելի ռեալ էր, որովհետեւ մեծ ներդրումների կարիք չկար, իսկ մենք չէինք ուզում պարտքեր կուտակել ու մեծ ռիսկի գնալ։ Սրճարանը, ռեստորանը եւս իր հետաքրքրությունն ունի, բայց ոչ նույն դինամիկան ու ճկունությունը։
Նորայր Պողոսյանը | Լուսանկարը՝ Tastive catering
Tastive-ի մեկնարկին մեզ օգնել է այն փորձը, որ կուտակել ենք տարիների ընթացքում։ Քեյթրինգը հնարավորություն է տալիս ուտեստի փոքրիկ բաժինների մեջ դնել համի ամբողջական գունապնակ։ Անգամ տանը, երբ Օլգան հյուրերի համար խորտիկներ էր պատրաստում, փորձում էինք խուսափել ավանդական 1-ին, 2-րդ, 3-րդ ճաշատեսակներից։
Ֆուրշե՞տ, թե՞ քեյթրինգ
Օլգա Արեֆեւա
Ֆուրշետն ու քեյթրինգը սննդի մատուցման ձեւաչափեր են, ինչ-որ առումով՝ նման։ Ֆուրշետը ֆրանսերեն «fourchette» (պատառաքաղ) բառից է, այն, պայմանական ասած, ենթադրում է ուտեստի փոքրիկ կտոր՝ պատառաքաղի վրա։ Հայաստանում մարդիկ հասկանում են, որ ֆուրշետը ոտքի վրա սնվելու պրոցես է, բայց պատվիրելիս ուզում են ստանալ կշտացնող առաջարկներ։ Պետք է հասկանալ, որ կտորներով սնունդը չի կարող այնպես կշտացնել, որ հետն էլ լավ ալկոհոլ խմես ու չհարբես։ Քեյթրինգն ավելի լայն, ավելի մեծ մասշտաբի մասին է։ Կարելի է ասել՝ այն շարժական ռեստորան է։
Քեյթրինգում տեղավորվում է ամեն ինչ՝ սկսած բանկետներից, հարսանյաց, ծննդյան արարողություններից, մանկական միջոցառումներից, կորպորատիվ սեգմենտնը եւս ներառվում է՝ բիզնես լանչեր, սուրճի ընդմիջումներ։
Լուսանկարը՝ Tastive catering
Այս գործը սկսելիս մտածում էի՝ ինչպես եմ կոչելու իմ աշխատանքը, ասելու եմ՝ բիզնեսի հիմնադիր եմ, թե՞ ինչ։ Պարզվեց՝ կա «քեթերյե» (caterer) մասնագիտություն, որը Հայաստանում դեռ այնքան էլ տարածված չէ։ Անգամ այդ գործով զբաղվող մարդիկ իրենք իրենց չեն նույնականացնում այս մասնագիտության հետ։ Այս մարդուն չպետք է շփոթել շեֆ խոհարարի հետ, որովհետեւ քեթերյեն խոհանոցում ուտեստ է ստեղծում, մշակում ճաշացանկ, աշխատում մատակարարների հետ, հետադարձ կապ պահում հաճախորդների հետ։ Մեր թիմում կա երկու շեֆ խոհարար, կախված միջոցառման մասշտաբից՝ նրանց թիվը կարող է ավելանալ։ Մեզ մոտ խոհարարական հետաքրքիր տանդեմ է ստեղծվել, ես սիրում եմ մարդկանց վստահել։ Մենք կիսել ենք աշխատանքը․ ես խոհանոցում ավելի շատ լինում եմ այն ժամանակ, երբ նոր ուտեստ է ավելանում մենյու, որ ճիշտ վերամշակումն արվի եւ հետագայում խոհարարները նույն ձեւաչափով աշխատեն։
Մենյուն հավաքել կոնստրուկցիայի պես
Նորայր Պողոսյան
Երբ մարդը դիմում է մեզ, առաջին շփումը լինում է Օլգայի հետ, նա փորձում է հասկանալ՝ ինչ ձեւաչափի է միջոցառումը, որտեղ է անցկացվելու, քանի հյուր է լինելու։ Քննարկում են սննդի հետ կապված հարցերը, ապա Օլգան աշխատում է խոհարարների հետ, իսկ ես իմ օգնականների հետ դիտարկում եմ միջոցառման անցկացման վայրը, զբաղվում տեխնիկական հարցերով, մտածում էլեկտրականության, սառեցման, տաքացման մասին։ Քեյթրինգ անելիս պետք է մտածել լոգիստիկայի, տրանսպորտի, նախապես պատրաստված սնունդն այդ վայր ճիշտ հասցնելու մասին, որ համը, տեսքը չկորի։ Ուտեստներ էլ կան, որ հենց տեղում են պատրաստվում։
Հյուրասիրություն կազմակերպել ենք տարբեր տեղերում՝ սարերի լանջերից մինչեւ գրասենյակային տարածքներ։
Օլգա Արեֆեւա
Tastive-ի առանձնահատկությունը համեղությունն է։ Մենք ամբողջական քեյթրինգի ծառայություն ենք՝ ամեն ինչ, ինչ հնարավոր է, ինքներս ենք պատրաստում՝ հյութեր, դեսերտ, մսային ուտեստներ։ Եթե ալկոհոլային խմիչք է լինելու, մտածում ենք սննդի ու դրա համադրության մասին։ Յուրաքանչյուր պատվիրատուի համար ստեղծում ենք «ռեստորան օդում» ու տեղափոխում իր նախընտրած վայր։
Լուսանկարը՝ Tastive catering
Քեյթրինգի ստեղծագործական պրոցեսը թույլ է տալիս ճկուն լինել ճաշացանկի մեջ, դրա շնորհիվ մեզ մոտ մսային ուտեստները, ծովամթերքները, թխվածքները զանազան են, տեսականին փոփոխվում ու ավելանում է։ Մեր ճաշացանկում մսային սեթեր կան, որոնք ջեռոցում են պատրաստվում, համեղ են ու կշտացնող՝ թե ձկնային, թե խոզի, թե տավարի մսով։ Հեղինակային սոուսների շարք ունենք՝ հատապտղային, մրգային, որոնք տեղական, սեզոնային հատապտուղներից ու մրգերից ենք պատրաստում։
Ճաշացանկերը գրելիս դիտարկում ենք սեզոնային մթերքները։ 100-ից ավելի անուն ուտեստ ենք առաջարկում, պատվիրատուները շփոթվում են, երբ մեծ ճաշացանկ ենք ներկայացնում ընտրության համար։ Ամեն մեկին անհատական մոտեցում ենք ցուցաբերում եւ կոնստրուկցիայի պես մենյուն հավաքում։
Հարսանեկան մենյուները փորձում ենք «լաքշրի կլասիկայի» մեջ պահել, որովհետեւ հայկական շուկայում ավելի շատ պահանջված է։ Բանկետային տարբերակով կարող ենք առաջարկել հնդկահավի կրծքամիսը՝ կեշյուով (հնդկական ընկույզ), արմավով ու քունջութի սոուսով պատրաստված, որը տաք ուտեստների ոլորտում նոր է։ Խոզի մսի մեդալյոններ, որոնք կարամելիզացված արքայախնձորով եւ լոռամրգով ենք պատրաստում, սրանք հեղինակային տաք ուտեստներ են, բայց եթե մարդիկ ուզում են ստանդարտ խորոված, պատրաստ ենք մատուցել այն տարբեր մոտեցումներով։
Ձեւ՞, թե՞ բովանդակություն
Նորայր Պողոսյան
Սննդի հետ կապված ամեն ինչ հենց սննդի տրամաբանության մեջ էլ պիտի մնա եւ գեղեցիկ սեղանի համար պարտադիր չեն ոչ ուտելի զարդարանքները։ Լավ պատրաստված սնունդը չի կարող տգեղ լինել։ Հարգում ենք պատվիրատուների նախասիրությունները, բայց մեր գործը սննդի մասին է։ Մատուցման համար այնպիսի պարագաներ ենք ընտրում, որոնք ընդգծում են սննդի գեղեցկությունը։ Մարսողության պրոցեսը սկսում է այն պահին, երբ մարդը նայում է որեւէ ուտելիքի, եւ ուղեղը սկսում է կարդալ ինֆորմացիան։ Կարեւոր է՝ ուղեղդ հասկանա, թե ինչ ես ուտելու։ Ուզում ենք պարզ, համեղ ուտեստ մատուցել, որի մեջ կա անկեղծություն պատվիրատուների նկատմամբ։ Դրա համար շեշտը գաստրոնոմիայի վրա է, մեր սպասարկած սեղաններին 90 տոկոսը սնունդ է, 10 տոկոսը կարող են լինել բնական ծաղիկներ։ Արհեստական դեկորները սննդի հետ օրգանիկ չեն նայվում։
Ազգային խոհանոցի ժառանգությունը
Օլգա Արեֆեւա
Մեծ նշանակություն ենք տալիս հայկական խոհանոցին, վերջին 4-5 ամսվա ընթացքում փորձում ենք հայկական խոհանոցի ուտեստները քեյթրինգի ձեւաչափով մատուցելու տարբերակներ գտնել։ Վերջերս նաեւ արցախյան խոհանոցի ժառանգության պահպանման եւ տարածման բիզնես պլատֆորմի հայեցակարգ ենք մշակել։ Ապագա շահառուների համայնք ենք ձեւավորել, որոնք մեզ են փոխանցել իրենց մայրերից, տատիկներից ստացած բաղադրատոմսերը։ Այն պատվիրատուների հետ, որոնք մեզ հետ նույն արժեքներն են կիսում, փորձում ենք փորձեր անել՝ նախ այդ բաղադրատոմսերը պահելու, հետո էլ՝ դրանք ապագայում մենյուում ներառելու համար։ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներից ոմանք մեզ հետ աշխատում են մեր խոհանոցում, միջոցառումների համար պատրաստում փախլավա, ժենգյալով հաց, կուրկուտ, թերթերուկ, թթուներ, ոմանք էլ մեր մատակարարներն են։
Լուսանկարը՝ Tastive catering
Արցախցիները հեշտ ու պրակտիկ ձեւով են մոտենում խոհանոցին, իրենց համերն էլ են մեր խոհանոցում արտացոլվում։ «Ախտան»՝ չորացած հոնը, որ արցախյան խոհանոցի մաս է, մենք էլ մեր մսային ուտեստները պատրաստելիս ենք օգտագործում։
Խոհանոցում անսպառ կարող ես ստեղծագործել ու նշանակություն չունի՝ բրուսկետա ես պատրաստում, ծովախեցգետնով կանապե, թե կրուասան-սենդվիչ։ Մենք անընդհատ մեզ համար երջանկանալու, ստեղծագործելու տեղ ենք թողում, որ կարողանանք անել այն, ինչ մեր երազանքին է մոտեցնում։
«Եթե սնունդը լավն է, մյուս հարցերը արագ կլուծվեն»
Նորայր Պողոսյան
Անցած տարվա ամենաերջանիկ պահերը նրանք էին, երբ մարդիկ զանգում ու ասում էին, որ շատ են հավանել մեր մատուցած սնունդը։ Այսպիսի արձագանքները լսելիս հասկանում ենք, որ ճիշտ ուղղության վրա ենք։ Կարող է սփռոցի գույնն այն չլինել, ափսեները պակասեն ու տեխնիկական այլ հարցեր ծագեն, դրանք անվերջ լավացնելու հնարավորություն կա, բայց եթե սնունդը լավն է, համեղ է, այդ բոլոր բացերը կլրացվեն։
Հիմա մեր նպատակը խոհանոցն էլ ավելի լավացնելն է, ուզում ենք վստահ լինել, որ այս տարվա մեջ մեր սննդի որակը կհասցնենք ռեստորանային մակարդակի։ Ուրախ կլինենք, եթե Երեւանից դուրս պատվերներն ավելանան եւ մարզերում քեյթրինգի ոլորտը մեր ձեւաչափով զարգացնելու հնարավորություն ունենանք։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: