×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նոր կյանք՝ հացին կյանք տալով. արցախցի կանանց համեղ տոնավաճառը

Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտի՝ Երեւանում վերաբացված «Թումանյան'ս ART» սրճարանը «շնչում էր» թարմ թխված հացի անուշ բույրով, իսկ սրահում ներկայացված նրբահամ քաղցրավենիքները անտարբեր չէի թողնի անգամ դիետա պահողներին: Արցախյան թխվածքների ու թթխմորով պատրաստված տարատեսակ հացերի այս տոնախմբությանը «Թումանյան'ս ART»-ում չորս ամիս են պատրաստվել՝ սովորելով հացեղենի թխման բարդ արվեստն իր բոլոր նրբություններով:

GastroVino-ն ներկա է եղել համեղ տոնավաճառին եւ պատմում է, թե ինչպես ստացվեց, որ թխելու հանդեպ սեր ունեցող մայրերը հավաքվեցին մեկ տեղում՝ հացին կյանք տալու ու դրանով նոր կյանք կառուցելու համար:  

Թթխմորով հացը շրջափակման ժամանակ ու հիմա

Արցախյան «MilaGri հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որն աջակցում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, 2023 թվականի Արցախից բռնի տեղահանության հետեւանքով դադարեցրել էր գործունեությունը: ՀԿ-ի հիմնադիր Քրիստին Բալայանը, որը նաեւ «Թումանյան'ս ART» սրճարանի համահիմնադիրն է, տեղահանությունից հետո դեռ չէր հասցրել մտածել MilaGri-ի վերաբացման մասին, երբ տեղեկացավ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի մասին: Անպայման պետք էր դիմել, քանի որ հատկապես տեղահանությունից հետո աջակցության կարիք ունեցողները չափազանց շատ են:

«Արցախում մենք ծրագրեր էինք իրականացնում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, բայց այդ պահին առաջին հերթին անհրաժեշտ էր մայրիկներին ձեռք մեկնել, որպեսզի կարողանային ծանր վիճակից ոտքի կանգնել եւ ունենալ այնպիսի աշխատանք, որը թույլ կտար համատեղել երեխաների խնամքը: Որոշեցինք օգնել նրանց փոքր բիզնես հիմնել, եւ դրա համար ընտրեցինք հացը՝ ամենակարեւոր բաղադրիչը, որն այդքան պակասում էր շրջափակման ամիսներին»,- հիշում է Քրիստին Բալայանը:

Աջից՝ Քրիստին Բալայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շրջափակումը արցախցի կանանց ստիպել էր վերադառնալ հացի պատրաստման ավանդական մեթոդներին. խմորիչի բացակայության պայմաններում հացը թխում էին թթխմորով: Քրիստինն ինքն էլ հազիվ հայթայթվող ալյուրով կենդանի թթխմորով հաց էր թխում ու բաժանում:

Դրամաշնորհային ծրագրի գաղափարի հասունացման փուլում Քրիստին հիշում է իր մտերիմ «Էրա» ընկերության հիմնադիր Լիլիթ Խաչատրյանի մասին, որը թթխմորով հաց թխելու մեծ վարպետ է: Վերջինս սիրով համաձայնում է թթխմորով հացի բոլոր գաղտնիքները սովորեցնել ապագա շահառուներին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կարեւոր էր նաեւ մեր մայրերին տալ այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն հետագայում վաճառել թխված հացը՝ վարել բիզնես էջ, համով-հոտով նկարներ անել եւ այլն: Այսպիսի դասընթացներ եւս ներառեցինք ծրագրում: Նաեւ հավաքեցի մեր հիմնադրամի հոգեբանների, լոգոպեդների եւ կամավորների թիմը, որպեսզի դասընթացի ժամերին զբաղվեն երեխաների խնամքով ու մայրիկները կարողանան լիարժեք ընդգրկվել կրթության գործընթացում»,- պատմում է Քրիստին Բալայանը:

Օգտակար հացի գաղտնիքը

Հայտարարված մրցույթում գաղափարը հաղթում է, ինչի առիթով Երեւանում վերաբացվում է նաեւ «MilaGri հիմնադրամ»-ը: Ծրագրին մասնակցելու համար դիմում են խոցելի խմբի ավելի քան 70 կանայք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Նրանցից ընտրվում են տասը, որից ութի մասնակցության ծախսերը հոգում է դրամաշնորհային ծրագիրը, իսկ երկուսինը՝ «Թումանյան'ս ART»-ը: Նրանց շարքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների մայրեր են, նաև զոհված զինծառայողների կանայք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չորս ամիս շարունակ մասնակիցները կրթվում են. սովորում են թխել ամբողջահատկի ալյուրով հացեր՝ զրոյից պատրաստել թթխմորը, համեմել դրանք տարատեսակ սերմերով եւ այլ բաղադրիչներով, ստանալ համեղ ու առողջարար հացեր, նաեւ տարատեսակ քաղցրավենիքներ, իսկ հետո դրանք ներկայացնել սոցիալական ցանցերում եւ իրականացնել վաճառք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամփոփիչ տոնավաճառին կանանցից յուրաքանչյուրը ներկայանում էր սեփական բրենդով եւ անուշաբույր հացերի ու քաղցրեղենի տեսականիով: Հյուրերը սկզբում համտեսում էին դրանք, ապա մեծ դժվարությամբ ընտրելով մեկը մյուսից համեղ տարբերակների միջև՝ գնումներ կատարում:

Արդեն իսկ հմուտ խոհարարներ

Նախքան ծրագրի շահառու դառնալը Ստեփանակերտի բնակիչ Սվետլանա Դանիելյանն արդեն պատրաստում էր թթխմորով հացեր, իսկ ծրագրի ընթացքում էլ ավելի հմտացավ:

«Երբ որ մենք Արցախից եկանք՝ ամեն ինչ կորցրած, քանդված, ես մի նոր բան ստեղծելու կարիք ունեի: Սկսեցի թթխմորով հաց թխել, ծաղիկ աճեցնել, ձեռագործ աշխատանքով զբաղվել: Շատ չեմ մտածել, թե ինչ անեմ, ինքնաբուխ է ստացվել, կարծես ուզենայի, որ մեր փշրված կյանքի տեղը նորից մի բան աճի: Հաց թխելն էլ փոքր նպատակ է, որն ինձ ապրեցնում է»,- պատմում է Սվետլանան:

Նրա սեղանին ներկայացված էին ամբողջահատկի միքս ալյուրից պատրաստված սերմերով հացեր, նաեւ մանդարինի մուրաբաներ, որոնք շատ արագ սպառվում էին:

Սվետլանա Դանիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մասնագիտությամբ հոգեբան Անուշ Սարգսյանը եւս Ստեփանակերտից է: Նախկինում հաց չի թխել, սակայն ընտանիքի համար տարատեսակ գաթաներ և թխվածքներ միշտ է պատրաստել: «Նախկինում չէի պատկերացնում, որ կկարողանամ նման բիզնես սկսել, իսկ հիմա ինչպես տեսնում եք՝ ձեռքբերումներ ունեմ»,- ասում է Անուշը՝ ցույց տալով անուշաբույր եւ առողջարար հացերը:

Նրա համար այս աշխատանքում ամենակարեւորը մաքուր բաղադրիչներով աշխատելն է: «Ամեն ինչ պատրաստում եմ կարագով, ընտրում եմ ամենալավ բաղադրիչները՝ ճիշտ այնպես, ինչպես ընտանիքիս համար կանեի: Թող ես մի քիչ շատ չարչարվեմ, բայց խիղճս հանգիստ լինի, որ մարդիկ էկոլոգիապես մաքուր սնունդ են գնում ինձնից»,- ասում է Անուշը:

Անուշ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գայանե Զաքարյանն էլ առաջարկում է համտեսել արցախյան փախլավան՝ պատրաստված կարագով, առատ մեղրով եւ պոպոքով՝ առանց որեւէ հավելումների:

«Թեկուզ հիմա Արցախում չենք, փորձենք մեր ավանդականն ամեն կերպ տարածել»,-ասում է Ստեփանակերտի բնակիչը:

Մասնագիտությամբ ուսուցչուհի է, Երեւանում շարունակում է դասավանդել, բայց զուգահեռաբար ստիպված է նաև քաղցրեղենի պատրաստման հոբին աշխատանքի վերածել:

«Արդեն մեկ տարի է զբաղվում եմ այս գործով, հարսանեկան գաթաներն ու սնիկերս տորթն ամենապահանջվածներից են: Վերջինը նաև երեխաներիս ամենասիրելին է, այսօր էլ սնիկերս տորթն այստեղ բերելուց առաջ մի մեծ կտոր թողեցի նրանց»,- պատմում է նա:

Գայանե Զաքարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինգա Հայրապետյանի սեղանն առանձնանում է տնակ-տորթով, որը ամանորյա սեղանի համեղ զարդարանք է: Կողքին արցախյան փախլավաներն են, գաթաները, մեղրով տորթը, իսկ շարքի վերջում հացերն են ու թթխմորը՝ որպես դրանց գլխավոր բաղադրիչ:

«Այս դասընթացների շնորհիվ իմացա թթխմորով հացի բազում օգտակար հատկանիշների մասին, սովորեցի զրոյից պատրաստել: Սկզբում լավ չէր ստացվում, բայց նրբությունները սովորելու, մի քանի անգամ փորձելու եւ համբերատար լինելու շնորհիվ արդեն շատ լավ հացեր են ստացվում»,- ասում է Ինգան, որը եւս Ստեփանակերտից է:

Ինգա Հայրապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Թթխմորով հացը կարող է պահպանվել ավելի երկար, քան սովորական հացերը, չենք օգտագործում ավելորդ բաղադրիչներ՝ կոնսերվանտներ կամ քիմիական հավելումներ, սառը ֆերմենտացիայի եւ բնական բաղադրիչների շնորհիվ այս հացերը կարող են թարմ մնալ մինչեւ 40 օր»,- պատմում է ծրագրի մասնակիցներից Միլենա Ավագյանը, որը Երեւանից է:

«Խմորեղեն միշտ էլ պատրաստել եմ, ինչպես շատ կանայք, սակայն թթխմորով հաց մինչ այս չէի թխել: Շատ լավ բաներ սովորեցի, արդյունքում ունեմ ինստագրամյան էջ, որտեղ հրապարակում եմ հացերի իմ տեսականու իրական նկարները՝ ամբողջահատկի, տարեկանի ալյուրով, եգիպտացորենի ալյուրով, սերմերով եւ ձիթապտղով հացեր, ինչպես նաեւ, փախլավաներ, խորիզով եւ ընկույզով գաթաներ»,- ասում է նա:

Միլենա Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դիանա Ղալայանը եւս ծրագրի շատ մասնակիցների նման միայն ընտանիքի անդամների համար է խմորեղեն թխել, իսկ թթխմորով հացին ծանոթ է մանկության հիշողություններից:

Դիանա Ղալայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Տանը տատիկս էր պատրաստում, հետաքրքիր էր իմանալ՝ այժմ ինչ նոր մոտեցումներ կան թթխմորով հացի պատրաստման մեջ, ուստի սիրով մասնակցեցի ու սովորեցի»,- ասում է նա եւ հավելում, որ տարատեսակ թխվածքների պատրաստման հմտությունները եւս նոր մակարդակի է հասցրել:

Ուրախալի պատահականությունը եւ ապագայի ծրագրերը

Քրիստին Բալայանը խոստովանում է, որ ծրագիրը գրելիս մի հանգամանք հաշվի չէինք առել. տեղահանված կանայք վառարաններ չունեն:

«Սովորելու ընթացքում տանը պատրաստում էին, իսկ հետո գալիս սրճարանում թխում: Այդ ընթացքում վաճառված հացերի գումարը մեկ արկղիկի մեջ հավաքում էինք, ցանկանում էի այդ գումարով միջոցառման ավարտին բոլորի համար վառարաններ գնել, սակայն վերջին օրերին հասկացա, որ գումարը չի բավականացնում»,- հիշում է Քրիստին Բալայանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տոնավաճառից մի քանի օր առաջ պատահական հանդիպումը շրջադարձային է լինում: Քրիստինը «Թումանյան'ս ART»-ում կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ ծանոթանում է իրենց հիմնադրամի նվիրատուներից մեկի հետ, որը շրջափակման օրերին գումար ուղարկելու ցանկություն էր հայտնել:

«Այդ ժամանակ ասացի, որ հիմա գումար մեզ պետք չէ, եթե հնարավոր լիներ մեկ պարկ ալյուր ուղարկել, այ դա ուրախությամբ կընդունեինք, բայց այդ պայմաններում գումարի հետ ոչինչ անել չենք կարող»,- հիշում է Քրիստինը, որն անակնկալ հանդիպման ժամանակ հարցրել է՝ արդյոք դեռեւս կա՞ այդ գումարը, քանի որ վառարաններ գնելու կարիք կա: Նվիրատուն մեկ օր ժամանակ է խնդրել եւ հաջորդ օրը դրական արձագանքել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Անչափ ուրախացանք, ամուսինս միանգամից զանգահարեց VLV խանութների ցանց, իրենք էլ զեղչ արեցին, երբ իմացան գնումի նպատակը: Այդպիսով, գնեցինք տասը վառարան՝ 3-ը մեր հավաքած գումարով, 7-ը՝ նվիրատուի շնորհիվ»,-մանրամասնում է Քրիստին Բալայանը:

Նման երջանիկ պատահականությունները ոգեւորում են, որպեսզի նա շարունակի սոցիալական ծրագրերի իրականացումը: Քրիստին Բալայանը հույս ունի, որ այլ դրամաշնորհային ծրագրեր եւս կլինեն, ու կկարողանան շարունակել այս դասընթացը, քանի որ նման աջակցության կարիք ունեցողները շատ-շատ են: Իսկ «MilaGri հիմնադրամ»-ի մեծ նպատակներից մեկը մնում է ներառական մանկապարտեզի հիմնումը, հիմա արդեն՝ Երևանում: Ստեփանակերտում այն գրեթե պատրաստ էր իր դռները բացել, սակայն պատերազմը կյանքի այլ ընթացք պարտադրեց:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին