Ի՞նչ կա իրականում մեկ գավաթ գինու մեջ. «Somm: Cup of Salvation» («Փրկության գավաթ») վավերագրական ֆիլմը տալիս է այս հարցի պատասխանը՝ կրոն, պատերազմ, ընտանիք, գոյատեւում:
Ֆիլմը պատմում է հայ գինեգործ Վահե Քեուշգուերյանի եւ նրա դստեր՝ Էյմիիի մասին, որոնք վերակենդանացնում են խաղողի հնագույն տեսակները Հայաստանում, երիտասարդացնում հետխորհրդային գինեգործական ենթակառուցվածքը, սրված հակամարտությունների պայմաններում էլ խաղող քաղում եւ հայկական գինին ներկայացնում համաշխարհային մասշտաբով: Ֆիլմը նաեւ հայկական գինու պատմական եւ մշակութային նշանակության ու Հայաստանում արտադրված «ամենավտանգավոր» գինու մասին է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
SOMM TV-ի հիմնադիր, ռեժիսոր Ջեյսոն Ուայզի նկարահանած «Somm: Cup of Salvation» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2024թ. հունիսի 26-ին՝ Երեւանում: Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2019 թվականին եւ տեւել շուրջ 4 տարի:
Վահե Քեուշգուերյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ռեժիսոր եւ պրոդյուսեր Ուայզը ցանկանում էր ֆիլմ նկարահանել, որը ցույց կտար Հայաստանի գինեգործության, մշակույթի եւ կրոնի կապը: Նրանք եկան Հայաստան, ծանոթացան մեզ հետ եւ որոշեցին ֆիլմում այդ ամենը ներկայացնել իմ եւ դստերս՝ Էյմիի նախագծերի վրա շեշտադրում անելով: Ֆիլմի նկարահանումները համընկան նաեւ իմ՝ Իրան մեկնելու եւ այնտեղ վաղուց արգելված գինեգործության ավանդույթները ինչ-որ չափով վերականգնելու որոշման հետ»,- պրեմիերայից առաջ GastroVino-ի հետ զրույցում ասում է գինեգործ, Keush Family Wines-ի հիմնադիր Վահե Քեուշգուերյանը:
Գինեգործի խոսքով՝ այս ֆիլմը բացառապես գինու մասին չէ, որքան Հայաստանի, ընտանիքի, մշակույթի. «Նման ֆիլմերը շատ կարեւոր են Հայաստանի համար: Վերջին 12-13 տարվա ընթացքում Հայաստանում գինեգործությունը զարգանում է, եւ որքան աշխարհում գինի սպառողները, գինեգործության պրոֆեսիոնալները ճանաչեն Հայաստանի գինեգործությունը, այդքան լավ մեր երկրի համար»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 2020 թվականին, սկսվում է արցախյան 44-օրյա պատերազմը:
«Արցախում այգիներ ունեի, որոնք կորցրեցի, հիմա Վայոց Ձորի Խաչիկ գյուղի խաղողի այգիներից ենք պատրաստում մեր գինիները: Այդ այգիները սահմանամերձ են, ժամանակին լքված էին, հիմա դրանք մշակում են գյուղացիները, ինչը շատ կարեւոր է, որ գյուղը եկամուտ մտնի, խաղողը լավ գնով վաճառվի եւ մարդիկ մնան այդտեղ»,- նշում է գինեգործը:
Ֆիլմում Վահե Քեուշգուերյանն ասում է՝ «անկախ նրանից, թե խաղողը 50 տոննա, 80, թե 100 կլինի, ես խոստացել եմ գյուղացիներին եւ ամեն տարի գնում եմ այդ բերքն իրենցից»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆիլմի պրեմիերային ներկա Խաչիկ համայնքի բնակիչ Վարդան Ներսիսյանը, որը մասնակից է եղել ֆիլմի նկարահանմանը, ասում է.
«Խաչիկում խաղողի մթերման գործընթացը շատ բարդ էր, բայց այս 13 տարվա ընթացքում, ինչ համագործակցություն ենք սկսել Վահե Քեուշգուերյանի հետ, կարելի է ասել՝ վերականգնվել է խաղողագործությունը մեր գյուղում եւ բոլորը ոգեւորված այսօր մշակում են, արարում, ստեղծում են այգիներ»:
Keush Family Wines-ի գինու ամբասադոր Խաչատուր Ջուլհակյանը նշում է, որ ֆիլմում խոսվում է նաեւ ժամանակակից գինեգործության մարտահրավերների եւ դրան զուգահեռ հայ գինեգործների աշխատանքի շարունակության մասին:
Խաչատուր Ջուլհակյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կարծում եմ ՝ այս ֆիլմը կարեւոր դեր կունենա ապագայի համար, քանի որ SOMM TV-ն այն հարթակն է, որին հետեւում է գինեգործության եւ գաստրոնոմիայի հետ կապ ունեցող աշխարհը: Մեկ ամբողջ ֆիլմ նվիրել Հայաստանին՝ նշանակում է եւս մեկ անգամ Հայաստանի մասին հիշեցնել, հայտարարել, որ մենք այստեղ ենք, մեզ մոտ գինեգործությունը վերածնունդ է ապրում: Կարծում եմ՝ այս ֆիլմը դրական դեր է խաղալու ոչ միայն մեր ընկերության, այլեւ ամբողջ Հայաստանի համար»,- նշում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ վերաբերում է երեւանյան կինոթատրոնների էկրաններին ֆիլմի հայտնվելուն՝ նա ասում է. «Այս հարցը դեռ քննարկվում է, քանի որ այն կոմերցիոն ֆիլմ չէ: Չի բացառվում, որ այն 1-2 օր ներկայացնենք կինոթատրոններում: «Somm: Cup of Salvation»-ը հասանելի կլինի Apple TV-ում եւ Amazon-ում»:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: