×

Գոհար Ասլիկյանն ու Հովհաննես Հակոբյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Թեժ խոհանոցի» հաղթողը Գոհար Ասլիկյանն է, երկրորդ տեղում՝ Հովհաննես Հակոբյանը

Հանրային հեռուստաընկերության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը, որի հաղթող ճանաչվեց Գոհար Ասլիկյանն ու արժանացավ 5 միլիոն դրամ գլխավոր մրցանակին։ Երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննես Հակոբյանին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում անվճար մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռվեց։

Նախագծի ավարտից հետո «Թեժ խոհանոցային» կյանքի մասին  զրուցել ենք  Գոհարի եւ Հովհաննեսի հետ։  

 «Թեժ խոհանոցին» մասնակցության որոշման մասին

Գոհարը Տավուշի մարզի Բերդավան համայնքից է. ծննդավայրն իր սրտի ու աշխարհի կենտրոնն է։ Գոհարը կրթության կառավարման մասնագետ է եւ միջազգային կազմակերպությունում աշխատում  է որպես կրթական ծրագրերի համակարգող։ Ասում է՝ կրթությունն առաջնային է բոլոր ոլորտներում։

Գոհար. 16 տարեկանից երազել եմ խոհարար դառնալ, միշտ հետաքրքրված եմ եղել այդ ոլորտով, բայց զուտ սիրողական մակարդակում։ Մտածում էի, որ հետաքրքիր կլինի փորձել ուժերս։ Դեռեւս առաջին նախագծին էի ուզում դիմել, բայց չհասցրեցի։ Այս անգամ, երեւի թե, այն մասնակիցներից  եմ եղել, որ հայտարարությունը տեսնելուն պես դիմել է։

Հովհաննեսը ծնվել է Սիրիայում եւ ապրել է Բեյրութում, վերջին 5 տարիներին է տեղափոխվել Հայաստան։ Նա միակն է իր ընտանիքից, ով Հայաստանում է, եւ ցանկանում է իր օրինակով ապացուցել, որ  հայրենիքում հնարավոր է ծրագրեր իրականացնել եւ հաջողել։ Հովհաննեսն առաջին մասնագիտությամբ կենսաբան է, դասավանդել է դպրոցում, երկրորդ մասնագիտությամբ՝ ռեժիսոր է եւ հասարակայնության հետ կապերի մասնագետ։

Հովհաննես. Իմ շատ մտերիմ ընկերներից մեկը, ով նաեւ «Թեժ խոհանոց» նախագծի մեղեդիների հեղինակն է, երբ գալիս էր ինձ հյուր, միշտ ասում էր՝ անպայման պետք է մասնակցեմ «Թեժ խոհանոցին» եւ տաղանդս ցույց տամ։ Այս անգամ արդեն հայտարարությունը տեսել էի Առաջին ալիքով, սակայն  դեռ վերջնական չէի որոշել մասնակցել, բայց ընկերս նորից զանգեց եւ ասաց, որ անպայման գրանցվեմ։ Այնքան պնդեց, որ համաձայնվեցի։

Կապը խոհանոցի հետ

Գոհար. Խոհանոցի հետ ինձ կապում է սերը։ Իմ հանգստությունը միշտ այնտեղ եմ գտնում. ամեն անգամ, երբ աշխատանքից հոգնած տուն եմ վերադառնում, պետք է անպայման  որեւէ բան պատրաստեմ։ Խոհարարությունն ինձ համար նաեւ երազանքի մասնագիտություն է եղել, բայց ժամանակին, երեւի թե, կարծրատիպերի պատճառով էլ չեմ ընտրել այդ մասնագիտությունը։  Իհարկե, իմ անցած ճանապարհի համար չեմ ափսոսում։ Կարեւորն այն է՝   որ տարիքում էլ լինես, հասկանաս, թե ինչով ես ուզում զբաղվել։ Երեւի ես հիմա այդ կետում եմ, երբ վերջապես հասկացել եմ, որ ուզում եմ դառնալ խոհարար։

Գոհար Ասլիկյանը Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հովհաննես. Խոհանոցն ինձ համար մշակույթի հիմնական տարրերից է։ Մենք բազմաթիվ գեղեցիկ ավանդույթներ ունենք, որոնք մեր հարստությունն են։ Եվ որպես հայ շատ կարեւոր եմ համարում մեր պատմական խոհանոցի պահպանումն ու զարգացումը։ Խոհանոցի հետ ինձ կապողը հենց մեր ավանդույթներն ու մշակույթն են, որի կրողը դարձել եմ շնորհիվ ընտանիքիս, մասնավորապես՝ հորական տատիկիս, ով արմատներով պատմական Տիգրանակերտից էր։  Դեռեւս պատանեկությունից խոհանոցում ստեղծագործելիս իր կերպարն ու խորհուրդները միշտ մտքումս են։ Հիշողությանս մեջ են նրա ստեղծած համերը,  նրա վերաբերմունքը ուտեստին, սերն ու հոգին, որ դնում էր պատրաստելիս, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Նրա վարպետությունը սերնդեսերունդ է փոխանցվել՝ հորաքույրներիս, մորս, եւ կարող եմ վստահաբար ասել՝ նաեւ ինձ։ Մայրիկիս էլ մեծ ներդրում ունի. խոհանոցում ճկությունունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը հենց նրանից եմ սովորել։

Ի՞նչ տվեց «Թեժ խոհանոցը»

Գոհար. Նախագիծն ինձ ավելի ուժեղացրել եւ  ավելի համարձակ է դարձրել, եւ որ ամենակարեւորն է՝  շնորհիվ այս նախագծի ես վերջնականապես  համոզվեցի, որ խոհարարությունն իսկապես  իմն է։ Եթե անկեղծ, երբ դիմում էի, չէի մտածում, որ երկար կմնամ նախագծում։ Նկարահանումների ժամանակ շատ կարեւոր միջոցառում ունեինք Նոյեմբերյանում,  որի  կազմակերպիչներից մեկն էի։ Խիստ վստահ էի, որ մինչեւ փառատոնի օրերը նախագիծը կլքեմ եւ կգնամ միջոցառումը կազմակերպելու։ Ու երբ այդ օրերին դեռ նախագծում էի, հասկացա, որ եթե չես հայտնվում այնտեղ, որտեղ քո կարիքն ունեն, այլ  փոխարենը մեկ այլ վայրում ես, ապա պետք է ամբողջ ուժերդ հենց այդտեղ կենտրոնացնես, ուրեմն այդտեղ ես պետք։ Հենց այդ օրվանից ես ինքս ինձ ասացի, որ պետք է ուժերս հավաքեմ եւ առաջ գնամ։

Հովհաննես. Նախագծի շնորհիվ լավ ընկերներ ձեռք բերեցի, ծանոթացա ոլորտի պրոֆեսիոնալների հետ։ Բնավորությանս որոշ գծեր էլ փոփոխվեցին նախագծից հետո։ Ես քննադատություն դժվար եմ ընդունում, մանավանդ երբ դա մասնագետից չէ։  «Թեժ խոհանոցում» պրոֆեսիոնալ շեֆերի, պրոֆեսիոնալ ռեժիսորի, պրոդյուսերների հետ շփումներն ինձ փոխեցին։ Հատկապես, երբ ծանոթացա «Երեմյան Փրոջեքթսի» ահռելի ներդրմանն ու աշխատանքին, «Երեմյան ակադեմիայի»՝ շեֆ -խոհարարներ պատրաստելու նվիրյալ գործին։ Սկզբում, երբ, օրինակ, հատկապես շեֆ Մարտինը շատ դիտողություններ էր անում, ես ինձ վատ էի զգում, բայց հետո հասկացա, որ դա ինձ համար է արվում։ Պրոֆեսիոնալ խոհանոցում աշխատելն էլ ստեղծագործելու ազատություն եւ թեւեր տվեց ինձ։ Ես նախագծի ընթացքում ցանկացա ավելի լավը դառնալ, ավելին անել։

Ամենատպավորիչ պահերի  մասին

Գոհար. Ցանկացած օր, ցանկացած նկարահանում ինձ համար շատ տպավորիչ է եղել։ Ես միշտ հաճույքով, առանց մեկ րոպե ուշանալու եղել եմ նկարահանման հրապարակում, միշտ ուշի-ուշով հետեւել եմ մեր խոհարարներին։ Ես ամբողջությամբ վայելում էի ամեն րոպեն, նույնիսկ, երբ մի պահ շեղվում էի, ինձ մեղավոր էի զգում։ Շատ հետաքրքիր  էր ռեստորաններում աշխատելը, Ակադեմիան մեզ համար տուն էր դարձել, իսկ Ակադեմիայից դուրս նկարահանումներն ամենահետաքրքիրն ու սպասվածն էին։ Կուզեի առանձնահատուկ նշել նաեւ հյուր շեֆերի վարպետության դասերից, որոնցից ահռելի գիտելիքներ ենք ստացել։

Հովհաննես. Ինձ մոտ ամենավառը տպավորվել են զորամասում նկարահանումները։ Այնքան ուրախ էի, որ ես մեր զինվորների համար էի պատրաստելու։ Այդ օրը, թերեւս, չեմ մտածել հաղթել կամ չհաղթելու մասին, որովհետեւ ես շատ կարեւոր վայրում էի գտնվում։ Դա նախագծի ամենապատվաբեր էպիզոդն էր։ Երկրորդը խորովածի մրցութային փուլն էր, երբ շատ սխալներ արեցինք, խոչընդոտներ եղան, բայց վերջում, որ սոուսի շնորհիվ հաղթեցինք, ես այնքան մեծ ուրախություն զգացի, որ շատ փոքր ներդրումը կարողացավ  մեծ փոփոխություն բերել, դա ոչ միայն անձնական ձեռքբերում էր, այլեւ հաղթանակ բերեց իմ կապույտ թիմին։ Ինձ մոտ տպավորվել է նաեւ շեֆ Կարեն Խաչատրյանը՝ իր պրոֆեսիոնալիզմով, տաղանդով, վարպետությամբ եւ միաժամանակ աննկարագրելի համեստությամբ։ Շեֆ Անահիտ Միքայելյանից  էլ եմ տպավորված, նա ինձ ցույց տվեց, թե բնավորությունը որքան մեծ դեր ունի մարդու աշխատանքում։

Շեֆ Մարտինի եւ շեֆ Գեւորգի հետ աշխատանքի մասին

Գոհար. Ինձ համար ցանկացած ոլորտում ամենակարեւորը մարդկային որակներն ու արժեքներ են։ Շեֆ Մարտինն ու շեֆ Գեւորգը  հրաշալի, դրական մարդիկ են։  Նրանք շատ զուսպ ու հավասարակշռված էին. եթե շփումը մի քիչ ավելին լիներ մասնակիցների հետ, բնականաբար, օբյեկտիվությունն ինչ-որ տեղ կարող էր նվազել։ Բայց շեֆերն անկողմնակալ էին։ Նրանք բոլորիս հետ այնպես էին շփվում, որ որեւէ մասնակից երբեւէ չէր հասկանում, թե շեֆ Մարտինի համար ով է ֆավորիտ, կամ, օրինակ, շեֆ Գեւորգը ում է տեսնում հաջորդ փուլում։ Սա շատ կարեւոր էր բոլորիս համար։ Նրանք իրենց գործի վարպետներն են, գերպրոֆեսիոնալներ են։  Նրանց խորհուրդները, վարպետության դասերն անգնահատելի փորձ ու  գիտելիքներ են մեզ տվել։ Կիսաեզրափակչում, երբ մենք հնարավորություն ունեցանք աշխատել «Լիվինգսթոն» ռեստորանի խոհանոցում, այդ ժամանակ ես շեֆ Մարտինին տեսա հենց իր միջավայրում՝ իր խոհանոցում։ Ինձ համար դա մեծ փորձ եւ օրինակ էր, թե պրոֆեսիոնալներն ինչպիսի հարգանքով ու խստապահանջությամբ են մոտենում խոհանոցին ու իրենց աշխատակիցներին։ Կարգապահությունը, մաքրությունը, դասավորվածությունը հիացնող էր։ Իսկ աշխատանքի ընթացքում նրա մեկ հայացքը բավական էր, որ մենք եւ նրա թիմը հասկանայինք, թե շեֆ Մարտինը հաջորդ քայլն ինչ է ակնկալում։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հովհաննես. Մեր սիրելի շեֆերը հրաշալի անձնավորություններ են։ Շեֆ Գեւորգը շատ քիչ էր խոսում, բայց երբ նա մի նախադասություն էր ասում, դա կարող էր փոխել ամբողջ իրավիճակը։  Նա շատ մոտիվացրեց ինձ իր մոտեցմամբ, քաջալերանքով։ Շեֆ Մարտինի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք՝ դետալային մոտեցումն ու պերֆեկցիոնիզմը։ Կարծում եմ՝ շեֆ Մարտինը դա նկատել էր իմ մեջ եւ շատ դեպքերում ամենայն խստությամբ հենց դա էր ինձանից պահանջում։ Շատ հաճախ էր հետս վիճում, ասում էր, որ ուզում է ավելի լավը ստանամ։ Հուսով եմ՝ վերջին փուլերում շեֆ Մարտինն իր ցանածի պտուղները տեսավ (հեղ. ծիծաղում է)։ Ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ ճանաչում եմ նրանց։

Առաջիկա պլանների մասին

Գոհար. Այս պահին դեռեւս խոհարար չեմ դարձել, բայց սկսում եմ դառնալ, եւ իմ երազանքի իրականացման սկիզբն է սա։ Արդեն առաջարկներ ունեմ, բայց նախեւառաջ անհրաժեշտ է կրթվել, որովհետեւ ցանկացած ոլորտի հիմքում կրթությունն է, եւ ես ինքս էլ չեմ համարձակվի աշխատել առանց դրա։ Որոշել եմ իմ վաստակած նվերը ներդնել իմ կրթության մեջ եւ սովորել «Երեմյան ակադեմիայում»։ Նպատակ ունեմ նաեւ մեր գյուղում՝ մեր բակում, ստեղծել մի վայր, որտեղ կընդունեմ հյուրերի, զբոսաշրջիկների եւ առաջինը Տավուշ աշխարհի խոհանոցը կբացահայտեմ նրանց համար։

Հովհաննես. Այն, որ ես խոհարարությամբ եմ շարունակելու, դա հաստատ է։ Դեռեւս պետք է «Երեմյան ակադեմիայում» կրթություն ստանամ, կատարելագործեմ հմտություններս, նոր գիտելիքներ ձեռք բերեմ։ Ունեմ նաեւ առաջարկներ, բայց  դեռեւս չեմ ընդունում, քանի որ ճանապարհ ունեմ անցնելու։ Շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր ազգային ուտեստները  շարունակենք ամրագրել UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Կուզեմ այդ գործում իմ ներդրումն ունենալ։ Ինչու չէ, գուցե նաեւ ռեժիսորի մասնագիտությունս էլ կիրառեմ խոհարարությունում (ծիծաղում է-խմբ.)։

Շնորհակալ են

Գոհար. Շնորհակալ եմ Առաջին ալիքին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, նախագծի ամբողջ ստեղծագործական թիմին, Հրաչ Քեշիշյանին, «Երեմյան ակադեմիայի» թիմին։ Նրանք բոլորը մի բռունցք դարձած նվիրված աշխատում էին այս նախագծի համար։ Շնորհակալ եմ նաեւ ընտանիքիս եւ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում ինձ հետ հավասար ուրախացել եւ տխրել են, հիմա էլ տոնում են հաղթանակս։

Հովհաննես. Ուզում եմ նախեւառաջ շնորհակալություն հայտնել «Երեմյան Փրոջեքթսին», Առաջին ալիքին, Հայաստանի կրթության եւ մշակույթի նախարարությանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, Գոհար Ղազարյանին, շեֆ Գեւորգին, շեֆ Մարտինին, շեֆեր Կարեն Խաչատրյանին, Անահիտ Միքայելյանին, Վաչե Ջանոյանին, «Երեմյան Ակադեմիայի», SPRING PR-ի թիմերին։ Հատուկ շնորհակալություն ընկերոջս, քանի որ նրա շնորհիվ մասնակցեցի այս նախագծին, ծնողներիս`հատկապես մայրիկիս, ով միշտ աջակցել է ինձ, Սեւան, Ռաֆֆի, Սարգիս Կեհեյաններին, որ ինձ Հայաստանում կեցություն հատկացրեցին, եւ ես կարողացա Հայաստանում մնալ եւ աշխատել։ Շատ անուններ կան, բոլորին չեմ կարող նշել, բայց շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ովքեր աջակցել են նախագծի կայացմանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին