×

Մարգարիտա Գրիգորյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ

«Տողը հիմա ոչ թե գյուղ, այլ մի կում է կարոտի». Մարգարիտա Գրիգորյանի թեյերը

Օտար լեզվի ուսուցչուհի Մարգարիտա Գրիգորյանը, ով ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում, արտադրում է իր ծննդավայրի շունչը, կարոտը փոխանցող թեյեր:

«Ես պրպտող մարդ եմ: 2020-ին սկսեցի ուսումնասիրել Արցախում թեյի շուկան եւ հասկացա, որ կոնկրետ Հադրութի ֆլորան ներկայացնող թեյատեսակ չկա: Ու սկսեցի արտադրել իմ թեյերը»,- պատմում է Մարգարիտան:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմը: Մարգարիտան թեյերը Արցախում արտադրեց ընդամենը մեկ ամիս եւ մեկ շաբաթ: Չի մոռացել անգամ իր վերջին պատվերները:

«Մենք նախատեսել էինք գյուղից դուրս գալ 3-4 օրով, եւ ես իմ վերջին պատվերները չէի հասցրել պատվիրատուներին՝ հույսով, որ ամուսինս կգա, մեզ նորից կբերի տուն»,- հիշում է նա:

Գալիս իր հետ բերել էր միայն երեք պարկ թեյ եւ դրսում կախված ուրցադաղձը, որը չէր ուզում՝ դրսում մնա, թե չէ կփչանար։

«Տող» թեյերը Լուսանկարը՝ անձնական արխիվ


2020 թվականի հոկտեմբերի 8-ին վիրավորեց Մարգարիտայի ամուսինը, իսկ երկու շաբաթ անց գյուղն անցավ թշնամու վերահսկողության ներքո:

Գյուղը կորցնելուց հետո Մարգարիտան որոշել էր, որ պետք է շարունակի թեյեր պատրաստել:

«Տողը հիմա ոչ թե գյուղ, այլ մի կում է կարոտի: Հիմա Տողից միայն անունն է մնացել, որը ես փորձում եմ իմ թեյերի միջոցով ապրեցնել: Շատերը ինձ անունով չեն էլ ճանաչում. երբ ասում եմ ես Գրիգորյան Մարգարիտան եմ, ստեղծում եմ «Տող» թեյերը, զարմանում են, ասում են՝ այդ թեյերեը Ձե՞րն են: Ես ուրախ եմ, որ ինձ համար «Տող»-ը դարձել է այցեքարտ»,- ասում է Մարգարիտան:

Տող գյուղը Լուսանկարը՝ անձնական արխիվ


«Այս նկարում երեւում է մեր տան տանիքը: Սրանք թվում են մանրուքներ, բայց մեզ ապրեցնում են»,- ասում է Մարգարիտան:

«Ես չեմ խաբում մարդկանց՝ ասելով, որ սա Տողի թեյն է, ո՛չ, ես ասում եմ՝ սա հիմա Տողի անունը կրող թեյ է: Այն որ Տողը ապրում է նաեւ իմ թեյերի միջոցով, սա ինձ համար գոյապայքարի եւս մեկ տարբերակ է»,- ասում է նա:

Հայաստան տեղահանվելուց հետո «Արցախյան կանանց ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք»-ին պետք է ցուցադրեր իր թեյերը, բայց հումք չի ունեցել: Այդ ժամանակ «մի բարի մարդու» խնդրել է, որ իրեն թեյի հումք տա, հետո՝ երբ  պատրաստի եւ վաճառի, գումարը վերադարձնի:  

«Իսկ ինքն ինձ դրանք անվճար տվեց: Ես միշտ ասում եմ՝ պատերազմը լուսավոր կետեր ունի, դրանք լուսավոր մարդիկ են: Մինչ ցուցահանդես-վաճառքը ամբողջ գիշեր թեյեր էինք պատրաստում: Դրանք լցրել էի թափանցիկ տոպրակների մեջ: Դա ինձ համար տեղահանության սիմվոլն էր. մեր ցավն էլ էր այդ պարկերի նման այդքան թափանցիկ»,- ասում է Մարգարիտան:

Մարգարիտա Գրիգորյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Հիմա Մարգարիտայի ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Արգել գյուղում:

«Իմ բոլոր թեյերը բաղկացած են տարբեր բաղադրիչներից, բայց դրանց մեջ մի բաղադրիչը՝ սերը, անփոփոխ է: Եթե սիրով ես մատուցում,  այն միշտ ուրիշ համ է ունենում»,- ասում է Մարգարիտան:  

Թեյերը պատրաստելու համար օգտագործում է տասից ավել խոտաբույսեր՝ խնկածաղիկ, ուրց, դաղձ, սրոհունդ, նանա, անթառամ, ղանթափա եւ այլն։
Արցախում գտնվելու ժամանակ միքսերից մեկում եղել են նաեւ ալոճ եւ մասուր:

«Միքսերից մեկը մի փոքր սուր հոտ ունի, մեկ ուրիշում կան վարդի թերթեր եւ դաղձ, որոնք ապահովում են թեյի փափուկ համը, մյուսը նանայով եւ ուրցով է եւ կարգավորում է ճնշումը: Մեկ ուրիշն էլ օգնում է ստամոքսի խնդիրներ ունենալու դեպքում»,- բացատրում է Մարգարիտան:

Թեյերն ունեն երեք անուն՝ «Հրաշք», «Սիրուն» եւ «Անուշ»:

Լուսանկարը՝ անձնական արխիվ


«Ստեփանակերտում թեյերս բուսասանիտարական հետազոտման հանձնելիս պետք է տարբերակեի: Այն թեյերը, որոնց մեջ վարդի թերթեր կան, կոչեցի «Սիրուն», անուշ բույր ունեցողները՝ «Անուշ», մյուսներն էլ, որոնցում հատապտուղներ կային, ինչը ձմռան համար հրաշք էր՝ «Հրաշք»»,- բացատրում է Մարգարիտան:

«Խոտաբույսերը լցնում եմ այնպես, որ մեկի բույր ու համը մյուսին չծածկի: Օրինակ՝ վերցնում եմ նանա, որը փորձում եմ շատ չանել, երիցուկ եւ ուրց: Երիցուկը եթե շատ է լինում, թեյը դառն է ստացվում, եթե քիչ է լինում, նանան ու ուրցը ծածկում են դրա համը: Այնպես եմ անում, որ երիցուկը այդ երկուսին կոտրի, բայց շատ էլ չլինի»,- ասում է նա:

Ի՞նչն է կարոտում։ Արցախի օդն ու արեւը: Արեւը տիեզերքում մեկն է, բայց Արցախում այն ուրիշ էր:

«Անգամ հիմա, երբ Արցախ չկա, մեկ է՝ ես խայտառակ լավատես մարդ եմ եւ ասում եմ, որ վերադառնալու ենք»,- ասում է Մարգարիտա Գրիգորյանը:

Երջանիկ Հարությունյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին