×

Լուսանկարը՝ Perle ռեստորան

«Ծանոթացեք, իմ մարգարիտն է». Տաթեւի Perle ռեստորանը Դեբետ գյուղում

2015 թվականին սկսած շուրջերկրյա ճամփորդությունը Տաթեւիկ Աղաբաբյանին բերել է Լոռի եւ այն դարձրել նրա կյանքի կենտրոնը: Եվրոպայում երկար տարիներ աշխատելուց, շրջագայելուց հետո նա արդեն 6 տարի ապրում եւ աշխատում է Դեբետ գյուղում:

Տաթեւը վերջերս Դեբետում բացել է Perle ռեստորանը, որի ամբողջ կոնցեպտն ուղղված է գյուղի կանանց ստեղծարար ներուժը բացահայտելուն եւ արժեւորելուն:

Լոռին դարձավ կյանքի կենտրոնը

«Ավարտել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել: Ավարտելուց կարճ ժամանակ անց՝ 2003 թվականին,  տեղափոխվել եմ Գերմանիա՝ կրկին կրթություն ստանալու: Սովորել եմ Մայնցի կիրառական արվեստի համալսարանում, այնուհետեւ շարունակել եմ աշխատել Գերմանիայում եւ այնտեղ մնացել մինչեւ 2015 թվականը, որից հետո էլ որոշեցի  սկսել առաջին շուրջերկրյա ճամփորդությունս: Հետադարձ ճանապարհին Հայաստանում էի, եկա Լոռի եւ որոշեցի Դեբետում հողամաս գնել, չնայած որ այդ ժամանակ որեւէ բիզնես նպատակ կամ Հայաստան վերադառնալու մտադրություն չունեի»,- պատմում է Տաթեւը:

Տաթեւիկ Աղաբաբյանը`աջից Լուսանկարը՝ Perle ռեստորան


Այդ պահին իր կյանքի կենտրոնը դեռ Եվրոպան էր. «Եվս 3 տարի շարունակեցի ճամփորդել: Հեռավար էի աշխատում եւ հիմնական բնակության հասցե չունեի, բայց եկավ մի օր, որ այդ կենսակերպից հետո որոշեցի Լոռին սարքել իմ կյանքի կենտրոնը: Իհարկե, սկզբում մտածում էի կգամ, գնածս հողամասում մի փոքր բան կկառուցեմ, որը կսկսի աշխատել, ինչ-որ խարիսխ կլինի ինձ համար, որ մեկումեջ գայի-գնայի, բայց կշարունակեի ճամփորդել: Պարզվեց, որ այդ փոքրիկ խարիսխը լինելու է Debet life անունով բավականին ծավալուն նախագիծ՝ հյուրատան տեսքով, որը թե ֆինանսապես, թե աշխատանքի ու ժամանակի առումով ինձնից շատ ավելին է պահանջելու, քան ես նախատեսել էի»:

Լուսանկարը՝ Perle ռեստորան


«Հյուրատան շինարարական աշխատանքները ավարտեցինք 2019 թվականի վերջին եւ 2020-ի գարնանն արդեն պետք է բացվեինք, սկսվեց կորոնավիրուսի համավարակը: Չբացվեցինք, ֆինանսական ճգնաժամ ունեցանք, հետո մի փոքր շունչ քաշեցինք, մի քիչ աշխատեցինք, 44-օրյա պատերազմը սկսվեց, այդ ժամանակ էլ ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆինանսական ճգնաժամ սկսվեց բոլորիս մոտ, բայց հենց այդ պահին գիտակցելով, որ իրավունք չունենք սուզվել վշտի մեջ, հասկացա, որ պետք է բիզնեսը դիվեսիֆիկացնել, քանի որ շատ խոցելի ես, երբ որ ընդամենը մարդկանց մի նեղ շրջանակ ես սպասարկում: Պատերազմի ժամանակ էր, որ սկսեցի տնային պայմաններում շատ ինտենսիվ ձեւով հաց թխել, միգուցե հենց իմ հոգեբանական ճնշվածությունը հաղթահարելու համար էր, չգիտեմ, բայց դա էլ հետագայում նոր նախագծի՝ հացթուխարանի ստեղծման հիմք դարձավ»,- ասում է Debet life-ի հիմնադիրը:

Լուսանկարը՝ Perle ռեստորան


Հացթուխարանը, որտեղ սկզբում միայն հացաբուլկեղեն էին թխում, մի քանի ամսվա ընթացքում զարգացավ եւ իր հետ բերեց ռեստորանի գաղափարը:

«Ծանոթացեք, իմ մարգարիտն է»

2023 թվականի հոկտեմբերի 28-ին Debet life նախագծի մաս կազմող հյուրատանը եւ հացթուխարանին միացավ նաեւ Perle ռեստորանը, որի ամբողջ կոնցեպտը, Տաթեւի խոսքով, ուղղված է գյուղի կանանց արժեւորմանն ու նրանց ստեղծարար ներուժի բացահայտմանը: Ռեստորանի անունն էլ ընտրված է հենց այդ գաղափարն ընդգծելու համար:

Տաթեւիկ Աղաբաբյանը`աջից Լուսանկարը՝ Perle ռեստորան


«Perle-ն ե՛ւ գերմանական, ե՛ւ ֆրանսիական բառ է: Ես դրա գերմաներեն կիրառությունն եմ վերցրել, ինչը նշանակում է մարգարիտ: Գերմանիայում տղամարդիկ իրենց տիկնոջը, ընկերուհուն, հարսնացուին ներկայացնելիս ասում են՝ «ծանոթացեք, նա իմ մարգարիտն է» եւ այդպես արժեւորում այն կնոջը, որն իրենց կողքին է: Ներկայացմանն այս ձեւն ինձ այնքան է գրավել, այնքան ջերմ եմ վերաբերում այդ ձեւին, որ երբ մտածում էինք ռեստորանի անվան մասին, առաջարկեցի Perle-ն, քանի որ կնոջը արժեւորելու միտքն ենք ուզում մեր գործում հետապնդել»,- ասում է նա:

Լուսանկարը՝ Perle ռեստորան


Տաթեւի խոսքով՝ իր ռեստորանի ողնաշարը գյուղի կանայք են. «Այս պահին ռեստորանում 15 աշխատող ունենք, բոլորը Դեբետ գյուղից են, բացի մեկից, ով Արարատի մարզից է: Մենք շատ ենք կարեւորում նրա աշխատանքը մեզ մոտ, դրա համար այնպես ենք կազմել աշխատանքային գրաֆիկը, որ շաբաթվա մի մասը մեզ հետ լինի, մի մասը՝ ընտանիքի»:

Ոչ պակաս որակյալ ու պահանջված, որքան մայրաքաղաքում

«Գյուղերում ստեղծվող բիզնեսը պետք է լինի ոչ պակաս որակյալ եւ պահանջված, քան մայրաքաղաքում: Ես շատ վիրավորվում եմ, որ մեկ-մեկ ասում են՝ դե գյուղի համար շատ էլ լավ է, ոչ, ինչու են միանգամից պահանջների նշաձողն իջեցնում: Կարծում եմ՝ հենց գյուղում պետք է ունենալ մի ռեստորան, որը ոչնչով չի զիջում մայրաքաղաքին՝ թե՛ իր ծառայությունների, թե՛ իր սննդի որակով: Իմ աղջիկներն այնպիսի ճաշատեսակներ են պատրաստում, այնպիսի որակի, որ օրինակ, բելգիացին սովոր է ուտել Բրյուսելի սրճարաններում, այսինքն՝ տարբերությունը չի զգում իր հարազատ, սովոր ուտեստը պատրաստվել է Դեբետ գյուղում, թե Բրյուսելում: Իսկ դրանք պատրաստում եմ գյուղում բնակվող կանայք, որոնք երբեւէ Եվրոպայում չեն էլ եղել: Սա է իմ առաջնահերթությունը՝ այստեղ ապրող կանանց ինքնադրսեւորվելու, զարգանալու, նրանց համար փորձի հարթակ ստեղծելու հնարավորություն տալ»,- ասում է Perle-ի հիմնադիրը:

Լուսանկարը՝ Perle ռեստորան


Տաթեւի ցանկությունն է, որ Perle-ն օրինակ լինի, մարդկանց ոգեշնչի ավելի շատ մարզերի վրա կենտրոնանալ եւ բոլոր ռեսուրսները չկենտրոնացնել գերհագեցած Երեւանի վրա:

«Perle-ն այնպիսին է, որ կարող է տրանսֆորմացիաներ անել, իհարկե, դա շատ աշխատատար եւ ծախսատար է, բայց ոչ ոք մեզ չի ազատում այն պատասխանատվությունից, որ մեր հայրենիքը պետք է հզորացնենք, իսկ այն պետք է հզորացնել ոչ միայն Երեւանում, այլ գյուղերում, ինչը կենսական անհրաժեշտություն է այսօր»:

Հիշողությունների վրա հիմնված մենյուն

«Չկա մի այնպիսի ճաշատեսակ, որ ասեմ՝ դրա համար եկեք Perle: Մեր ճաշատեսակների ցանկը շարունակական փոխվում է, այն ֆիքսված չէ մեկ մենյուի վրա, որը պատրաստ ենք առաջիկա երեք տարին մատուցել: Մենյուն հիմնականում հիմնված է իմ հիշողությունների վրա եւ երկու ամիսը մեկ ինչ-որ փոփոխություններ է ունենալու: Ռեստորանում ուտեստեր ունենք թե՛ իմ տատիկի ու մայրիկի խոհանոցից, թե՛ այն երկրներից, որտեղ ապրել եմ, ճանապարհորդել եմ եւ սնունդը որպես մշակույթի մի մաս ընկալել: Այսինքն` խոհանոցն ավելի ֆյուժն բնույթի է»,- ասում է Տաթեւը:

Լուսանկարը՝ Perle ռեստորան


«Առաջիկա օրերի համար նախատեսված մենյուում, օրինակ, ունենք ճագարի մսով ռագու, որն իտալական գյուղական խոհանոցին է բնորոշ, հատկապես Ումբրիա շրջանին, ունենք տավարի մսով կարմիր գինով պատրաստվող ռագու, որն ավելի ֆրանսիական ուղղվածության է, ունենք գառան մսով Գառնի յարախ, որն էլ տատիկիս խոհանոցի հիշողությունն է: Ռեստորանում ամենօրյա թարմ խմորեղեն եւ քաղցրավենիք կա, որը պատրաստվում է հենց մեր հացթուխարանում»,- ասում է Տաթեւը:

Տաթեւիկ Աղաբաբյանը Լուսանկարը՝ Perle ռեստորան


Տաթեւի խոսքով՝ ռեստորանի ինքնուս շեֆ-խոհարարն ինքն է, խոհանոցի կոնցեպտը ինքն է մշակել, զբաղվում է նաեւ աշխատող կանանց պրակտիկ ուսուցմամբ. «Սա չի նշանակում, որ մենք դրսից մասնագետներ չենք հրավիրում եւ հավելյալ գիտելիքներ ձեռք չենք բերում»:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին