Հարազատ Նորշեն գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհը Շողերը վերջին անգամ անցավ 12 ժամում: «Տնից Ստեփանակերտ միշտ կես ժամում էինք հասնում»,- ասում է նա ու երանի տալիս այդ ժամանակներին:
Ճանապարհը Նորշենից ձգվեց Ստեփանակերտ, այնտեղից՝ Հակարի եւ հասավ Դիլիջան: «Դիլիջանի եղանակն ու բնությունը նման է մեր Ղարաբաղի բնությանը»,- ասում է Շողերը,- «Կհարմարվենք, կաշխատենք: Մեզ շատ լավ են ընդունել այստեղ»:
Շողեր Եսայանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Մինչ գաղթի ճամփան բռնելը՝ Շողերը ընտանիքի հետ մեկ անգամ էր Դիլիջանում եղել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Եկանք, մի քիչ մնացինք ու հետ գնացինք, բայց դե հիմա ուրիշ է, երեք երեխաներիս, ամուսնուս եւ սկեսուրիս հետ պիտի ապրեմ այստեղ»,- պատմում է մասնագիտությամբ կենսաբան Շողերը, ով արդեն հարմարվել է մասնագիտական աշխատանքը մի կողմ դնելու մտքին եւ նպատակադրվել նոր աշխատանք սկսել Դիլիջանում:
Նա պատրաստվում է իր վարձակալած բնակարանում «like local» ձեւաչափով ընդունել բոլոր նրանց, ովքեր նախընտրում են համտեսել ռեստորանային ուտեստներից տարբերվող, տնական ուտելիք: Այսուհետ Դիլիջան այցելողները Արցախի համն ու հոտը կարող են զգալ ու համտեսել նրա մոտ:
Շողերը երկար տարիներ Մարտունու շրջանի Նորշեն գյուղի դպրոցում կենսաբանության ուսուցչուհի է աշխատել, ամուսինը՝ նույն դպրոցում զինղեկ է եղել, պատերազմի մասնակից եւ Արցախից դուրս գալու մինչեւ վերջին օրը դիրքերում է եղել: Նրանք ընտանիքով տեղափոխվել են Դիլիջան, քանի որ Շողերի քույրը՝ Ալմաստն արդեն 6 տարի է այնտեղ է ապրում եւ գիդ-վարորդ աշխատում:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
«Սեպտեմբերի 19-ի գործողությունների հաջորդ օրը մեր գյուղն ամբողջությամբ տարհանեցին Աշան, բոլորով այնտեղ էինք պատսպարվել: Մի քանի օր ապրեցինք այնտեղ, բայց ոչինչ չէինք հասցրել վերցնել մեզ հետ՝ անգամ փաստաթղթեր: Հետո ասացին, որ ժամանակ են տալիս, կարող ենք հետ գնալ գյուղ, իրերը հավաքել եւ հեռանալ: Առաջինը գնացինք դպրոց՝ երեխաների գործերը վերցնելու, հետո մեր փաստաթղթերը վերցրինք: Քանի որ ամուսինս զինվորական է, իրեն զգուշացրել էին, որ իրենց զինվորական հագուստը, Արցախը խորհրդանշող եւ դրոշի պատկերով ինչ-որ բաներ հանկարծ չվերցնենք մեզ հետ, դրա համար բոլոր մեդալները՝ թե՛ ամուսնուս, թե՛ երեխաների, չվերցրեցինք, մեր տան այգում՝ հողի մեջ թաղեցինք, գուցե մի օր վերադառնանք եւ հանենք: Բայց մտածում եմ՝ եթե վերցրած լինեինք, հիմա դրանք մեզ հետ կլինեին, քանի որ ճանապարհին ոչ բոլոր մեքենաներն էին ստուգում: Գոնե երեխաների դպրոցական պատվոգրերը բոլորը վերցրի, չնայեցի, որ դրանց վրա էլ է Արցախի դրոշը պատկերված»,- պատմում է Շողերը եւ ասում, որ դեռ շրջադարձի հույս է պահում իր ներսում, որ մի օր բոլորը վերադառնալու են իրենց տները:
Շողերը՝ ամուսնու հետ | Լուսանկարը՝ անձնական արխիվ
«Շատ մեծ դժվարությամբ գյուղից հասանք Ստեփանակերտ, երեք օր մնացինք այնտեղ՝ մինչեւ վառելիք կգտնեինք ճանապարհը շարունակելու: Գյուղում 2-3 հավ էինք մորթել, խաշել, հետներս վերցրել, որ ճանապարհին ուտեինք: Ամենածանր պահը Ստեփանակերտից Հակարիի անցումն էր, 70 կմ-ն անցել ենք 28 ժամում»,- հիշում է նա:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
«Փոքր տղաս դեռ չի հասկանում, գիտի թե ուղղակի մորաքրոջը հյուր է եկել, աղջիկս 16 տարեկան է, դեռ ոչ մի կերպ չի հարմարվում, անընդհատ խոսում է այն մասին, որ մեր գյուղն է ուզում, մեծ տղաս 14 տարեկան է, արդեն քիչ թե շատ հարմարվել է, սպորտի է գնում: Դե ուզած-չուզած, կամաց-կամաց կհարմարվեն: Երեխաներն արդեն տեղավորվել են դպրոցում, ամուսինս էլ արդեն իր մասնագիտությամբ է աշխատում»,- ասում է նա:
Դիլիջանում արցախյան կերակուրների համն ու հոտը մատուցելու գաղափարը Շողերի քրոջը՝ Ալմաստինն է եղել:
«Մինչեւ իրենց գալը անընդհատ մտածում էի՝ ինչպես կարող եմ իրենց տեղավորել, ինչ կարող են այստեղ անել: Քանի որ ամուսինը զինղեկ էր, գիտեի որ զինղեկի թափուր հաստիք կար, բայց կենսաբանի չկա: Իսկ ես վաղուց նպատակ ունեի Դիլիջանում տուն գնել եւ «like local» ձեւաչափով հյուրեր ընդունել: Ֆորմատն այսպես է՝ հյուրը, զբոսաշրջիկը գալիս է ինչ-որ մեկի տանն է սնվում, ոչ թե ռեստորանում կամ սրճարանում: Իմ փորձից ելնելով հասկացել էի, որ շատերին էր դուրս գալիս այդ ձեւաչափը, երբ զբոսաշրջիկներին նման տեղեր էի տանում սնվելու, արձագանքները շատ ավելի բուռն էին լինում եւ ավելի բավարարված»,- ասում է Ալմաստը:
Նրա խոսքով՝ Շողերը եւ ամուսինը չէին սիրում մենակ հաց ուտել. «Շատ էին սիրում մեկին հրավիրել ու կապ չունի, թե ինչ էին ուտում: Այսինքն՝ հյուրասիրությունը, ինչպես բոլոր արցախցիների մոտ, իրենց մոտ էլ շատ ընդունված էր: Սկզբում Շողերը զարմացած ու վախեցած էր արձագանքում իմ ասածին, ասում էր՝ ոնց գան հաց ուտեն մեր տանն ու փող տան: Ես էլ ասում էի, դե հիմա արդեն ժամանակն է, որ այդպես անենք»:
Շողերն ասում է, որ արդեն առաջին պատվերներն է ունեցել. «Քանի որ ռեստորան չէ եւ չենք ունենում պատրաստի ինչ-որ բաներ, հյուրերը պետք է նախապես անեն պատվերը: Արդեն տոլմայի եւ կուրկուտի պատվեր ենք ունեցել: Մեր տանը կլինեն արցախյան ամենահայտնի համերը: Օրինակ՝ արցախյան հայտնի կուրկուտը շատ նման է հարիսային, բայց ի տարբերություն հարիսայի օգտագործում ենք ծեծած ամբողջահատիկ կարմիր ցորենը եւ պատրաստում ենք խոզի մսով:
Հաջորդ ուտեստը, որը փորձարկման փուլում է եւ շուտով կսկսենք պատրաստել, Վանա խաշն է՝ քյալագյոշը: Մեր ճաշացանկում կլինի նաեւ ատամհատիկի ճաշ ասվածը՝ կճախաշը, որը որպես ճաշ են օգտագործում արցախցիները: Մեր գյուղում մի կերակուր կար ընդունված, որն ուրիշ տեղ դեռ չեմ հանդիպել: Այն տավարի մսով ու տոմատով է պատրաստվում, մսի կտորները նման են երշիկի կտրված կտորների, որը համեմված է տոմատով եւ սխտորով: Հատուկ անուն չունի այդ ուտեստը, բայց մենք այն անվանում ենք բուժանինա, դա էլ կլինի մեր ճաշացանկում: Իսկ քաղցրավենիքից մեր ավանդական փախլավան կպատրաստեմ, որը մի քիչ նման է Գավառի փախլավային»:
Շողերը խոստովանում է, որ խոհանոցում պատրաստել միշտ շատ է սիրել, հիմա միակ տարբերությունն ու դժվարությունն այն է, որ սիրած զբաղմունքը դառնալու է նաեւ գումար աշխատելու միջոց. «Դժվարություն չի լինի պատրաստելն ու հյուր ընդունելը, միակ տարբերությունն այն է, որ մեզ դրա համար պիտի վճարեն, դե ինչ արած, կհարմարվենք: Հուսամ՝ դրա հետ կապված դժվարությունների չենք հանդիպի»:
Շողեր Եսայանի մոտ պատվերներ կարելի է գրանցել 093 04 69 04 հեռախոսահամարով:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: