Արգենտինան ասոցացվում է ոչ միայն տանգոյի, ֆուտբոլի եւ սերիալների հետ, այլեւ «էմպանադասի» հետ, որն այդ երկրի խոհանոցի ամենահայտնի անուններից մեկն է: Արտաքինից կարկանդակ հիշեցնող էպանադաները Արգենտինայի յուրաքանչյուր նահանգում իրենց ընդգծված համն ունեն. մի շրջանում դրանք շատ կծու են, մյուսում՝ քաղցր:
Էմպանադաներ պատրաստելու մշակույթը Արգենտինայից Երեւան բերած Մարիսոլն ու Միսակն ասում են՝ այս թխուկները վաղուց դուրս են եկել լատինաամերիկյան երկրների տարածքից եւ եվրոպական շատ ռեստորանների այցեքարտը դարձել:
Արգենտինահայ երիտասարդները արդեն մի քանի ամիս է՝ դասական էմպանադաների համերը ներկայացնում են Երեւանում:
GastroVino-ի հետ զրույցում Մարիսոլ Խադեյանը եւ Միսակ Բալօղլուն պատմել են Արգենտինայից Հայաստան տեղափոխվելու, Մամիկոնյանց 49/10 հասցեում բացված Kimk food lab խանութ-խոհանոցի եւ այնտեղ թխվող էմպանադաների տեսակների մասին:
«Ինձ լավ եմ զգում այստեղ»
Մարիսոլը Հայաստան է տեղափոխվել 8 տարի առաջ, մինչ այդ ապրել է Արգենտինայի Կորդովա քաղաքում:
«Ծնվել ու մեծացել եմ Կորդովայում, իսկ առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2006 թվականին՝ սկաուտական խմբի հետ: Հետո 2013թ.-ին Հայաստան եկա որպես կամավոր, մեկ տարի մնացի այստեղ ու էլի վերադարձա Արգենտինա, բայց գնալուց արդեն որոշել էի, որ մի օր վերջնական կտեղափոխվեմ Հայաստան: Գնացի, աշխատեցի, փող հավաքեցի եւ 2015թ.-ին վերջնական տեղափոխվեցի: Ինչո՞ւ որոշեցի գալ այստեղ ապրելու, մինչեւ հիմա էլ շատ դժվար է բացատրել: Ոնց բացատրեմ, չգիտեմ, երեւի սա այն հողն է, որը քաշում է, ես լավ եմ զգում ինձ այստեղ: Արգենտինայում իմ կյանքն անցել է հայկական համայնքում, դպրոցում, ակումբում ու ներքուստ զգում էի, որ հաջորդ քայլը լինելու է Հայաստան տեղափոխվելը: Ես ուղղակի ինձ լավ եմ զգում այստեղ»,- ասում է Մարիսոլը:
Մարիսոլ Խադեյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մասնագիտությամբ քաղաքագետ Մարիսոլը Կորդովայի հայկական դպրոցում մշակույթ է դասավանդել, իսկ Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատանքի է անցել «Կարաս» գինեգործարանում: Գործընկերոջ՝ Միսակի հետ ծանոթացել են Հայաստանում:
«Երկուսս էլ Արգենտինայից ենք, բայց տարբեր քաղաքներից: Այստեղ ենք ծանոթացել եւ միանգամից ընկերացել: Համարյա նույն ժամանակ ենք եկել Հայաստան,- ասում է Միսակը Բալօղլուն եւ շարունակում, «մերոնք ցեղասպանության տարիներին են գաղթել Արգենտինա, ցավոք այդ ժամանակ է մեր ազգանվան «յանը» փաստաթղթերում փոխվել»:
Մարիսոլը եւ Միսակը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արգենտինայում աշխատելուս տարիներին համագործակցային առաջարկով եկա Հայաստան, երեք ամիս ապրեցի եւ աշխատեցի այստեղ, որից հետո սկսեցի ամեն տարի գալ, մինչեւ որ վերջնական որոշեցի մնալ այստեղ: Հիմա «Կոնվերս բանկ»-ում եմ աշխատում՝ որպես խորհրդական: Իսկ երեկոյան 6-ից հետո աշխատանքս շարունակում եմ Kimk food lab-ում»,- պատմում եմ Միսակը:
«Մի օր էմպանադաներ պատրաստելու առաջարկ ստացանք»
Մարիսոլը պատմում է, որ Հայաստան տեղափոխված արգենտինահայ երիտասարդներով մտերմացել են տեղի երիտասարդների հետ եւ հավաքույթների սեղանին իրենց պատրաստած էմպանադաները միշտ կան.
«Խոհանոցը շատ եմ սիրում: Երբ ընկերներով հավաքվում էինք, ես կամ Միսակը տանը էմպանադաներ էինք պատրաստում եւ հյուրասիրում մեր ընկերներին: Ինչպես շատ երկրներում ընդունված է ընկերական հավաքների ժամանակ պիցցա պատրաստել կամ պատվիրել, Արգենտինայում պիցցային փոխարինում են էմպանադաները: Մենք էլ այդ սովորույթն ու մշակույթը մեզ հետ բերել ենք Հայաստան: Մի անգամ այդպիսի հավաքներից մեկի ժամանակ ես ու Միսակն առաջարկ ստացանք օդանավակայանի բիզնես սրահի համար էմպանադաներ պատրաստել: Չնայած, որ շատ փորձ չունեինք, բայց համաձայնեցինք: Ու կարճ ժամանակում սկսեցինք պատվերներ ստանալ նաեւ ուրիշներից»:
Մարիսոլ Խադեյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գործընկերները էմպանադաները սկսել են պատրաստել իրենց տներում՝ աշխատանքի հստակ բաժանմամբ:
«Իմ տանը միջուկներն էինք պատրաստում, իսկ խմորի պատրաստման ընթացքը եւ վերջնական թխումը Միսակի տանն էր: Սկզբում տնային պայմաններում հասցնում էինք, քանի որ պատվերները միայն օդանավակայանի բիզնես սրահի համար էր: Չէինք մտածում, որ պատվերների այդքան արագ աճ կունենայինք»,- ասում է Մարիսոլը:
Մարիսոլ Խադեյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատվերների ավելացմանը զուգահեռ գործընկերները հասկացել են, որ իրենց փոքրիկ տարածք է պետք՝ պատրաստման ողջ գործընթացը մեկ տեղում անելու համար:
«Վերցրեցինք այս տարածքը եւ բացեցինք մեր Kimk food lab-ը: Ճիշտ է, հիմա հասկանում ենք, որ սա էլ փոքր է մեր աշխատանքի համար, բայց ավելի կազմակերպված է անցնում ամեն ինչ: Ինձնից եւ Մարիսոլից բացի՝ եւս երկու աշխատակից ունենք, առանց որոնց մեր գործը չէր կարող առաջ գնալ»,- նշում է Միսակը՝ ավելացնելով, որ հետագայում մտադիր են փոքրիկ բակային հատվածը բացօթյա սրճարանի վերածել:
Միսակ Բալօղլուն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խոհանոցին Kimk անունը տալու որոշումը Մարիսոլինն է եղել. «Բառի գեղեցկությունն ու նշանակությունը հասկացա, երբ գինու ոլորտում էի աշխատում: Համային բոլոր զգացողությունները քիմքից են սկսում եւ բացատրվում: Եվ ի վերջո, սիրուն բառ է, քիմք»:
Էմպանադաները
Kimk-ում այս պահին 5 տեսակի հիմնական միջուկով էմպանադա է պատրաստվում՝ տավարի աղացած մսով, եգիպտացորենով, խոզապուխտով եւ պանրով, հավի մսով եւ կապրեզե՝ ռեհանով, լոլիկով եւ պանրով: Մարիսոլի խոսքով՝ շուտով ունենալու են մի քանի նոր տեսակ՝ տավարի կտրտած մսով՝ կծու, քինոայով, սպանախով եւ բարբիքյու էմպանադաներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մենք այստեղ պատրաստում ենք դասական խմորով՝ ցորենի ալյուրով եւ ձեթով էմպանադաներ, բայց Արգենտինայի տարբեր շրջաններում բացի միջուկից՝ խմորն էլ են տարբեր ձեւով են պատրաստում: Օրինակ՝ երկրի հյուսիսում ցորենի ալյուրին հաճախ խառնում են նաեւ մանիոկայի ալյուր: Շատ խոհարարներ եւ ռեստորաններ այսօր էմպանադաները սկսել են գուրմանական ձեւով մատուցել՝ ավելի տարբերվող համադրություններով, օրինակ՝ ռոքֆոր, խնձոր եւ նեխուր»,- ասում է Միսակը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ վերաբերում է միջուկներին՝ Մարիսոլը պատմում է. «Արգենտինայում ամեն նահանգ ունի իրեն յուրահատուկ միջուկով էմպանադաները, անգամ մսային միջուկովներն են յուրաքանչյուր քաղաքում իրարից տարբերվում: Մեկը մսին ավելացնում է ձու, մեկը՝ չամիչ, մյուսը՝ կարտոֆիլ եւ գազար: Օրինակ՝ Արգենտինայի հյուսիսում շատ տարածված է քինոայով, լամայի կամ ոչխարի մսով էմպանադաները: Բացի Լատինական Ամերիկայից՝ էմպանադաները շատ տարածված են նաեւ Իսպանիայում՝ հատկապես ձկան միջուկով եւ շատերն այս թխուկների հայրենիք համարում են հենց Իսպանիան»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մարիսոլն ու Միսակն ասում են, որ իրենց խանութ-խոհանոցն անտարբեր չի թողել նաեւ տարածքում ապրող բնակիչներին:
«Հարեւանները երբեք անտարբեր չեն անցում, գալիս հարցնում են՝ ինչ ենք պատրաստում, մենք էլ սիրով պատմում ենք եւ անպայման առաջարկում փորձել: Նրանցից շատերն արդեն մեր մշտական հաճախորդներն են դարձել: Այստեղ մարդիկ բաց են՝ տարբեր խոհանոցներ փորձելու: Պատվերով ենք հիմա աշխատում, պատվերը ստանում ենք եւ պատրաստում, որպեսզի որքան հնարավոր է թարմ լինի»,- ասում է Մարիսոլը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: