×

Տաթեւիկ Սարգսյանը եւ Վազգեն Գալստյանը Լուսանկարը՝ «Բուրաստան»

Ջերմուկի յուրահատուկ համը «Բուրաստան»-ի մուրաբաներում

Ջերմուկում սոճենու կոնի եւ մասուրի մուրաբաներ պատրաստելու ավանդույթները բավականին հին են: Հենց այդ ավանդույթներն էլ հիմք են դարձել, որ երեք տարի առաջ Տաթեւիկը եւ Վազգենը սկսեն վայրի բնության բարիքներից սեփական բրենդի մուրաբաներ արտադրել: Մինչ բրենդի հիմնումն ու արտադրանքի ծավալների մեծացումը, նրանց ընտանիքում արդեն երկար տարիներ տնային պայմաններում մասուրից եւ կոնից մուրաբաներ պատրաստել են:

GastroVino-ի հետ զրույցում Տաթեւիկ Սարգսյանը պատմել է ամուսնու՝ Վազգեն Գալստյանի հետ «Բուրաստանի» հիմնման, արտադրատեսակների, կոնի ու մասուրի մուրաբաների եւ ջեմի առանձնահատկությունների մասին:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


«Ջերմուկում շատ ընտանիքներ տնային պայմաններում կոնի եւ մասուրի մուրաբաներ են պատրաստում եւ վաճառում զբոսաշրջիկներին: Ամուսնուս՝ Վազգենի ընտանիքն էլ բացառություն չէ: Երբ քովիդը սկսվեց եւ զբոսաշրջային հոսքերը դադարեցին մեզ մոտ, այդ ժամանակ մարդիկ կանգնեցինք սպառման խնդրի առաջ, բայց քանի որ սոճենու կոնի մուրաբան հայտնի է իմունիտետն ամրացնող, հազը մեղմող հատկություններով, պահանջարկն այդ ընթացքում մեծացավ, մարդիկ սկսեցին մեզնից կոնի մուրաբա պատվիրել: ՎաՃառքի ծավալները սկսեցին կրկին աճել, ինչ-որ պահի արդեն չէինք հասցնում բոլորին առաքել եւ տեսականին խանութներում ներկայացնելու կարիք առաջացավ, որ մարդկանց ուղղորդենք խանութներից գնում անել»,- պատմում է Տաթեւիկը:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


Պահանջարկի մեծացմանը զուգահեռ ամուսինները որոշում են տնային պայմաններում պատրաստված մուրաբաների արտադրությունը կազմակերպել ավելի մեծ ծավալներով եւ սննդի անվտանգության պրոցեսներին ավելի մեծ ուշադրություն դարձնելով:

«Որոշեցինք ստեղծել բրենդ, ունենալ սննդի անվտանգության չափանիշներին համապատասխանեցված արտադրություն եւ սկսենք աշխատել ոչ միայն առաքմամբ, այլեւ խանութների, վաճառքի կետերի հետ: Այդպես 2020 թվականի վերջերին ստեղծվեց «Բուրաստանը»: Ի սկզբանե կենտրոնացանք հենց յուրահատուկ արտադրատեսականու վրա` կոնի մուրաբա, մասուրի մուրաբա եւ ջեմ, ընկույզի մուրաբա, Ջերմուկի բազմածաղկային մեղր: Այս պահին «Բուրաստանը» մասուրի ջեմ եւ մուրաբա արտադրող միակ կազմակերպությունն է: Այլ ընկերություններ փորձեր արել են արտադրելու, բայց, քանի որ, արտադրական պրոցեսը կազմակերպելը բավականին ժամանակատար եւ բարդ է, դրա համար դուրս են եկել շուկայից, եւ այս պահին միայն մեր ընկերությունն է, որ արտադրում է մասուրի մուրաբա եւ ջեմ: Մենք նաեւ միակն ենք, որ բրենդավորված Ջերմուկի բազմածաղկային մեղր ենք առաջարկում»,- ասում է «Բուրաստանի» համահիմնադիրը:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


«Քանի որ Ջերմուկը շուրջ 2000 մ բարձրության վրա է գտնվում, բնակլիմայական պայմաններից ելնելով այստեղի մեղրի համն ու հոտը բավականին խիտ ու հագեցած է ստացվում: Այստեղի մեղրը շատ է տարբերվում այլ մարզերի մեղրերից, խնդիրը որակը չէ, այլ զուտ համային հատկանիշներն այնպիսին են, որ, օրինակ, մարդիկ կան միայն այս տիպի մեղր են նախընտրում, եւ համից ու բույրից հասկանում են, թե որն է Ջերմուկի մեղր: Այստեղ շուրջ 200 տեսակի ծաղկաբույս է աճում, որոնք այդ ամբողջ համահոտային բազմազնությունն են ապահովում: Մեղրի եւ մեղրամոմով, եւ սովորական տարբերակ ունենք: Վերջերս նաեւ տեսականու մեջ ավելացրել ենք ընդեղենով մեղրը»,- նշում է Տաթեւիկը:

Տաթեւիկ Սարգսյանը եւ Վազգեն Գալստյանը Լուսանկարը՝ «Բուրաստան»


Նրա խոսքով՝ բրենդի հիմնումից հետո, երբ տնայնագործականից անցան արտադրական գործընթացների, սկսեցին օգտագործել արտադրական սարքավորումներ, շատ բարձր ջերմաստիճանում ստերիլիզացնել արտադրանքները, որ մուրաբաներն ունենան նաեւ երկար պահպանման ժամկետ. «Մուրաբաների պահպանման ժամկետը ստանդարտներով 2 տարի է, դա ապահովելու համար պետք է շատ բարձր ջերմաստիճանում ստերիլիզացնել արտադրանքը»:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


Մուրաբաների համար պահանջվող հումքը հավաքվում է Ջերմուկի սարերից, անտառներից: Բրենդավորումից հետո սկսել են համագործակցել Ջերմուկում ու հարակից համայնքներում ապրող ընտանիքների հետ, որոնք հավաքում են մասուրը եւ կոնը:  

«Կոնի մուրաբայի համար անհրաժեշտ են 1-2սմ չափով սոճենու փոքր կոներ: Դրանցից ստացվող մուրաբան պետք է լինի թափանցիկ, կոները՝ տեսանելի: Մուրաբայի կոները փափուկ են եւ հեշտությամբ հնարավոր է ուտել»,- կիսվում է Տաթեւիկը:

Իսկ ահա մասուրի մուրաբայի համար անհրաժեշտ են ամենախոշոր մասուրները:

«Դրանք լվացվում են, հետո հատ-հատ կորիզներն ու փշերը ձեռքով մաքրվում: Մասուրի մուրաբայի պատրաստման ողջ աշխատատարությունը հենց սրանով է պայմանավորված, որ դրա մաքրման համար ստեղծված սարքավորումներ չկան: Հուսով եմ՝ ինչ-որ փուլից մենք էլ կանցնենք ավտոմատացված մաքրմանը, բայց առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով: Նույնը նաեւ ջեմի դեպքում: Շատերը չեն պատկերացնում, որ հնարավոր է մասուրի մուրաբա պատրաստել, որ դրա շատ մանր փշերն ու կորիզներն ամբողջությամբ հանված են»,- պատմում է նա:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


Տաթեւիկի խոսքով՝ քանի որ մասուրի մուրաբան յուրահատուկ պրոդուկտ է, նաեւ կիրառման յուրահատուկ տարբերակներ ունի՝ բացի ավանդական նախաճաշի կամ ընթրիքի թեյի սեղանին ունենալը. «Մասուրի մուրաբան մածունի կամ կանթաշոռի համադրությամբ կարելի է շատ համեղ «յոգուրտ» ստանալ: Իսկ մասուրի ջեմը նախաճաշին փանքեյքերի կան նրբաբլիթների հետ ենք առաջարկում: Գինիների արտադրությամբ զբաղվող մեր գործընկերներից մեկն էլ գինու հետ մատուցվող պանրի սեթերում է ներառել մասուրի ջեմը»:

Ի տարբերություն մասուրի՝ կոնի մուրաբան ավելի տարածված է, բայց ոչ այնքան, որքան ավանդական այլ մուրաբաները:

«Կոնի հիմնական առավելությունը իմունիտետն ամրացնող, հազը մեղմող, շնչառական համակարգի վրա ունեցող դրական ազդեցությունն է, որի մասին իրականում շատ գիտական ուսումնասիրություններ են արվել: Մարդիկ շատ գնում են եւ վիրուսների ակտիվացման շրջանում, եւ որպես Հայաստանի յուրահատուկ համ, թե կոնը, թե մասուրը: Մենք հաճախորդներ ունենք, որոնք ասում են, երբ դրսից հյուր են ունենում, եւ ուզում են ինչ-որ յուրահատուկ բան նվիրել, որը կտանեն եւ կհիշեն որպես հայկական համ, մեր մուրաբաներից են նվիրում: Այսինքն՝ ավանդական գաթայի, քաղցր սուջուխի շարքում հավասար գնացող պրոդուկտ են դիտարկում մարդիկ, որպես Հայաստանի բնության համ»,- ասում է նա:

Լուսանկարը՝ «Բուրաստան»


«Բուրաստան»-ը ներկայացված է Երեւանի եւ մարզերի տարբեր խանութներում, ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոններում, ինչպես նաեւ հայկական յուրահատուկ արտադրանք ներկայացնող խանութներում: Վաճառվում է օնլայն հարթակներում, գործում է նաեւ առաքման ծառայություն:

Կոնի մուրաբաները սկսում են 1500 դրամից, մասուրի մուրաբան եւ ջեմը 2000 դրամ եւ ավելի՝ կախված խանութների գնային քաղաքականությունից:

Տաթեւիկ Սարգսյանը հավելում է, որ «Բուրաստան»-ի շարքն առաջիկայում կհամալրվի բուսական թեյերով եւ չորացված ուտելի բույսերով:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին