Մասնագիտությամբ բժիշկ Կարեն Գաբրիելյանը, 25 տարի Ամերիկայում ապրելուց հետո, 2 տարի առաջ որոշեց վերադառնալ Հայաստան ու հաստատվել Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում՝ պապի գյուղում։ Կարենը մանկության տարիներից հիշում է, որ երբ ծանոթ ու անծանոթ մարդիկ գնում-գալիս էին այն ժամանակ գյուղի սկիզբ համարվող իրենց տան կողքով, հաճախ նաեւ ներս էին մտնում. եթե պապը տանն էր լինում, անպայման հրավիրում, հաց ու պանիր էր հյուրասիրում։ Ու այս հիշողությունը կենդանացնելով՝ պապի տան հիմքի վրա կառուցած ռեստորանը «Հաց ու պանիր» է անվանել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գյուղում ի՞նչ անուն դնեի՝ «Էդելվե՞յս»։ «Հաց ու պանիր»՝ հասարակ, հանգիստ, սիրուն»,- ասում է Կարենը։
Երկսենյականոց տունը պապի պապն է կառուցել՝ 1870-ականներին։ Ավելի ուշ հարեւանությամբ մի տուն էլ Կարենի հայրն է կառուցել։
Երբ առաջին անգամ Ամերիկայից եկավ ու այցելեց գյուղ, տեսավ, որ հայրական տան տանիքը քամուց վնասվել, իսկ պապի տունը լրիվ անբնակ է՝ կտուրը փլվել, ապակիները կոտրվել էին։ 2015-ին հայրական տունը վերանորոգեց ու հյուրատուն դարձրեց։ Որոշեց հաջորդ գալուց նաեւ պապի տունը «վերակենդանացնել»։
Կարեն Գաբրիելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարենն ասում է, որ ամուսիններով որոշել էին վերջնական տեղափոխվել Հայաստան։ Եկան 2020-ին, երբ պատերազմն արդեն սկսվել էր։ Կինը Հայ օգնության միության անդամ էր եւ պատրաստակամություն էր հայտնել վիրավոր զինվորներին օգնելու նպատակով հավաքված գումարը հասցնել հայրենիք։ Հայաստանում վարակվեցին կորոնավիրուսով, կինը մահացավ։
«Էլ չէի ուզում Ամերիկայում ապրել, տուն մտնելը դժվար էր։ Եկա Հայաստան, էստեղ ավելի լավ էի զգում, ավելի հանգիստ։ Եկա ու ինչ որոշել էի, սկսեցի անել։
Մտածեցի պապիս տունը ռեստորան դարձնել։ Ամերիկայում էդպիսի բաներ տեսել էի, իմ ձեռքով գծագրեցի, հետո ճարտարապետ ընկերներս նախագիծն արեցին, սկսեցինք կառուցել։ Պարզվեց՝ պատերին մի քանի շերտ սվաղ կա, ես երբեք իրական քարի պատերը չէի տեսել։ Կտուրը գմբեթաձեւ էր, հաստ կավահողից, երդիկ ուներ։ Գերանները, պատուհանները, դռները, բոլորն օրիգինալ են»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քարի ու ապակու համադրությամբ ռեստորանը կահավորել են կտուրից գտած, տատի օժիտից մնացած հին իրերով։ Ռեստորանի խորհրդանիշն էլ տատի ու պապի լուսանկարն է։
Չխախտելով տան ավանդույթը՝ ռեստորանի հյուրերին նախ հաց ու գյուղական պանրի տեսականի են հյուրասիրում։ Հետո առաջարկում են գյուղական ուտեստներ՝ տպակած կանաչեղեն, խոզի ու սոկոնի խրոված, տպակած ճուտ իրա էլածով, կարտոլի ֆրի, քյալամով ու ավլուկով սալաթ, Ֆիքստուլ կոֆի, Ձորիգեղի չայ…
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մի անգամ գյուղի կանանցից մեկն ասում է՝ շատ կներեք, բայց ոնց որ մենյուն սխալներով եք գրել։ Ասում եմ՝ սխալներով չենք գրել, մեր բարբառով է։
Մթերքի հիմնական մասը մեր գյուղի արտադրանքն է, մենյուի մեջ ամեն ինչ գյուղական է։ Մենակ մի ուտեստ կա, որ դեռ չենք կարողանում մատուցել՝ կոնչոլ՝ թանով, չորացած հացով ապուր է, մենակ Ձորագյուղում են տալիս։ Մեր գյուղի մարդիկ 1800-ականներին գաղթել են Ղարաբաղից, էդ ուտելիքն իրենք էին սարքում։ Հիմա մարդիկ չեն հիշում բաղադրատոմսը, տատիկներից պիտի ճշտենք»,- ասում է Կարենը։
Պապի սենյակը բար է դարձրել, թույլ լուսավորել, խմիչքների տեսականի է տեղադրել, բայց պապի նկարը պատից չի հեռացրել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Տնական օղիների տեսականի ունենք, Ձորագյուղի 5 աստղանի, 7 աստղանի օղի՝ կախված աստիճանից՝ 50 կամ 70։ Կոնյակ, գինի, տնական գինի, վիսկիներ, ամեն ինչ ունենք»։
Խոհարարը գյուղի կանանցից մեկն է։ «Լավ է, որ պրոֆեսիոնալ չի, գործի պես չի անում, ամեն ինչ տնական է ստացվում»,-ասում է Կարենը։
Թեեւ զբոսաշրջային առումով Ձորագյուղը գրավիչ է, հատկապես, որ այստեղով կարելի է գնալ հայտնի Հնեվանք ու Ցից քար, բայց անբարեկարգ ճանապարհները զբոսաշրջությանը չեն նպաստում։ Կարենն ասում է, որ կառավարությունից խոստացել են ասֆալտապատել Ձորագյուղը Ստեփանավանին կապող ճանապարհը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանն աշխատում է ամեն օր՝ առավոտյան 10-ից երեկոյան 10-ը։ Զբոսաշրջիկների են ընդունում, հարեւան Դսեղից են հաճախ հյուրեր ունենում. ձորի մյուս կողմից ռեստորանի լույսերը տեսնում ու հետաքրքրված գալիս են։ Օրեր առաջ այստեղ առաջին մեծ միջոցառումն էր. քաղաքից եկել էին Ձորագյուղ՝ հարսանիք անելու։ Կարենն ասում է, որ դռները բաց են բոլորի առջեւ, բայց ինքը հատկապես ուզում է Ձորագյուղում մթնոլորտ փոխել. ռեստորանը միայն «տղամարդկանց տեղ» չէ, կանայք էլ կարող են գալ, մի բաժակ սուրճի շուրջ զրուցել։
«Հենց տեսնում եմ էրեխեքը լավ գործ են անում, հրավիրում եմ հյուրասիրության։ Էն օրը թղթեր ու պլաստմասա էին հավաքում, ասացի՝ վաղը կգաք բուրգեր ու ֆրի ուտելու։ Վերափոխելու պրոցեսը դանդաղ, բայց ստացվում է»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի մոտակայքում նախատեսում է A-Fram՝ եռանկյունաձեւ, մի կողմն ապակեպատ տնակներ տեղադրել։
«Ես սա չեմ սարքել, որ շահույթ ունենամ, ես փողի հետեւից ընկած չեմ։ Առանց դրա էլ՝ ինձ լավ եմ զգում։ Ավելի հետաքրքիր է, երբ լավ պահեր են լինում, մարդիկ ուրախանում եմ, ես էլ՝ զբաղվում եմ»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Բախշի Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: