×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Crêperie. Չորս ընկերուհիների հիմնած, կրեպը «թագուհի» հռչակած սրճարանը

Ռեստորանների, սրճարանների ճաշացանկերում կրեպ կամ նրբաբլիթ գտնելու համար այցելուներն առավել հաճախ փնտրում են նախաճաշերի բաժինը, իսկ Մոսկովյան 20 հասցեում բացված Crêperie սրճարանի մենյուում դրանք բացակայում են միայն ըմպելիքների բաժնից։ Նորաբաց սրճարանում կրեպը հռչակված է «թագուհի» եւ մյուս բոլոր բաղադրիչները պարտավոր են հաշվի նստել հատուկ բաղադրատոմսով պատրաստվող նրբաբլիթի հետ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանի հիմնադիրներն ընկերուհիներ են՝ Մարինան, Քրիստինեն, Մարիաննան եւ Անահիտը։ Սրճարանից դուրս յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, իսկ սրճարանի ներսում՝ հստակ պարտականություններ։ Աշխատանքային ժամատախտակին ֆիքսում են հերթապահությունն ու անցնում գործի։ Յուրաքանչյուր օր հերթապահը բացում է սրճարանի դռները, դասավորում բացօթյա հատվածի սեղանները, խնամում «ջահ-ծաղիկները»։

GastroVino-ի հետ զրույցում սրճարանի հիմնադիրները պատմել են մտքից գործի անցնելու վճռականության եւ տարատեսակ կրեպերի մասին։

«Մեր ապագա նրբաբլիթները»

Մարինա Հովհաննիսյան

Ինձ, Քրիստինեին եւ Անահիտին միավորել է բարեգործությունը, երկար տարիներ աշխատել ենք միջազգային կազմակերպությունում։ Տարիների ընթացքում Քրիստինեն ԱՄՆ-ում էր հայտնվել, Անահիտը՝ Ռուսաստանում, ես մնացել էի Հայաստանում։ Որոշ ժամանակ առաջ, երբ Քրիստինեն ընդմիշտ վերադարձավ Հայաստան, իսկ Անահիտն էլ այդ պահին այստեղ էր գտնվում, հանդիպեցինք եւ խոսեցինք միասին մի գործ սկսելու մասին, որի շնորհիվ իրար հետ ավելի շատ ժամանակ կկարողանայինք անցկացնել, Անահիտը նաեւ Հայաստան գալու ավելի շատ պատճառներ կունենար։

Մարինա Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հանդիպումն ավարտվեց, գնացինք տուն՝ մտածելով, որ սա ուղղակի հերթական զրույց է, բայց Անահիտը խումբ բացեց սոցցանցում՝ «Մեր ապագա նրբաբլիթները» եւ կազմեցինք գործողությունների պլան։ Քրիստինեն ասաց, որ շատ լավ ընկերուհի ունի, ում հետ մինչ այդ եւս սրճարան ունենալու գաղափարի շուրջ քննարկում է ունեցել, մենք էլ ասացին՝ «քո ընկերուհին մեր ընկերուհին է»։ Հանդիպեցինք Մարիաննային, սիրեցինք առաջին հայացքից ու որոշեցինք սրճարանը չորսով հիմնել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե ուզում ես, որ խոսքը կյանքի կոչվի՝ պետք է ծրագրերդ արագ իրագործես։ Սրճարան ունենալու մտքից մինչեւ բացումը տեւեց ընդամենը 1,5 ամիս։ Ուզում էինք ստեղծել սննդի վայր եւ միջավայրը լցնել հետաքրքիր աուրայով։ Կրեպի գաղափարն իմն էր։ Նրբաբլիթներ շատ եմ սիրում եւ մինչ սրճարանի բացումն էլ սկսել էի հաճախ մտածել, թե ինչ կարելի է անել դրանց հետ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Համացանցում նյութեր դիտելիս տեսա, որ կրեպը միայն քաղցր բաղադրիչների հետ չէ, որ կարելի է ուտել, աշխարհում կան շատ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Վառվեցի այդ գաղափարով եւ կիսվեցի աղջիկների հետ։

«Չորս մարդու ցանկություն համընկավ»

Քրիստինե Միխաիլիդի

Շատերն ասում էին՝ չորսդ էլ չգիտեք, թե ինչպես է պետք կազմակերպել սրճարանային բիզնեսը։ Եվ իսկապես, ոչ մեկս նախկինում այս ոլորտում չենք աշխատել, բայց չորսս էլ ցանկացել ենք նման բիզնես ունենալ։ Ես միշտ երազել եմ ռեստորան ունենալու մասին, աղջիկները ծիծաղում են, սրճարանը բացելուց առաջ բացեցի մի տուփ, որը սկսել էի դասավորել դեռ տասը տարի առաջ։ Հավաքում էի հետաքրքիր իրեր եւ պահում իմ ապագա ռեստորանի համար։ Սրճարանում փոքրիկ դետալներ կան, որ հենց այդ տուփից են դուրս եկել։

Քրիստինե Միխաիլիդին Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամեն ինչ իր ժամանակն ունի եւ, երեւի, ժամանակն էր, որ չորս մարդու ցանկություն ու էներգետիկա համընկներ։ 2023թ. մայիսի 31-ին Crêperie-ի պաշտոնական բացումն էր, բայց աշխատել սկսեցինք հունիսի 1-ից։ Մեր աշխատանքը տարիներ շարունակ կապված է երեխաների պաշտպանության հետ եւ սրճարանի բացումն էլ համընկավ նրանց պաշտպանության օրվա հետ։ Շատ հյուրեր եկան, շատ բարի խոսքեր ասացին եւ եկավ նաեւ մեզ մտերիմ մարդ, ում հետ տարիներ աշխատել ենք՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը, եւ սրճարանն օրհնեց։ Սրճարանի անունը «Կրեպերի» է, իսկ կազմակերպության անունը՝ «Էնթեո», որը հունարենից թարգմանաբար նշանակում է «Աստված քո մեջ»։ Սա ամեն մեկիս բնորոշ, սրտին մոտ միտք է։ Ուզում ենք սրճարանի շահույթի մի մասով բարեգործական ծրագրեր անել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ սրճարանի բացելը բոլորը վախեցնում էին, ասում՝ բացելուց հետո պահելը դժվար կլինի, կկռվեք, գումար չեք կիսի, իսկ մենք ուզում ենք, որ սա ստացվի մեր համատեղ ուժերով, դրա համար էլ շատ ճիշտ բաժանել ենք ոլորտները, քննարկում ենք, գալիս ընդհանուր հայտարարի, բայց ամեն մեկս ունի մի ոլորտը, որի համար պատասխանատվություն է վերցրել։ Ես զբաղվում եմ տարածքի դիզայնով, մարքեթինգային մասով, հյուրերի հետ աշխատանքով, Մարինան, քանի որ նաեւ տնօրենն է, զբաղվում է թույլտվությունների հետ կապված աշխատանքով։ Խոհանոցի, խոհարարների հետ աշխատանքով զբաղվում է Մարիաննան, իսկ ֆինանսական հարցերով՝ Անահիտը։

7 հիմնական եւ 6 քաղցր կրեպ

Մարիաննա Հարությունյան

Սրճարանի համար այս սեզոնին խոհարար գտնելը դժվար էր, բայց մեր ծանոթ խոհարարներից մեկն օգնեց, իսկ մինչ այդ էլ հուշեց, թե ինչպես կարող ենք հետաքրքիր եղանակով մատուցել կրեպերով ուտեստները։

Մարիաննա Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկզբում մտածում էինք՝ նրբաբլիթները կփաթաթենք ծրարի նման, իսկ ուտեստները կլինեն ներսում, բայց նա առաջարկեց մատուցել բաց վիճակում, ափսեի հատակին նրբաբլիթն է, վրան՝ մյուս բաղադրիչները։ Ճաշացանկը հիմնականում որոշել ենք ես ու Անահիտը։ Գրեթե բոլոր ուտեստները պատրաստվում են հեղինակային բաղադրատոմսերով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դեռ փորձաշրջան ենք անցնում, բայց այս պահին մեզ մոտ կա հաստատված 7 հիմնական եւ 6 քաղցր կրեպ։ Ունենք կարմիր ձկով, ծովախեցգետնով, հավով, այլ մսամթերքով, ավոկադոյով, բուրատա պանրով կրեպեր։ Մատուցվում են պեստո, թարխունի, ծովախեցգետնի եւ այլ սոուսներով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քաղցր կրեպերն էլ մատուցվում են սեզոնային թարմ հատապտուղներով, պաղպաղակով, մեր խոհարարների պատրաստած հեղինակային կոնֆիտյուրներով։ Եգիպտացորենի ալյուրով պատրաստում ենք առանց գլյուտենի կրեպեր եւ դրանք մեծ պահանջարկ ունեն։

Մարինա Հովհաննիսյան

Կրեպը հագեցնում է նույնքան, որքան հացը, բայց ավելի թեթեւ է։ Կարող է լինել ե՛ւ լավ նախաճաշ, ե՛ւ լանչ ու ընթրիք։ Կրեպը հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում, որը մեզ նվիրել է Ռուսաստանում շատ հայտնի ռեստորանների ցանցերից մեկի շեֆը։ Պատրաստման պրոցեսը կարճ է տեւում, պատվերելուց 5-7 րոպե անց կարողանում ենք մատուցել։

«Կարեւորը ընկերության շարունակությունն է, հետո՝ բիզնեսը»

Անահիտ Գրիգորյան

Ես վերահսկում եմ ֆինանսական հոսքերը, ֆիքսում ծախսերը։ Ընկերությունը՝ ընկերություն, աշխատանքը՝ աշխատանք։ Աշխատանքից դուրս ընկերներն ենք, իրար վստահում եմ անվերապահորեն, մեկս մյուսի ծախսերի կտրոնները վերահսկելու ցանկություն չունենք, բայց պետք է գործը տարանջատել, որ ընկերությունը չվերածվի աշխատանքային փոխհարաբերությունների։ Մեզ համար ամենակարեւորը ընկերության շարունակությունն է, հետո՝ բիզնեսի զարգացումը։

Անահիտ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկսնակների համար սրճարանային ոլորտում բարդությունները շատ են։ Կարելի է համեմատել ծորակի հետ, եթե չես կարողանում այնպես անել, որ ջուրը հոսի քեզ հարմար արագությամբ, ապա հոսքը կարող է քշել ու տանել այն, ինչ ունես։ Պետք է վերահսկես, որ բաժակդ լցվի առանց կորուստների։

Դեմ չենք ժամանցին, բայց Crêperie-ն մեզ համար զուտ ժամանցի վայր չէ, եթե պետք է՝ յուրաքանչյուրս կարող է մաքրությամբ զբաղվել, հատակը լվանալ, մատուցել։

Սրճարանի տարածքը մեծ չէ, բայց հարմարավետ է, կարծում եմ՝ ավելի մեծ տարածքում նույն սերն ու ուշադրություն չէինք կարողանա դնել, պետք է փոքրից սկսել, աճեցնել՝ ինչպես ծաղիկը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին