Մի օր, երբ ծանոթներից մեկը սրտնեղեց, թե տղան ուզում է ծննդյան օրը մանկապարտեզում նշել, իսկ ինքը դրա հնարավորությունը չունի, Նելլին սկսեց մտածել տոնական տորթերին այլընտրանք առաջարկելու մասին։
«Իմ նպատակն էր օգնել մարդկանց թեթեւացնել ֆինանսական բեռը։ Որոշեցի բամբակից տորթեր պատրաստել, որը կարելի է օգտագործել ցանկացած առիթով։ Դրանցից կարող են օգտվել ե՛ւ միջին, ե՛ւ ցածր եկամուտ ունեցող մարդիկ»։
Նելլի Կոբելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վանաձորում բնակվող Նելլի Կոբելյանը ֆինանսական վերլուծաբան է։ Բիզնեսի ոլորտում որոշակի փորձ ունի։ Տարիներ առաջ մատնահարդարման օնլայն դասընթացներ է կազմակերպել գյուղաբնակ կանանց համար, հետո ընտանեկան բիզնեսի՝ ավտոլվացման կետի ֆինանսական վերլուծությամբ է զբաղվել։ Վաղուց էր մտածում նոր բիզնեսի մասին, որն անպայման կունենար սոցիալական բաղադրիչ։ Քաղցր բամբակից տորթեր պատրաստելու գաղափարն այն էր, ինչ փնտրում էր։
«Սկսեցի ուսումնասիրել շուկան։ Հայաստանում ոչինչ չգտա։ Բամբակի տորթերը լայն տարածում ունեն հիմնականում Չինաստանում, Ճապոնիայում։ Սա շահութաբեր բիզնես է, որովհետեւ ինքնարժեքը ցածր է, եւ ես ազատ եմ որոշելու գինը, ինչն ինձ համար ամենակարեւորն է։ Գրեցի բիզնես մոդելը, որ հասկանամ իրացման ուղիները, հաշվարկներն արեցի, արդյունավետությունը, մի քանի գործակիցներ գնահատեցի, ու արդեն «ցեցն ընկավ» մեջս։ Չէի համբերում՝ երբ պիտի գիշերը լուսանա, սարքը գնենք, ու շուտ սկսեմ։ Սա հենց իմ գործն է»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բամբակ պատրաստելու սարքը գնելուց հետո ամբողջ գիշեր Նելլին չքնեց։ Փորձում էր սովորել առաջին ու շատ պարզ թվացող քայլը՝ ինչպե՞ս պտտել ձողը։
«Սկզբում ասում էի՝ դրա եղա՞ծն ինչ է, որ չկարողանամ, բայց չէր ստացվում. մեկ ձողն էր ընկնում ձեռքիցս, մեկ բամբակն էր ընկնում ձողի վրայից, ես էլ, ամբողջ տունն էլ կարամել էինք եղել։ Հետո փորձեցի ձեռքով անել, բայց որ տաքանում է, շաքարի հատիկները դաղում են. դա էլ չստացվեց։ Երեւի 20 կիլոգրամից ավելի շաքարավազ եմ փչացրել, որ հասկանամ աշխատանքի սկզբունքը։ Գաղտնիքը մի փոքր խոնավեցնելու մեջ էր։ Նաեւ արագության ու մոտորիկայի խնդիր կա։ Պիտի շերտերը համաչափ պտտես, շերտերի միջեւ ընդմիջումն էլ պիտի համաչափ լինի, որովհետեւ եթե մեկը շատ խիտ լինի, մյուսը՝ թույլ, սկսում է թսկել»,- իր բացահայտումների մասին ոգեւորված պատմում է Նելլին։
Նելլի Կոբելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Sweet cotton-ը հիմա մի քանի խանութի հետ է համագործակցում, նաեւ անհատական պատվերներ են ընդունում։ Տորթերից բացի Նելլին նաեւ բամբակից կերպարներ է պատրաստում, ծաղկեփունջ, տարբեր առիթների համար բամբակյա պրոդուկտներ առաջարկում։
Որպես իր բիզնեսի առանձնահատկություն եւ ռիսկ՝ պահպանման ժամկետն է նշում։ Ասում է՝ հերմետիկ փակ տուփում դրանք պահպանվում են մինչեւ 36 ժամ։ Բայց խոնավության, օդի ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ բամբակը շատ զգայուն է. նվազագույնը 3 ժամ է պահպանում տեսքը։ Հետագայում նախատեսում է հերմետիկ փաթեթավորման հաստոցներ ձեռք բերել, որը թույլ կտա մինչեւ 180 օր անվնաս պահել բամբակյա արտադրանքը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նելլին նոր տեխնոլոգիաների, արտադրանքի նոր տեսակների որոնման եւ փորձարկման փուլում է։ Այն, ինչ հիմա է անում, իր երազանքի ընդամենը 10 տոկոսն է։
«Ակտիվ աշխատում եմ նոր տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ, որը նաեւ հեղինակային կլինեն։ Փորձել եմ աղի եւ քաղցր բամբակը համադրել, շատ հետաքրքիր է, բայց դեռ պետք է մշակել։ Մտածում եմ նաեւ կծուն համադրել՝ որպես չիփսին այլընտրանք։
Կուզեմ մեծ սրճարան բացել իր մասնաճյուղերով, որտեղ ամեն ինչ քաղցր բամբակից կլինի, ամեն ինչ՝ փափուկ, մթնոլորտը՝ թեթեւ, էրեխեքն ուրախ, թռվռալով կգնան-կգան, բամբակ կուտեն։ Պիցցան, օրինակ, քաղցր բամբակից կլինի, լիմոնադը կքաղցրանա, երբ բամբակ գցես մեջը»։
Նելլի Կոբելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամբողջ աշխատանքը Նելլին մենակ է անում։ 2023թ. հուլիսի 8-ից՝ Sweet cotton-ի հիմնադրման օրից, գիշերը մի քանի ժամ է քնում։ Առավոտ շուտ արթնանում, տորթերը պատրաստում, գնում է աշխատանքի։ Երեկոյան աշխատանքից վերադառնում ու նորից անցնում է իր քաղցր զբաղմունքին։
Նելլին ասում է, որ չնայած ռիսկերն ու հնարավոր խնդիրները հաշվարկել էր, բայց անհաջողությունների դեպքում ընկճվում է։
Նելլի Կոբելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ընկերներիս արձագանքը, ոգեւորությունն ինձ շատ է օգնում։ Հատկապես քույրիկս է շատ մոտիվացնում։ Մեր բակի տղաներից մեկի հետ պայմանավորվել էի, որ ցերեկը մի քանի ժամ ինքը հատով բամբակ պատրաստի ու վաճառի։ Ես ամեն օր աշխատավարձ էի տալիս, բայց գործն իրեն չէր արդարացնում, երկու օր ընդհանրապես վաճառք չկար։ Շատ կոտրվեցի, որ չի լինում, չի ստացվում։ Քույրիկս տարել, էդ տղային թաքուն գումար էր տվել, ասել էր, որ ինձ տա՝ իբր այդքան վաճառվել է։ Սկզբում չէի հասկանում, թե երկու ժամում ո՞նց միանգամից էդպես եղավ։ Բայց երրորդ օրը, երբ տեսա, որ շաքարավազը չի պակասել, ամեն ինչ հասկացա»,-ծիծաղում է Նելլին։
Եթե ժամանակը ներեր, բամբակներն էլ ինքը կվաճառեր։ Նելլին իր օրինակով ուզում է ցույց տալ, որ ցանկացած աշխատանք կարեւոր է եւ որ երազանքին հասնելը հաճախ դժվար է, բայց արդյունքը քաղցր է, իր դեպքում՝ քաղցր բառի բուն եւ փոխաբերական իմաստով։
Նելլի Կոբելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Սոցիալական բաղադրիչն ինձ համար շատ կարեւոր է։ Պատահել է՝ երեխան անցնում է բամբակի կողքով, տատը կամ մաման աչքերը փակելով տանում են, որ չտեսնի, չուզի, ես հետեւից բամբակը վազեցնում եմ՝ իսկ այսօր մեզ մոտ հյուրասիրություն է։ Շատ մեծ բավականություն եմ ստանում»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: