Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Այդուհանդերձ, այստեղ դեսպանի անցկացրած 3 տարիները բավարար էին հայկական գինին ճանաչելու եւ սիրելու համար:
GastroVino-ն Նիկո Սխերմերսի հետ զրուցել է հայկական գինու թողած առաջին տպավորության եւ այն Նիդերլանդներում ներկայացնելու մտադրության մասին:
Առաջին տպավորությունը հայկական գինուց
Չէի ասի, թե գինու փորձագետ եմ, սակայն սիրում եմ համտեսել տարբեր տեսակի գինիներ: Առաջին անգամ հայկական գինի փորձել եմ դեռեւս Նիդերլանդներում: Երբ արդեն առաջադրվել էի որպես Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան, սկսեցի հետաքրքրվել հայկական մշակույթով, խոհանոցով եւ գինով: Կարողացա առցանց գտնել հայկական գինի եւ պատվիրել: Փորձելուց հետո առաջին արձագանքս հաճելի զարմանքն էր, որովհետեւ Հայաստանը Նիդերլանդներում եւ աշխարհում հայտնի չէ որպես գինու երկիր:
Նիկո Սխերմերսը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այլ գինիների պարագայում, երբեմն, տարօրինակ հետհամ եմ զգացել, մինչդեռ հայկական գինիների դեպքում երբեք նման փորձառություն չեմ ունեցել: Այն, ինչն ինձ համար գինիների պարագայում սովորական էր դարձել, հայկականը փորձելուց հետո դադարեց այդպես լինել:
Գինեգործական հնագույն ավանդույթները
Գալով Հայաստան՝ մի քանի անգամ եղել եմ Արենի քարանձավում, ուստի որոշակիորեն ծանոթ եմ հայկական գինեգործական մշակույթին ու պատմությանը: Շատ հետաքրքրված էի գինու պատրաստման հնագույն տեխնոլոգիայով, ուստի այցելեցի նաեւ մի քանի հայկական գինեգործարաններ, որտեղ փորձում են վերականգնել ու պահպանել այդ ավանդույթները, ինչը շատ գնահատելի է:
Այն փաստը, որ գինի առաջինը սկսել են հայերն արտադրել դեռեւս 6300 տարի առաջ, ինձ զարմանք պատճառեց միայն առաջին հայացքից, որովհետեւ հետո հասկացա՝ դա բնական է, հայկական մշակույթն ինքնին շատ հին է: Մարդկությունը Կովկասում է ձեւավորվել, որովհետեւ այն նպաստավոր վայր է ապրելու համար: Հատկապես հին ժամանակների պարզունակ մարդկանց պարագայում, որոնք ապրելու այլ միջոցներ չունեին, սա նպաստավոր միջավայր է քաղաքակրթության ձեւավորման համար՝ պարարտ հող, արեւ, ջուր: Եվ իհարկե, ունենալով բազմատեսակ մրգեր, մարդիկ սկսել են փորձարկումներ անել դրանց հետ:
Ճիշտ միջավայրը կարեւոր է
Ինքս գինին շատ չափավոր եմ օգտագործում եւ որեւէ ձեւով չեմ խրախուսում ալկոհոլի օգտագործումը: Աշխատանքային շաբաթվա ընթացքում միայն հազվադեպ ընթրիքների ժամանակ գուցե մեկ գավաթ համտեսեմ, բայց հիմնականում գինին վայելում եմ հանգստյան օրերին: Գերադասում եմ կարմիր չոր գինի, թեպետ ամռանը ավելի շատ սպիտակ եմ խմում:
Նիկո Սխերմերսը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դեռեւս Նիդերլանդներում ապրելիս մի բան եմ սովորել. երբ արձակուրդներին գնում էի Ֆրանսիա ու այնտեղ խմում ֆրանսիական գինի, որը հրաշալի էր, վերադարձիս ինձ հետ բերում էի նույն գինիներից, որոնք, սակայն, Նիդերլանդներում կարծես այլ համ ստանային, քանի որ միջավայրն արդեն այլ էր:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարծում եմ, որ կարեւոր է գինին դրան համապատասխան միջավայրում փորձել, ուստի քանի դեռ այստեղ եմ, աշխատում եմ միայն հայկական գինի խմել՝ հատկապես տեղական սորտերից պատրաստված: Դրանցից սիրում եմ «Արենին» եւ «Հաղթանակը»: Ի դեպ, իմ անունը՝ Նիկո, եւս հաղթանակ է նշանակում:
Հայկական գինին Նիդերլանդներում
Հասցրել եմ մի քանի անգամ մասնակցել Երեւանի գինու օրերին: Իհարկե, այն լավագույն վայրը չէ շատ տարբեր հայկական գինիներ փորձելու համար, որովհետեւ ներկայացված լայն տեսականի պարագայում հնարավոր չէ բոլոր համերը պատշաճ գնահատել: Այդուհանդերձ, այն հրաշալի միջոցառում է մարդկանց հանդիպելու ու լավ ժամանակ անցկացնելու համար: Արենի գինու փառատոնին մասնակցելու հնարավորություն չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ դրա համար դեռեւս կվերադառնամ:
Նիկո Սխերմերսը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում նշանակվելով Նիդերլանդների Թագավորության դեսպան՝ առաքելություն եմ ստանձնել պաշտպանելու Նիդերլանդների շահերն այստեղ, եւ կարծում եմ՝ հոլանդացիների համար շատ կարեւոր է ծանոթ լինել աշխարհի լավագույն գինիներին: Այդ պատճառով էլ իմ նպատակներից մեկն է գտնել հետաքրքրված կազմակերպությունների եւ Հայաստանից գինի արտահանել դեպի Նիդերլանդներ: Թեեւ համացանցի միջոցով հնարավոր է պատվիրել հայկական գինիներ, Նիդերլանդների խանութներում դրանք ներկայացված չեն: Որպես Նիդերլանդների քաղաքացի՝ ես կուզենայի ցուցափեղկերին ֆրանսիական, իսպանական, ավստրալիական եւ մյուս գինիների բաժինների կողքին տեսնել առանձին ներկայացված կովկասյան, կամ հենց հայկական գինիներ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: