Կյանքի հոսքի անընդհատությունն իր հետ բերում է անվերջ փոփոխություններ՝ մեռնող ու ծնունդ առնող քաղաքակրթություններ, տարածություն կրճատող ենթակառուցվածքներ, նորագույն տեխնոլոգիաներ, իսկ վերջին ժամանակներում՝ արհեստական բանականություն։ Չնայած այս արագ փոխվող հոսանքներին, կան մնայուն արժեքներ եւ իմաստություններ, որոնք ասես երբեք չեն ծնվել ու երբեք չեն մեռնի։
Այս երկու, միայն առաջին հայացքից իրար հակասող կողմերը ARARAT թանգարանը փորձել է միավորել «Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունում, որում արհեստական բանականությունը «ծանոթացել է» հնագույն էպոսների իմաստությանն ու արժեքային համակարգին՝ վերածելով դրանք գեներացվող պատկերների։
Ցուցադրության հեղինակները պատմել են կատարված աշխատանքի եւ արհեստական բանականության հետ էպոսների լեզվով խոսելու դժվարությունների մասին։
Ճանապարհորդություն դեպի արժեքներ
«Սասնա Ծռեր» ու «Նիբելունգների երգ», «Գիլգամեշ» ու «Ոդիսական», «Բիլինաներ» ու «Արթուր թագավոր»՝ հենց այս հնագույն էպոսների դրվագների արհեստական բանականության վերարտադրությունն է ներկայացնում «Արժեքների վկայագիր» նախագիծը։
Լուսանկարը՝ ARARAT
Գաղափարը կյանքի կոչելու համար ARARAT թանգարանը համագործակցել է բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող եւ էպոսագետ Հայկ Համբարձումյանի հետ։ Վերջինս հատուկ նախագծի համար վերընթերցել է մի շարք էպոսներ ու վեր հանել այն դրվագները, որոնք ներդաշնակորեն հանգավորվում են ARARAT-ի արժեքների հետ։ Ծավալուն նյութերի ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ տեքստային այնպիսի բնութագրեր, որոնցով արհեստական բանականության մասնագետներ Աննա Զաքարյանը եւ Արեգ Զաքարյանը աշխատել են ցուցադրության պատկերների ստեղծման շուրջ։
Լուսանկարը՝ ARARAT
Որպես ցուցադրության հիմք էպոսների ընտրությունը պատահական չէր․ համաշխարհային մշակույթի գանձարանի այս գործերն իրենց տարբերություններով հանդերձ, ունեն շատ կարեւոր ընդհանրություն, այն է՝ յուրաքանչյուր էպոս բերում է արժեքների որոշակի համակարգ, բարոյական համընդհանուր կոդ: Դրա շնորհիվ էպոսը ստեղծող ժողովուրդը կարողանում է նախ ճանաչել ինքն իրեն, ապա նաեւ մյուս ժողովուրդներն։
«Էպոսը, որպես ստեղծագործական ժառանգության միավոր, նախ եւ առաջ, արժեքների որոնման պատմություն է: Բացի այդ, մեզ հայտնի գրեթե բոլոր էպոսներում իմաստային հատուկ խտացում է ստանում հերոսի ճամփորդությունը։ Այդ առումով «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը շատ ընդգրկուն հանգավորում է ստանում ARARAT թանգարանի գաղափարների հետ։
Զարուհի Սարիբեկյանը (աջից) | Լուսանկարը՝ ARARAT
Մասնավորապես, ARARAT թանգարանի շրջայցների դասական ծրագիրը հայկական լեգենդար կոնյակի արժեքների բացահայտման պատմությունն է: Վարպետություն, համբերություն, առատաձեռնություն, հավատարմություն, սեր՝ ARARAT-ի ԴՆԹ-ն կազմող այս արժեքներին է հաղորդակցվում թանգարանի յուրաքանչյուր այցելու, ում անմոռանալի ճամփորդությունը սկսվում է թանգարանի շեմը հատելուն պես», - նշում է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը:
Ինքնությանն անդավաճան
Ցուցադրությունը, իհարկե, սկսվում է հայկական «Սասնա Ծռեր» էպոսով։ Այն ներկայացված է երկու առանցքային դրվագներով՝ Սասնա բերդի կառուցումը եւ Դավթի զրույցն արաբ ալեւորի հետ։
Լուսանկարը՝ ARARAT
«Սանասարը եւ Բաղդասարը Մշո դաշտում մի գետակ են տեսնում, որն արագ հոսելով կտրում անցնում է մեծ գետակը՝ առանց դրան խառնվելու, եւ որոշում են դրա ակունքին կառուցել իրենց բերդը, որպեսզի այդտեղ ապրողները նույն գետակի նման խիզախ ու անկախ լինեն։ Այս դրվագը հրաշալի բնութագրում է մեր ժողովրդին, քանի որ նույն այդ գետակի նման մենք չենք խառնվում այլ ժողովուրդների, հավատարիմ ենք մեր ինքնությանն ու արմատներին։ Մի կողմից ժողովուրդն էպոսը ստեղծում է իր նմանությամբ, մյուս կողմից էլ սերունդները սովորում են դրանից»,-մանրամասնում է նախագծի գրական խորհրդատու Հայկ Համբարձումյանը։
Հայկ Համբարձումյանը | Լուսանկարը՝ ARARAT
Հայկական էպոսի երկրորդ դրվագում Սասունցի Դավիթն է արաբ ծերունու հետ զրուցելիս։ Վերջինս նրան ասում է.
Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։
Հայկ Համբարձումյանի խոսքով՝ այս դրվագը բացառիկ է էպոսների մեջ եւ ցույց է տալիս հայ ժողովրդի վեհանձնությունն ու հարգանքն այլ ժողովուրդների նկատմամբ։
«Դավիթը կանգնում եւ լսում է ծերունուն, հետո գնում եւ քնից հանում Մսրա Մելիքին։ Մեր ժողովուրդն ունի այն պատկերացումը, որ իր թշնամին ոչ թե թշնամի երկրի ժողովուրդն է, այլ դրա առաջնորդները։ Հատկանշական է նաեւ այն դրվագը, որ կռիվը սկսելուց առաջ Դավիթը զգուշացնում է թշնամական զորքին՝ «Ով քընած եք՝ արթուն կացե՜ք, Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք»։ Սա նորից ընդգծում է հայ ժողովրդի բարձր բարոյական արժեքները, որով քնած թշնամու վրա անկարելի էր հարձակվել, անգամ եթե նրանք նվաճողներ էին»,- մանրամասնում է նա։
Հայկ Համբարձումյանը | Լուսանկարը՝ ARARAT
Էպոսագետի խոսքով՝ կային բազում այլ դրվագներ, որոնց ներկայացումը եւս շատ հետաքրքիր կլիներ։ Առանձնահատուկ է Փոքր Մհերի ճյուղը, քանի որ հայերն անդադար վերհիշում են այս կերպարին ու ձգտում քարայրից դուրս բերել նրան։
«Հույս ունեմ, որ նման նախագծերի առիթներ էլի կլինեն։ Այս կերպ մենք եւս մեկ ձեւով կարողացանք մարդկանց մատուցել էպոսները։ Դրանք իրենցում ամփոփում են այն արժեքների պատմությունը, որոնք մեզ ներշնչում են ու ապագայի երազներ տալիս»,-հավելել է Հայկ Համբարձումյանը։
Կամակոր մեքենան եւ մարդկային գործոնը
Կարող է թվալ, թե ճիշտ կազմված տեքստը բավարար է արհեստական բանականության համար, որպեսզի այն կարողանա ճիշտ պատկերներ գեներացնել, սակայն դա խաբկանք է: Այս մեքենան դեռեւս հեռու է նման ինքնուրույնությունից, եւ ցուցադրության հետաքրքրաշարժ նկարներն այդպիսին չէին լինի, եթե չլինեին արհեստական բանականության մասնագետներ Աննա Զաքարյանի եւ Արեգ Զաքարյանի շարունակական ջանքերը:
Լուսանկարը՝ ARARAT
«Երբ խոսում ենք արհեսատական բանականության պատկեր գեներացնող մոդելների մասին, պետք է հաշվի առնենք, որ այս տեխնոլոգիան դեռեւս մեկ տարեկան էլ չկա: Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մանկահասակ երեխայի հետ, ու հասկանալի է, որ այդ «երեխան» պետք է կամակոր լինի, թերզարգացած է եւ շատ բաներ դեռեւս չի կարողանում անել: Այն նաեւ շատ կանխակալ է, գործում է շաբլոններով, ուստի շատ դժվար է ստանալ մեքենայի «կարծրատիպերից» դուրս պատկերներ: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ տեխնոլոգիան շատ արագ զարգանում է, իսկ մոդելների բաց կոդ ունենալու շնորհիվ այսօր այդ գործիքն օգտագործող համայնքը մեծ ներդրում է ունենում նշածս կանխակալ մոտեցումներից համակարգն ազատելու մեջ: Կարծում եմ, որ եթե հիմա կրկնեինք այս նույն նախագիծը, աշխատանքը բոլորովին այլ կերպ կընթանար»,- մանրամասնում է նկարիչ Արեգ Զաքարյանը:
Արհեստական բանականության հետ աշխատելիս նկարիչը օգտագործել է էսքիզներ: Առանց դրանց աշխատանքը շատ ավելի ժամանակատար կլիներ, եւ գուցե, ցանկալի արդյունքն այդպես էլ չստացվեր:
Լուսանկարը՝ ARARAT
«Տեխնիկական որոշ նրբություններ արհեստական բանականությունը դժվարանում է անել, օրինակ՝ հայացքի ուղղությունը: Բազմաֆիգուր կոմպոզիցիաների հետ դեռեւս չի կարողանում աշխատել, կերպարների միջեւ հարաբերություն ստեղծել չի կարողանում, ուստի պատկերները ստանալու համար հաճախ ստիպված էինք ժամանակ ծախսել, «պարապեցնել» մոդելին 10-15 նկարների օրինակի վրա, որպեսզի այն սկսեր հասկանալ՝ ինչ կոմպոզիցիա ենք ցանկանում ստանալ»,- պարզաբանում է Արեգ Զաքարյանը:
Արեգ Զաքարյանը | Լուսանկարը՝ ARARAT
Տարիների փորձի շնորհիվ Արեգ Զաքարյանը գիտեր՝ ինչ միջոցներով եւ ինչ լեզվով է պետք «շփվել» արհեստական բանականության հետ, որ ի վերջո ցանկալի արդյունքը հնարավոր դառնար: Նրա խոսքով՝ այդ աշխատանքը նման է կոկտեյլի. պետք է բոլոր բաղադրիչներն իրար խառնել ճիշտ չափաբաժնով, որպեսզի ստացվի մի ըմպելիք, որը բույր կունենա:
«Պետք չէ վախենալ այս գործիքն օգտագործելուց, այլապես այն կարող է տիրել մեզ: Արհեստական բանականությունն Աստված չի ուղարկել մեզ, մենք ենք ստեղծել այն, ուստի պատասխանատու ենք մեր ստեղծածի համար»,-հավելել է Արեգ Զաքարյանը։
Չհերքելով արհեստական բանականության հաջողությունը՝ այս աշխատանքն օգնել է նախագծի ստեղծագործող թիմին եւս մեկ անգամ համոզվել, որ հասարակ պատկերներն արվեստի են վերածվում ու շունչ ստանում միայն մարդկային գործոնի շնորհիվ։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: