«Աստղիկը գնաց իր երազանքի հետեւից: Աշխարհի ամենահամով թխվածքները՝ Աստղիկի կատարմամբ». Magrata cakes հրուշակարան սրճարանի եւ Աստղիկ Դանիելյանի մասին իմանում եմ ֆեյսբուքյան ֆինանսիստ ընկերներիս գրառումներից:
Բանկային ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող Աստղիկն այլեւս հրուշակագործ է եւ Ծարավ Աղբյուր 55/15 հասցեում բացել է իր հրուշակարանը: Նա GastroVino-ին պատմել է ֆինանսական ոլորտից հեռանալու եւ երազանքի գործը սկսելու մասին:
Աստղիկ Դանիելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Միշտ երազել եմ բացել փոքրիկ սրճարան, որտեղ թխվող համեղ քաղցրավենիքի բույրը կգրավեր անցորդներին: Երազանքիս իրականացման համար 180 աստիճանով փոխեցի կյանքս, մասնագիտությունս եւ արդեն ներկայանում եմ Magrata cakes սրճարան-հրուշակարանով, որտեղ կարելի է համտեսել, ինչպես նաեւ ձեռք բերել հեղինակային եւ ավանդական բաղադրատոմսերով պատրաստված թխվածքաբլիթներ եւ այլ անուշեղեններ»,- ասում է Աստղիկը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աստղիկ Դանիելյանը ֆինանսական ոլորտում աշխատել է ավելի քան 10 տարի: Միջազգային հաշվապահի որակավորում ունի: Աշխատել է KPMG Հայաստան ընկերությունում, հետո աշխատանքային գործունեությունը շարունակել բանկային համակարգում. «Աշխատել եմ Ամերիաբանկում՝ որպես հաշվետվությունների գլխավոր մասնագետ, հետո ՎՏԲ Հայաստան բանկում, այնտեղ միջազգային ստանդարտներով հաշվետվությունների բաժնի ղեկավարն էի, այնուհետեւ աշխատել եմ HSBC բանկում, որտեղ ամենակարճ աշխատանքային ընթացքն ունեցա՝ աշխատեցի ընդամենը 10 ամիս»,- պատմում է Աստղիկը:
«Պատրաստել միշտ եմ սիրել: Մայրիկիցս ու տատիկիցս եմ սովորել, բայց ավելի կատարելագործվել եմ Մոսկվայում շեֆ-հրուշակագործ քույրիկիս հետ «փորձի փոխանակման» շնորհիվ: Սիրել եմ նաեւ պատրաստածովս կիսվել, հյուրասիրել մարդկանց: Երբ կոլեգաների համար ինչ-որ բաներ էի թխում, տանում եւ լավ արձագանքներ ստանում, շատ էի ոգեւորվում: Հենց նրանց կարծիքներն էլ տվեցին այդ գաղափարը, որ մի օր պետք է իմ հրուշակարանն ունենամ: Դեռ Ամերիաբանկում աշխատելու տարիներից այդ միտքն ուղեկցում էր ինձ, իսկ վերջնական հասունացավ HSBC-ում աշխատելու երրորդ ամսում: Հասկացա, որ պետք է թողնեմ բանկային ոլորտում աշխատանքս եւ սկսեմ այն, ինչն այդքան տարի ցանկացել եմ»,- պատմում է Աստղիկը՝ նշելով, որ նախկին կոլեգաներն այսօր իր ամենահավատարիմ հաճախորդներն են:
Աստղիկ Դանիելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բանկի աշխատանքը թողնելուց հետո ամեն ինչ այդքան էլ հեշտ չի եղել, ինչպես ինքն է պատկերացրել:
«Մտածում էի՝ դուրս կգամ, հարմար տարածք կգտնեմ ու կսկսեմ նոր գործս: 2022 թվականի դեկտեմբերին դուրս եկա գործից ու սկսեցի փնտրտուքս, բայց հասկացա, որ ամեն ինչ այդքան էլ տրիվիալ չի: Տարածք գտնել, սարքավորումներ գնելն եւ աշխատողներ ունենալը բնավ էլ հեշտ չէ»,- խոստովանում է Աստղիկը:
Տարածք գտնելու հարցում նրան օգնել են Ծարավ Աղբյուր թաղամասում ապրող ընկերները: 2023 թվականի գարնանը բացված Magrata սրճարան-հրուշակարանը բնակելի շենքերի բակում է: Կենտրոնից հեռու սրճարան ունենալը Աստղիկի մոտ քիչ հաճախորդներ ունենալու մտավախություն չի առաջացրել:
«Կենտրոնից հեռու լինելը խնդիր չէ, եթե դու քո հաճախորդներին կարողանում ես գտնել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այսօր ամեն ինչ հնարավոր է առաքմամբ կազմակերպել: Իսկ հաճախորդը միշտ նոր հաճախորդ է բերում: Նաեւ պետք է հաշվի առնենք այն, որ նոր թաղամասերում հաճախ պակասում են որակյալ սրճարանները, որտեղ կլինեն համեղ խմորեղեններ, լավ միջավայր, որտեղ մարդիկ կարող են լավ ժամանակ անցկացնել՝ առանց քաղաքի կենտրոն հասնելու»,- ասում է Magrata-ի հիմնադիրը:
Աստղիկ Դանիելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աստղիկն ասում է՝ հրուշակարանում աշխատելու ոգեւորվածությունն ուրիշ է:
«Բանկում հինգ օր գնում էի աշխատանքի, ֆիքսված գրաֆիկով աշխատում, շաբաթ- կիրակի տանն էի լինում, հանգստանում էի: Գործը հետաքրքիր էր եւ սիրում էի, դրա համար էլ երկար տարիների չէի կարողանում հեռանալու որոշում կայացնել: Բայց ներկայիս աշխատանքի մեջ ոգեւորվածությունն ուրիշ է, երբ ամեն ինչ քո ստեղծածն է, երբ հաճախորդները շատ գոհ են, սրանից շատ էներգիա եմ ստանում: Այս ամենի մեջ շատ սեր կա, մարդիկ էլ են դա զգում են»,- կիսվում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Magrata սրճարան-հրուշակարանում Աստղիկի հետ եւս երկու հրուշակագործ է աշխատում. «Բախտս բերել է, որ նրանց հետ եմ աշխատում, շատ լավ թիմ ենք եւ լավ հասկանում ենք իրար: Աշխատանքային այն օբյեկտիվ լարվածությունն ու սթրեսը, որը կար բանկում, այստեղ չկա, ավելի հանգիստ է: Եթե բանկում աշխատանքից հոգնած, լարված գնում էի տուն եւ սկսում ինչ-որ բան թխել, հիմա այդպես չէ, չեմ հասցնում»:
Աստղիկի խոսքով՝ հրուշակարան-սրճարանը ներկայում ավելի շատ որպես խանութ է աշխատում, լինում է, որ մարդիկ գալիս են, սուրճ վերցնում, նստում, բայց ավելի շատ գալիս են գնումների համար:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Magrata cakes-ում դասական խմորեղենների կողքին կարելի է գտնել անսովոր միջուկներով մաֆիններ եւ փախլավա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Այն ինչ դասական է, մարդիկ սիրում են, պահանջարկը միշտ կա, բայց փորձում ենք տարբերվող համեր էլ ունենալ: Մաֆինները, օրինակ, մեր ամենափոքրիկ այցելուների ֆավորիտն են, դրանք պատրաստում ենք խուրմայով: Դա ինձ համար ինդիկատոր է, որ իսկապես համեղ է, երբ երեխաները գալիս եւ հենց դրա վրա են կանգ առնում: Փախլավան եւս փոքր-ինչ այլ է, կոչվում է Սոչիի փախլավա, որի խմորը թխվածքաբլիթի խմորի պես փխրուն է, իսկ միջուկը բեզեով է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ունենք նաեւ խնձորով բավարական չիզքեյք, որը դասական չիզքեյքից տարբերվում է նրանով, որ տակի շերտը գաթայի խորիզի նման է: Չիզքեյքի մեկ տեսակ էլ ունենք, որը ոչ թե եփվող է, այլ՝ սառեցվող: Անունը դրել ենք մարմարե չիզքեյք, քանի որ արտաքինից մարմարի է նման: Մեղրով տորթն էլ կարամելային շերտերով եւ նարնջային կրեմով ենք պատրաստում: Սկզբում կարամելն ենք պատրաստում, հետո մեղրն ենք ավելացնում եւ ստանում խմորը»,- ներկայացնում է Աստղիկը:
Աստղիկ Դանիելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աստղիկը միշտ լսում է հաճախորդների առաջարկները եւ հնարավորության դեպքում տեսականու մեջ նոր անուններ ավելացնում. «Օրինակ՝ թռչնի կաթ սրճարանում չունեի, բայց հաճախորդներից մեկից ընդունեցի առաջարկը, ավելացրեցի մենյուում եւ հետագայում այն մեծ պահանջարկ ունեցավ»:
Magrata cakes-ում բացի քաղցրավենիքից՝ կարելի է գտնել տարբեր միջուկներով կարկանդակներ, խաչապուրի եւ տեղում թխվող չիաբատա հացով սենդվիչ: Սրանք եւս ավելացրել են հաճախորդների պահանջով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանում այցելուների ուշադրությունը կգրավի նաեւ գրքերի քանակը: Աստղիկն ասում է՝ ամուսնու մտահղացումն է, որ գրքեր լինեն, մարդիկ գան նստեն, կարդան, ցանկության դեպքում նաեւ տուն տանեն, այնուհետեւ վերադարձնեն սրճարան:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: