Էլեգանտ եւ ամուր. Մագա Թերզյանի հիմնած բրենդի գինու բաժակները երկու բառով կարելի է նկարագրել այսպես: Դրանք ունիվերսալ են եւ նախատեսված չեն կոնկրետ տեսակի գինու համար: Ինչպես Մագան է ասում՝ դրանք գինին գեղեցիկ խմելու համար են:
GastroVino-ի հետ զրույցում Մագա Թերզյանը պատմել է նոր հմտություն փնտրելու ճանապարհին գինու ոլորտին սիրահարվելու եւ Alibi բաժակների ստեղծման մասին:
«Գինեգործության մասին միտքն ինձ բաց չէր թողնում»
Տուրիզմի եւ հյուրընկալության մասնագետ եմ, բայց երբեք չեմ աշխատել այդ ոլորտում: Աշխատել եմ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ գինու հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել, նույնիսկ գինի խմելու սիրահար չէի:
Պարզապես կյանքում մի փուլ եկավ, որ որոշեցի՝ նոր հմտություն պետք է սովորել: Դե այդ շրջանում ավելի ակտուալ էին ՏՏ ոլորտի մասնագիտությունները, ինչն ընդհանրապես իմը չէ:
Մագա Թերզյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մի անգամ, երբ ընկերական միջավայրում հանդիպեցի Զառա Քեչեչյանին, զրույցի ընթացքում ասաց, որ գինեգործ է եւ գինին, որն այդ պահին խմում էինք, ինքն է պատրաստել: Մի տեսակ սիրտս թրթռաց, գինեգործություն բառն ինձ շատ հարազատ թվաց, թեեւ ոչ մի բան չգիտեի դրա մասին: Մի քանի ամիս անցավ, բայց այդպես էլ գինեգործության մասին միտքն ինձ բաց չէր թողնում: Ուզում էի հասկանալ, լավ, բացի դրանից էլ ինչ կուզեի, ինչ կսովորեի, միեւնույն է գինեգործությունն էր առաջինը մտքիս գալիս: Որոշեցի սովորել EVN գինու ակադեմիայում, որի մասին ինձ այդ հանդիպման ժամանակ պատմել էր Զառան եւ ուղղորդել այնտեղ սովորելու:
«Ոչ ոք չի մտածում միայն իր գինու մասին»
Ընդունվեցի գինու ակադեմիա եւ հուր հավիտյան սիրահարվեցի գինուն: Սովորելու ընթացքում, երբ կուրսեցիներով միմյանց ավելի լավ ճանաչեցինք, հասկացա, որ կուրսի մեծ մասը սեփական գինին էր ուզում ունենալ: Իսկ ես այդ պահին ուզում էի օգնել սկսնակ գինեգործներին, գինու փոքր արտադրություններին՝ ավելի ճանաչված լինել եւ գինու վաճառքը խթանելու հարցում: Որոշեցի զբաղվել գինիների մարկետինգով եւ այսպես մտա գինու աշխարհ:
Մագա Թերզյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինեգործությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ բոլորը համախմբված են, միմյանց շատ օգնում են, առողջ մրցակցություն կա: Այս ամենն այնքան է ոգեւորում, որ ուզում ես դու էլ մի բան անել, մեկին օգնել: Փորձում եմ օգնել շատերին՝ ինչով կարող եմ: Գինեգործության մեջ ոչ ոք չի մտածում միայն իր գինու մասին, սա շատ ողջունելի է եւ այդ միջավայրն այն կարեւոր բանն է, որը ստիպում է մնալ ոլորտում եւ ավելին անել:
Alibi՝ առանց կապարի բյուրեղից բաժակները
Սովորելու ընթացքում գրեթե ամեն օր տարբեր գինիներ էի խմում՝ համահոտային ռեցեպտորներս զարգացնելու համար: Այդ ժամանակ սկսեցի փնտրել ամենօրյա օգտագործման համար կատարյալ բաժակ, որ խմելուց հետո չմտածեի՝ վայ, լվալուց կկոտրեմ, սրան ձեռք չտամ, կամ այս մեկը մի քիչ հաստ է, ինձ հաճելի չի եւ այլն:
Այսպես շատ պարզ միտք եկավ՝ ստեղծել բաժակ, որը կլինի եւ գեղեցիկ, եւ հարմարավետ եւ ամենակարեւորը՝ պրակտիկ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինու բաժակներ արտադրելու սկիզբը համընկավ համավարակի շրջանի հետ: Սկսեցի նամակագրությամբ արտերկրում ապակի ձուլող տարբեր կազմակերպությունների հետ շփվել, մինչեւ գտա այն ընկերությանը, որի հետ սկսեցի աշխատել: Ընթացքում անընդհատ տարբեր խոչընդոտներ էին լինում, ամեն ինչի ինքնարժեքը փոխվում էր, ինչի հետեւանքով էլ ապակի ձուլելը դարձել էր էլ ավելի թանկ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Alibi բաժակները պատրաստվում են արտերկրում եւ տեղափոխվում Հայաստան: Դրանք առանց կապարի բյուրեղից են, ինչը հնարավորություն է տալիս, որ այն լինի շատ նուրբ, բայց ավելի ամուր: Այն ձեռքի ձուլվածք է, մեխանիկական չէ: Բաժակների առավելություններից մեկն այն է, որ կարող եք գինին օդահարել հենց բաժակի մեջ` առանց դեկանտերի։ Բաժակի ներս ընկած փոսիկը գինուն թույլ է տալիս ավելի շատ շփվի օդի հետ, ինչի շնորհիվ այն հարստանում է թթվածնով եւ բացվում են բոլոր բույրերն ու համերը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միջազգային շուկայում նմանատիպ դիզայնով էլի բաժակներ կան, բայց ես այն մի քիչ ձեւափոխել եմ, տալով ավելի պրակտիկ ու ամուր ուրվագիծ, որպեսզի մարդիկ հանգիստ օգտագործեն եւ դրանք վախենալով չբռնեն կամ չմտածեն կոտրելու մասին:
Բոլոր գինիներին հարմար բաժակը
Չնայած, որ Alibi-ն իր ձեւով ավելի շատ կարմիր գինու բաժակ է, ես այն համարում եմ ավելի ունիվերսալ բաժակ: Այն հարմար է բոլոր գինիների համար՝ հատկապես, երբ տանն ես խմում, այլ ոչ օրինակ կույր համտեսի համար, որպեսզի սորտային առանձնահատկությունները բացահայտես: Alibi-ն որպես ռեստորանային բաժակ չեմ ստեղծել, չնայած մի քանի ռեստորան ինձ հետ համագործակցության համար արդեն դիմել են:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս բաժակներով ամեն ինչ փորձել եմ՝ օրանժ, սպիտակ, ռոզե, հնեցված, պրոսեկո գինիներ, անգամ շամպայն, որն ավելի բարդ կառուցվածք ունի եւ այս բաժակում շատ լավ արտահայտվում է: Փրփրուն գինու դեպքում, միգուցե, ավելի շուտ պղպջակները դուրս գան, բայց շամպայնի համար շատ հարմար է, քանի որ հիմա ֆլյուտեները (նեղ երկար բաժակները) այդքան էլ շատ չեն օգտագործվում:
Միգուցե որոշ մասնագետներ ասեն, որ այս բաժակով սպիտակ գինի չեն խմի, սա մի քիչ անհատական մոտեցման հարց է: Իհարկե, բաժակը կարեւոր է, բայց առաջնային չէ: Վատ գինին ամենագեղեցիկ ու թանկարժեք բաժակի մեջ էլ որ լցնես, միեւնույն է, կմնա վատը: Իսկ եթե, օրինակ, հարուստ բույրերով եւ համերով գինին լցնես ամենապարզ, հասարակ բաժակի մեջ, կարող ես գնահատել իր բոլոր հատկանիշները:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե սկսեմ բաժակն առանձնացնել եւ պատրաստել կոնկրետ գինու, խաղողի համար, մի քիչ կշեղվեմ իմ նպատակից: Իսկ նպատակս է ունենալ ոչ թե մասնագիտական, այլ գեղեցիկ եւ ամուր բաժակ, որը տանը կարող ես հանգիստ օգտագործել եւ որի մեջ գինին եւս շատ լավ կդրսեւորվի: Ես միշտ այսպես եմ ասում՝ Alibi-ն կյանքի պարզ հաճույքներին տրվելու կատարյալ արդարացումն է: Գինի խմելը պարզապես գինի սպառելու գործողություն չէ, այլ հանգստի, շփման, հաղորդակցման ռիտուալ։ Alibi-ն նրա համար չէ, որ դուք լարվեք, արդյոք ճի՞շտ եք բռնում բաժակը, ճի՞շտ ուտելիքի հետ եք համադրում գինին եւ այլն, Alibi-ի նպատակը հաճելի միջավայր ստեղծելն է գինու շուրջ` առանց ավելորդ կարծրատիպերի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բաժակներն այս պահին վաճառվում են գինու մի քանի մասնագիտացված խանութներում՝ Դեկանտում, Անդակոյում, իսկ հիմնական վաճառքը կատարվում է ինստագրամյան էջով:
Մեկ բաժակի արժեքն առանց տուփ 9 հազար դրամ է, տուփով գնելու դեպքում, որի մեջ բացիկ կա եւ շատ հարմար է նվերի համար, զույգն արժե 23 հազար:
«Արի հասկանալով գինի խմենք»
Բացի տանը գինին գեղեցիկ խմելու մշակույթ ստեղծելուց՝ եւս մեկ փոքրիկ նպատակ ունեմ: «Արի հասկանալով գինի խմենք» հանդիպում-միջոցառումների շարք եմ սկսել, որոնց ժամանակ ես սովորական սպառողին, գինի խմողին, ով մասնագիտական առնչություն չունի գինու հետ, փորձում եմ փոխանցել ամենակարեւոր նրբություններն ու կանոնները: Բացատրում եմ, ներկայացնում, թե ինչպես կարող են ինքնուրույն գինի ընտրել, կողմնորոշվել գինու մենյուի մեջ, պիտակը հասկանալ:
Մագա Թերզյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խորհուրդ եմ տալիս տարբեր արտադրողների տարբեր գինիներ փորձել, միայն մեկ սիրելի տեսակը գտնելուց հետո կանգ չառնել դրա վրա: Տարբեր գինիներ փորձելն օգնում է ավելի լավ հասկանալ գինու համահոտային առանձնահատկությունները, զարգացնել ռեցեպտորները եւ ավելի ճիշտ ընտրություն կատարել:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: