Ալկոհոլային խմիչքների ոլորտում շուրջ 15 տարի մասնագիտացած Վլադ Խաչատրյանն ու Հրաչ Երիցյանը մեկ տարի առաջ հիմնել են «Հայաստանի կավիստների ասոցիացիա»-ն։ Ասոցիացիայի մասին պատմելիս նրանք առավել հաճախ կրկնում են՝ կավիստները ոչ թե կավագործներ են, այլ՝ ոգելից խմիչքի մասնագետներ։
Ասոցիացիայի հիմնադիրները GastroVino-ի հետ զրույցում պատմել են Հայաստանում ոչ այնքան հայտնի մասնագիտության եւ իրենց ծրագրերի մասին։
Գրագետ աշխատակիցների պակասը
Հրաչ Երիցյան, «Հայաստանի կավիստների ասոցիացիա»-ի տնօրեն
Կավիստ բառը ֆրանսերեն cave բառից է եկել, որը նշանակում է մառան։ Կավիստներն աշխատում են ոգելից խմիչքների մասնագիտացված խանութներում, բայց նրանց պարտականությունները չեն սահմանափակվում միայն ալկոհոլային խմիչքների կամ դրանց օգտագործման մասին գիտելիքներով, նրանք պետք է լավ պատկերացում ունենան ջրի, սուրճի, թեյերի, սիգարների եւ ուտեստների մասին։
Հրաչ Երիցյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է ալկոհոլի մասնագիտացված խանութների թիվը եւ մեր գործընկերների հետ շփումների ժամանակ հասկացանք, որ հաճախորդին ճիշտ սպասարկելու խնդիր եւ գրագետ աշխատակիցների պակաս կա։
Ասոցիացիայի ստեղծումից հետո մեզ սկսեցին դիմել սրճարանների, ռեստորանների սեփականատերերը, որպեսզի իրենց աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպենք, բայց ոչ գրագետ սպասարկման խնդիրն ավելի սուր արտահայտված է սուպերմարկետներում, խանութներում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այժմ փոքր թրեյնինգներ ենք անցկացնում տարբեր անձնակազմերի հետ։ Մեր նպատակը ոչ միայն ոլորտի համար մասնագետներ պատրաստելն է, այլեւ այն, որ խանութում խմիչք վաճառող մարդն իր աշխատանքը չհամարի ժամանակավոր, հասկանա, որ ինքը մասնագետ է եւ գործի դիմաց կարող է պահանջել բարձր վարձատրություն։
Կավիստը սոմելիեն չէ
Վլադ Խաչատրյան, «Հայաստանի կավիստների ասոցիացիա»-ի նախագահ
Մոտ 15 տարի առաջ Հայաստանում քչերը գիտեին սոմելիեների մասին, իսկ այժմ այն բավական հայտնի մասնագիտություն է: Կավիստներին հաճախ շփոթում են սոմելիեների հետ։ Սոմելիեն աշխատում է ռեստորանում, իսկ կավիստը վաճառք է իրականացնում մասնագիտացված խանութներում կամ սուպերմարկետներում, որոնք ունեն ոգելիցի համար առանձնացված անկյուն։ Ոմանք համարում են, որ սոմելիեն մեկ աստիճանով ավելի բարձր է, քան կավիստը, բայց սա այն դեպքն է, երբ աշխատանքային վայրն է որոշում մասնագիտությունը։ Ցանկացած կավիստ կարող է դառնալ սոմելիե եւ սոմելիեն էլ կարող է կավիստ դառնալ։
Վլադ Խաչատրյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կավիստների ասոցիացիաներն աշխարհում նույնքան տարածված չեն, որքան սոմելիեներինը, բայց կան տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ Ասոցիացիաներն ունեն իրենց դպրոցները, առաջնություններ, մրցույթներ են կազմակերպում մասնագետների համար։
Վլադ Խաչատրյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ համար այս պահին առաջնային նպատակը կավիստների դպրոց հիմնելն է, որտեղ կանցկացնենք 4 ամիս տեւողությամբ ինտենսիվ դասեր։ Մեծ տեղ կտրվի հայկական, համաշխարհային գինեգործությանը, բայց ծրագրում ներառված կլինեն նաեւ ոգելից մյուս խմիչքները։ Կարեւոր է, որ կավիստը հասկանա միքսոլոգիայից։ Պատկերացրեք՝ գալիս եք խանութ եւ ուզում եք տարբեր խմիչքներ գնել տանը կոկտեյլ պատրաստելու համար։ Եթե կավիստը չպատկերացնի՝ ինչ եք ուզում, չի կարող ճիշտ խորհուրդ տալ։
Դպրոցում կդասավանդվի նաեւ վաճառքի փիլիսոփայություն։ Դասընթացի ավարտին ուսանողները կհանձնեն քննություն եւ ըստ արդյունքների կփորձենք նրանց համապատասխան աշխատանք առաջարկել։
Ցանկացած մարդ կարող է դառնալ ասոցիացիայի անդամ
Վլադ Խաչատրյան
Ցանկացած մարդ, ում մասնագիտությունն առնչություն ունի կավիստների աշխատանքի հետ, կարող է դառնալ ասոցիացիայի անդամ։ Մեզ համար տարբերություն չկա սոմելիե է, կավիստ, անգամ գինեգործների ենք հրավիրում մեր ասոցիացիա, ապագայում նաեւ լավ խոհարարների կհրավիրենք, որպեսզի կիսվեն իրենց փորձով։ Եթե որեւէ մեկը մասնագետ չէ, բայց ուզում է գալ ասոցիացիա, ապա կառաջարկենք նախ մասնակցել կավիստների մասնագիտական դասերին, ապա դառնալ մեր ընտանիքի անդամ։
Այժմ պատրաստվում ենք պիլոտային վարպետության եռօրյա դաս անցկացնել հյուրանոցներից մեկի աշխատակիցների համար՝ շեշտը դնելով հայկական գինիների վրա։ Եթե լավ արձագանք եւ արդյունք ունենանք, կաշխատենք Հայաստանի մեծ հյուրանոցների հետ։
Վլադ Խաչատրյանը եւ Հրաչ Երիցյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս փուլում դեռ քիչ-քիչ ենք «մտնում ջուրը», փորձում ենք բոլոր հնարավոր առիթներով մարդկանց բացատրել, թե ովքեր են կավիստները եւ ինչով են զբաղվում։ Մեր ուժն այժմ ավելի շատ ուղղում ենք դեպի դպրոց, որովհետեւ առանց դրա ասոցիացիայի ստեղծումն ու մեր քայլերն ավելի շատ խոսք կմնան, իսկ մենք ուզում ենք պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով ցույց տալ «Հայաստանի կավիստների ասոցիացիա»-ի գոյության իմաստը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: