Ամեն ծաղկից՝ երեք ծաղկաթել, 150 ծաղկից՝ մեկ գրամ համեմունք. այսպես է մեկ կիլոգրամ շաֆրանի (զաֆրան, քրքում) գինը հավասարվում ոսկուն։ Աշխարհի ամենաթանկ համեմունքն արդեն մի քանի տարի է, ինչ աճում է Տավուշի մարզում։ Ֆրանսիայի լաբորատորիաներից մեկում անցկացված հետազոտությունն էլ հաստատել է, որ այն բարձրորակ է, էկոլոգիապես մաքուր՝ աճեցված առանց քիմիական հավելումների եւ արհեստական պարարտանյութերի։
«Սարի Շաֆրանի» հիմնադիրներն Անուշ Ամիրխանյանը եւ նրա ամուսինն են։
GastroVino-ի հետ զրույցում Անուշը պատմել է, թե ում խորհրդով են Տավուշ բերել «կարմիր ոսկին», ինչպես են արտադրում եւ խոհանոցում օգտագործելու ինչ տարբերակներ կան։
Շաֆրանի պատմությունը
Ծնունդով Տավուշի մարզի Սարիգյուղից եմ, բայց տարիներ առաջ տեղափոխվել եմ Ռուսաստան, ապա՝ Շվեյցարիա։ Ամուսինս շվեյցարացի է։ Ամեն տարի արձակուրդին եկել ենք մեր գյուղ ու ամեն անգամ ցանկություն ունեցել աշխատատեղ ստեղծել կանանց համար, զարգացնել նրանց հմտությունները։
Անուշ Ամիրխանյանը | Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
2014 թվականին որոշեցինք ագրարային որեւէ գործ նախաձեռնել, բայց գյուղում ջրի խնդիր կար։ Ամուսնուս հայրը խորհուրդ տվեց շաֆրանի արտադրություն սկսել, ասաց, որ բույսի բնօրրանը համարվում է Պարսկաստանի Խորասան երկրամասը եւ այն հեռու չէ Հայաստանից, հողը կարելի է համեմատել, առանց ջրի մեծ պահանջի գործ սկսել։
Հայաստան բերեցինք շաֆրանի ծաղկի 100 սոխուկ, երեք տարի մայրս հետեւեց դրանց զարգացմանը։ Արդյունքում հասկացանք, որ ծաղիկները սիրել են հայկական հողը։ Ամուսնուս հետ որոշեցինք օգտագործել այն խնայողությունները, որոնք պետք է կենսաթոշակային ֆոնդ գնային, Հոլանդիայում գնեցինք 50 հազար սոխուկ եւ սկսվեց «Սարի Շաֆրանի» պատմությունը։
Պահանջկոտ ծաղիկը
Շաֆրանի ծաղիկները քմահաճ են, չեն սիրում անձրեւներ, աճեցնելուց առաջ պետք է համապատասխան հող ընտրել, դաշտի համար՝ ճիշտ անկյուն, չորս կողմում պետք է հարեւաններ չլինեն, որոնք քիմիական նյութեր կօգտագործեն իրենց դաշտերում։
Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
Մեր շաֆրանն օրգանական է, բայց ոչ փաստաթղթով, այն պատճառով, որ 5 տարին մեկ փոխում ենք դաշտերը, իսկ օրգանական սերտիֆիկատ տալիս են 3 տարի փորձաշրջան անցնելուց հետո։ Մեզ մոտ արտադրությունն ամբողջապես ձեռքի աշխատանք է՝ սոխերը ցանելուց մինչեւ առէջներն առանձնացնելը։ Ներգրավված է ավելի քան 20 կին։
Շաֆրանի ծաղիկները ծաղկում են աշնանը, բերքահավաքը լինում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծաղիկները հավաքվում են վաղ առավոտյան, որ քիչ մնան արեւի տակ ու չչորանան, անմիջապես առանձնացվում են առէջները, այլապես ամենակարեւոր բաղադրիչը կթուլանա։ Առանձնացված առէջներն առանձին-առանձին չորացվում են յուղաթղթի վրա՝ բնական պայմաններում, թեթեւակի ջեռուցված սենյակում եւ շաֆրանի օրգանական միացությունները, անուշաբույր համը առավելագույնս պահպանվում են։
Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
Մեր համեմունքն ունի մուգ կարմիր երանգ եւ ինտենսիվ բուրմունք, քանի որ բաղկացած է 100 տոկոսանոց ստիգմաներից՝ առանց բաց դեղին գույնի վարսանդների ու այլ բաղադրիչների։ Բերքահավաքից հետո կտրում ենք առէջների միայն մուգ կարմիր հատվածը, սպիտակ, դեղին եւ նարնջագույն հատվածները քիչ բույր ունեն, դրանց միայն ավելացնում են ընդհանուր կշիռը։
Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
Շաֆրանի ամեն ծաղիկ ունի երեք ծաղկաթել, 150 ծաղկից ստացվում է մոտ մեկ գրամ համեմունք։ Շաֆրանն աշխարհի ամենաթանկ համեմունքն է եւ դրա անվան տակ հաճախ է վաճառվում կեղծ ապրանք։ Խանութներում բավականին մատչելի գներով վաճառվող դեղնավուն փոշին իրականում շաֆրան չէ, այլ՝ կուրկումա (դեղին կոճ) կամ սաֆլոր, որոնք եւս օգտակար համեմունքներ են, բայց համով եւ բույրով ընդհանրապես չեն համապատասխանում շաֆրանին։
Շաֆրանը՝ խոհանոցում
Մենք սիրում ենք շաֆրանով ուտեստներ պատրաստել, բայց առաջին տեղում արեւելյան թեյն է։ Այն հանգստացնող եւ այլ բժշկական հատկություններ ունի։ Շվեյցարիայում պատրաստում են շաֆրանով հաց, որի բաղադրատոմսը պահպանվել է 14-րդ դարից։ Իրանցիներն այս համեմունքն օգտագործում են բրնձի համար։ Բրինձը եփում են, հետո շաֆրանի թուրմը լցնում բրնձի տակ ու կաթսան շրջում, պատկերացրեք, թե որքան գեղեցիկ է լինում։
Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
Մենք համեմունքն օգտագործում ենք մսեղենի, բանջարեղենի հետ, հացաբուլկեղեն, ապուրներ պատրաստում։ Շաֆրանը թրմում ենք սպիտակ գինու մեջ եւ օգտագործում ձկնեղենի սոուսների մեջ։ Բարմենները շաֆրանի թուրմից սառույցի խորանարդներ են պատրաստում եւ ավելացնում խմիչքներին։ Երեւանում մի խոհարար կա, որ շաֆրանով պաղպաղակ, կարագ է պատրաստում։
Պրեմիում որակի համեմունք
Մեր բերքը ամենամյա ստուգումներ է անցնում Ֆրանսիայի զաֆրանի մասնագիտացված լաբորատորիայում։ Անցած տարվա բերքի լաբորատոր արդյունքով՝ երկու բաղադրիչով՝ գույնով եւ բույրով մենք աշխարհում ամենաբարձր որակն ունենք, այդ արդյունքը ոգեւորիչ է եւ ցույց է տալիս, որ մեր չարչարվելն իզուր չէ։
Անուշ Ամիրխանյանը | Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
«Սարի Շաֆրանը» գնահատված է շվեյցարական շուկայում, վստահելի արտադրող է համարվում եւ արդեն հինգերորդ տարին է, ինչ մեծ ճանաչում ունի եվրոպացի խոհարարների շրջանում որպես օրգանական, որակապես բարձր արտադրանք։
Գնորդներ ունենք, որ այցելում են Տավուշ, օգնում բերքահավաքին, ոմանք անգամ հողն են տարել հետազոտման։ Փորձում ենք հայկական հողում պահել շվեյցարական չափանիշները։ Հայաստանում շաֆրանի եւս մեկ արտադրող կա, փորձում ենք իրեն էլ օգնել, որ Հայաստանից միայն որակյալ շաֆրան արտահանվի։
Լուսանկարը՝ «Սարի Շաֆրան»
Առաջին տարիներին ավելի շատ արտահանում էինք, բայց հիմա ներկայացված ենք նաեւ Երեւանի վեց խանութում։ Առաջին տարին ստացել ենք ընդամենը 80 գրամ շաֆրան, հետո՝ 860 գրամ, վերջին տարում ստացել ենք 1,800 գրամ արտադրանք՝ 2000 մետր հողից։ Այս տարի պլանավորում ենք բազմացրած սոխուկները ցանել 1 հեկտար հողում եւ ստանալ 3-5 կգ համեմունք։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: