Սննդային նորությունների եւ ուտեստային ուղեցույցների մասին պատմող LA Eater պարբերականը պատմել է Կալիֆորնիայի Լոս Ալամիտոս բնակավայրում գործող հայկական համտեսարանի եւ նրա հիմնադիր Կարինե Հաջյանի մասին։ 75-ամյա թոշակառու նախկին բուժքույրն իր ռեստորանում պատրաստում է Խորհրդային Հայաստանի հայտնի ուտեստները։
Նոր կարիերա՝ 73 տարեկանում
40 տարվա բուժքույրական աշխատանքից եւ թոշակի անցնելուց հետո, վերջին բանը, ինչի մասին կարող էր մտածել Կարինե Հաջյանը՝ սրճարան բացելն էր։ Սակայն հենց դա էլ դարձավ 73-ամյա տիկնոջ նոր կարիերայի սկիզբը։
Կարինե Հաջյանն ի սկզբանե նախատեսել էր Borsh Deli-ն բացել 2020-ի սկզբին, բայց խանգարեց համավարակը։ Չհուսահատվեց, սրճարանի վարձավճարը, այնուամենայնիվ, կանոնավոր վճարեց եւ ի վերջո, 2 տարի անց՝ սրահի դռները բացեց։
Լուսանկարը՝ LA Eater
Համտեսարան մուտք գործելուն պես, առաջինն ինչ նկատում են հաճախորդները, դարակներում շարված հայկական, չեխական եւ լեհական մուրաբաներն են, թթու վարունգներն ու կոնֆետները, իսկ գրանցամատյանի կողքին գտնվող սառցարանը լի է պելմեններով։
Տիկին Հաջյանն իր աշխատանքը ռեստորանում սկսում է ամեն առավոտ 06:00-ին, որպեսզի մինչեւ ժամը 11:00-ը՝ բացման ժամը, ճաշացանկը համալրված լինի թարմ աղցաններով եւ ապուրներով ։
«Ամեն առավոտ ամեն ինչ պատրաստում եմ։ Ձանձրանալու ժամանակ այլեւս չունեմ», - պատմում է Կարինե Հաջյանը։
Լուսանկարը՝ LA Eater
Borsh Deli-ն նա ղեկավարում է հիմնականում միայնակ՝ երբեմն նրան աջակցում են որդին եւ ամուսինը։
«40 տարի բուժքույր եմ աշխատել, քրտնաջան աշխատանքի սովոր եմ։ Երբ նոր էինք բացել ռեստորանը, չունեինք ոչ շեֆ խոհարար, ոչ ափսե լվացող մեքենա, ամեն ինչ ինքս էի անում, միայնակ, երբեմն վարձու աշխատող էր ինձ օգնում»,- պատմում է Հաջյանը։
Տեղափոխելով Խորհրդային Հայաստանի խոհանոցը
Կարինե Հաջյանն Խորհրդային Հայաստանից ԱՄՆ է գաղթել 1973 թվականին։ Պատրաստել սովորել է Ադրբեջանում ծնված տատիկից: Նրա շնորհիվ է մշակվել այն բաղադրատոմսերը, որոնք հետագայում կազմելու էին նախ ընտանիքի, հետո արդեն Borsh Deli-ի ճաշացանկը։
Հաջյանի կաղամբով գլանակները՝ կանաչ թփով, կաղամբով ու տավարի մսով տոլման, որոնք ներառում են նաեւ բրինձ ու թարմ մաղադանոս, ժամերով եփվում են տոմատի սոուսի մեջ: Ծանր կերամիկական ափսեն, որով կաթսայի կափարիչի տակ ծածկում է տոլմաների շերտը, երաշխավորում է, որ մսով խճողված գլանակները ամբողջությամբ ընկղմվեն սոուսի եւ գոլորշու մեջ։
Լուսանկարը՝ LA Eater
Ճաշատեսակներից ամենայուրահատուկը ճակնդեղով բորշչն է, որի պատրաստումը սկսվում է տավարի ոսկորների արգանակի եփումով եւ ավարտվում հաջորդ օրը՝ կարմիր ճակնդեղի, կաղամբի, նեխուրի, գազարի, սոխի եւ մի բուռ թարմ սամիթի ավելացմամբ։
Նաեւ լիբանանյան խոհանոց
Բացի արեւելաեվրոպական ուտեստներից, Կարինե Հաջյանը մատուցում է նաեւ լիբանանյան խոհանոցին բնորոշ ուտեստներ, որոնք սովորել է պատրաստել ամուսնուց՝ Ջորջից։
«Ուզում էի ճաշացանկում անպայման նաեւ հումուս ունենալ, բայց ամուսինս խնդրեց ներառել նաեւ իր մայրիկի բաղադրատոմսով պատրաստվող թաբուլեն», - ասում է նա:
Լուսանկարը՝ LA Eater
Նախկինում երբեւէ թաբուլե չպատրաստած Կարինե Հաջյանը ընկերներից եւ ընտանիքից սովորեց, թե ինչ չափաքանակով բլղուր օգտագործի, որքան մաղադանոս ներառի։ Թաբուլեն հաջողվեց, եւ Ջորջը հիմա հաճախ է նստում ճաշարանի անկյունում եւ թաբուլեն համտեսում հավի կոտլետով։
Կարինե Հաջյանը | Լուսանկարը՝ LA Eater
Borsh Deli-ից բխող ջերմությունը կարելի է զգալ ոչ միայն հետեւելով ճաշերի պատրաստման գործընթացներին։ Անկախ փաստից, թե ովքեր են համտեսարան ներս մտնողները՝ հին հավատարիմ այցելուները, թե հետաքրքրասեր նորեկները, Կարինեն, ամուսինն ու որդին նրանց դիմավորում են ժպիտով, գրկախառնությամբ եւ մեծ ափսեով։
Պատրաստել է Լուսին Մկրտչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: