×

Նաիրա Ասցատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ամերիկյան բեյգլները Երեւանում հանրայնացնող քույրերն ու նրանց Bagel Shop-ը

Արտաքինից դոնաթս կամ ռուսական բուբլիկ հիշեցնող բեյգլները դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա փախստականներն են տարածել Ամերիկայում: Հրեական համայնքն այս հացերը սկզբում պատրաստել է Նյու-Յորքում, որտեղից էլ հետագայում դրանք հանրահայտ են դարձել ոչ միայն Ամերիկայի նահանգներում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում:

Բեյգլներն ու դրանցով պատրաստված սենդվիչները Երեւանում կարելի է համտեսել Մոսկովյան 27-ում գտնվող Bagel Shop սրճարանում, որի պատմությունը սկսվել է 2016 թվականից: Բեյգլ հացի, սենդվիչների տեսակների եւ սրճարանի բացման մասին GastroVino-ին պատմել է սրճարանի համահիմնադիր Նաիրա Ասցատրյանը:

Բեյգլի մշակույթը

Bagel Shop-ի հիմնադիրները Նաիրա եւ Իրինա Ասցատրյաններն են: Քույրերը մասնագիտական առնչություն չունեն խոհարարության հետ, բայց սեփական բիզնեսը հիմնելու ցանկությունը նրանց բերել է գաստրոլորտ:

Նաիրա Ասցատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Քույրս Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետն է ավարտել, ես՝ տուրիզմի, այնուհետեւ բիզնես կառավարման, իսկ սեփական գործը որոշեցինք սկսել բեյգլներ պատրաստելով: Առաջին բեյգլները սկսեցինք թխել 2016 թվականից՝ տան փոքրիկ վառարանում: Ուզում էինք այնպիսի մի բան ներկայացնել, որ չկա Հայաստանում, նոր եւ հետաքրքիր կարող է լինել: Ճիշտ բեյգլ թխելը, իհարկե, միանգամից եւ հեշտ չստացվեց: Միայն տեղական մեկ տեսակի ալյուրով բեյգլ պատրաստել հնարավոր չէր: Որոշ ժամանակ պահանջվեց՝ փնտրել ու ստանալ ալյուրների այն խառնուրդը, որը թույլ կտար թխել իսկական ամերիկյան բեյգլ: Նույնիսկ խնդրել էինք մեզ համար Ամերիկայից սառեցրած վիճակում բեյգլներ էին բերել, որ կարողանայինք համեմատել մեր պատրաստածի հետ: Պատրաստած առաջին հացերն էլ տալիս էինք փորձելու այն մարդկանց, որոնք ծանոթ էին բեյգլին եւ կարող էին ավելի օբյեկտիվ կարծիք հայտնել»,- պատմում է Նաիրան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Բեյգլն իրականում շատ մեծ մշակույթ ունի: Եվրոպական երկրներում էլ է տարածված, բայց ոչ այնքան շատ, որքան՝ ԱՄՆ-ում: Բեյգլն առանձին պատմություն է, որը կարելի է օգտագործել թե՛ որպես հաց՝ իր տեսականիով, թե՛ սենդվիչներ կամ քաղցրավենիք պատրաստելու համար»,- ասում է նա:

Փոքր վառարանի՝ պարզ բեյգլները

Ամենասկզբում քույրերը միայն պարզ բեյլգներ են պատրաստել եւ վաճառել: Առաջին մի քանի ամիսը բեյգլները թխել տան փոքրիկ վառարանում, հետո տան կողքին գտնվող խորդանոցը վերանորոգել, նոր վառարան, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ գնել եւ այդտեղ պատրաստել:

Նաիրա Ասցատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ինչպես ցանկացած գործում, մեզ մոտ էլ դժվար պահեր եղել են: Սկզբում հացերը վաճառում էինք մի քանի սրճարանի եւ հյուրանոցի: Երեւի թե, դա, ամենադժվար պահերից մեկն էր: Գնում էի տարբեր սրճարաններ, փորձում էի ներկայացնել, թե ինչ է բեյգլը եւ ինչպես կարելի է օգտագործել: Ոչ բոլորն էին, որ հասկանում եւ ուզում էին վերցնել մեր բեյգլները, քանի որ այն սովորական սենդվիչի հացից գնային առումով ավելի բարձր է, իսկ մարդիկ պատրաստ չէին այդքան վճարել արտաքինից փոքր երեւացող հացի համար: Սակայն արտաքինից թեթեւ թվացող բեյգլի հացը կշռում է 130 գրամ: Բավականին դժվար ու երկարատեւ պրոցես անցանք, մինչեւ կարողացանք մարդկանց ճիշտ ներկայացնել, թե ինչու հենց բեյգլը պետք է ընտրեն, վաճառեն կամ իրենց մենյուում դրանով սենդվիչ ունենան: Այսպիսի վաճառքից որոշ ժամանակ անց որոշեցինք ինքներս պատրաստել սենդվիչները եւ առաքումով աշխատել»,- ասում է Bagel Shop-ի հիմնադիրը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկզբում պատվիրատուները շատ չէին, բայց կարճ ժամանակ հետո հաճախորդների ֆիքսված բազա է հավաքվել, որոնք մինչեւ հիմա օգտվում են իրենցից:

«Երբ սկսվեցին համավարակի ու պատերազմի իրար հաջորդող շրջանները, պարզապես դադարեցինք աշխատել, բայց առանձին սրճարան-խանութ բացելու մտադրությունից չհրաժարվեցինք եւ ի վերջո 2022 թվականին կարողացանք բացել մեր Bagel Shop-ը», - պատմում է Նաիրան:

Ջրի մեջ եփվող խմորը

Բեյգլի խմորի պատրաստումը տարբերվում է սովորական հացի խմորի պատրաստման պրոցեսից: Այն ջրի մեջ եփվում է, հետո միայն տեղափոխվում վառարան:

«Խմորը պատրաստվում է մի քանի տեսակ ալյուրից եւ մինչ վառարանում հայտնվելը՝ այն որոշակի ընթացք է անցնում: Խմորը հունցվում է սովորական հացի խմորի պես, այնուհետեւ մնում է մի քանի ժամ հասունանալու, դրանից հետո եփվում հատուկ համեմված ջրի մեջ: Այսինքն՝ ժամանակային ընթացքն այսպիսին է՝ խմորը երեկոյան պատրաստում ենք, որ գիշերը թխվի հաջորդ օրվա համար»,- պատրաստման ընթացքից շատ գաղտնիքներ չբացահայտելով՝ ասում է Նաիրան:

Նաիրա Ասցատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացի սովորական պարզ խմորից՝ սրճարանում նաեւ զեյթունով, հալապենիոյով, դարչին-չամիչով եւ հատապտուղներով հացեր են թխվում:

«Նախկինում բեյգլի հացիկներն առանձին վաճառում էինք, 450 դրամ էր, բայց քանի որ մեր տարածքը բավական փոքր է, խոհանոցը՝ եւս, եկավ մի պահ, որ հաճախորդները ավելացան եւ հացիկների առանձին վաճառքը դադարեցրինք: Պարզապես չէինք հասցնում այդքան թխել, որ եւ առանձին վաճառեինք, եւ սենդվիչներ պատրաստեինք: Այս պահին միայն սենդվիչներ ունենք:

Նաիրա Ասցատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հիմա մտածում ենք առանձին մի տեղ ունենալ, որտեղ կթխենք հացերը եւ կբերենք սրճարան, քանի որ սրճարանի խոհանոցում, որքան էլ ուզենանք, չենք կարող մեծ քանակությամբ թխել»,- ասում է նա:

Ամերիկյան քաղաքների անուններով մենյուն

Bagel Shop-ի մենյուում սենդվիչներին որոշել են ամերիկյան քաղաքների անուններ տալ՝ New York, Washington, Chikago, Montana եւ այլն:

«Բեյգլ սենդվիչների առաջին առանձնահատկությունն այն է, որ դրանցից գրեթե բոլորը պատրաստվում են սերուցքային պանիրով: Օրինակ՝ New York-ը սաղմոնով պատրաստվող բեյգլն է, Orlando-ն՝ ավոկադոյով, Boston-ը՝ թունայով, Los Angeles-ը՝ հավի կրծքամսով պատրաստված հատուկ աղցանով: Իսկ Chikago-ն միակ բեյգլն է, որը տոստերով չի անցնում, այլ միանգամից վառարանի մեջ է պատրաստվում՝ պիցցայի պես՝ հետո փակվում: Այն պատրաստվում է հատուկ կծու սոուսով եւ պեպերոնի երշիկով: Բեյգլ ունենք նաեւ վեգանների համար՝ Atlanta-ն, որն ամբողջությամբ բանջարեղենային է: Հիմա մտածում ենք մի քանի հայկական անունով բեյգլ ավելացնել մենյուում՝ ավելի տեղական բաղադրիչներով, օրինակ՝ հայկական պանրով կամ իշխանով»,- նշում է սրճարանի համահիմնադիրը եւ խոստանում, որ մենյուում համալրումը գարնան սկզբին արդեն կլինի:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Bagel Shop-ը նաեւ շաբաթվա Special bagel է ունենում, երբ ամեն շաբաթ մեկ տեսակի նոր սենդվիչ են սարքում, մի շաբաթ՝ քաղցր, մի շաբաթ կծու, այսինքն՝ամեն անգամ փորձում են ինչ-որ նորություն ներկայացնել:

«Մի անգամ բաստուրմայով ձվածեղով բեյգլ սարքեցինք, որը շատ սիրվեց: Գիտեմ, որ շատերը հետեւում են, սպասում են, թե տվյալ շաբաթ ինչ է լինելու: Մեզ համար է մի քիչ դժվար ամեն շաբաթ նոր համով բան մտածել, բայց դեռեւս ստացվում է»,- ասում է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանում չեն անտեսել նաեւ քաղցրակերներին: San Francisco-ն պատրաստվում է հենց նրանց համար: Դրանք պատրաստվում եմ սերուցքային պանրով եւ ջեմով: Շուրջ 7 տեսակի ջեմեր կան՝ ելակ, հատապտղային, նարինջ, բալ եւ այլն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե նախկինում երկու քույր էին աշխատում այստեղ, հիմա արդեն թիմ ունեն, միասին են ամեն ինչ անում, ինչը, բնականաբար շատ ավելի հեշտացնում է գործը.

«Երբ տասը հոգի նույն գործի վրա ուժ ու եռանդ են դնում, շատ ավելի լավ է ստացվում: Հուսով եմ, շատ մոտ ժամանակներս իմ պատկերացրած բեյգլի մշակույթն այստեղ կտարածվի»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին