Վեց տարեկանում՝ խոհարարական բլոգ, 11-ում՝ զեֆիրների բիզնես, իսկ ապագայում՝ Երեւանում եւ Փարիզում սրճարան-արտադրամաս ունենալու ծրագրեր։
Little Sweet Chef-ի հիմնադիր 14-ամյա Կատրինա Թաթոսյանն արդեն երկու տարի հաջողությամբ վարում է իր բիզնեսը, գիտի՝ ինչպես կազմակերպել ժամանակը, որ զեֆիրի պատվերները չխանգարեն դասերին, պարապմունքներին ու դեռ ժամանակ մնա գրքեր կարդալու, դպրոցական օլիմպիադաների մասնակցելու եւ բիզնես դպրոց հաճախելու համար։
Դպրոցական-գործարարը GastroVino-ի հետ զրույցում պատմել է զեֆիր պատրաստելու նրբությունների, սեփական բաղադրատոմսը գտնելու եւ իր նպատակների մասին։
«Ուզում էի բիզնես ունենալ»
Փոքր տարիքից սիրել եմ պատրաստել։ Քաղցրավենիքներ պատրաստել սովորել եմ մորիցս, միշտ հետեւում էի, թե ինչպես էր պատրաստում։ Նա էլ է իր մայրիկից սովորել եւ կրկին փոքր տարիքում։
Երբ ավելի փոքր էի, մտածում էի՝ կմեծանամ ու բլոգ կվարեմ, կկիսվեմ բաղադրատոմսերով։ Ես 6 տարեկան էի, քույրս՝ 8, երբ մորաքրոջս ու մորեղբորս օգնությամբ Youtube-ում էջ բացեցինք ու սկսեցինք քաղցրավենիքներ, ուտեստներ պատրաստել, ցուցադրել ու պատմել դրանց մասին։
Կատրինա Թաթոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետո ուզում էի բիզնես ունենալ, մտածում էի՝ գումար կվաստակեմ, հաճելի կլինի, երբ իմ պատրաստածները մարդկանց դուր գան։ Քովիդի շրջանում համացանցում զեֆիրների դասընթացի գովազդ տեսա։ Գովազդը տեսնելուց հետո առաջին անգամ միայնակ պատրաստեցի, մի փոքր թույլ ստացվեց, բայց հավանեցի։ Տատիկս փորձեց, նրան էլ դուր եկավ։ Երկրորդ անգամ մորաքույրս օգնեց պատրաստել, ավելի լավ ու համեղ ստացվեց։ Ասացի՝ «վերջ, հենց զեֆիրի բիզնես կբացեմ»։ 11 տարեկան էի՝ մորաքույրս ու մորեղբայրս օգնեցին բիզնեսը բացել։ Այդ ժամանակ դեռ կարծում էի, որ ավելի բարդ քաղցրավենիք չեմ կարողանա պատրաստել։ Մոտ երկու ամիս փորձարկումներ էի անում ու զեֆիրները հյուրասիրում էինք հարազատներին։
«Գաղտնիք չկա»
Զեֆիրի պատրաստման գաղտնիք չկա, բոլորի մոտ բաղադրիչները նույնն են, քանակներն ու պատրաստման ձեւերն են տարբեր։ Սկզբում շատ բաղադրատոմսեր եմ փորձել ու վերջում գտել հենց իմը։ Հիմա, երբ հարցնում են՝ ի՞նչ եւ քանի՞ գրամ ես օգտագործում, պատասխանում եմ՝ «կասեմ, թե ինչ եմ օգտագործում, բայց գրամները դուք պետք է հասկանաք»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջին քայլը խնձորի խյուս պատրաստելն է եւ նշանակություն չունի, թե զեֆիրն ինչ համի է լինելու։ Պատրաստում եմ խյուս, անցկացնում մաղով, որ կտորներ չմնան։ Սա ամենաերկար ու դժվար պահն է։ Հետո պատրաստում եմ շաքարավազով օշարակ, եթե պատվիրատուն կոնկրետ համ է ուզել, ավելացնում եմ հատապտուղ կամ միրգ, այնուհետեւ՝ ագար-ագար։ Այն կայունացում է ապահովում, նման է ժելատինի, բայց ավելի բուսական է։ Այնուհետեւ այս զանգվածը եփում եմ։ Հետո գալիս է ձվի սպիտակուցն ու խնձորի խյուսը հարելու ժամանակը։ Սկզբում տեսքն այնքան էլ գեղեցիկ չի լինում, բայց հարելուց հետո սպիտակ զանգված է ստացվում: Վերջում, երբ երկու զանգվածը խառնում եմ իրար եւ գույն ավելացնում, էլ ավելի գեղեցիկ է դառնում։
Արդեն պատրաստի զանգվածը լցնում եմ հրուշակեղենի տոպրակների մեջ, ընտրում ֆորման, որով աշխատելու եմ, եւ այնպես, ինչպես տորթն են զարդարում, ստանում եմ անհրաժեշտ ձեւի զեֆիրներ։ Այնուհետեւ զեֆիրը ոչ թե թխվում է, այլ թողնում ենք, որ կայունանա, վերջում վրան լցնում ենք շաքարի փոշի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամեն տեսակի զեֆիրի համար օշարակը պետք է տարբեր չափով եփել։ Սկզբում չէի կարողանում ճիշտ պահը բռնել, ժամանակի ընթացքում սովորեցի։
Երբ սկսեցի զեֆիրից կակաչներ պատրաստել, նայում էի ֆորմային՝ կետ ու գիծ էր երեւում, ասում էի՝ «սրանից ո՞նց է կակաչ դուրս գալու», փորձում էի ու չէր ստացվում, ծաղիկը կամ փակ էր լինում, կամ՝ բաց, հետո շատ հեշտ ստացվեց ու դրեցի վաճառքի։
Բազմահամ եւ վեգանական զեֆիրներ
Պատրաստում եմ բալի, ազնվամորու, ելակի, վանիլի, նարինջի, կիտրոնի, սեւ թթի, ծիրանի համով զեֆիրներ։ Կիտրոնը փորձում եմ քիչ անել, որովհետեւ թթվաշ լինելու պատճառով ագար-ագարի դժվար է կայունանում, բայց եթե ուզում են, չեմ մերժում։
Կատրինա Թաթոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երբ արդեն իմ բիզնեսը կար, մայրս խանութից զեֆիր էր գնել, որ փորձեի։ Նախ՝ այն հոտ չուներ, համն էլ քիմիական էր, կծեցի ու ելակի համը, կարծես, լեզուս կծեր, իսկ երբ բնական պատրաստված զեֆիր ուտեք, համը կզգաք, երբ այն տարածվի բերանում։
Վատ զեֆիր պատրաստելու համար բավարար է չափաքանակները խառնել, նախատեսվածից շատ ագար-ագար լցնելու կամ օշարակը չափից շատ եփելու դեպքում էլ ստացվում են չափազանց ձիգ զեֆիրներ։
Լավ զեֆիրի համար շատ կարեւոր է ճիշտ գույն եւ թթու համ ունեցող խնձոր ընտրելը։ Հատուկ սորտի խնձոր ենք գնում, պատահում է, որ մի վաճառակետում չի լինում ու ստիպված տարբեր տեղերում սկսում ենք փնտրել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամանորյա տոնավաճառի ժամանակ մի աղջկա առաջարկեցի փորձել իմ պատրաստած զեֆիրը, ասաց, որ վեգան է եւ չի կարող ուտել։ Որոշեցի զեֆիրներ պատրաստել նաեւ վեգանների համար, ստացվեց, բայց մշակման փուլում է, դեռ վաճառքի չկա։
Իմ պատրաստած զեֆիրներն ամբողջությամբ բնական բաղադրիչներից են եւ փակ տարայում կամ սառնարանում կարող են պահպանվել 5-10 օր։ Գնորդներին, սովորաբար, խորհուրդ եմ տալիս պահել փակ տարայում, որովհետեւ սառնարանից հանելուց հետո ուտելն այնքան էլ հաճելի չի լինում։
Պատմությունը՝ անվան մեջ
Facebook-ում եւ Instagram-ում իմ էջերը կոչվում են Little Sweet Chef, մտածում եմ՝ նույնիսկ երբ ավելի մեծ լինեմ, այդ անվանումը կմնա եւ կպատմի իմ մասին։
Կատրինա Թաթոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համացանցում էջերն ինքս եմ վարում, սկզբում թվում էր՝ շատ հեշտ է, բայց հետո հասկացա՝ դժվար է, պետք է անընդհատ ակտիվ լինել։ Վարելու ընթացքում էլ հասկացա, թե ինչ է մարդկանց դուր գալիս։ Եթե տեսանյութ եմ հրապարակում զեֆիրներից, մարդկանց դուր է գալիս, բայց դիտելիությունը նույնքան մեծ չի լինում, որքան այն դեպքում, երբ ես էլ եմ երեւում։ Որքան իմ ներկայությունը շատ է էջում, որքան շատ եմ խոսում, պատմում զեֆիրների մասին, այնքան մարդկանց ավելի է դուր գալիս։
Կատրինա Թաթոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այժմ պատվերների գերակշիռ մասը ռուսներից եմ ստանում, հայերն ավելի քիչ են զեֆիր սիրում։ Տոների ընթացքում պատվերները շատ են լինում եւ ամբողջ ընտանիքով սկսում ենք աշխատել՝ մորաքույրս, մայրիկս, տատիկս օգնում են պատրաստել, հայրս օգնում է առաքումների հարցում, պապիկս էլ փաթեթավորման պարագաները կամ անհրաժեշտ մթերքն է գնում։ Ոչ տոնական ժամանակահատվածում շաբաթվա ընթացում 10-12 փնջի պատվեր եմ ունենում, այժմ տուփերն ավելի քիչ են պատվիրում։
Փոքրիկ շեֆի առօրյան
Առավոտյան գնում եմ դպրոց, դասերի ավարտից հետո գալիս եմ տուն ու զբաղվում տնայիններով, պարապմունքներով։ Եթե պատվերներ են լինում, դրանցով եմ զբաղվում։
Պատվերները գրանցում եմ 1-2 օր առաջ, որ նախ զեֆիրները հասցնեն կայունանալ եւ ես էլ կարողանամ օրս ճիշտ պլանավորել։ Սկզբում այնքան էլ լավ չէր ստացվում:
Շաբաթվա ընթացքում նաեւ գնում եմ բիզնես դպրոց, որտեղ սովորում եմ բիզնես հմտություններ։ Ուզում եմ ֆինանսապես գրագետ լինել։ Դասերի ընթացքում սովորել եմ ժամանակի կառավարում ու հասկացել, որ այն հաջողություններ կբերի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սիրում եմ գրքեր կարդալ։ Սկզբում, երբ դեռ ժամանակս չէի կարողանում կառավարել, գիշերներն էի կարդում, ուշ էի քնում եւ շատ հոգնում, հետո սկսեցի յուրաքանչյուր գործի համար ինքս ինձ ժամանակ տալ։
«Ուզում եմ բիզնես կառավարում սովորել ու մեկնել Փարիզ»
Սովորում եմ 9-րդ դասարանում, դպրոցն ավարտելուց հետո կրթությունս ուզում եմ շարունակել Ամերիկյան համալսարանում, բիզնես կառավարման, մենեջմենթի ուղղությամբ, հետո միայն մեկնել Փարիզ՝ հրուշակագործություն սովորելու համար։ Երբ ավելի փոքր էի՝ երազում էի գնալ Փարիզ ու տեսնել «Դիսնեյլենդը», հետո իմացա Le Cordon Bleu Paris խոհարարական դպրոցի մասին, մտածեցի՝ «վերջ, պետք է Փարիզ գնամ ոչ թե «Դիսնեյլենդի», այլ՝ Le Cordon Bleu-ի համար»։ Այդ դպրոցի դասերի տեսանյութերն եմ դիտել, շատ գայթակղիչ են։
Կատրինա Թաթոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մտածում եմ, որ ավելի մեծ տարիքում Փարիզում պետք է ունենամ իմ սրճարան-արտադրամասը, միջուկով մակարոններ, կրուասաններ պատրաստեմ։ Չի կարելի անընդհատ նույնը պատրաստել, մարդիկ պետք է տարբերություն, աճ տեսնեն։
Առաջիկա երեք տարիներին էլ պլանավորում եմ այստեղ արտադրամաս-սրճարան ունենալ ու երբ արդեն Երեւանում չլինեմ, հաճախորդներն առանց զեֆիրների չեն մնա (ծիծաղում է- խմբ.)։ Այս հարցում ամենաբարդը մարդկանց խումբ հավաքելն է, որոնք զեֆիրն այնպես կպատրաստեն, ինչպես ես եմ ուզում։
Դպրոցներից մեկում մի անգամ վարպետության դաս արեցի իմ հասակակիցների համար։ Հիմա շատ են հարցնում, թե արդյոք չեմ պատրաստվում նորից անել, բայց դեռ մտածում եմ այդ ուղղությամբ։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: