«Բժշկի տանը» կամ Little Farm-ում այս եղանակին ամենապահանջված ուտեստներից մեկը Բիստապուրն է։ Նախիջեւանի խոհանոցին պատկանող այս ապուրը շատերին հայտնի «Քյալագոշն է», բայց Բիստապուր անունը հորինել է Little Farm-ի հիմնադիր Տաթեւիկ Մանուկյանը։
GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող էկո-տուն ռեստորանի եւ դրան բնորոշ ոչ ստանդարտ, բայց հստակ ճաշացանկի մասին։
Բժշկի տունը
Little Farm-ը չենք դիրքավորում որպես ռեստորան, այն ավելի շատ հյուրընկալման եւ հետաքրքիր ժամանցի վայր է, որտեղ նաեւ հաճելի եւ համեղ սնունդ է մատուցվում։
Հայրս, մայրս, քույրս բժիշկներ են, ես միակն եմ, որ այդ ուղով չեմ գնացել։ Little Farm-ը սկզբում մեր ամառանոցն էր, այն քաղաքից փախուստի վայր էր, հաճելի ժամանակ էինք անցկացնում։
Տաթեւիկ Մանուկյանը
Մեր ընկերները, որոնք հյուր էին գալիս, զարմանում էին, ասում էին՝ ո՞ւր է ձեր երկհարկանի տունը, այս մեծ տարածքում այդպիսի տուն պետք է լինի։ Մենք այդ ամենից խուսափեցինք, փոխարենն ունեցանք բնական միջավայր, որը մեզ տվեց այն ամենը, ինչ չունեինք Երեւանում։
«Բժշկի տուն»-ը, այսպես են անվանում մեր տունը, դարձավ մեր, մեր ընկերների եւ հարազատների ամենասիրելի վայրը։ Ինչ-որ պահ եկավ, որ մտածեցի՝ շատ ափսոս է այդ ամենը միայն մեր մեջ կիսել: 2017 թվականին հասկացա, որ ուզում եմ ընդարձակել, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել այս հաճույքից։ Գաղափարը վերջնական լուծմանը հասավ 2020 թվականին՝ կորոնավիրուսի շրջանում, երբ հիմնականում օնլայն էի աշխատում եւ այդ գործով զբաղվելու շատ ժամանակ ունեի։
2020 թվականին «Բժշկի տունը» բոլորի առաջ իր դռները բացեց որպես Little Farm։
Հյուրերին գրավող այգին
Մեր հյուրերն այս պահին չենք կարող հանդիպել բժշկին՝ հորս, որովհետեւ ապրում է ԱՄՆ-ում։ Ընտանիքիս բոլոր անդամներն այնտեղ են, միայն ես եմ այստեղ։
Little Farm եկողներն առաջինը տեսնում են այգին, որտեղից նրանց դուրս բերելը դժվար է լինում։
Տարածքում ունենք շատ տարբեր «լոքեյշըններ», օրինակ՝ վայր, որտեղ անցկացնում ենք մեծ միջոցառումներ։ Հողային հատվածում այցելուները սիրում են նստել երեխաների հետ՝ պիկնիկ անել, բոլոր հարմարություններն ունենք։
Երեխաների համար սա ազատ տարածք է, որտեղ իրենց բոլոր ցանկությունները կարողանում են իրականացնել։
Փակ տարածք ունենք, որն ամռանը հյուրերին քիչ է հետաքրքրում։ Մեր հյուրերը չեն գալիս զուտ արագ ուտելու եւ հեռանալու, այլ՝ ժամանակ անցկացնելու։ Այցելուներն օգտվում են մեր խոհանոցից, որտեղ ամեն ինչ շատ յուրահատուկ է։
Անձնակազմը կատակում է, ասում է՝ «կամ քաբաբը, կամ Տաթեւիկը», բայց այս ուտեստից հրաժարվելը զուտ մթնոլորտի պահպանման միջոց է։ Մեր կողքին կան շատ ռեստորաններ, որտեղ մարդիկ կարող են քաբաբ ուտել, իսկ մենք փորձում ենք տարբերվող մնալ։
«Տնական» խոհանոցը
Ունենք հստակ մենյու, բայց այն բազմաթիվ էջեր չունի։ Մեր ճաշացանկում գերակայում է ձուկը, որը մեզ մոտ նաեւ բազմանում է։ Լճերում բազմանում են իշխանի տարբեր տեսակներ, Սեւանի գեղարքունի տեսակը, որը տարիներ առաջ վերացման եզրին էր: Բարեբախտաբար, հիմա բարելավվել է վիճակը նաեւ հորս շնորհիվ, նա բազմացրել եւ տրամադրել է Սեւանին։
Մեր խոհանոցը «տնական» է, պատրաստվում է այնպես, ինչպես մենք տանը կպատրաստենք, չհաշված դիզայնը, որտեղ իմ փոքրիկ ներդրումն ունեմ։
Յուրօրինակ է մեր շլորով պատրաստվող ձուկը։ Այն մեր ամենասիրելի ուտեստներից մեկն է։ Ձկան հետ սոուս ենք մատուցում եւ մարդիկ նաեւ առանձին այդ սոուսն են պահանջում։
Մեր խոհանոցի անձնակազմը շատ է փոխվել, սկզբում մայրս էր խոհարարը, երբ ծավալները սկսեցին մեծանալ, պրոֆեսիոնալ խոհարարի հրավիրեցինք։ Մինչ այս պահը երեք խոհարար ենք փոխել, նախորդների հետ աշխատելիս հասկացանք, որ պրոֆեսիոնալ խոհարարն իր հետ բերում է պրոֆեսիոնալ խոհանոցի բոլոր մանրամասները եւ կորում է մեր տնական մոտեցումը, համը, հոտը։
Որոշեցի, որ մեր խոհարարը պետք է լինի տանտիրուհի, ով այստեղ այնպես կպատրաստի, ինչպես մայրս։ Ներկայիս խոհարարը՝ Գայանեն, բոլոր հականիշներով համապատասխանեց իմ պահանջին՝ սկսած իր դրած թթվից, մինչեւ իր ձեռքով չորացրած կանաչիները։
Ձմռան ճաշացանկը
Չորս ճաշատեսակ ունենք՝ խաշ, հարիսա, պանրխաշ եւ բիստապուր։ Հարիսայի հետ էքսպերիմենտ ենք արել եւ թոնրում եփել եւ այն դառել է մեր «բեսթսելլերներից» մեկը։ Պանրխաշը ես առաջին անգամ փորձել եմ Գյումրիում եւ հետաքրքրել է։ Առաջին անգամ պատրաստել եմ ընկերոջս մայրիկի օգնությամբ։
Բիստապուրն ամառ-ձմեռ «չի ճանաչում»։ Մեր ռեստորանը, կարելի է ասել, ստեղծվել է այս ճաշի հիման վրա։ Անունը ես եմ հորինել, այն Նախիջեւանի Բիստ գյուղի ապուրն է։ Տատս այնտեղից է եւ այդ ճաշը մեր եւ նախիջեւանցիների բոլոր գերդաստաններում ուտում են եւ անվանում «Քյալագոշ»։ Սա նման չէ Սյունիքի «Քյալագոշին»։ Մեր տարբերակը պատրաստվում է չորաթանով, վրան լցվում է սոխոռածով եւ հատուկ բույսով՝ մարալոթիով պատրաստած սոուս։ Շատ յուրահատուկ հոտ է ունենում։ Եթե մի քանի մետր հեռու կաթսայի կափարիչը բացեն, միանգամից բույրը կզգաք։
Հայրս մարալոթիի սերմերից գտավ եւ ցանեցինք, այժմ աճում է մեզ մոտ եւ սա մեծ հաջողություն է, որովհետեւ այն սովորաբար Նախիջեւանի սարերում աճող բույս է։
«Little farm-ը չի նմանվի այլ վայրի»
Երկուշաբթի եւ երեքշաբթի չենք աշխատում, մյուս օրերին բաց ենք առավոտյան 11-ից մինչեւ վերջին հաճախորդը։ Շաբաթ-կիրակի օրերի համար ցանկալի է նախապես տեղ ամրագրել մեզ մոտ, առավել եւս՝ ձմռանը, որովհետեւ տեղերը սահմանափակ են։
Հատկապես ամռանը ունենում ենք խմբեր, որոնք գալիս են մեկ օր անցկացնելու մեզ մոտ՝ աշխատելու եւ սնվելու։ Ֆորմատը կոչվում է «Մեկ օր Little farm-ում»։
Այս տարվանից մեզ մոտ կլինեն համերգներ, հետաքրքիր մոտեցումներով թեմատիկ խնջույքներ։ Մեր ապագայի տեսլականն այն է, որ Little farm-ը պետք է դառնա բոլորի կողմից սիրված ու գնահատված յուրօրինակ տեղ, որը չի նմանվի այլ վայրի՝ իր խաղաղության, ներդաշնակության եւ բնական լինելու հաշվին։
Ես ամեն կերպ փորձում եմ պահել բնականությունը։ Ոչ թե բիզնեսի, այլ ստեղծարարության ոլորտի մարդ եմ, տասը տարի աշխատել եմ «Ոսկե ծիրան» փառատոնում։
Little farm-ն ինձ համար ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է, երբ պարտեզում նայում ես ծաղկին ու դրանից հետո տեսնում պտուղ, դրանից այն կողմ կախարդանք ու ֆանտաստիկա չեմ պատկերացնում։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Տաթեւիկ Մանուկյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: