Հալվան հայկական խոհանոցում առանձնահատուկ տեղ ունի եւ տոների ծիսական ճաշանցանկի անբաժան մասն է: Այս ավանդական քաղցրավենիքն այսօր կարելի է հանդիպել նոր մատուցմամբ: Հին բադաղրատոմսի խնամքով պահպանման եւ նորովի մատուցման փորձ են Անի Սոֆոյանի պատրաստած Hamov Halva-ները:
GastroVino-ի հետ զրույցում Անին պատմել է ձեռագործ հալվաների, շոկոլադի եւ ընդեղենի հետ համադրությունների ու հալվայի «քույր» շաքարլոխումի մասին:
Շատ եմ սիրում քաղցր, դրա հետ կապված ամեն ինչ. քաղցր ուտել, պատրաստել, նվիրել եւ նվեր ստանալ: Քաղցրավենիք եւ հատկապես հալվա պատրաստելը տատիկներիս համար արարողակարգի պես մի բան էր: Հիշում եմ ամեն մի դրվագ, երբ նրանց պատրաստման ընթացքին փորձում էի ես էլ խառնվել, կրակի վրա ալյուրն ու շաքարը խառնել: Մեծ հետաքրքրասիրությամբ էի ամեն ինչին մասնակցում:
Անի Սոֆոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հալվան մեր տան դեսերտի անբաժան մաս է կազմել: Տատիկներիս ու մորս օրինակին հետեւելով ես էլ էի շարունակում այն պատրաստել ընտանիքիս ու հարազատներիս համար: Դրանց պատրաստման սիրողական կարգավիճակից մեկ քայլ առաջ արեցի 2018 թվականին, երբ սկսեցի պատվերով առաջին հալվաները պատրաստել: Բայց ավելի ակտիվ սկսեցի աշխատել եւ պատվերներ ստանալ 2020 թվականից, երբ Hamov Halva-ն ներկայացավ սոցիալական ցանցերի էջերով:
Մասնագիտությամբ բժիշկ-ռադիոլոգ եմ: Սա է իմ հիմնական աշխատանքը, եւ երբ սկսեցի նաեւ հալվաներով զբաղվել, ժամանակային առումով դժվարացա համատեղել: Մասնագիտությամբ չորս տարի աշխատելուց հետո՝ դադար եմ վերցրել, բայց չեմ հրաժարվում իմ առաջին մասնագիտությունից, բժշկական համազգեստս եւ ֆոնենդոսկոպն աչքիս առաջ կախված են, այդ միտքը միշտ դոմինանտ է, որ պետք է վերադառնամ բժշկի գործին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Hamov Halva-ն արդեն փոքրիկ բիզնեսի է վերածվել, առանձին արտադրամաս ունեմ եւ ընտանիքիցս բացի, որն այս գործում ինձ միշտ օգնել է, փոքրիկ թիմ եմ հավաքել: Հենց դա թույլ կտա երկու գործը համատեղել:
Բաղադրատոմսերը գողացել եմ մորիցս: Մինչեւ հիմա պահում են նրա բաղադրատոմսերի ձեռագիր գրված ու մաշված տետրերը: Մայրս, իհարկե, պատրաստում էր ամենաավանդական տարբերակով: Ես էլ սկզբում միայն ավանդական հալվաներ էի պատրաստում: Հետո փորձեցի իմը ներկայացնել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Որոշեցի տնական հալվան միքսել շոկոլադի, կարամելի եւ ընդեղենի հետ: Հալվաների շոկոլադապատման համար օգտագործում ենք Callebaut բելգիական կաթնային եւ դառը շոկոլադներ, իսկ ընդեղենը օգտագործում ենք ոչ միայն որպես դեկորացիա, այլեւ հենց հալվայի մեջ, մանրացված, ալյուրի հետ բոված տարբերակով: Հաճախորդների պատվերով պատրաստում ենք նաեւ դարչինով եւ կոճապղպեղով հալվաներ:
Փորձում եմ ամեն ինչ անել, որ մինչ շոկոլադապատելը հալվաները կարողանան սենյակային ջերմաստիճանում սառչել, հատուկ սառնարաններ օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սառեցման ընթացքը շատ կարեւոր է, որպեսզի հետո շոկոլադի հետ իրար «չխանգարեն»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ավանդական բաղադրատոմսով հալվաներից բացի՝ պատրաստում ենք նաեւ դիետիկ հումքով՝ առանց գլյուտեն հալվաներ, ինչը մեր օրերում շատ է ընդունված, քանի որ շատերը կամ ալերգիայի պատճառով, կամ պարզապես առողջ ապրելակերպին հետեւելով՝ հրաժարվում են դրանից:
Hamov Halva-ն դասական, կարամելով եւ ընդեղենով, շոկոլադային գանաշով հալվաներից բացի՝ ներկայանում է շաքար-լոխումով:
Շաքար-լոխումը հալվայի «քույրերից» է համարվում: Շատերը այն խառնում են մեր իմացած լոխումի հետ: Սկզբում հաճախ էին զանգահարում, ասում՝ հալվա դրեք, բայց շաքար-լոխում չէ: Հետո պարզեցի, որ հաճախորդներից շատերը շաքար-լոխումը շփոթում էին ժելեատիպ լոխումի հետ, որն իրականում բացարձակ կապ չունի շաքար-լոխումի հետ: Շաքար-լոխումը համով շատ նման է հալվային, բայց ավելի շատ փխրուն խմոր է հիշեցնում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շաքար-լոխումի իմ տարբերակը Շիրակի դաշտավայրի բաղադրատոմս է, որն ինձ է փոխանցվել մորական տատիցս: Այդ տարածաշրջանում շաքար-լոխում պատրաստելը առանձին իրադարձություն է եղել, քանի որ հիմքում տնական յուղն է եղել, որն էլ առանձին պատրաստման արարողակարգ է ունեցել:
Իմ հաղթաթուղթը գոհունակ եւ խստապահանջ հաճախորդներն են, որոնք միշտ ստեղծագործելու, ամեն ինչը յուրովի ներկայացնելու, իրականացնելու հնարավորություն են տալիս: Շատ հաճելի է լսել նրանց կարծիքը, արձագանքը, ինչն էլ առիթ է դարձել հալվաներին «Համով» անունը տալուն, քանի որ ամենաշատ ստացած արձագանքը հենց համով լինելու մասին է եղել:
Արդեն ունենք մշտական հաճախորդներ: Սա մեծ խթան է՝ ավելի ոգեւորությամբ աշխատելու համար: Hamov Halva-ն ամենատարբեր ցուցահանդես-վաճառքների է ներկայացել, քանի որ այդպես են մարդիկ կարողանում համտեսել, ծանոթանալ արտադրանքին: Ոչ ոք առանց համը ճանաչելու հենց այնպես չի պատվիրում:
Անի Սոֆոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի ոգեւորվել առաջին պատվերից: Հետո իմացա, որ հայրս է եղել, որոշել էր պատվեր անել, որ ինձ ավելի շատ ոգեւորեր: Դրա մասին, իհարկե, իմացա միայն շաբաթներ անց: Ներկայում էլ միայն առցանց պատվերով ենք աշխատում, բայց առաջիկայում նպատակ ունենք բացել Hamov Halva-ի խանութ-սրահը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: