×

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից

Քաղցրն ու գիտելիքը համատեղող «Լուսէ» կրթական շոկոլադներ՝ Արցախից

Մասնագիտությամբ մանկավարժ Նարինեն գտել է շոկոլադն անվնաս դարձնելու եւ դրանց միջոցով երեխաների կրթելու բանաձեւը։ Արցախցի մանկավարժը բելգիական հումքով պատրաստում է զարգացնող խաղ-շոկոլադներ եւ շոկոլադե կրթական սալիկներ։   

«Լուսէ» կրթական շոկոլադների հիմնադիր Նարինե Հակոբյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է կրթական շոկոլադների եւ «օդի մեջ» գտնվող գաղափարն իրականություն դարձնելու մասին։

Երեխային հեռու պահել կոնֆետից կամ պատրաստել անվնաս շոկոլադ

Մեծացել եմ Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Մանկավարժական համալսարանի պատմության բաժնում։ Ավարտելու տարում դիմեցի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, կարողացա անցնել բարդ փուլերն ու ինձ գործուղեցին Աղավնո։ Այդ տարի նաեւ ամուսնացա, ամուսինս զինծառայող է։ Մեկ տարի հետո ծնվեց մեր առաջին բալիկը եւ երբ մեկ ամսական էր, սկսեց 44-օրյա պատերազմը։ Գնացի Երեւան, բայց կես տարի հետո վերադարձա Արցախ։

Նարինե Հակոբյանը Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Ասկերանում խմբակ էինք վարում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով, ծրագիրն ավարտվեց, երեխաս փոքր էր, այդ պատճառով չկարողացա ֆիքսված աշխատանք գտնել։ Մտածում էի՝ ինչո՞վ կարող եմ զբաղվել, աղջիկս էլ այդ ընթացքում անընդհատ քաղցր էր ուզում եւ դժվար էր բացատրել, որ չի կարելի, վնաս է։ Սկզբում մտածում էի՝ ինչպե՞ս երեխային կոնֆետներից հեռու պահեմ, հետո՝ ինչպե՞ս ինքս շոկոլադ պատրաստեմ մաքսիմալ անվնաս բաղադրիչներով։

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Փորձեցի հումք գնել, Արցախում չկար, պատվիրեցի Երեւանից։ Առաջին շոկոլադները շատ հավանեցինք եւ մտածեցինք, որ կարող եմ ոչ միայն իմ երեխայի համար պատրաստել։ Քանի որ մանկավարժ եմ, մտածեցի՝ կարող եմ այնպես անել, որ ծնողները քաղցրավենիքը ոչ միայն բացասականի, այլ նաեւ գիտելիքի հետ կապեն։

Խաղ-շոկոլադներ

Որոշեցի պատրաստել խաղ-շոկոլադներ, փազլներ։ Առայժմ ունենք 3 խաղ-շոկոլադ, որոնք նախատեսած են մինչեւ 6 տարեկան երեխաների համար, բայց գրեթե պատրաստ է ավելի մեծ տարիքի համար նախատեսված պրոդուկտը։

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Առաջին խաղ-շոկոլադը սովորեցնում է գույները, երկրորդը՝ տարբերակել ընտանի եւ վայրի կենդանիները, երրորդը՝ մարմնի մասերը։

Պետք չէ միայն որպես խաղ դիտարկել, օրինակ՝ գույները սովորեցնող շոկոլադի սալիկների վրա պատկերված են տարբեր գույնի առարկաներ, երեխաները պետք է կարողանան համադրել գույներն ու առարկաները, պատասխանել հարցերին։
Այսպիսով, երեխայի համար շոկոլադ ուտելու պրոցեսը բավական հետաքրքիր եւ օգտակար է դառնում։

Կրթական սալիկներ

Շոկոլադի կրթական սալիկներ ունենք, որոնք վրա պատկերված են Արցախի տեսարժան վայրերը՝ դրանց պատմության նկարագրությամբ։ Այս պահին երկուսն են՝ Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ Պապիկ-Տատիկի արձանի պատկերներով, բայց նորերը եւս կլինեն։  

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Սալիկները լինում են կաթնային սպիտակ եւ մուգ շոկոլադներով, պատրաստվում են բելգիական հումքով։ Դեռեւս պատվերով եմ աշխատում եւ կարող եմ հաճախորդի ցանկությունից ելնելով փոփոխել բաղադրությունը։

Շոկոլադե սալիկները կշռում են 90 գրամ, իսկ խաղերը՝ 220 գրամ։

Երբ գաղափարն «օդի մեջ» էր

Սկզբում գաղափարն «օդի մեջ» էր եւ չէի պատկերացնում, որ կարող է իրականություն դառնալ։ Պատերազմից հետո Արցախում շատ դասընթացներ են անցկացվել։ Բարեգործական կազմակերպություններից մեկի ծրագրին մասնակցեցի եւ ընթացքում ստացած գիտելիքները վստահություն ներշնչեցին, որ կարող եմ։ Այդ ժամանակ ներդրում արեցի, հումք գնեցի, պարագաներ, առանց որոնք չէի կարող աշխատել։ Պատրաստում էի ու դասընթացի մասնակցներին հյուրասիրում, որպեսզի գնահատեն։ Հետո խաղերի վրա աշխատեցինք, օգնեցին, որ ճիշտ ձեւակերպենք, երեխաների համար հետաքրքիր լինի։

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Երբ մտքով վերադառնում եմ սկիզբ, հասկանում եմ, թե որքան հետաքրքիր փորձառություն է ինձ համար։

Փոստով ուղարկվող շոկոլադներ

Պատվերների մեծ մասը ստանում եմ Երեւանից, քանի որ իմ ընկերներս, ծանոթներս Հայաստանում են, բայց Արցախից եւս լինում են։ Այժմ խանութներից մեկից համագործակցության առաջարկ եմ ստացել, երբ սկսվի վաճառվել, Արցախում եւս կտարածվեն։

Շոկոլադ պատրաստելը բավական ժամանակատար է, նաեւ փաթեթավորման վրա ենք շատ ժամանակ ծախսում։ Մեկ խաղի քսան քարտը ձեռքով փաթեթավորելը բավական դժվար է, բայց երբ վաճառքներն աճեն, որեւէ տարբերակ կգտնենք ավելի հեշտ եւ արագ կազմակերպելու համար։

Լուսանկարը՝ Նարինե Հակոբյանի արխիվից


Առայժմ միայնակ եմ աշխատում, երբեմն, երբ պատվերները շատ են լինում, օգնական եմ ունենում, զինվորականի կին է։ Մտածում եմ՝ երբ ծավալներն էլ ավելի մեծանան եւ թիմն ընդլայնելու կարիք լինի, ծրագրում ընդգրկել միայն զինվորականների կանանց, աշխատանքից ստացված շահույթի մի մասն էլ ուղղել նրանց համար միջոցառումներ, դասընթացներ կազմակերպելու համար։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին