Trend գործակալությունը հրապարակում է արխիվային հարցազրույցներ Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւի թիկնազորի պետ Ալեքսանդր Իվանովի հետ (մահացել է 2017 թվականին)։
Հատվածներից մեկում Իվանովը պատմում է Հեյդար Ալիեւի ալկոհոլային նախասիրությունների մասին.
«Նա նախընտրում էր կոնյակ։ Նրա հպարտությունը ադրբեջանական տեսակավոր «Շիրվան» կոնյակն էր։ Պիտակը ինքն էր մշակել։ Իսկ շշի ձեւը, եթե չեմ սխալվում, մշակվել է Ֆրանսիայում։
Խորհրդային տարիներին գործում էր Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինվորական խորհուրդը։ Նրա կազմում ընդգրկված էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարները։ Վեց ամիսը մեկ հերթով նիստեր էին անցկացնում Թբիլիսիում, Բաքվում, Երեւանում։ Ալիեւն ուներ սիրելի անեկդոտ, որն այս միջոցառումներին երբեք չէր մոռանում պատմել.
«Հայը կանգնում է եւ առաջարկում աշխարհի լավագույն կոնյակի՝ հայկական կոնյակի կենացը: Վրացին ասում է՝ խմենք Եվրոպայի ամենալավ կոնյակի՝ վրացական կոնյակի կենացը։ Ադրբեջանցին կանգնում եւ ասում է. «Խմենք Անդրկովկասի ամենալավ կոնյակի՝ ադրբեջանական կոնյակի կենացը»։
Իսկ եթե հավատաք ռուս գրող եւ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչին, Հեյդար Ալիեւն անտարբեր չէր հայկական կոնյակի նկատմամբ։
Ահա Շենդերովիչի պատմությունը.
«1997 թվականի ամռանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովին հաջողվեց Հեյդար Ալիեւին ուղիղ եթեր հրավիրել։ Հյուրերի սենյակում նախապես բարձր կարգի սեղան էր պատրաստված, որպեսզի եթերից հետո հուրասիրեն Ադրբեջանի նախագահին։
Հարգարժան հյուրի ժամանումից մի քանի րոպե առաջ Լյոշան հարցրեց աղջիկներին՝ արդյո՞ք ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ պատրաստ էր։ Իսկ ալկոհո՞լը։ Իհարկե, պատասխանեցին աղջիկները։ Հայկական կոնյակ, հինգ աստղանի...
- Ինչպե՞ս թե հայկական:
Բոլոր նրանք, ովքեր երբեւէ տեսել են զայրացած Վենեդիկտովին, կհաստատեն, որ դա սարսափելի է։ Բայց այդ պահին Ալեքսեյ Ալեքսեեւիչը, ասում են, գերազանցեց ինքն իրեն։
Մինչ Ալիեւն ու Վենեդիկտովը եթերում քննարկում էին աշխարհաքաղաքական հարցերը, ռեֆերենտները վազվզում էին Նոր Արբատով՝ ադրբեջանական կոնյակ փնտրելով։ Գտան մի կասկածելի կրպակում, սակայն որակի չափանիշներին ուշադրություն դարձնելու ժամանակ արդեն չկար: Շշերը հայտնվեցին իրենց տեղում եթերի ավարտից մի քանի րոպե առաջ։
Ադրբեջանի նախագահը ռադիոկայանի ղեկավարի հետ դուրս եկան տաղավարից եւ գնացին սեղանի մոտ։ Ալիեւը նստեց, բարյացակամորեն ժպտաց: Հետո վերցրեց ադրբեջանական կոնյակի շիշն ու էլ ավելի բարյացակամորեն ուսումնասիրեց այն։ Որից հետո նայեց շուրջը՝ տեսնելու, շուրջը կա՞ն հեռուստատեսային տեսախցիկներ կամ անծանոթ մարդիկ, եւ հմայիչ ժպիտով հարցրեց Վենեդիկտովին.
- Իսկ հայկական չկա՞»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: