×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սոնայի երազանքն ու երեխաների հետ «կառուցած» թխվածքաբլիթ-տնակները

Նիկոլեն եւ Լեան մայրիկին՝ Սոնային օգնում են գունազարդել հեքիաթային թխվածքաբլիթները։ Ավագը՝ Նիկոլեն, փոքրին հուշում է՝ պետք է զգույշ աշխատել, որ կրեմով տոպրակը չպատռվի։
 
Սոնա Տոնոյանը Siroonscookies թխվածքների հիմնադիրն է, պատրաստում է թխվածքաբլիթային տնակներ եւ «Ներկիր ինքդ» բոքսեր։ GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է «իր սրտի գործի», թխվածքներից եկող երջանկության եւ երազանքների մասին։

Սկիզբը՝ Ստեփանակերտից

Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կարճ ժամանակ աշխատել եմ մասնագիտությամբ, հետո նաեւ այլ ոլորտներում։ Արվեստի հանդեպ սերը միշտ եղել է, ստեղծագործել եմ, ունեցել ցուցահանդեսներ։

Սոնա Տոնոյանը եւ Լեան Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թխվածքաբլիթներով սկսել եմ զբաղվել այն ժամանակ, երբ ամուսնացա ու ամուսնուս հետ տեղափոխվեցի Արցախ։ Փորձում էի համեղ, հետաքրքիր զբաղմունք գտնել երեխաների համար, ժամանակը համընկավ Սուրբ ծննդի հետ, մտածեցի թխվածքաբլիթային տնակների մասին։ Սկզբում կարծում էի՝ ոչ թե ինքս կպատրաստեմ, այլ կազմակերպիչ կլինեմ, բայց, քանի որ Ստեփանակերտում չկարողացա գտնել տնակներ պատրաստող հրուշակագործ, ամուսնուս հետ որոշեցինք ինքներս անել։

Փորձեցինք համացանցում գտնել տարբերակներ, գծել սխեմաներ, օգնության եկան ամուսնուս կոնստրուկտիվ մտածելակերպն ու իմ ստեղծագործական միտքը։ Հետաքրքիր միջոցառում կազմակերպեցինք, որից հետո շատերը սկսեցին հետաքրքրվել տնակներով, հասկացա, որ եթե ապրելու ենք Արցախում, ուրեմն պետք է շարունակել։ Հիմա էլ Ստեփանակերտում ինչ-որ մարդիկ փորձում են շարունակել այն, ինչ մտածել էի, ինչի համար շատ ուրախ եմ։

Դուրս գալ զրոյական վիճակից

2020 թվականի պատերազմի հրամայականով վերադարձանք Երեւան, աշխատանք չունեինք, Նիկոլեն տնակների հետ կապված հետաքրքիր միտք ունեցավ։ «Live» բառը նոր էր սովորել, ասաց՝ «արի բլիթներ թխենք, լայվով ցույց տանք»։ Մտքի առանցքը տունն էր, որովհետեւ նրա մոտ հարցականներ կային, թե ինչո՞ւ տան իր անկյունը մնաց հեռվում, ինչո՞ւ տեղափոխվեցինք ուրիշ տուն։ Չորս տարեկանը դեռ չէր լրացել, բայց հասուն մարդու պես վերլուծում էր։

Սոնա Տոնոյանը եւ Նիկոլեն Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկար չմտածեցի, վերցրեցի ձեռքիս տակ եղածը, հայտարարեցի, որ Instagram-ով «լայվ» ենք մտնում եւ առաջին եթերի ընթացքում երեք տուփ թխվածքաբլիթի պատվեր ունեցա։ Մեծ ջերմությամբ եմ հիշում այդ մարդկանց, որովհետեւ մենք ոչ թե պարզապես գեղեցիկ եթեր էինք անում, որի ժամանակ մայր ու աղջիկ թխվածքներ էինք պատրաստում, այլ դրանով փորձում էինք դուրս գալ զրոյական վիճակից։

Սկսեցինք տնակների միտքը զարգացնել ու սուրբծննդյան առաջին պատվերները գրանցել։ Պատվերները շատացան, սկսեցի ձեռքս վարժեցնել, փորձեցի ուսուցիչ գտնել, բայց չստացվեց, Youtube-ը դարձավ իմ ընկերը։ Կարճ ժամանակում ավելի հմտացա, այնուհետեւ գտա հրուշակագործի, ումից կարող էի սովորել եւ արդեն շատ պատրաստված գնացի դասերի։

Հետո սկսեցի շուկան ուսումնասիրել, բացերը հասկացա, թխվածքների հանդեպ հետաքրքրությունը մեծացավ, մի քանի անգամ համացանցում գովազդ միացրեցի, «բում» եղավ եւ պատվերների «տակից դուրս չեկա»։

Հեքիաթային տնակներ

Տնակների պատրաստումը տեւում է մոտ երկու օր․խմորը պատրաստում եմ, թողնում, որ «հանգստանա», թխելուց հետո կրկին հանգստանալու փուլ է, այնուհետեւ պատրաստում եմ վրայի կրեմը՝ «այզինգը», տնակի պատերը մաս-մաս նկարում եմ եւ վերջում հավաքում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տնակները բավական երկար մնում են ժամկետի մեջ։ Որպես դեկոր կարելի է պահել մեկ տարուց ավելի եւ ես գիտեմ դեպքեր, երբ պատվիրել ու ափսոսել են ուտել, իսկ ուտելու առումով մոտ երեք ամիս թարմությունը պահպանվում է։ Չոր մթերք է, կրեմն էլ բեզեի նման չորանում է։

Շատ քմահաճ կրեմ է, պետք է ձեռքդ անընդհատ սովորեցնես, չկա բաղադրատոմս, որով կատարյալ կրեմ կստանաս, խաղ է, պետք է հետը շփվես, իրար հետ բարիշեք, որ շատ լավ ստացվի, թխվածքի հետ էլ իրար գտնեն ու խոսեն։

Մեկ տնակը 5 չափաբաժին է՝ 30-40 թխվածքաբլիթ։ Տնակներ պատրաստելն իմ սրտի գործն է ու այդ միտքը, անպայման, զարգացնելու եմ։ Իմ ձեռագիրը, նախընտրած գույներն ունեմ, երբեմն մեղադրում են «գունատ» երանգների համար ու երբ պատվերի գույները իմ ճաշակով չեն լինում, սկսում եմ տանջվել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Լինում են օրեր, երբ ամեն ինչ թարս է ստացվում՝ ինչպես բոլոր գործերում, էներգետիկայի հարց է, երեւի։ Եղել է, որ հանձնելուց մի քանի րոպե առաջ՝ սխալ շարժումի պատճառով, տնակը փլվել է, եղել է, որ փչացել է, երբ ստուգել ենք կրեմը չորացել է, թե՝ ոչ։ Բայց այդ պահերին կոփվում ես։ Նախկինում հաճախ էր լինում, հիմա՝ ոչ, արդեն ձեւերը գտել եմ արագ ամրացնելու եւ հետո չստուգելու։

Չորացնելու հարցում իմ միակ ընկերը ժամանակն է։ Ինքն իրենով չորանալու համար, որ վստահ լինեմ՝ բացարձակ չոր է, 12-18 ժամ է պետք։ Չորանոցներ կան, որոնց օգնությամբ պրոցեսը կարագանա, մտածում եմ դրանք ձեռք բերելու մասին։

«Ներկիր ինքդ»

Տնակներից բացի՝ ունենք նաեւ «Ներկիր ինքդ» տուփեր։ Հայուհիները շատ շնորհքով են, կարող են համեղ թխվածքաբլիթներ պատրաստել իրենց երեխաների համար, բայց նաեւ գիտեմ, թե որքան ժամանակ է պետք գնումներ անելու, մտածելու, պատրաստելու համար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ես ոչ թե տուփ, այլ էմոցիա եմ վաճառում, որովհետեւ երբ երեխաները բացում են տուփը, գեղեցիկ էմոցիաներ են ունենում։ Տուփերը ներառում են թխվածքաբլիթներ, եռագույն ներկեր, զարդանախշեր, փայտիկներ, որով երեխաները կարող են նկարել ու շտկել, եթե որեւէ բան իրենց դուր չի եկել։

Ունեմ մշտական փոքրիկ հաճախորդներ, որոնք թելադրում են, թե որ ֆորմայով ու թեմատիկայով թխվածքներ պատրաստեմ։ Տուփը պատվիրելիս կարելի է ընտրել ծննդյան, զատկի կամ այլ թեմա, ամեն թեմա ունի իր ֆորմաները, օրինակ` հիմա փորձարկում եմ Ամանորի թեմայով նոր ֆորմաներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տուփն այնքան մտածված ու պատրաստի է, որ ծնողը ո՛չ թխելու խնդիր կունենա, ո՛չ ժամանակ ծախսելու, մնում է տուփը բացել ու տեսնել, թե ինչպես է երեխան վայելում պրոցեսը։ Նկարելուց հետո երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են ուտում թխվածքները։ Դրանց բաղադրությունը հարմարեցրել եմ նրանց քիմքին։ Թխվածքների մեջ չկան սուր համեր ու բաղադրիչներ, որոնք կարող են ալերգիաներ առաջացնել։ Առաջինը բոլոր համերը փորձարկում եմ իմ երեխաների վրա․մեր գլխավոր դեգուստատորը Լեան է։ Նա հետաքրքիր քիմք ունի, ամեն բան չի սիրում ուտել։

Նիկոլեն եւ Լեան Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երեխաներս շատ են սիրում պրոցեսին խառնվել, սկզբում թույլ չէի տալիս, հետո հասկացա, որ եթե ուզում եմ հանգիստ թխել, պետք է տամ իրենց բաժին խմորը եւ չխառնվեմ նրանց գործերին։

Թխվածքները միայն երեխաների համար չեն, ամեն տեսակ պատվերներ ընդունում եմ։ Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների շեմին նաեւ մեծերից եմ «Ներկիր ինքդ» տուփերի պատվերներ ստանում եւ շատ ուրախանում եմ։ Թվում է՝ հեշտ է, մի քանի հավասար գիծ արեցիր եւ վերջ, բայց աշխատանք է, որը բացարձակ ուշադրություն է պահանջում, նրբություններ, ճաշակ։

Հասկանում եմ, որ պետք է ուղղորդող թերթիկներ տպագրել կամ նկարներ դնել, որպեսզի մարդիկ պատկերացնեն՝ ինչն ինչպես կարող են նկարել։

«Երազող մարդիկ ենք»

Մենք երազող մարդիկ ենք եւ փորձում ենք երազանքները գործողություների, քայլերի վերածել ու երբեք չհանձնվել։ Տարբեր գործեր եմ ունեցել, բայց ոչ մի աշխատանքից այսքան երջանկություն չեմ ստացել։ Թխվածքաբլիթներն ինձ են գտել եւ հուսով եմ՝ ինձ հետ ուրախ է։

Հիմա իմ մեծ երազանքը տնակի տեքսով արվեստանոց-սրճարան ունենալն է, որտեղ երեխաները կկարողանան գալ, սովորել նկարել։ Հուսով եմ՝ այնքան կմասնագիտանամ, որ կկարողանամ ինքս ուղղորդել, սովորեցնել կանանց։

Սոնա Տոնոյանը, Նիկոլեն եւ Լեան Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նիկոլեն լսել է, որ փոքր արվեստանոց եմ ուզում ունենալ եւ արդեն պլանավորել է, որ քույրիկի հետ մատուցելու են, մոտենալու են հաճախորդներին ու հարցնեն՝ «ի՞նչ թխվածք եք ուզում»։ Նույնիսկ որոշել են՝ պետք է այնքան վաստակեն, որ միասին կարողանանք ծով գնալ։ Արվեստանոցը չկա, բայց կան շատ երազանքներ եւ պետք է ինչ-որ հրաշքով դրանք իրականություն դարձնենք։

Առաջիկայում Սուրբծննդյան տնակների վարպետության դասեր կունենամ երեխաների ու մեծերի համար։ Դպրոցներից հրավերներ եմ ունենում, բայց, քանի որ այլ աշխատանք ունեմ, ստիպված մերժում եմ։ Հիմնական աշխատանքը մնում է գիշերները՝ քնելու հաշվին, բայց դա նաեւ միակ ժամն է, երբ բոլորը քնած են, մնում եմ ես, թխվածքաբլիթներն ու գույները։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին