Սվետլանա Մուրադյանը շաբաթը մի քանի անգամ Դեբետ գյուղից գնում է Վանաձորի շուկա՝ «Դեբատուն» ռեստորանի համար գնումներ կատարելու, իսկ մնացած ժամանակ անհրաժեշտ մթերքը վերցնում է գյուղի բնակիչներից։
Երեւանցի Սվետլանան Լոռի տեղափոխվել է ամուսնու, երեխայի եւ ծնողների հետ՝ իր երազանքն իրականացնելու։ Ընտանիքը պատրաստվում է երկար մնալ Դեբետում, Սվետլանան արդեն «թղթով» դեբետցի է։ Նա ասում է, որ գյուղի իրականությունն իրեն շատ է դուր գալիս, հաճելի է առավոտյան դույլով հավկիթ վերցնել, իսկ մեծ թվով հյուրերի դեպքում օգնության կանչել հարեւաններին։
GastroVino-ի հետ զրույցում Սվետլանան պատմել է Լոռի տեղափոխվելու, ռեստորանի բացման, ձկան ավազանների եւ ուտելի բույսի մասին, որի անվանումից լոռեցիներն ամաչում են։
«Դեպի տուն»
Մասնագիտությամբ լրագրող եւ լեզվագետ եմ։ Սպասարկումն ինձ համար բավական բարդ, խճճված, դժվար, քմահաճ, բայց նաեւ հետաքրքիր ոլորտ է։ Դեպի սպասարկման ոլորտ անցումը հեշտ ստացվեց հենց լրագրության շնորհիվ։
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում եղա Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում եւ սկսեցի երազել, որ մի օր Լոռիում հյուրատուն, սրճարան կունենամ։ 44-օրյա պատերազմի ժամանակ ամուսնացա եւ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ բիզնես ուներ։ Մեկնելուց երեք ամիս անց որոշեցի վերադառնալ Հայաստան, ամուսինս ինձ հետ էր, բայց դեռ վերջնական չէր տեղափոխվել։ Երբ արդեն Հայաստանում էինք, գնացինք Լոռի հանգստանալու, հենց այդ ժամանակ տեսանք տարածքը, որտեղ այժմ «Դեբատունն» է, հավանեցինք ու սկսվեց գնման պրոցեսը։
Տունը, որը գնեցինք, ժամանակին եղել է «ձկնանոց», բայց ձեւաչափը, որով աշխատել է, մեզ այնքան էլ դուր չէր գալիս։ Տարածքը վերցնելուց հետո որոշ ժամանակով վարձակալության տվեցինք, բայց հասկացանք, որ ամեն մեկն ինքը պետք է սեփական բիզնեսի գլխին լինի։ Այդ ժամանակ ամուսինս վերադարձավ Հայաստան, տեղափոխվեց Լոռի եւ սկսեց ռեստորանի շինարարությունը, ավելի ուշ մենք եւս միացանք նրան։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
«Դեբատուն» անվան ընտրությունը կապված է մեր ընտանիքի՝ հայրենիք վերադառնալու հետ։ Քանի որ ռեստորանը Դեբետում է՝ անունը նաեւ Դեբետն է արտահայտում, բայց ինձ ավելի դուր է գալիս «դեպի տուն» գաղափարը։
Առաջին հյուրերին ընդունել ենք 2022թ. մայիսի 14-ին, այդ օրը պարզապես մեզ մոտ մեծ խնջույք էր։ Սկզբում եւ հյուրեր էինք ընդունում, եւ շինարարական ու դիզայներական աշխատանքներ անում։
Խոհանոցի գլխավոր դերակատարները
Խոհանոցում գլխավոր դերակատարները ծնողներս են։ Մայրս բուժաշխատող է, բայց պատրաստել շատ է սիրում, հայրս մասնագիտական կրթություն չունի, բայց բավական փորձառու է խոհարարության ոլորտում, ամուսինս եւս ուժերն է փորձում, իսկ ես չեմ խառնվում, զբաղվում եմ գովազդով, համացանցի էջի կառավարմամբ, ընդունում եմ զանգեր։ Մյուս աշխատողները հենց Դեբետ գյուղից են։ Նրանց ընտրելով՝ ցանկացել ենք պահպանել եւ հյուրերին փոխանցել Լոռվա համն ու հոտը։ Մարզում կանանց զբաղվածության մասով խնդիր կա, այստեղ ապրող մարդկանց համար մի փոքր դժվար է իրենց կնոջը տեսնել սպասարկման ոլորտում, բայց փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
«Դեբատանը» մատուցվում են ստանդարտ ուտեստներ, որոնք կան բոլոր ռեստորաններում, եւ ուտելի բույսեր, որոնք ընտրել ենք համտեսի միջոցով։ Կանաչեղեն շատ եմ սիրում, Լոռի տեղափոխվելուց հետո սկսեցի ուսումնասիրել այստեղի ուտելի բույսերը եւ երկուսը ներառեցինք մեր ճաշացանկում։ Առաջինը «ոռափափուկն» է կամ «փափկաոռիկը», որի անվանումից լոռեցիներն ամաչում են եւ կարճ են ասում՝ «փափուկ»։ Երկրորդ բույսը «Զիմբելն» է։ Այս երկուսն էլ գինու հետ համադրելիս բավական համեղ ուտեստներ են։ Դրանք հիմնականում հավաքում են դաշտերից, բայց մեր տան տարածքում եւս աճում են։ Այս պահին մեզ մոտ նաեւ մի քանի տեսակի բանջարեղեն է աճում։ Հյուրերին հաճելի է ինքնուրույն լոլիկ, կանաչի հավաքել։ Ունենք նաեւ ձմերուկ, խնձորի, տանձի, պնդուկի, ընկույզի ծառեր եւ հյուրերը կարող են օգտվել բոլորից։
Ռեստորանի համար շատ մթերքներ գնում ենք հարեւաններից, կաթը, մածունը, ռեժանը, հավքիթը շատ ավելի համեղ են այնտեղ, բայց ես նաեւ սիրում եմ ճանապարհ անցնել, գնալ Վանաձորի շուկա եւ այնտեղ գնումներ կատարել։
Գետի ձուկ
Մեր ռեստորանի յուրահատկությունը «գետի ձուկն» է։ Տարածքում ավազաններ ունենք։ Հյուրերը կարող են առանձին ընտրել ձկնորսության ծառայությունը, վերցնել ձկնորսական կարթն ու որսալ ավազանում, անգամ ինքնուրույն պատրաստել խարույկի վրա, որտեղ կան բոլոր հարմարանքները, կամ պատվիրել ավելի վաղ մեր որսած ու սառեցրած ձուկը։
Ավազաններն այստեղ եղել են մինչ մեր տեղափոխվելը, բայց ձկնատեսակները մենք ենք բերել։ Այս պահին ավազաններում ունենք թառափ, իշխան եւ մուրծի, որը Լոռվա ձուկ է համարվում։ Որքանով տեղյակ եմ՝ մուրծիի որսն արգելված է, իսկ մեր ավազանում այս ձկնատեսակն ինքն իրեն սկսել է բազմանալ։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
Հյուրերն ավելի հաճախ անակնկալ կերպով են մեզ մոտ հայտնվում, իսկ գալուց ամրագրելու զանգեր ավելի հաճախ ստանում ենք Վանաձորից եւ Երեւանից։ Տարածքը թթվածնի պակաս չունի, այստեղ հնարավոր է լիարժեք հանգստանալ։ Հյուրերն ափսոսանքով ասում են, որ կուզեին մնալ ու երկար վայելել այդ ամենը։ Զբոսաշրջիկներ են եղել, որ մեծ խմբով եկել եւ վրաններով մնացել են տարածքում։
Ընտանեկան հանգիստ եւ հյուրատուն
Սկզբում ուզում էինք հյուրատուն ունենալ, բայց ծրագրերն այնպես դասավորվեցին, որ նախ ռեստորանը բացեցինք։ Ընթացքում հասկացանք՝ արագացված պրոցեսից էր որ սխալվեցինք, բայց այս պահին աշխատում ենք նաեւ հյուրատան սենյակների վրա։ Խնդիր է երկար ճանապարհ անցնել ու հասնել մի տեղ, որտեղ չկա գիշերակացի հնարավորություն։ Թեպետ, մեր հյուրերից շատերը երեք ժամ ճանապարհ են անցնում մեզ մոտ ձուկ ուտելու համար եւ վերադառնում Երեւան։
Մինչեւ դեկտեմբեր կունենանք գիշերակացի համար երեք սենյակ, որից հետո ռեստորանը կաշխատի բոլոր եղանակներին։ Հիմա ապրում ենք այն տանը, որտեղ հյուրեր ենք ընդունելու։ Կարելի է ասել՝ ապրում ենք շինարարության մեջ, բայց շուտով կտեղափոխվենք այլ տուն, որպեսզի այն տրամադրենք մեր այցելուներին։ Տան կողքին նաեւ երեք հարկանի հյուրատուն է կառուցվում։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
Երկուշաբթիից-հինգշաբթի ռեստորանն աշխատում է առավոտյան 10։00-ից մինչեւ 22։00-ն, իսկ մյուս օրերին՝ մինչեւ 23։00-ն։ «Դեբատունը» հնարավորինս հարմարեցնում ենք ընտանեկան հանգստին, ունենք երեխաների համար նախատեսված անկյուն, որտեղ կարող են ակտիվ ժամանց ունենալ, իսկ խարույկը երեկոյան հետաքրքիր միջոցառումներ անցկացնելու համար է նախատեսված։
«Քաղաքում եւ գյուղում տարբեր իրականություններ են»
Ռեստորանը բացելու առաջին երկու ամսում դժվար էր եղանակային պայմանների, ոլորտին ծանոթ չլինելու պատճառով, բայց աշխատակիցների օգնությամբ կարողացանք մի փոքր ավելի արագ ոտքի կանգնել։ Վերջին շրջանում նույնիսկ մեծաթիվ հյուրերի դեպքում ոչ մի նեղություն չենք ունենում։ Երբ աշխատուժի պակաս է լինում՝ օգնության են գալիս հարեւանությամբ ապրող աղջիկները։ Այս առումով էլ գյուղը շատ հարմար է, Երեւանն այս «իզյումինկան» չունի։
Զարմացած եմ, թե ինչպես որոշում կայացրեցինք տեղափոխվել։ Միշտ հարմարավետության սիրահար եմ եղել, այստեղ կոմֆորտն այն է, որ բնության մեջ եմ, ծնողներս, ամուսին ու բալիկս ինձ հետ են, բայց ամեն դեպքում դա այն չէ, ինչին միշտ ձգտել եմ։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
Չգիտեմ, թե վաղը որտեղ կլինենք, ինչ կլինի մեզ հետ, բայց Լոռին այնքան եմ սիրել, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ թողել ու վերադառնալ Երեւան։ Լոռվա կանաչն ուրիշ է, իզուր չէ, որ այն նմանեցնում են Շվեյցարիային։ Քաղաքում եւ գյուղում տարբեր իրականություններ են, երբ առավոտյան դույլով հավկիթ ես վերցնում հարեւանից, այնպիսի էներգիա է փոխանցվում, որ Երեւանի կենտրոնի սրճարանում հարյուր հատ կապուչինո խմել արժե։
Լուսանկարը՝ «Դեբատուն»
Դեբետ տեղափոխվելուց հետո ամեն ամիս զգում եմ, որ գյուղում շարժն ակտիվանում է, հյուրատներ, սրճարաններ են բացվում եւ նկատում եմ, որ դեպի Լոռի հետաքրքրությունն աճում է։
Մեր նպատակը գյուղում ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ մշակութային, ինտելեկտուալ աճ ապահովելն է։ Շուտով կինոդիտումներ ենք կազմակերպելու երեխաների համար, որոնք Վանաձոր կամ Երեւան հասնելու հնարավորություն չունեն։ Առաջիկայում դիտումներ կունենանք նաեւ մեծերի համար։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: