АМ ռեստորանների հիմնադիր, շեֆ խոհարար եւ հեռուստահաղորդավար Արամ Մնացականովը «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» «Ռեստորանային սպասարկում. ինչպես երջանկացնել մերօրյա հյուրին» թեմայով վարպետության դաս է անցկացրել։
«Երեմյան Փրոջեքթսի» հրավերով Հայաստան ժամանած Արամ Մնացականովը մասնակիցների հետ կիսվել է իր փորձառությամբ, ներկայացրել ժամանակակից ռեստորանային ոլորտի առանձնահատկությունները, խոսել սպասարկման նոր պահանջների եւ նրբությունների մասին։
«Ժամանակակից ռեստորանը նման է երգչախմբի, եւ մենք իրավունք չունենք երգել չիմանալ»,- ասել է Արամ Մնացականովը՝ ռեստորանի աշխատանքը համեմատելով երգչախմբի հետ:
Արամ Մնացականովը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա ամեն մանրուք տվյալ ռեստորանի մասին, որպեսզի կարողանա պատասխանել հյուրերի հարցերին, շփվել նրանց հետ այնպես, ինչպես կշփվեր իր տան հյուրի հետ։ Ռեստորանի աշխատանքն այլեւս գալ-սնվել-վճարել-հեռանալ շղթայով չի գործում։ Հյուրը պետք է երջանիկ զգա ռեստորան մտնելիս եւ այնտեղից հեռանալիս», - պատմել է շեֆ խոհարարը:
«Երեմյան Ակադեմիայի» «Ռեստորանային մենեջմենթ դասընթացի» դասախոս Վանիկ Գաբրիելյանի խոսքով ռեստորանային ոլորտում մասնագիտական կրթությունը շատ կարեւոր է.
««Երեմյան Փրոջեքթսն» իր ավելի քան տասնհինգամյա գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է բարձրակարգ սպասարկումն ու ռեստորանում ջերմ ու ընտանեկան մթնոլորտ ապահովելը։ Տարիներ շարունակ մենք աշխատել ենք նպաստել ոչ միայն Հայաստանում խոհարարության եւ խոհարարի մասնագիտության դերի բարձրացմանը, այլեւ սպասարկման ոլորտի մասնագետների կրթությանն ու հասարակությունում կարծրացած ընկալումների փոփոխմանը։ Հենց դրան է ուղղված եղել «Երեմյան Ակադեմիայի» հիմնումը, եւ այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ շնորհիվ ընկերության եւ Ակադեմիայի ներդրած մոտեցումների, ոլորտում դրական փոփոխություններ կան, ռեստորանային ոլորտում մասնագիտական կրթությունն արդեն մեծ նշանակություն ունի»։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Ըստ Արամ Մնացականովի՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու գրավչությունն ավելանում է նաեւ այնպիսի կրթական կառույցներով, ինչպիսին «Երեմյան Ակադեմիան է, որի կրթությունը հնարավորություն է տալիս ոլորտում ունենալ համեղ խոհանոց, բարձրակարգ սպասարկում եւ որակավորված մասնագետներ:
«Շնորհակալ եմ «Երեմյան Պրոֆեսորին» եւ «Երեմյան Ակադեմիային» հրավերի համար։ Նման կառույցները մեծ նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար, եւ այսպիսի կենտրոններ բացելը շատ մեծ ու կարեւոր քայլ է։ Իհարկե, մեծ ռեսուրսներ է պահանջում կրթական ակադեմիա գործարկելը, բայց այն արդյունքը, որը ստացվում է, ամբողջությամբ արդարացնում է ցանկացած ներդրում։ Ես հինգ տարի առաջ էի Հայաստանում, եւ այսօր արդեն, միանշանակ, տեսնում եմ դրական փոփոխություններ, թե՛ ընդհանուր ոլորտի զարգացման եւ թե՛ ռեստորանային ոլորտի մասնագիտական կրթության մեջ», - փաստել է Արամ Մնացականովը:
«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանն, իր հերթին, հավելել է.
«Որքան էլ համեղ լինի տվյալ ռեստորանի խոհանոցը, միեւնույն է, սպասարկումը մեծ նշանակություն ունի հյուրի համար։ Ռեստորանում ամեն բան պետք է միմյանց փոխլրացնող լինի, եւ հյուրը պետք է տեսնի համեղ խոհանոց, բարձրակարգ սպասարկում ու ջերմ մթնոլորտ։ «Երեմյան Ակադեմիան» էլ իր կրթական ծրագրերով այս բոլոր օղակների համար տալիս է համապատասխան կրթությունն ու հմտությունները»։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Վարպետության դասին մասնակցում էին ռեստորանային, սպասարկման ոլորտների սկսնակ եւ փորձառու մասնագետներ, որոնց համար այս հանդիպումը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաեւ փորձի փոխանակման եզակի հնարավորություն էր։ Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան ձեւաչափով քննարկում։
Հարցին, թե ինչն է երջանկացնում ժամանակակից հյուրին, Արամ Մնացականովը պատասխանել է. «Ժամանակակից հյուրը երջանիկ է այն ժամանակ, երբ երջանիկ ես ինքդ ու սիրով ես անում աշխատանքդ»։
***
Արամ Մնացականովը ռեստորանային ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունի, հաջողությամբ կյանքի է կոչել բազմաթիվ ռեստորանային նախագծեր, մի շարք մասնագիտական, խոհարարության եւ ճանապարհորդության մասին գրքերի հեղինակ է, արժանացել է ոլորտի հեղինակավոր մրցանակների։ Իտալական մշակույթի տարածման գործում ներդրած ավանդի համար 2007 թվականին նրան շնորհվել է Իտալիայի Հանրապետության ասպետական շքանշան (Ordine al Merito della Repubblica Italiana)։
Հիմա Արամ Մնացականովը ղեկավարում է 11 ռեստորան տարբեր երկրներում՝ լեգենդար Probka-ից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) մինչեւ իտալա-լիբանանյան, ժամանակակից ու եզակի MINA նախագիծը եւ Բեռլինում հայտնի MINE ռեստորանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: