Ճարտարագետի մասնագիտությունն ընտրած, բայց այդ ուղղությամբ երբեք չաշխատած հնդկուհի Լոբհնան երեք տարի առաջ Հայաստանում գտավ իր հարցի պատասխանը՝ ինչ է ուզում անել: Այս ընթացքում գինեգործության մեջ բավականին հմտացած աղջիկը ոչ միայն սեփական գինին հասցրեց արտադրել, այլեւ խաղողի սեփական այգին ունենալ:
Լոբհնա Ահալեն GastroVino-ի հետ զրույցում պատմել է գինեգործության մեջ հայտնվելու, հեղինակային գինին արտադրելու, Հայաստանում հող գնելու եւ Հնդկաստանում գինու նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Երբեմն լավ է թույլ տալ, որ տիեզերքը որոշի քո փոխարեն»
Լոբհնան ծնվել է Հնդկաստանում՝ ինժեներների ընտանիքում, որը երբեք որեւէ առնչություն չի ունեցել գինեգործության հետ:
Լոբհնա Ալահեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ճարտարագետի մասնագիտությունն ընտրել եմ ծնողներիս ուղղորդմամբ, բայց այդ բնագավառում գրեթե չեմ աշխատել: Աշխատանքային գործունեությունս եղել է մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտում, որտեղ աշխատել եմ շուրջ 13 տարի, որից 6 տարին՝ Մերձավոր Արեւելքում նավթի եւ գազի բնագավառում աշխատանքի ընդունվող մարդկանց հետ: Իրականում չէի հասկանում, թե ինչ եմ ուզում անել, հոգնել էի կորպորատիվ աշխատանքից եւ որոշեցի ընդմիջել: Ուզում էի նոր բան սովորել, բայց նախընտրած ոչինչ չկար։ Հենց այդ ժամանակ էր, որ եկա Վրաստան, գինեգործության դասընթացների մասնակցեցի, իսկ արդեն այնտեղ իմացա Երեւանի EVN գինու ակադեմիայի մասին եւ որոշեցի գալ Հայաստան։ Այսպես հայտնվեցի գինեգործության մեջ, որն ինձ համար պարզապես հավատքի թռիչք էր: Հիմա մտածում եմ, գուցե երբեմն լավ է թույլ տալ, որ տիեզերքը որոշի քո փոխարեն, իսկ դու պարզապես գնաս այդ հոսքի հետեւից:»,- պատմում է Լոբհնան:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Նա ասում է՝ գինու ակադեմիայում դասընթացներին ինտեգրումը հեշտ է ստացվել, քանի որ դրանք անգլերեն լեզվով էին, իսկ դասընկերների հետ կապը միայն առաջին շաբաթների ընթացքում է դժվար եղել:
«Եթե ինչ-որ տեղ էինք գնում, որտեղ միայն հայերեն էին խոսում, դասընկերներս չէին զլանում, անպայման թարգմանում էին ինձ համար, երեւի սա էլ օգնեց, որ ավելի ընկերանանք եւ կապվենք: Դասընթացներից դուրս՝ առօրյայում, կենցաղում լեզվի հետ կապված դժվարություններ ունեցել եմ միայն առաջին տարին, բայց մարդիկ ինձ միշտ օգնում էին: Եթե իմ անգլերենը չէին հասկանում, սկսում էի ձեռքերով խոսել, ցույց տալ ինչ եմ ուզում, խանութում էլ գումարի հետ կապված հարցերը ցույց էի տալիս հաշվիչի վրա: Բայց դա միայն առաջին տարին էր, հետո սկսեցի ավելի դանդաղ անգլերեն խոսել, որ ինձ ավելի հեշտ ընկալեն։ Հիմա հայոց լեզվի դասընթացների եմ գնում, ահագին բան եմ սովորել եւ սկսել եմ հասկանալ, դեռ խոսել լավ չեմ կարողանում, բայց շուտով դա էլ կլինի»,- վստահեցնում է Լոբհնան ու սկսում պատմել, թե որքան շատ է սիրում Երեւանը:
Լոբհնա Ալահեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ես իսկապես ուզում էի ապրել Երեւանի պես քաղաքում, որտեղ կյանքն այնքան արագ չէ, որքան Նյու Յորքում կամ Մելբուռնում: Այստեղ ես մենակ եմ ապրում, ինձ քիչ մարդ է ճանաչում, բայց ես ինձ իսկապես լավ եմ զգում: Ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ Երեւանը, ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս զբոսանքի, զգում եմ, որ քաղաքում ինչ-որ նոր բան կա։ Երեւանն իսկապես գեղեցիկ է»,- ասում է գինեգործը:
«Ուրախ եմ, որ գինեգործության համար Հայաստանն եմ ընտել»
«Օտար լեզվով խոսացող արտադրող լինելն առաջին մարտահրավերն էր ինձ համար Հայաստանում, բայց եթե համեմատենք եվրոպական մյուս երկրների հետ՝ ապա հայերը շատ բաց են եւ ընդունեցին ու աջակցեին ինձ ընտանիքի նման։ Ուրախ եմ, որ գինեգործության համար Հայաստանն եմ ընտրել»,- անկեղծանում է Լոբհնան։
Նրա խոսքով՝ մինչեւ EVN-ում իր պրակտիկան, դեռեւս հստակ կողմնորոշված չի եղել՝ ինչ է պատրաստվում անել, օրինակ՝ աշխատե՞լ հայկական գինեգործարաններից որեւէ մեկում, թե՞ սկսել սեփական արտադրանքը: Բայց ի վերջո կանգ է առել այն որոշման վրա, որ պետք է սեփական ապրանքանիշի գինին արտադրել, ավելին՝ նաեւ խաղողի սեփական այգին ունենալ։
Լոբհնա Ալահեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինքս ավելի շատ կարմիր գինու սիրահար եմ: Մի քիչ բծախնդիր եմ սպիտակի եւ վարդագույնի նկատմամբ, հենց այդ պատճառով էլ առաջին գինու արտադրության համար որոշեցի փորձությունների չգնալ, ընտրեցի Արենիից պատրաստվող կարմիր դասական գինին։ Որպես արտադրող ուզում էի ավելի անվտանգ քայլ անեի շուկայում, եւ քանի որ Արենին արդեն բավականաչափ ուսումնասիրված է, ընտրեցի հենց այն»,- ասում է գինեգործը:
Առաջին գինու արտադրության համար Լոբհնան խաղողը ձեռք է բերել Վայոց ձորից, իսկ այնուհետեւ որոշել՝ հետագա արտադրանքի համար անհրաժեշտ բերքը պետք է ստանա սեփական այգու խաղողից եւ փոքրիկ հողակտոր է գնել Աղավնաձորում:
«Գինին սկսում է խաղողից, դու չես կարողանա ամբողջությամբ հասկանալ քո գինին, եթե ամբողջ տարին չես հետեւում այգու բերքին։ Բացի դա՝ սեփական այգի ունենալու դեպքում կարողանում ես անցած տարիների հետ զուգահեռներ անցկացնել, բերքի ամբողջ ներուժը հասկանալ։ Յուրաքանչյուր տարի այգին լրիվ ուրիշ բերք է տալիս, գինին էլ է ուրիշ լինում։ Պետք չէ սպասել, որ ամեն տարի նույն ուժգնությամբ կամ նույն թեթեւության կլինի գինին: Կարկուտը, անձրեւը, հողը, մշակումը, մարդիկ ամեն ինչ ազդում է գինու վրա, նույնիսկ բերքահավաքի օրը կարող է ազդել։ Իհարկե, յուրաքանչյուր արտադրող մաքսիմալն է անում ոճը պահելու համար, բայց դրանով հանդերձ հնարավոր չէ մշտապես 100 տոկոսանոց նույն արտադրանքը ստանալ։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Մենք պահում ենք դասական Արենին՝ իր մրգային երանգներով, բայց ամեն տարի այն փոխվելու, իսկ գինեսերները դա նկատում ու հասկանում են: Դրա համար առաջնահերթ եմ համարում խաղողի այգին։ Գինեգործարանը, սարքավորումները հնարավոր է վարձակալել, սրանք այն առաջնահերթը չեն գինին ստանալու համար, սկիզբը քո խաղողը ճանաչելն է: Ես նաեւ հավատում եմ, որ ինչքան էներգիա տալիս ես հողին, այդ էներգիան հետ ես ստանում», - պատմում է նա:
Yog գինին
Լոբհնան իր ապրանքանիշի համար Yog անունն է ընտրել, որով ուզում է արտացոլել իր անհատականությունը: «Յոգը սանսկրիտով (հին հնդկական լեզու) բառ է, որը նաեւ նշանակում է հոգեւոր ճամփորդություն: Ուզում էի ապրանքանիշի անունն ու պիտակը արտացոլեն ե՛ւ իմ ինքնությունը, ե՛ւ այն հոգեւոր ճամփորդությունը, որն անցել եմ Հնդկաստանից Հայաստան։ Պիտակի միջոցով փորձել եմ նաեւ ներկայացնել հայերի եւ հնդիկների պատմությունը, ուստի այստեղ շատ են խորհրդանիշները: Աստղը խորհրդանշում է լուսավորության՝ հոգեւոր ճամփորդության սկիզբը, երեք կետերն էներգիայի կենտրոնացումն է: Օձը խորհրդանշում է փոխակերպումը, քանի որ այն ամեն տարի թողնում է իր մաշկը, այնուհետեւ հայտնվում է նոր մաշկի մեջ: Արեւն ու լուսինը արական եւ իգական կողմն են ներկայացնում, իսկ լոտոսը խոսում է խաղաղ լինելու մասին»:
Լոբհնա Ալահեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լոբհնան ասում է՝ չնայած 14% ալկոհոլին՝ Yog-ն իր տեսակով թեթեւ գինի է, որը կարող են վայելել ինչպես մենակ, այնպես էլ հավաքույթների ժամանակ.
«Տեխնոլոգիական առումով ցանկացել եմ, որ Արենին դրսեւորի իր ողջ ներուժը եւ մարդիկ ըմպելիս կարողանան տարանջատել, թե որոնք են Արենիի բույրերը։ Արենին արդեն վաղուց միջազգային ճանաչում ունի, լավ հետազոտված է, բայց կարծում եմ, խաղողի այս սորտը շատ խորը շերտեր ունի, որոնք կարելի է բացահայտել գինեգործության տարբեր տեխնոլոգիաներում»:
Yog գինիներն այս պահին ներկայացված են In Vino, Decant գինու մասնագիտացված խանութ-ակումբներում, ինչպես նաեւ մի քանի ռեստորաններում։
«Չեմ ուզում կենտրոնանալ միայն մեկ մարզի վրա»
«Ես սիրում եմ գինին, բայց ավելի շատ սիրում եմ հողը, որտեղից այն գալիս է։ Չեմ ուզում կենտրոնանալ միայն մեկ մարզի վրա, մտադիր եմ հողակտորներ ձեռք բերել մյուս մարզերում եւս, որ ավելի շատ փորձեր կարողանամ անել: Ուզում եմ բացահայտել տարբեր մարզերի տարբեր խաղողներ։ Հենց դրա համար էլ չեմ սահմանափակվելու միայն Աղավնաձորում ձեռք բերածս հողատարածքով»,- նշում է Yog-ի գինեգործը:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
«Իմ նպատակն է ոչ թե մեծ ծավալների արտադրող դառնալ, այլ արտադրել փոքր քանակությամբ, բայց բարձրորակ գինի։ Ուստի ուզում եմ ոչ միայն լավ որակի գինի արտադրել, այլեւ իմ ներդրումն ունենալ հայկական գինու հետազոտության մեջ»,- ասում է Լոբհնան եւ ավելացնում, որ պատրաստվում է հաջորդ տարի Խնդողնիից ռեզերվ գինի ներկայացնել։
Հնդկաստանը եւ գինին
Լոբհնայի խոսքով՝վերջին տարիներին Հնդկաստանում մարդիկ սկսել են ավելի շատ գինի խմել, բայց այս խմիչքի մասին դեռ փոքր-ինչ կարծրատիպային մտածողություն կա իր երկրում: «Այնտեղ կարծում են, թե գինին կնոջ համար նախատեսված կամ թանկարժեք խմիչք է: Միջին սպառողը կամ միջին խավը այդքան էլ չի խմում գինի: Այն ավելի հաճախ համարվում է բարձրակարգ կամ հատուկ առիթների համար նախատեսված խմիչք: Բայց կարծում այս մտածելակերպը կարելի է փոխել գովազդի եւ այլ երկրների հետ համագործակցության միջոցով, ինչի համար ժամանակ է պահանջվում», - նշում է նա:
Լոբհնա Ալահեն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հնդիկները սիրում են ալկոհոլ։ Մեզ մոտ շատ են արեւադարձային մրգերից պատրաստված ոգելից ըմպելիքները, ինչպես նաեւ գարեջուրը, վիսկին, օղին եւ ջինը։ Վերջին 10 տարիներին սկսել է նաեւ գինու արտադրության մշակույթ ձեւավորվել: Ունենք մի քանի գինի արտադրող Հնդկաստանում: Արենիի նման էնդեմիկ տեսակի խաղող չունենք, բայց լավ կլիմա ունենք, որը հարմար է արեւմտյան սորտերի համար, ինչպիսիք են Կաբերնեն կամ Շարդոնեն»,- ասում է նա:
Լոբհնան ցանկանում է իր գինին եւս ներկայացնել Հնդկաստանում, բայց ասում է, որ այնտեղի շուկան հսկայական է եւ մեծամասամբ հիմնված է ծավալի վրա, իսկ իր արտադրանքը արտահանման ծավալների չի հասնում. «Փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող եմ սննդի ցուցահանդեսների կամ այլ դիստրիբյուտորների միջոցով ներկայացնել Yog-ը Հնդկաստանում»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Yog Wines-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: