Արդեն մի քանի տարի է «Distant Plateaus of Wine Foundation» հիմնադրամը հայ երիտասարդ գինեգործներին եւ խաղողագործներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու փորձ եւ զարգացնելու մասնագիտական հմտությունները՝ աշխատելով Ավստրալիայի գինեգործարաններում ու խաղողի այգիներում։
Ծրագրի գաղափարի եւ հայեցակարգի մասին GastoVino-ն զրուցել է «Distant Plateaus of Wine»-ի հիմնադիր, «YFN Highlands» ՍՊԸ գլխավոր տնօրեն, ավստրալացի Սայմոն Էփլբիի հետ։
Արագ զարգացող ոլորտը
Առաջին անգամ ընկերներիցս մեկի հրավերով Հայաստան եկա 2015 թվականին՝ ուսումնասիրելու, թե ինչ է կատարվում Հայաստանում գյուղատնտեսության, հյուրընկալության, զբոսաշրջության ոլորտներում։ Այդ ժամանակ որոշակի խորհրդատվական գործունեություն ծավալեցինք Հայաստանում, սակայն ես ավելի շատ հետաքրքրված էի Կովկասի երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմամբ, ուստի ճանապարհներ էի փնտրում դա անելու համար։
Սայմոն Էփլբին | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Ուշադրությունս գրավեց մի ոլորտ, որը շատ արագ զարգանում էր Հայաստանում՝ գինեգործությունը։ Այս ոլորտի մասնագետների պատրաստման առումով Հայաստանի Ագրարային համալսարանը եւ EVN Գինու ակադեմիան հրաշալի աշխատանք են տանում, ուստի մարդկային ռեսուրսների հարթակը լավ է ձեւավորվում։ Այդուհանդերձ, այս ոլորտի մարդկանց մեծամասնությունը միայն երկրի ներսում է աշխատել եւ չունի աշխատանքային փորձ արտերկրի տնտեսություններում։ Այս բացը լրացնող ծրագրի մշակման համար ես սկսեցի դիտարկել իմ հայրենի երկրի՝ Ավստրալիայի օրինակը:
Գինեգործության զարգացման Օրանժի փորձը
Ավստրալիայում գինեգործական արդյունաբերության արմատական ընդլայնումը սկսվեց 1970-ականներից։ Տեղական ռեսուրսի կարողությունների զարգացման համար համալսարաններ ու քոլեջներ էին պետք, բայց դրան զուգահեռ երիտասարդ գինեգործների ու խաղողագործների համար շատ օգտակար դարձավ արտերկրում սեզոնին աշխատելը։ Քանի որ մենք գտնվում ենք Հարավային կիսագնդում, եւ Հյուսիսային կիսագնդում սեզոնը 6 ամիս տարբեր է, հնարավոր էր տեղափոխվել ու աշխատել եվրոպական երկրներից մեկում գործող մի տնտեսություն՝ առանց մեծապես խաթարելու հայրենի ձեռնարկության գործունեությունը: Սա շատ մեծ տարածում ստացավ Ավստրալիայում 80-ականների սկզբից եւ մինչ օրս էլ արդիական է։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Սկսեցի դիտարկել, թե ինչպես կարող ենք այս մոդելը տեղայնացնել հայկական իրականությունում։ Քանի որ հայ գինեգործների համար Հարավային կիսագնդի գինեգործարանների հետ աշխատելը շատ հարմար է սեզոնի տարբերության բերումով, սկսեցի ռազմավարություններ գտնել՝ օգնելու նրանց Ավստրալիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցում:
Վահե Քեուշգուերյանը եև Սայմոն Էփլբին | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Ծրագրի կայունության ու շարունակական համագործակցությունների համար ճիշտ էր ընտրել Հայաստանի չափանիշներին համապատասխանող տնտեսություն, ուստի որոշեցի համագործակցություն սկսել Ավստրալիայի Օրանժ քաղաքի հետ։ Այստեղ գինեգործությունը մեծ աճ է գրանցել վերջին 20 տարիների ընթացքում՝ ճանաչում ստանալով որպես բարձրադիր տեղանքի գինու արտադրման առաջատար տարածաշրջան։ Սա ավելի փոքր տնտեսություն է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, ուստի այս իմաստով բավականին մոտ է Հայաստանին։
Համագործակցային կապերի հաստատում
Ծրագիրը սկսելու համար հիմնադրեցի «Distant Plateaus of Wine» հիմնադրամը։ Մոտ չորս տարի առաջ ես եւ հայ գինեգործ Վահե Քեուշգուերյանը գնացինք Օրանժ՝ տեղական ինքնակառավարման մարմնի եւ Գինեգործների ասոցիացիայի հետ հանդիպումներ ունենալու համար՝ փորձելով ավելի լավ ճանաչել իրենց ու զուգահեռաբար ներկայացնել մեզ։ Մենք այցելել ենք տասնյակ գինեգործարաններ՝ ծանոթանալով տեղի գինու արտադրությանը եւ զուգահեռաբար պատմելով հայկական գինու մասին։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Այնտեղ ունեցել ենք նաեւ գինու համտես, որը շատ հաջող ընթացավ, քանի որ ավստրալացի գինեգործները հաճելիորեն զարմացած էին հայկական գինու բարձր ստանդարտներով։ Նրանք համաձայնեցին ընդունել Հայաստանից գինեգործների՝ աշխատելու իրենց գործարաններում։
Ծրագրի առաջնեկը՝ մարտահրավերային
Ծրագրի առաջին մասնակիցը Անդրանիկ Մանվելյանն էր «Կատարո» գինեգործարանից։ Այցը մի փոքր ավելի բարդ ընթացավ, քան մենք ենթադրում էինք, քանի որ այդ ժամանակահատվածում Ավստրալիայի արեւելյան շրջաններում զանգվածային հրդեհներ սկսվեցին։ Թեեւ Օրանժը հրդեհներից չէր տուժել, սակայն այլ շրջաններից ծուխը քամին բերել էր տարածաշրջան, ինչն էլ որոշակի բացասական հետեւանքներ էր թողել գինու համի վրա։ Նաեւ երաշտ էր եղել, ուստի բերքատվությունը համեմատաբար ցածր էր։
Սայմոն Էփլբին | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այդուհանդերձ, նրա գործատուները շատ լավ հոգ են տարել իր մասին, նաեւ որոշ ուղեւորություններ են կազմակերպել Օրանժից դուրս՝ զարգացնելու նրա մասնագիտական որակները։ Հետո վրա հասավ Covid-19-ը ու Անդրանիկը, հավանաբար, վերջին ինքնաթիռով հասցրեց վերադառնալ Հայաստան մինչեւ սահմանների փակվելը։ Նման մեկնարկը մեր փոքրիկ հիմնադրամի համար բավականին մարտահրավերային էր։
Ակտիվ փուլի մեկնարկը
Համավարակի մեղմացման հետ, երբ համեմատաբար ավելի հեշտ դարձավ մեկնել Ավստրալիա, ծրագիրը շարունակում է ակտիվ գործել։ Գալիք սեզոնին հինգ մասնակից ունենք՝ մեկ խաղողագործ եւ չորս գինեգործ, որոնք աշխատելու են տարբեր գինեգործարաններում։
Մասնակիցների ընտրության համար հայտարարություններ ենք տալիս եւ քանի որ ոլորտը փոքր է, գրեթե բոլորը գիտեն այս հնարավորության մասին։ Այս տարվա բոլոր դիմորդների համար էլ կարողացել ենք աշխատանք գտնել։ Ընտրությունը կատարում ենք CV-ի, գործատուների կարծիքների եւ դիմորդների հետ հարցազրույցների հիման վրա։ Բացի այդ, շատերին ինքս էլ արդեն ճանաչում եմ։
Նպատակ ունենք յուրաքանչյուր տարի մինչեւ 10-12 մասնակցի ընձեռել այս հնարավորությունը։ Տասը տարվա կտրվածքով մենք կունենանք 100 մասնագետներ, որոնք Ավստրալիայում հիմնավոր փորձառություն են ձեռք բերել։ Հույս ունենք հասնել նրան, որ ապագայում կարողանանք Ավստրալիայից գինեգործների եւս ընդունել՝ Հայաստանի գինեգործարաններում խորհրդատվություն տրամադրելու համար։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկն այն է, որ մասնակիցը աշխատանքի դիմաց բավականին լավ վարձատրվում է, ուստի կարողանում է ինչպես իր բնակության ծախսերը հոգալ, այնպես էլ լրացուցիչ վաստակով վերադառնալ Հայաստան։
Հիմնական խնդիրը գործատուի հետ 3-6 ամիս բացակայելու պայմանավորվածության հասնելն է։
Աշխատանքի ճիշտ կազմակերպման դերը
Ավստրալիայի եւ Հայաստանի հիմնական տարբերություններից մեկը աշխատուժի բարձր արդյունավետությունն ու ավելի թանկ լինելն է։ Այդ պատճառով գինեգործարանները ավելի լավ են կազմակերպված, հագեցած են նորարարական տեխնոլոգիաներով, որպեսզի կարողանան գործել հնարավորինս քիչ աշխատուժ ներգրավելով։
Հայաստանի պարագայում, անգամ եթե գործազրկության բարձր մակարդակ կա, միեւնույն է, գինեգործարանների համար շատ դժվար է համապատասխան աշխատակիցների գտնել, ուստի շատ կարեւոր է աշխատանքների ճիշտ կազմակերպումը եւ գործընթացների ավտոմատացումը։
Սայմոն Էփլբին | Լուսանկարը՝ Սայմոն Էփլբին
Ես շատ եմ ճամփորդել Հայաստանով նախորդ 7 տարիների ընթացքում եւ կարող եմ ասել, որ բավականին հարմար հողատարածքներ կան խաղողի աճեցման համար։ Խնդիրը ջրի պակասն է, իսկ ավելի ճիշտ, ջրի իռացիոնալ օգտագործումը: Ճնշող մեծամասնությամբ կատարվում է մակերեսային ոռոգում, որի պարագայում ջրի երկու երրորդի կորուստ է լինում։ Առկա ջրային ռեսուրսի ռացիոնալ օգտագործումը թույլ կտա գինու արտադրության ծավալների զգալի ընդլայնում։
Գայանե Ենոքյան
Հարցազրույցն արվել է Decant Wine Shop-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: