×

Արթուր Շահնազարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ

Արթուր Շահնազարյան․Երազում բաղադրատոմսեր տեսնող շեֆ-խոհարարը

Շեֆ-խոհարար Արթուր Շահնազարյանը Ռուսաստանում հայկական խոհանոցի գլխավոր «դեսպաններից» է։ Եկատերինբուրգում բնակվող 29-ամյա խոհարարը 19 տարեկանում դարձել է «Եվրասիա» գաստրոնոմիկ մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակիրը, 2021 թվականին հաղթել է Կոնստանտին Իվլեւի «Երիտասարդ դանակներ» շոույում։

GastroVino-ի հետ զրույցում Արթուր Շահնազարյանը պատմել է վերջերս մեկնարկած օնլայն դասընթացի, հայկական խոհանոցը սիրելու եւ անվերջ գիտելիք պահանջող մասնագիտության մասին։

Խոհարար՝ 15 տարեկանից

Խոհարարությունից բացի ուրիշ ոչնչով չեմ զբաղվել, սկսել եմ սովորել 15 տարեկանից, այն իմ առաջին եւ դեռեւս միակ մասնագիտությունն է։ Կարիերայիս սկզբում շատ էի պատրաստում 90-ականների բնորոշ ուտեստներ, օրինակ՝ տապակա սնկով, մսով եւ սոխով, բայց հիմա կարծում եմ, որ դա այնքան էլ լուրջ չէր։

Որպես այդպիսին՝ ուսուցիչ կամ մենտոր չեմ ունեցել, բայց յուրաքանչյուր շեֆ խոհարարի հետ աշխատելիս նոր գիտելիք եմ ստացել: Տարիների ընթացքում վերապատրաստումների եմ գնացել, ուսուցում անցել տարբեր ռեստորաններում։ Գիտելիքները, որ ստացել եմ, համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը։ Խոհարարության ոլորտում սա ամենակարեւորն է, մնացած բոլոր հաջողությունները կարելի է համարել այդ գիտելիքների արդյունքը։

Լավ խոհարարը չպետք է դադարի սովորել՝ անկախ իր կարգավիճակից, անցած ճանապարհից՝ սա է լավ եւ վատ խոհարարների հիմնական տարբերությունը։

«Խոհարարական դասընթացներ Արթուր Շահնազարյանից»

Այժմ խոհարարական օնլայն տեսադասեր եմ անցկացնում, որոնք մեկնարկել են 2021թ. մարտից։ Օնլայն կուրսի միջոցով կարող են կրթություն ստանալ ինչպես սկսնակ, այնպես էլ պրոֆեսիոնալ խոհարարները։ Դասընթացում ներառված ուտեստներն այնպես ենք ընտրել, որ բոլոր մասնակիցները դրանցից նոր գիտելիքներ ստանան։

Արթուր Շահնազարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Օնլայն կուրսերը, ի տարբերություն մյուսների, հնարավորություն են տալիս խոհարարություն սովորել առանց հատուկ տեխնիկայի եւ ձեր ուզած վայրից։ Խոհարարական դասընթացում հաշվի են առնվել դասընթացի ուտեստները պատրաստելու բոլոր նրբությունները։

Դասընթացի մասնակիցները վճարում են որոշակի գումար, ստանում 9 բաղադրատոմս եւ զրուցարանում (չաթ) ինձ հետ օնլայն շփվելու, դասընթացի եւ բաղադրատոմսերի վերաբերյալ հարցեր ուղղելու հնարավորություն։

Եթե խոհարարության օֆլայն դասընթացների ժամանակ մասնակիցները պատրաստում են շեֆ խոհարարի հետ, ապա այս դեպքում կուրսը գրքի տեսքով է եւ մասնակիցը վիդեոդասերով կարող է սովորել ուտեստների պատրաստման տեխնոլոգիաներն ու նրբությունները։

Արթուր Շահնազարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Ուսուցման համար ընտրել եմ ոչ սովորական եւ ոչ միապաղաղ ուտեստներ, ամեն բաղադրատոմս ունի իր յուրահատկությունն ու համը, որոշ դեպքերում արտահայտում է նաեւ հայկական ուտեստների բնավորությունը։

Նոր բաղադրատոմսեր

Instagram-ի հետեւորդներիս հետ հաճախ եմ կիսվում նոր բաղադրատոմսերով, դրանք ստեղծվում են շատ անսպասելի եւ շատ տարբեր եղանակներով։ Կարող եմ խանութում գեղեցիկ ափսե տեսնել եւ պատկերացնել, թե որեւէ աղանդեր որքան գեղեցիկ կդիտվեր դրա մեջ, քայլել շուկայում, որեւէ մթերք, նոր խոտաբույսեր, մրգեր տեսնել եւ գլխումս նոր համադրություններ «արթնանան»։ Նման դեպքերում գնում եմ եւ փորձում պատրաստել, համադրել։ Երբեմն, անգամ երազներ եմ տեսնում բաղադրատոմսերի մասին, արթնանում եմ եւ սկսում կյանքի կոչել։

Սիրելի խոհանոցը

Առաջին տեղում ինձ համար հայկական խոհանոցն է եւ այն ամենը, ինչ կապված է մեր ազգային ուտեստների հետ։ Հայկական խոհանոցը սիրում եմ մինչեւ «ոսկորներս»։ Կարծում եմ՝ հայկական խոհանոցը մարմնավորում են հացն ու կանաչին, որոնք հրաշալի ցույց են տալիս հայերի հյուրընկալությունը։
Ինձ նաեւ դուր են գալիս իտալական եւ ֆրանսիական խոհանոցները։

Արթուր Շահնազարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Խոհարարները, սովորաբար, անկանոն են սնվում, բայց ես նաեւ մարզվում եմ, փորձում եմ ճիշտ սնվել, բայց միշտ չէ, որ ստացվում է։ Առավոտյան լավ նախաճաշում եմ, իսկ օրվա մեծ մասն անցկացնում եմ խոհանոցում եւ ստիպված եմ լինում շատ ուտելիքներ համտեսել, բայց ամեն ամենից շատ սիրում եմ միս եւ խմոր: Երբեք չեմ կարողանում հրաժարվել այս երկուսից, բայց ամենից շատ ես սիրում եմ մայրիկիս պատրաստած ուտեստները։

Նորայր Բեգլարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին