×

Լիլիթ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Lilit’s Ice Roll. Թայլանդական պաղպաղակների երեւանյան փոքրիկ սրճարանը

Մոսկովյան 4/1 հասցեում անցորդների ուշադրությունը գրավում է անսովոր «կտկտոցը»: Ձայնը գալիս է Lilit’s Ice Roll-ի տաղավարից, որտեղ թայլանդական պաղպաղակներ են պատրաստում: Հետաքրքրասեր անցորդներին տաղավարում ներկայացնում են, որ ձայները տեղում պատրաստվող պաղպաղակի համար նախատեսված գործիքներից են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պաղպաղակի պատրաստման եղանակն այնքան հետաքրքիր եւ անսովոր է, որ գրավում է շատերին՝ անկախ նրանից պաղպաղակ սիրում են, թե ոչ:

GastroVino-ն եւս այցելել է տաղավար, հետեւել պաղպաղակների պատրաստման ընթացքին եւ զրուցել Lilit’s Ice Roll-ի համահիմնադիր, ֆուդբլոգեր Լիլիթ Ավագյանի հետ:

Ֆուդբլոգերությունը

Մասնագիտությամբ մանկավարժ, դպրոցում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Լիլիթն ասում է, որ այս ոլորտ իր մուտքը հատուկ մտածված չի եղել, իսկ դրա գլխավոր «մեղավորը» ամուսինն է՝ Գեւորգը.

«Ամուսնուս հետ ինստագրամյան էջ ունեինք, որը երկուսիս անունով էր: Ինչ-որ բան պատրասելիս կամ ինչ-որ ռեստորանում, սրճարանում, եթե ուտեստը գեղեցիկ, հետաքրքիր էր լինում, նկարում տեղադրում էի այդ էջում: Այդ միտքը ամուսնուս այդքան էլ դուր չէր գալիս, ասում էր՝ կարող է տպավորություն ստեղծվի, թե ես եմ հրապարակում դրանք: Խորհուրդ տվեց, որ ինձ համար առանձին էջ բացեմ եւ լուսանկարները այդտեղ հրապարակեմ»:

Լիլիթ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նոր էջում հրապարակում էի, թե ինչպես իմ պատրաստած ուտեստների, այնպես էլ՝ այլ վայրերում արված լուսանկարները: Որոշ ժամանակ անց ակտիվություն նկատեցի, բացի ինձ ծանոթ մարդկանցից՝ նաեւ ուրիշները հետաքրքրվում էին բաղադրատոմսերով, մեկնաբանություններում հարցեր տալիս պատրաստման ձեւերի մասին: Որոշեցի, որ կարելի է լուսանկարի հետ գրել բաղադրատոմսն ու ներկայացրել պատրաստման եղանակը: Նույնիսկ չէի պատկերացնում, որ կարճ ժամանակ անց իմ անձնական էջը կվերածվի բլոգի»,- պատմում է Լիլիթը, ում «ֆուդ բլոգն» արդեն մեկուկես տարեկան է:

Թայլանդական պաղպաղակը

«Ինձ ճանաչողներից, իմ բլոգի հետեւորդներից շատերը, որոնք գալիս են մեզ մոտ պաղպաղակ ուտելու, հետաքրքրում են, թե ինչպես որոշեցի նաեւ թայլանդական պաղպաղակներ պատրաստել: Եղել է, որ եկել եւ ասել են՝ «մենակ դու կարող էիր այսպիսի բան մտածել», բայց իրականում սա էլ ամուսնուս գաղափարն է, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որ այսպիսի պաղպաղակներ կան»,- ասում է նա:

Լիլիթ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Լիլիթի ամուսինը 16 տարի բարմեն է աշխատել, եւ, ինչպես Լիլիթն է ասում՝ գաստրոոլորտում քայլեր անելու համար ավելի համարձակ է, քանի ինքը.

«Թայլանդական պաղպաղակներ պատրասել ամուսինս սովորել է տեսանյութերից: 2016 թվականից մտքին կար այսպիսի պաղպաղակների պատրաստման տաղավար բացել, բայց անընդհատ ինչ-որ պատճառով հետաձգվում էր: Այս տարի որոշեց՝ վերջապես պետք է սկսել: Սեփական ձեռքերով դեռ ոչ մի անգամ նման պաղպաղակ չպատրաստած՝ ռիսկի դիմեց, ձեռք բերեց սառնարանն ու գործիքները եւ առաջին փորձն արեց հենց մեր սառնարանի վրա: Գեւորգը վստահ էր, որ ստացվելու է, ես հակառակը՝ անընդհատ տեսանյութերը նայում էի, մտածում՝ դժվար է, բա որ չստացվի, չկարողանանք: Երբ արդեն մեր տաղավարը բացեցինք, մտածում էի, որ ամուսինս կպատրաստի, ես ուղղակի տեղում կօգնեմ իրեն, ֆրեշ, լիմոնադներ կամ սուրճ կպատրաստեմ: Բայց բացումից մի քանի օր անց որոշեցի փորձել ու հասկացա, որ որեւէ դժվարություն չկա, ուղղակի պետք է արագություն եւ մեկ-երկու անգամից կստացվի: Մինչեւ պաշտոնական բացման օրը, ես եւ Գեւորգը մեր ընկերներին հրավիրում էինք ու պաղպաղակներ պատրաստում նրանց համար՝ հասկանալու քանի րոպեում ենք պատրաստում, ինչն է լավ ստացվում, ինչ կա շտկելու եւ կարծիքներ ստանում բաղադրիչների համադրության մասին»:

Պատրաստման եղանակը

Պաղպաղակների այս տեսակը հայտնի է թայլանդական կամ տապակած անուններով: Դրանք պատրաստվում է հատուկ սառնարանի առանձնացված մակերեսի վրա՝ փոքր սուր գործիքների եւ ձեռքերի ճկուն աշխատանքի միջոցով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Թայլանդում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այսպիսի պաղպաղակների տաղավարների: Տապակած անվանումը եւս թայլանդցիներն են տվել՝ սառը մակերեսը նմանեցնելով վառարանի կամ թավայի, որի վրա պաղպաղակը պատրաստվում է ոչ թե ջեռուցման, այլ ընդհակառակը՝ «սառը այրման» միջոցով:

Պաղպաղակները պատրաստում ենք հաճախորդի աչքի առաջ՝ իր ընտրած բաղադրիչներով եւ իտալական բնական հումքով: Հումքն իր մեջ շատ քիչ է շաքարային մաս պարունակում, դրա մեջ որեւէ քիմիական հավելում չկա, իսկ պաղպաղակներին քաղցրություն տալիս ենք շոկոլադի կամ մրգերի միջոցով: Այս պարագայում մեր մրգային պաղպաղակները կարելի է որոշ չափով նաեւ դիետիկ համարել»,- նշում է Լիլիթը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պաղպաղակի համար անհրաժեշտ բաղադրիչները դրվում են սառնարանի՝ -20 աստիճանի հասնող սառը մակերեսի վրա եւ սկսում են մանրացնել խոհարարական չժանգոտվող գործիքների միջոցով. «Երբ զանգվածը հասնում է ցանկալի խտության, այն բարակ շերտով հարթեցնում ենք, հետո նույն գործիքների օգնությամբ հավաքում գլանների տեսքով»։

Լիլիթի խոսքով՝ աղանդերի այս տեսակի պատրաստման համար երկար ժամանակ հարկավոր չէ, ընդամենը 2-3 րոպե՝ կախված եղանակային պայմաններից. «Երբ արեւն ընկնում է սառնարանի վրա, մի փոքր խանգարում է, հենց այդ պատճառով էլ այս պաղպաղակները ավելի շատ պատրաստում են փակ տարածքներում»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Lilit’s Ice Roll-ում կարելի է գտնել պաղպաղակի դասական, շոկոլադային, թխվածքաբլիթով, մրգային, ցիտրուսային, հատապտղային, ալկոհոլային տարբերակներ, ինչպես նաեւ կարող են պատրաստվել այլ միքսեր՝ ըստ հաճախորդի ցանկության. «Նույնիսկ եղել են դեպքեր, որ մենք չենք էլ մտածել, որ կարելի է նման համադրություն ստանալ, բայց հաճախորդներն առաջարկել են, փորձել ենք եւ ներառել ենք մենյուում»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պաղպաղակի դասական տեսակի չափաբաժինը մեկ հոգու համար կազմում է 100 գրամ, մնացած տեսակները՝ կախված ավելացվող մրգերից կամ շոկոլադից, կարող է հասնել մինչեւ 160 գրամի:

«Հումքից, բաղադրիչներից կախված՝ պաղպաղակների արժեքը տարբեր է, բայց այնպես ենք արել, որ հասանելի լինեն բոլորին: Դասական պաղպաղակի արժեքը 800 դրամ է, մրգային եւ շոկոլադային տարբերակները 1000 դրամ են, իսկ այդ երկու բաղադրիչների միքսը՝ 1200 դրամ»,- ասում է Լիլիթը:

Մինի սրճարանի վերածված Lilit’s Ice Roll-ը

Լիլիթն ու ամուսինն իրենց տաղավարը հասցրել են վերածել փոքրիկ սրճարանի, որը բաց է առավոտյան 10-ից մինչեւ կեսգիշեր. «Երբ որոշեցինք բացել Lilit’s Ice Roll-ը, տարածքում միայն հատակ ու մեկ նստարան ունեինք: Մնացածը մենք միասին ենք հավաքել, նույնիսկ ինձ համար բացահայտում էր, որ ամուսինս կարող է սեղաններ ու աթոռներ պատրաստել: Մոտ 20 օր պահանջվեց մեզնից այս ամենը հավաքելու համար: Տարածքում փորձել ենք հնարավոր ամեն ինչ անել՝ գունեղ եւ պաղպաղակային միջավայր ստանալու համար, անգամ լույսերի համար պաղպաղակի վաֆլիներ ենք օգտագործել՝ լաքապատել ու ներկել, որպեսզի երկար դիմանան»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս ընթացքում Լիլիթը հասցրել է ամենատարբեր հաճախորդներն ունենալ՝ փոքրիկներից մինչեւ տատիկ-պապիկներ:

«Առաջին օրը, երբ բացվեցինք, իսկապես չէինք սպասում, որ այդքան այցելու կունենանք, երեւի իմ բլոգից էին նաեւ իմացել մեր մասին: Հիմա դպրոցներում արձակուրդ է, ազատ ժամանակ շատ ունեմ, առավոտից այստեղ եմ լինում, երբեմն աշակերտներիցս ոմանց այստեղ եմ հանդիպում: Ծնողները պատմում են, որ «երեխաներն ուզել են գալ ընկեր Ավագյանի պատրաստած պաղպաղակն ուտելու»:

Մի անգամ էլ մի պապիկ էր անցնում, ձայն տվեց՝ «աղջիկ ջան, էդ ի՞նչ ես ծեծում», ասացի՝ պաղպաղակ, եկավ նայեց ու գնաց: Հաջորդ մի անգամ եկավ, հարցրեց «հիմա սրանից որ կնոջս համար տանեմ, տեղ կհասնի՞»: Այս հարցը իմ հաճախորդներից շատերին է հետաքրքրում, թե որքան շուտ են հալվում այս պաղպաղակները: Ի տարբերություն մյուս պաղպաղակների՝ սրանք ավելի ուշ են հալվում եւ եթե շատ շոգ չէ, ապա 15 րոպեում կարելի է մի տեղից մեկ այլ տեղ հասցնել»:

Լիլիթ Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զրույցի ավարտին Լիլիթն իր պաղպաղակի սիրահարներին խոստանում է, որ ձմռան ամիսներին էլ տարբերակ կմտածեն տաղավարը պահելու եւ նորություններով ներկայանալու:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին