×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սիլիկոնյան հովտի մշակույթն ու բարձրորակ սուրճը «Ground Zero»-ում

Մեկ գավաթ սուրճի շուրջ կարող են հանճարեղ գաղափարներ ծնվել, ամուր կապեր հաստատվել ու հիմք դնել նորի ստեղծմանը: Դա առավելագույնս հնարավոր է դառնում բարձր որակի սուրճի ու տրամադրող միջավայրի պայմաններում: Այս իմաստով երեւանյան սրճարանային ոլորտում նոր խոսք ունի ասելու Սարյան 1 հասցեում գործող «Ground Zero»-ն, որ եկել է միավորելու Սիլիկոնյան հովտի մշակույթն ու երեւանյան կոլորիտը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ground Zero»-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը Սան Ֆրանցիսկոյում գործող «Strategic Value Ventures» ընկերության հիմնադիր է եւ «Berkeley SkyDeck»-ի առաջին համաշխարհային դեսպանը: Նա շարունակաբար Սիլիկոնյան հովտի իր փորձով կիսվում է հայաստանյան տեխնոլոգիական համայնքի հետ ու աջակցում ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու հարցում: Եթե առաջին հայացքից սրճարանային բիզնեսը տեխնոլոգիական համայնքի հետ ակնհայտ կապ չունի, ապա հայեցակարգի մանրամասների բացահայտումը թույլ է տալիս տեսնել՝ ինչ դեր ունի լավ սուրճը հաջողակ ստարտափներ ունենալու հարցում:

GastroVino-ն Կարեն Գյուլբուդաղյանի հետ զրուցել է սրճարանային նորարարությունների, բարձրորակ սուրճի ու գաղափարներ զարգացնող միջավայրի մասին, որն ապահովում է «Ground Zero»-ն:

Սուրճի ու տեխնոլոգիական զարգացման կապը

Սիլիկոնյան հովտում բարձրորակ սուրճի՝ «specialty coffee»-ի բավական յուրահատուկ մշակույթ կա եւ դրա հետ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը սերտ կապ ունի: Լավ սուրճ կարելի է խմել աշխարհի տարբեր երկրներում, սակայն այն միջավայրը, որում տեխնոլոգիական ու ստարտափային ոգին օգնում են բարձր որակի սուրճի մշակույթի ու բիզնեսի զարգացմանը, եւ հակառակը, հատուկ է հենց Սան Ֆրանցիսկոյին եւ Սիլիկոնյան հովտին:

Կարեն Գյուլբուդաղյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արդեն 15 տարի է Սան Ֆրանցիսկոյում միջազգային տարբեր պատվիրակությունների համար անցկացնում եմ քոֆի տուրեր: Դրանց նպատակը ոչ միայն բարձորակ սուրճին ծանոթացնելն ու այն վայելելն է, այլեւ պատմական ակնարկով ցույց տալ, թե ինչպես են նույն սուրճի հատիկի շուրջ ստեղծվել եւ զարգացել համաշխարհային բիզնեսներ: Սա թե´ բիզնես մոդելների, թե´ մարքեթինգի եւ թե´ միջավայրի ու համայնքի մասին է: Տարիներ շարունակ ինքս եղել եմ այս ամենի մեջ, որոշ չափով նաեւ օգնել այդ մշակույթի զարգացմանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաշվի առնելով հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված իմ գործունեությունը՝ տեսնում էի՝ արդեն հասել ենք այն կետին, որ բարձրորակ սուրճի ու տեխնոլոգիական միջավայրի փոխլրացնող մշակույթը այստեղ բերելու անհրաժեշտություն կա:

Սկզբնակետ՝ համաշխարհային գաղափարի համար

Մեր ազգը շատ սերտ կապ ունի սուրճի հետ, սակայն հիմնականում Հայաստանում խմում ենք մեծ քանակով ու վատ սուրճ. էժան ներկրել են, բովել են բավականին մուգ ու այդ պատճառով մենք կորցրել ենք սուրճի հատիկի համահոտային այն հնարավորությունները, որը կարող է տալ ավելի քիչ բովված, լավորակ սուրճը: Թեեւ որակյալ սուրճի առաջարկով Հայաստանում առաջինը չենք, սակայն «Ground Zero»-ի հայեցակարգն աննախադեպ է մի շարք առումներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ground Zero»-ն մեկնարկային կետն է, այն կետը, որը թույլ է տալիս սկսել նոր ճանապարհ, նոր գլուխ ձեր գրքում: Հիմնական նպատակը մարդկանց մտածելակերպը փոխելն ու ընդարձակելն է, որի շնորհիվ ավելի հեշտ կլինի գեներացնել մեծ գաղափարներ, սկսել գլոբալ բիզնեսներ կամ պարզապես նորովի ստեղծագործել: Սա միջավայր է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի ու ստեղծագործող մարդկանց համար, այլեւ բոլոր նրանց, որոնք ցանկանում են ստեղծել նոր կապեր՝ բարձր որակի սուրճի շուրջ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայեցակարգը տարբերվող է նաեւ նրանով, որ մենք Սիլիկոնյան հովտի մշակույթը կապում ենք հայկական յուրահատկությունների հետ: Այս իմաստով մեծ դեր ունեն իմ գործընկերներ, «Aperitivo»-ի հիմնադիրներ Սոնա եւ Կիմա Աբրահամյանները, որոնք ներդնում են իրենց տաղանդն ու Երեւանում տարբերվող միջավայր ստեղծելու տարիների փորձը: Այս երկուսն իրար միացնելով՝ բոլորովին այլ փորձառություն ենք ստեղծում մեր հաճախորդների համար:

Ի՞նչ կապ ունի սուրճի որակն աշխատանքի որակի հետ

Ամեն տարի Հայաստան վերադառնալով՝ զարմանում էի, թե ինչքան շատ սուրճ էի օգտագործում այստեղ ու ոչ մի կերպ չէի հագենում: Խմում ես, բայց ոչինչ չես հասկանում: Այդ փաստը, որ չէի հագենում, ներքին դիսբալանսի պատճառ էր դառնում՝ ունես որոշակի սպասումներ, բայց չես հասնում դրանց: Բնականաբար, օրդ բոլորովին այլ կերպ կարող է սկսվել ու շարունակվել, եթե օգտագործես բարձր որակի սուրճ, որովհետեւ հագենում ես ոչ թե քանակից, այլ ստացած տպավորություններից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ground Zero»-ում մենք կարողանում ենք սուրճն այնպես մատուցել, որ սուրճի փոքրիկ հատիկի մեջ սեղմված համահոտային երանգները բացվում են իրենց առավելագույն հնարավորությամբ ու մեծ բավականություն պարգեւում: Դրանից դրական էներգիայով ես լցվում ու օրդ շարունակում նույն կերպ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացվում ենք առավոտյան 08:00-ին: Տարիներ շարունակ գալով Երեւան՝ միշտ զարմանում էի, որ առավոտյան գրեթե ոչ մի բաց տեղ չէի գտնում: ԱՄՆ-ում կարող ես քոֆիշոփ տեսնել, որը բաց է առավոտյան 6-ից:

Տարիներ առաջ ուրախությամբ տեղեկացա, որ «Aperitivo»-ն առավոտյան շուտ բացվող սրճարանների շարքում առաջիններից էր, երբ սկսում էր աշխատանքային օրը ժամը 7-ից: Սա եւս պատճառներից մեկն է, որ գործընկերներիս փորձը շատ կարեւորում եմ «Ground Zero»-ում: Հաճախ, նաեւ գործարար մարդկանցից եմ լսում, որ իրենց օրը շուտ են սկսում, սակայն առավոտյան չգիտեն՝ որտեղ սուրճ խմեն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եվրոպայում ու ԱՄՆ-ում շատ տարածված է նախքան աշխատանքի գնալը հանդիպումներ ունենալ մեկ բաժակ սուրճի շուրջ, զրուցել, լիցքավորվել զրույցի ու սուրճի տպավորություններից, նոր միայն գնալ աշխատանքի: Սա բավականին մեծ ազդեցություն ունի նրանց աշխատանքի որակի եւ արդյունավետ լինելու վրա: Նույնը փորձում ենք ներդնել Հայաստանում:

Նախաճաշից մինչեւ ընթրիք

Մեզ մոտ առավոտյան լիցքավորվելուց բացի, կարելի է երեկոյան գալ նաեւ լիցքաթափվելու: Այս առումով կօգնի մեր գինիների տեսականին: Ներկայացնում ենք Սոնա Աբրահամյանի SONAS գինիների ընտրանին՝ կարմիր, սպիտակ, ռոզե եւ նռան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ground Zero»-ում կարող եք գտնել ինչպես նախաճաշի, այնպես էլ լանչի եւ ընթրիքի համար հաճելի ուտեստներ, տարատեսակ թխվածքներ: Օրվա ընթացքում ոչինչ չի մնում, պահանջարկի բերումով 2-3 անգամ թարմացնում ենք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առավելություններից է նաեւ արագությունը. մարդիկ կարող են գալ, սառնարանից վերցնել ուտելիքը, վճարել դրա համար, վերցնել իրենց հետ կամ տեղում ուտել: Տեսականին օրըստօրե ընդլայնվում է, որեւէ կետի վրա կանգ չենք առնում: Այն, որ մեզ մոտ գրեթե միշտ տեղ չի լինում, նշանակում է, որ ինչ-որ բան ճիշտ ենք անում:

Հայաստանը՝ նոր տեսանկյունից

Ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ բացվել ենք, սակայն բավականին հետաքրքիր հետադարձ կապ ենք ստացել զբոսաշրջիկներից: Ասում են, որ իրենց համար «Ground Zero»-ն Հայաստան մտնելու դուռ է, որի միջոցով իրենք Հայաստանը տեսնում են բոլորովին այլ տեսանկյունից: Սա իրենց համար ծանոթ միջավայր է, կամ, այսպես ասած, comfort zone: Իրենք հասկանում են այս միջավայրն ու գտնվելով այստեղ՝ ծանոթանում մտածելակերպով իրենց ավելի մոտ տեղացիների հետ:

Գայանե Ենոքյանը զրուցում է Կարեն Գյուլբուդաղյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մյուս տեսակի մարդիկ, որ գալիս են մեզ մոտ, ֆրիլանսերներն են, որոնք ուզում են աշխատել էսթետիկ եւ հանգիստ միջավայրում: Հասարակ դիզայնը, որը չի ճնշում, բնական լույսի առատությունը, բարձրորակ աուդիո համակարգը ստեղծում են աշխատանքային ներդաշնակ միջավայր, որը չափազանց կարեւոր է ավելի արդյունավետ աշխատելու համար: Երեւանում նման վայրերը շատ չեն: Մեր նպատակներից մեկն էլ հենց դա է՝ ստեղծել այնպիսի վայր, որտեղ մարդը կուզի նորից վերադառնալ ոչ միայն բարձրորակ սուրճի ու սննդի համար, այլեւ միջավայրի, որովհետեւ զգում է՝ այդտեղ ինքն աճում է թե´ անձնական, թե´ մասնագիտական առումներով:

Մենտորություն՝ մեկ բաժակ սուրճի դիմաց

Տարիներ շարունակ բավականին ինտենսիվ հանդիպումներ եմ ունենում Երեւանում՝ ստարտափների զարգացման ոլորտում իմ գործունեության բերումով: «Ground Zero»-ի նպատակներից մեկը նաեւ նման հանդիպումների համար համապատասխան միջավայրի ստեղծումն էր: Այն վենչուրային սրճարան է, ինչը նշանակում է, որ այստեղ գեներացվում ու զարգանում են գլոբալ գաղափարներ:

Կարեն Գյուլբուդաղյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաշվի առնելով այն, որ ինձ հետ հանդիպել ցանկացողները բավականին շատ են՝ առավոտյան հանդիպումների նոր ձեւաչափ եմ առաջարկում: Ասում եմ՝ դուք գնում եք սուրճ, իսկ ես տրամադրում եմ մենտորշիփ: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ մարդը տեխնոլոգիական ոլորտի հետ առնչություն ունենա: Այս ձեւաչափը բավականին հաջող է ընթանում, պետք է ժամերն ավելացնեմ, որովհետեւ օրացույցումս արդեն տեղ չկա: Սրանից բոլորն են շահում. ես տեղեկանում եմ ոլորտի նորություններին, «Ground Zero»-ն զարգանում է որպես նման մշակույթի կրող, ստեղծվում են նոր գաղափարներ կամ զարգանում եղածները, որոնք թեստավորվելով այստեղ կարող են վերաճել գլոբալ բիզնեսների:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խրախուսում եմ, որ այլ փորձագետներ եւս նման հանդիպումներ կազմակերպեն այստեղ՝ նույն, կամ այլ ձեւաչափով: Եվ նորից՝ միացնելով բարձորակ սուրճը, ուտեստներն ու թխվածքները, ստեղծում ենք միջավայր, որը մեծ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային մակարդակով:

Ստարտափային մոտեցումը

«Ground Zerօ»-ն կարելի է համեմատել ստարտափի հետ: Ստարտափը սկսում է 0 կետից, եւ երբեւիցե ամեն ինչ կատարյալ չէ, այլ բազային վիճակից քայլ առ քայլ սկսում է զարգանալ՝ մշտապես հենվելով հաճախորդների հետադարձ կապի վրա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեզ մոտ հաճախորդները կարող են ամեն օր գալ ու տեսնել, որ նորություն ունենք, նրանք տեսնում են՝ ինչպես ենք ամեն օր զարգանում: Հայաստանի ռեստորանային ոլորտում այս մոտեցումն ընդունված չէ: Մենք սիրում ենք, որ ամեն ինչ «տեղը տեղին» լինի բացվելիս՝ առանց իմանալու հաճախորդի ցանկությունները: Երբ բավականին մեծ գումար ես ներդնում սկզբնական շրջանում՝ առանց իմանալու, թե ինչով է հետաքրքրված քո թիրախային խումբը, հետագայում հայեցակարգը զարգացնելը շատ դժվար է դառնում: Այս է պատճառը, որ Երեւանում շատ բիզնեսներ բացվում են ու արագ փակվում: Մինչդեռ ստարտափային մոտեցման դեպքում դու անդադար կապի մեջ ես քո հաճախորդների հետ ու զարգանում ես այն ուղղությամբ, որը քեզ կդարձնի ավելի հաջողակ: Մեր օրինակով ուզում ենք ցույց տալ, որ այս մոդելն աշխատում է, ու փորձում ենք այս առումով եւս մտածելակերպի փոփոխության հասնել:

«Ground Zero»-ն միայն քոֆիշոփ չէ, այն բրենդ է, որը կզարգանա ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանից դուրս:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինչքան էլ ներկայացնեմ, միեւնույն է, փոփոխությունները գալիս են քայլերից, կարեւոր է անհատական փորձառությունը, ուստի հրավիրում եմ բոլորին ոչ միայն փորձելու մեր սուրճն ու սնունդը, այլեւ ժամանակ անցկացնելու «Ground Zero»-ի միջավայրում այս համայնքի հետ՝ համայնք, որին դու պատկանում ես:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին