×

Անի Ջուլհակյանը եւ Լուսինե Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ուրիշ ճաշատուն». ժենգյալով հացից մինչեւ տնական լանչեր

Երեւանում ամենահամեղ ժենգյալով հացի բազմազան տեսականի ներկայացնող «Ուրիշ Ժենգյալ» սոցիալական նախաձեռնությունը, որը սկզբնավորման օրերին առաջնային խնդիր էր դրել տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելու, այսօր արդեն վերաճել է կայուն բիզնեսի:

Ընդլայնված հայեցակարգը «Ուրիշ ճաշատուն» անունն է ստացել՝ ժենգյալով հացի արցախյան համի ու թարմ թխուկների կողքին ներկայացնելով նաեւ տնական համեղ ապուրներ, աղցաններ, բրդուճներ եւ այլ խորտիկներ:

Մեդիամաքսը պատմում է ճաշատան զարգացման ու համեղ առաջարկի մասին:

Նոր հասցե՝ նոր համեր

Աբովյան փողոցի բնակիչներն ու մոտակայքում աշխատողներն արդեն գիտեին, թե որտեղից են գնելու օրվա թարմ ու համեղ ժենգյալով հացը եւ տարբեր տնական թխուկները: Այսօր սիրելի խանութը նոր հասցե ու նոր անուն ունի՝ «Ուրիշ ճաշատուն» Վաղարշյան 19/4-ում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նախորդ տարի հենց այս ժամանակահատվածում մենք հասկացանք, որ մեր տեղը փոքր է, եւ թե´ մենք ենք մեզնից ավելին սպասում, թե´ մեր հաճախորդները: Որոշեցինք ընդլայնվել, եւ դրա համար դիմեցինք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորին, որը վարկեր եւ գրանտներ է տրամադրում գործարարներին: 2021թ. օգոստոսից սկսվեց գործընթացը, իսկ դեկտեմբերին արդեն մեր բիզնես ծրագիրը հավանության արժանացավ»,- պատմում է «Ուրիշ ճաշատան» հիմնադիր Անի Ջուլհակյանը:

Նախապես մտածված հայեցակարգը ստիպված եղան փոխել, որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմը նոր իրողություններ առաջ քաշեց: «Ուրիշ ճաշատուն»-ը պետք է լիներ քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից տարածքում, որպեսզի կարողանար տնական լանչ եւ ընթրիք մատուցել 25-45 տարեկան աշխատող մարդկանց, ունենար ամեն օր փոփոխվող ճաշացանկ:
Վարձավճարների շեշտակի աճի բերումով ստիպված էին նոր տարածք գտնել, որպեսզի հնարավոր լիներ մեկնարկել նախագիծը նախապես սահմանված բյուջեով:

Անի Ջուլհակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չնայած այս փոփոխություններին՝ ճաշատան հիմքում դրված գաղափարը լիարժեքորեն պահպանվում է. մենյուում կգտնես այն, ինչ կուտեիր տանը:

«Պաշտոնապես բացվեցինք 2022թ. հունիսի 1-ից, սակայն դեռեւս փորձում ենք տարածքի բնակիչներին եւ աշխատողներին սովորեցնել մեր հասցեն: Բնական է՝ կորցրինք մեր ակտիվ հաճախորդներին, որոնք սովոր էին մեզ տեսնել նախկին հասցեում, մտնում էին ու տեղում գնում:

Լուսանկարը՝ «Ուրիշ ճաշատուն»


Նախկին հաճախորդների մյուս մասն էլ սովորության ուժով միայն ժենգյալով հաց է վերցնում, սակայն այսօր ունենք ընդլայնված ճաշացանկ: Հույս ունենք, որ մեր ուտեստները հավանողները հետզհետե կհամալրեն ակտիվ հաճախորդների ցանկը»,- ասում է Անին:

Մատչելիությամբ ու որակով՝ դեպի հաճախորդների վստահություն

«Օգտագործում ենք բացառապես որակյալ մթերքներ՝ անգամ սեփական գրպանին կպնելու գնով, որպեսզի մարդը ուտելուց հետո որեւէ առողջական խնդիր չունենա, իրեն վատ չզգա: Կանաչեղենը Արցախից են մեզ մատակարարում, իսկ թթու կաթնամթերքը վերցնում ենք գյուղացիներից, թեեւ դա հիմա մի փոքր բարդացել է անկանխիկի մասին օրենքի պատճառով: Բարձր յուղայնությամբ մաքուր թթվասերն ու մածունն են նպաստում, որ մեր սպասն այդքան համեղ ստացվի, երեւի թե մեր հաճախորդների ամենասիրված ուտեստներից է»,- մանրամասնում է Անին:

Թեեւ ճաշատունը նոր է, սակայն հասցրել են սիրվել նաեւ սպանախով եւ ֆետա պանրով կարկանդակը, տեղում թխվող լավաշե ռոլի տեսքով «Կեսար» աղցանը, դդմիկով կրեմապուրը, ֆետայով ու լոլիկով աղցանը եւ այլն: Ունեն լանչերի կոմբոներ, որոնք ներառում են 4 տեսակի ուտեստ ու 2000-2200 դրամ արժեն:

Լուսանկարը՝ «Ուրիշ ճաշատուն»


«Մեր սնունդը համեղ ու մատչելի է, քանի որ մեզ համար գերադասելի է վաճառել ոչ թե մեկ հատ միլիոնով, այլ 10 հատ հազարով: Փորձում ենք այնպիսի գնային քաղաքականություն վարել, որ շահավետ լինի նաեւ գնորդի համար: Այսօրվա գնաճի պայմաններում աշխատող մարդը չի կարող իրեն թույլ տալ 4-5000-ով ամեն օր լանչ անել, սակայն նա պետք է սնվի: Տանը պատրաստելու էլ ժամանակ չունի: Թեկուզ այսօր մեզ համար որոշակի վնասով աշխատենք, ժամանակի ընթացքում ձեռք կբերենք մշտական հաճախորդներ, որոնք կգնահատեն մեր որակը: Մենք մինչ այսօր ունենք ապրանք, որի հումքածախսը իր գնի 50 տոկոսն է, ինչը ըստ խոհարարական օրենքի՝  անթույլատրելի  է, պետք է իջեցնենք 25 տոկոսի, բայց մենք գերադասում ենք պահել որակը»,- մանրամասնում է Անին:

Նրա նշում է, մշտապես ի վնաս իրենց չեն կարող աշխատել, սակայն գինը կբարձրացնեն միայն այն դեպքում, երբ տեսնեն, որ մարդկանց աշխատավարձերը եւս աճում են: Այլ պարագայում կգերադասեն փոխարինել իրենց շատ վնասող ապրանքը ու կներկայացնեն նորը՝ նոր գնով:

Լուսանկարը՝ «Ուրիշ ճաշատուն»


«Մենք էլ ենք սպառող, ու ամեն անգամ խանութ մտնելիս թանկացումները տեսնելով, նույն բացասական զգացողությունն ենք ունենում, ինչ բոլորը: Մենք չենք ուզում, որ մեր հաճախորդները, որ լավին են սովոր, հիասթափվեն թանկացման պատճառով, եւ նաեւ երբեք մեր տուն եկող ու ճաշ ուտողին չենք խաբի՝ մթերքի մեջ խնայելով»,- հավելում է նա:

Արցախյան համն անպակաս

 «Ուրիշ ճաշատունը» անդավաճան է մնացել իր ստեղծման ակունքների հիմնական սկզբունքին, այն է՝ ապահովել արցախցիներին աշխատանքով: Այժմ 4 աշխատակից ունեն, որոնցից 3-ն Արցախից են, մյուսը՝ Գորիսից:

Անի Ջուլհակյանը եւ Լուսինե Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ուրիշ ճաշատան» ժենգյալով հացի վարպետ Լուսինե Բաղդասարյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է: Նա եկել է փոխարինելու իր մորաքրոջը՝ տիկին Ստելլային, որի մասին պատմել էինք դեռեւս «Ուրիշ ժենգյալ»- մասին հոդվածում: Տիկին Ստելլան իր մեծ ընտանիքով վերադարձել է հայրենի Արցախ եւ ամուսնու հետ զբաղվում է հողագործությամբ:

Ժենգյալով հացի պատրաստման գաղտնիքները Լուսինեն սովորել է դեռեւս մանկուց, քանի որը տանը մայրը միշտ պատրաստել է:

«Մեր պատրաստած ուտեստներն առանձնանում են, որովհետեւ սիրով ենք պատրաստում. ինչքան սեր ես դնում, այնքան համով է լինում»,- ասում է Լուսինեն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսպես էլ է պատահում

Շատ վաճառակետերում խաչապուրիները քիչ պանրով են պատրաստում. այդպես ձեռնտու է: Մինչդեռ «Ուրիշ ճաշատանը» պանրի առատությունը սկզբունքային է, եւ դա էր պատճառը, որ նախկին հասցեում կեսօրին արդեն ամբողջը սպառված էր լինում: Սակայն հաճախորդները շատ տարբեր են լինում, ու լավ որակից դժգոհող մարդիկ եւս կարող են պատահել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մի օր մի մարդ եկավ, խաչապուրի վերցրեց, փորձեց ու շպրտեց, ասաց՝ պանիրը շատ է: Զարմացա՝ ո՞նց թե պանիր շատ է: Մարդիկ այնքան են վատը կերել, լավից հետ են վարժվել: Լրիվ այն անեկդոտի նման էր, որ կինը շարունակ ընտիր ճաշեր եփում է, բայց ամուսինն ամեն անգամ ասում է, որ իր մոր պատրաստած ճաշը չի, մի անգամ էլ կինը լոբին վառում է, ամուսինն ուտում ու ասում ՝ այ սա իսկը մորս ճաշն է: Նմանատիպ մի դեպք էլ ունեցանք, երբ հաճախորդն էկլերը չվերցրեց, որովհետեւ մեզ մոտ տնական զավարնոյ էկլեր է՝ տատիկներից եկող բաղադրատոմսով, իսկ ինքը խփած սլիվկիովն էր ուզում»,- ծիծաղելով հիշում է Անին:

Սպասվող նորություններ

«Ուրիշ ճաշատանը» կա ինչպես տեղում սնվելու, այնպես էլ առաքում պատվիրելու հնարավորություն: Կարելի է զանգահարել հենց ճաշատուն 033 033625 հեռախոսահամարով, կամ էլ օգտվել Buy.am-ից ու Glovo.am-ից: Առաքում կատարելիս այստեղ նախապատվությունը տալիս են էկոփաթեթավորմանը:

Լուսանկարը՝ «Ուրիշ ճաշատուն»


Հետզհետե հարստացնելով ճաշացանկը՝ «Ուրիշ ճաշատանը» կարելի է համտեսել նաեւ խմորեղենի յուրօրինակ տեսականի եւ պատվիրել ժելեի տորթեր: Անիի խոսքով՝ ժելեի տորթերը կարող են հրաշալի այլընտրանք դառնալ ծաղկեփնջերին եւ բոմբոներկաներին: Շուտով նաեւ տեղում սուրճ կմատուցեն, բայց ոչ սովորական, այլ «ուրիշ»՝ ֆիլտրված սուրճեր շոկոլադի, պնդուկի եւ այլն համերով:

«Այս տարվա նպատակներից մեկն այն է, որ կարողանանք ունենալ 100 մշտական հաճախորդ, որոնք ամեն օր աշխատանքի գնալիս կիմանան՝ լանչը պատվիրելու են «Ուրիշ ճաշատնից»: Հեռու գնացող ծրագրերից մեկն էլ այն է, որ ի վերջո կարողանանք նորից գնալ քաղաքի կենտրոն՝ այնտեղ նոր կետ բացելով:

Վաղարշյանի հասցեն կպահպանենք, քանի որ այն շատ սիրեցինք, այստեղ շատ ջերմ մթնոլորտ է»,- ամփոփում է Անին:

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին