×

Դմիտրի Շինգարյովը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Hummus-Kimchi. Կորեական ու իսրայելական համեր՝ Երեւանի կենտրոնում

Սարյան փողոցում՝ Կոմպոզիտորների տան աստիճանների մոտ, բացվել է Hummus-Kimchi կոլորիտային բար-սրճարանը: Կորեական ու իսրայելական խոհանոցի համադրություն, 90-ականների համակարգչային խաղեր, շուն, որը դիմավորում է այցելուներին ու համայնք, որն այստեղ ձեւավորում են Հայաստան տեղափոխված ռուսները:

Hummus-Kimchi-ի հիմնադիրները Դմիտրի Շինգարյովն ու նրա քույրը՝ Ալեքսանդրա Պառավյանն են: Նրանք Երեւան են տեղափոխվել Մոսկվայից՝ Ուկրաինայում պատերազմից առաջ:

GastroVino-ի հետ զրույցում Դմիտրին պատմել է Երեւանում բիզնես սկսելու որոշման, Հայաստանի համար նոր համերի ու pet-friendly մոտեցման մասին, երբ սրճարան ոչ միայն կարելի է, այլեւ պետք է գալ շների հետ:

Ինժեներ-կոնստրուկտոր, հեռուստատեսության աշխատակից եւ շեֆ

Մենք Երեւան տեղափոխվեցինք 2022թ. հունվարին՝ պատերազմից առաջ: Մինչեւ տեղափոխվելը Հայաստանում հաճախ էինք լինում, քանի որ քրոջս ամուսինը հայ է:

Ես 34 տարեկան եմ, մասնագիտությամբ՝ ինժեներ-կոնստրուկտոր: Կրթություն ստանալուց հետո 6 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում, մի օր էլ որոշեցի Իսրայել տեղափոխվել ու այնտեղ խոհարարություն սովորել: Սովորելուն զուգահեռ աշխատում էի տարբեր ռեստորաններում: Որպես խոհարար Իսրայելում ու Մոսկվայում աշխատելուց հետո հասկացա, որ ուզում եմ սեփական ռեստորան-սրճարանն ունենալ: Այս հարցը սկսեցի քննարկել քրոջս հետ ու երկուսս էլ միանգամից որոշեցինք, որ պետք է դա անել Երեւանում: Կարեւորագույն պատճառներից մեկը՝ այստեղ ավելի հեշտ է: Մոսկվայում ռեստորան բացելը մի քանի անգամ ավելի թանկ է: Շուկան շատ հագեցած է, իսկ մրցակցությունը՝ մեծ:  

Բացի այդ, ցանկանում էինք նորություն ավելացնել Երեւանի գաստրոնոմիական քարտեզին: Կարծում եմ՝ իսրայելական ու կորեական խոհանոցները նորություն են այստեղ: Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ հենց այս երկու խոհանոցների համադրություն. իսրայելական խոհանոց, որովհետեւ ես հրեական արմատներ ունեմ, այնտեղ եմ խոհարարություն սովորել, իսկ կորեական, որովհետեւ կինս կիսով չափ կորեուհի է:

Դմիտրի Շինգարյովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք Երեւան եկանք Նոր տարուն՝ ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Հետո բոլորը գնացին, իսկ մենք մնացինք ու սկսեցինք տարածք փնտրել, պլանավորել սրճարանի բացումը:

Ձկան խանութ, փուռ ու կուսակցության գրասենյակ

Այս տարածքը գտնելուց առաջ բազմաթիվ հայտարարություններ ենք նայել, հանդիպել շատ մարդկանց հետ: Եթե անկեղծ, Հայաստանում վարձակալության ոլորտում մոտեցումը յուրահատուկ է: Պայմանավորվում ես հանդիպել տարածքի տիրոջ հետ, գալիս ես նշված վայրը, իսկ նա չի գալիս, զանգում ասում է՝ «վաղը եկեք»: Հաջորդ օրը զանգահարում ես, պատասխանում է՝ «տարածքն արդեն վարձակալության եմ հանձնել»: Մի քանի նման դեպքերից հետո որոշեցինք ինքներս հայտարարություն գրել տարածք փնտրելու մասին ու փակցնել քաղաքի այն հատվածներում, որոնք մեզ հետաքրքիր են: Այդ ընթացքում մեր ներկայիս տարածքի վրա պատահաբար հայտարարություն տեսանք՝ «տրվում է վարձով»:

Տարիներ առաջ այս տեղում ձկան խանութ էր, իսկ հարեւան ավտոտնակում՝ փուռ: Հետո ձկան խանութի տեղում մթերային խանութ էր բացվել, իսկ դրա փակվելուց հետո տարածքում ինչ-որ կուսակցության գրասենյակ էր: Մենք վարձեցինք այն փետրվարի 1-ին ու սկսեցինք նորոգումը, որի մեծ մասն ինքներս արեցինք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ ամեն ինչ տան նման է: Խոհանոցում էլ բոլորին ասում ենք՝ մենք մեծ ընտանիք ենք: Երբ մտածում էի սեփական սրճարան-ռեստորան ունենալու մասին գլխումս միշտ այս պատկերն էր՝ փոքրիկ մինիմալիստական ափսեներ, որոնցում բազմաթիվ տարբեր խորտիկներ կան ու մեծ ափսե, որում այդ խորտիկները միախառնված են:

Փետրվարի 24-ից հետո

Բացվելով Երեւանում, ի սկզբանե ամեն ինչ մի քիչ այլ կերպ էինք պատկերացնում: Ինչպես ասացի, ցանկանում էինք տեղացիներին ծանոթացնել նոր խոհանոցներին, սրճարանի նոր ձեւաչափին, երբ չկա մատուցող ու ինքդ ես պատվիրում ու վերցնում ուտելիքը: Մտածում էինք աշխատանքի ընդունել տեղացի երիտասարդների, սովորեցնել նրանց ու ամռանը վերադառնալ Մոսկվա՝ պարբերաբար հետեւելով աշխատանքի ընթացքին: Բայց փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմ սկսվեց ու Հայաստան տեղափոխվեցին բազմաթիվ ռուսներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացումից հետո մենք չհասցրեցինք նույնիսկ որեւէ գովազդ տեղադրել, մեր մասին գրեցին տեղափոխվածների համար բացված Telegram-ալիքներում, մարդիկ սկսեցին իրար պատմել Hummus-Kimchi-ի մասին ու գալ այստեղ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսօր մարդիկ գալիս են համակարգիչներով, նստում են, աշխատում, ճաշում, ծանոթանում ու շփվում: Օրերս թատրոնից երիտասարդներ եկան, հարցրեցին՝ կարո՞ղ են կազմակերպվող փառատոնի մասին պաստառ փակցնել մեզ մոտ, փակցրեցին: Նրանց մոտեցավ մի լուսանկարիչ ու առաջարկեց իր ծառայությունները: Հենց այսպես է համայնք ձեւավորվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հիմա մեզ մոտ աշխատում է երեք տեղացի աղջիկ ու երեք երիտասարդ, որոնք տեղափոխվել են Ռուսաստանից: Չունենք գանձապահի, մաքրուհու կամ խոհարարի առանձին հաստիք: Բոլորն անում են ամեն ինչ: Ես հիմնականում խոհանոցն եմ ղեկավարում, քույրս զբաղվում է ընդհանուր կառավարմամբ:

Տարբեր մշակույթներն ու խոհանոցների նմանությունը

Ինչպես կորեացիներն, այնպես էլ հրեաները խոհանոցում շատ են օգտագործում ֆերմենտացված բանջարեղեն: Կորեական խոհանոցում դա հայտնի Կիմչին է: Այստեղ մենք Կիմչի ենք պատրաստում նաեւ բողկից: Իսրայելում թթուների մեծ տեսականի ունեն, այս առումով մեր տեսականին դեռ համեստ է, ունենք միայն թթու վարունգ ու թթու բանջարեղեն՝ համեմունքներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկու խոհանոցներում էլ սիրում ու կիրառում են միս, բայց իսրայելական մշակույթում ընդունված չէ թույլ եփված միս ուտել: Կորեայում հակառակն է՝ այնտեղ նույնիսկ կա ուտեստ, երբ մատուցում են հում միս, փոքրիկ վառարան ու ինքդ ես թեթեւ տապակում միսը: Թե ՛ կորեացիները, թե ՛ հրեաները շատ են սիրում հավի ու տավարի միս:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ճաշացանկում երկու խոհանոցների բազմաթիվ խորտիկներ կան: Դրանք հավաքում ենք իսրայելական ու կորեական combo-ի տեսքով: Ի սկզբանե, ցանկանում էի, որ հաճախորդն ինքը կարողանա հավաքել իր combo-ն տարբեր խոհանոցների ուտեստներից: Օրինակ՝ վերցնի Կիմչի, վարունգ՝ կորեական ձեւով, ու իսրայելական միս: Այս դեպքում բոլոր համերն ուժեղ են, բազմաթիվ համեմունքներով, կա կծվություն ու երբ դրանց ավելացնում ես հումուս կամ բրինձ, որը հարթեցնում է ամեն ինչ, համերը շատ լավ բացվում են:

Լուսանկարը՝ Hummus-Kimchi


Հանգստյան օրերին պարբերաբար ունենում ենք «special» ուտեստ, որը հնարավոր է համտեսել միայն այդ օրը: Հաճախ այն պատրաստում ենք երկու խոհանոցների համադրությամբ: Վերջերս, օրինակ, մատուցել ենք Ռամեն ապուր իսրայելական հավի շնիցելով: Ճապոնական մակարոնի փոխարեն օգտագործեցի հայկական արիշտա ու ստացվեց հայկական-իսրայելական-կորեական ուտեստ:

Ի՞նչ փորձել Hummus-Kimchi-ում. շեֆի խորհուրդը

Որպես շեֆ՝ խորհուրդ եմ տալիս ամեն ինչ փորձել (ծիծաղում է - հեղ.), բոլոր ուտեստները հետաքրքիր են: Բայց, երեւի, հետաքրքիր կլինի վերցնել կորեական combo ու ավելացնել դրան կորեական Բուլգոգի միս: Սա մանր կտրատած տավարի միս է, որը մարինացնոմ ենք տանձի, սոխի ու սխտորի մեջ՝ ավելացնելով մի քիչ սոյայի սոուս եւ քունջութի ձեթ:

Դմիտրի Շինգարյովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մարինացումից հետո միսը տապակվում-շոգեխաշվում է: Շատ հետաքրքիր համ է ստացվում, որը հիանալի համադրվում է կորեական կծու խորտիկների ու նուրբ բրնձի հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկրորդ խորհուրդը՝ իսրայելական combo: Այստեղ եւս կա տավարի միս, որը կոչվում է Բասար Բակար: Սա տավարի աղացած միս է, որը մարինացնում ենք սոխի, սխտորի ու հինգ համեմունքների մեջ: Իսրայելական կոմբոյին կավելացնեի սմբուկ՝ իսրայելական ձեւով:

«Մեզ մոտ ՊԵՏՔ է գալ շների հետ» ու հյուրերին դիմավորող շունը

Շատ ենք սիրում շներին ու միշտ ասում ենք՝ մեզ մոտ ոչ միայն կարելի է, այլեւ ՊԵՏՔ է գալ շների հետ: Եթե քաղաք ես դուրս եկել շանդ հետ, շատ քիչ տեղեր կան, ուր կարող ես գնալ: Մոսկվայում այժմ ավելի շատ են բացվում pet-friendly սրճարաններ ու ռեստորաններ, իսկ Երեւանում դեռեւս նման տեղերը քիչ են: Իսրայելում, օրինակ, գրեթե բոլոր տեղերում dog-friendly մոտեցում է: Նույնիսկ դեղատներում ու մթերային խանութներում շների համար ջրով տարաներ են դրված:

Ալեքսանդրան՝ շան հետ Լուսանկարը՝ անձնական արխիվ


Մենք Մոսկվայից տեղափոխվել ենք մեր շան հետ: Նրան վերցրել էր քույրս՝ կենդանիների կացարանից: Հիմա քույրս գրեթե ամբողջ օրն աշխատանքի է՝ այստեղ, ու ի՞նչ, շունը պե՞տք է միայնակ մնա տանը: Մենք մեր շանը համարում ենք այս ամենի մաս, նա եւս աշխատում է ու դիմավորում բոլոր հյուրերին: Մեզ մոտ կան ուտելիքով ու ջրով տարաներ հյուրերի շների համար: Այնպես որ, ձեր կենդանիները եւս լավ ժամանակ կանցկացնեն մեզ մոտ:

Խոտաբույսեր, ռեժան ու մրգային օղիներ

Հայաստանում շատ յուրահատուկ բաղադրիչներ կան, որոնք չես գտնի Մոսկվայում: Տպավորում են բազմաթիվ խոտաբույսերը:

Ինձ շատ է դուր եկել ռեժանը: Նկատել եմ, որ տարբեր տեղերում այն տարբեր խտություն է ունենում: Շատ է դուր գալիս նաեւ տեղական ձուկը: Մենք կենտրոնում ենք ապրում ու բակում փոքրիկ խանութ կա, որտեղ ակվարիումում կենդանի իշխան ու թառափ է լողում: Էլ որտե՞ղ նման բան կհանդիպես, հիանալի է:

Դմիտրի Շինգարյովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շատ եմ սիրում փորձել տարբեր գաթաներ, գիտեմ, որ համերը տարբերվում են ըստ տարածաշրջանների: Ամենից շատ սիրում եմ չամիչով ու ընկույզով գաթան:

Հայաստանում տպավորիչ են նաեւ տեղական մրգային օղիները: Hummus-Kimchi-ում դրանք կարելի է փորձել: Մենք համագործակցում ենք մի մարդու հետ, որը բազմաթիվ համերի օղիներ է թորում: Նա նույնիսկ ուրցի օղի ունի. սկզբում թորում է խնձորի օղի, որը թրմում է ուրցով: Մեզ մոտ կարելի է նաեւ տեղական գինի փորձել՝ ինչպես խոշոր, հայտնի արտադրողների, այնպես էլ՝ փոքրիկ գինեգործարանների:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին