×

Լուսանկարը՝ Novel Art Cafe

Իջեւանում սրճարան այցելելու մշակույթ ձեւավորող Novel Art Cafe-ն

Հայաստանի մարզերից շատերում կա՛մ սրճարաններ չկան, կա՛մ այնպիսին չեն, ինչպես Երեւանում եւ մյուս քաղաքներում, ուր այդ մշակույթը որոշ չափով զարգացած է։ Մարզերից շատերում բնակիչները ոչ միայն իրենց քիմքին հարմար, այլ նաեւ մոտակայքում գտնվող սրճարան այցելելու հնարավորություն չունեն։

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող Աշխենն ասում է՝ մինչեւ վերջերս, եթե որեւէ մեկն ուզում էր սրճարան գնալ, ապա պետք է նվազագույնը հասներ Դիլիջան, առավելագույնը՝ Երեւան։ Հենց այս սահմանափակումն էլ նպաստել է, որ նա հիմնի Novel Art Cafe արվեստանոց-թեյարանը։

Աշխեն Պետրոսյանը Լուսանկարը՝ Novel Art Cafe


Աշխեն Պետրոսյանը GatsroVino-ին պատմել է արդեն կես տարի Իջեւանում գործող արվեստանոց-թեյարանի, Բավարիայից ժամանած հայտնի խոհարարի հետ անցած վերապատրաստման, ուտեստների եւ սարի թեյերի մասին։

Ստուգում անցած սրճարանը

Novel Art Cafe սրճարանի անունը նովել գրական ժանրից է, քանի որ այն ունի գործողությունների սրընթաց զարգացում, փոփոխություններ, անակնկալներ, որոշեցինք, որ մեր սրճարանում էլ կլինեն նման զարգացումներ։

Լուսանկարը՝ Novel Art Cafe


Առաջին մասնագիտությամբ բանասեր եմ, երկրորդ մասնագիտությամբ սովորել եմ նորագույն գրականություն եւ քննադատություն։ Մի քանի տարի աշխատել եմ դպրոցում եւ դասավանդել 1-12-րդ դասարաններում։ Սիրում էի իմ աշխատանքը, բայց սրճարանի հետ համատեղել չկարողացա, բիզնեսն ինձնից շատ էներգիա է տանում։

Ծննդով Գանձաքարից եմ, որն Իջեւանի կողքի գյուղն է։ Մինչեւ վերջին երկու տարին այստեղ սրճարաններ չկային, վայրեր էին, որտեղ կարելի էր անցկացնել մանկական միջոցառումներ, կամ «ծխարաններ», գարեջրատներ էին։

Novel Art Cafe արվեստանոց-թեյարանը բացվեց 2021թ. հոկտեմբերի 28-ին։ Հենց սկզբից մեզ մոտ եռուզեռ էր։ Իջեւանցիները հետաքրքրասեր են, միանգամից փորձում են ուսումնասիրել քաղաքում նոր բացված ամեն վայր։ Սկզբում այցելում են տղամարդիկ, որ հասկանան, թե ինչպիսի տեղ է, կանանց, երեխաներին թույլ տա՞ն գնալ, թե՝ ոչ։

Ուրախ ենք, որ այժմ մեզ այցելում են տարբեր խմբերով, ընտանիքներով։ Սրճարանն այս միջավայրի համար «հեղափոխական է»։ Առաջին մտավախությունը, որ ունեիք, այն էր, թե արդյոք միջավայրը կմնա՞ դրական, կկարողանա՞նք պահել լավ մթնոլորտը։ Սրճարանների համար, շահույթի առումով, հիմնականում ալկոհոլն է ձեռնտու, իսկ մեզ մոտ ալկոհոլային խմիչքներից միայն գինի ունենք, այն էլ, որովհետեւ մեր քաղաքում է պատրաստվում։

Հայկական «Թաբուլե» ու եվրոպական ուտեստներ

Փորձել ենք համատեղել աշխարհի գույները մեր խոհանոցում, պատրաստում ենք եվրոպական եւ տեղական ուտեստներ։ Մեր ճաշացանկում ընդգրկել ենք «Կրկուտակը», որը «Թաբուլեի» հայկական տարբերակն է, «Խաթխաշը», որը միայն Գանձաքարում են պատրաստում։ Այն հիմնականում եփվում է տարածաշրջանին բնորոշ լոբուց, ցորենից եւ եգիպտացորենից։ Հին ժամանակներում այն դրել են մեծ կաթսայի մեջ եւ ամբողջ գիշեր եփել, բայց մենք փոխել եւ դարձրել ենք աղցան։ Ունենք նաեւ ուտեստներ, որ լինում են գրեթե բոլոր սրճարաններում եւ մեծ պահանջարկ ունեն։

Լուսանկարը՝ Novel Art Cafe


Համեղ ուտելիքների համար մենք պարտական ենք Բավարիայի լավագույն խոհարարներից մեկին՝ Ֆրիդրիխ Օբոյկովիչին։ Նա մեզ այցելել է SES Senior Experten Service Armenia ծրագրով։ 58 տարի խոհարար աշխատած Օբոյկովիչը վերապատրաստում է իրականացրել մեր աշխատակիցների համար։

Ֆրիդրիխ Օբոյկովիչին եւ Աշխեն Պետրոսյանը Լուսանկարը՝ Novel Art Cafe


Նա հայտնի խոհարար է, ժամանակին ուտեստներ է պատրաստել Հռոմի պապի, Ֆրենկ Սինատրայի, Սոֆի Լորենի համար։ Ֆրիդրիխ Օբոյկովիչը Գերմանիայից է, բայց կարծես հայ լինի՝ հյուրասեր է, նվիրվող, ամեն ինչով մեզ օգնել է։ Նա մեզ մոտ էր մինչեւ սրճարանի բացումը եւ դասավանդելուց հետո մենք միասին ենք կազմել մենյուն։ Վերապատրաստումների ժամանակ այնքան ենք մտերմացել, որ պատրաստվում է կրկին այցելել մեզ։

Սարի թեյերն ու արվեստանոցը

Մենք սուրճի մեծ սիրահար չենք, այդ կողմից մի փոքր կաղում ենք, բայց փոխարենը թեյերն ավելի շատ են։ Novel Art Cafe-ում ունենք տեղական խոտաբույսերով պատրաստված թեյեր, որ ինքներս ենք սարերից հավաքում արշավների ժամանակ, ծաղկաթեյեր եւ դասական թեյեր։ Կփորձենք ավելացնել նաեւ սուրճերը՝ այդ նախասիրության մարդկանց քիմքը գոհացնելու համար։

Լուսանկարը՝ Novel Art Cafe


Թեյարանի մի հատվածում ներկայացված են կին ձեռներեցների աշխատանքներ, մարդիկ կարող են գալ, տեսնել, գնել, ոգեշնչվել, իրենց աշխատանքները ցուցադրել։ Որոշել ենք ե՛ւ տեղում վարպետաց դասեր ունենալ, ե՛ւ ինքներս այցելել արտադրամասեր, արհեստանոցներ եւ տեսնել, թե ինչպես են աշխատում։ Մեր թիրախային խումբը 16-25 տարեկան կանայք եւ աղջիկներն են, որոնք ցանկանում են նոր նախաձեռնություն, մասնագիտական կողմնորոշում ունենալ կամ բիզնես հիմնել, փորձում ենք նրանց առաջնորդել, փոխանցել մեր ունեցած գիտելիքները։
 
Թեյարանի ինտերիերը

Novel Art Cafe-ն սոցիալական բիզնես է, որի նախաձեռնությունը սկսել եմ քրոջս՝ Սյուզաննա Պետրոսյանի հետ միասին։ Մենք ամեն ինչ արել ենք զրոյից՝ ընտանիքի օգնությամբ եւ Եվրամիության ֆինանսավորմամբ` Զարգացման սկզբունքներ ՀԿ օգնությամբ։։

Աշխեն եւ Սյուզաննա Պետրոսյանները Լուսանկարը՝ Novel Art Cafe


Մեր ֆինանսները սուղ էին, դրա համար սրճարանի դիզայնն արեցինք ես, քույրս եւ ամուսինս։ Ամուսինս նկարիչ-դիզայներ է, բայց իր մասնագիտությամբ չի աշխատում, զբաղվում է հուշարձանների ուսումնասիրությամբ։

Լուսանկարը՝ Novel Art Cafe


Արվեստանոց-թեյարանում փորձել ենք ներդնել մեր ունեցածը։ Գրքերը, որոնք կան սրճարանում, իմ սենյակի գրքերն են, ծաղիկները քրոջս աճեցրածներն են, իմ կիթառն է դրված սրճարանում, որը նվագեց հյուրերից մեկը, տեսանյութ տարածվեց եւ դրանից հետո այցելուները վերցնում են կիթառն ու սրճարանում նվագում, երգում։

Լինել ե՛ւ խոհարար, ե՛ւ հաճախորդ

Ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ տարբեր աշխատակիցների դերերում։ Վերապատրաստվել եմ խոհանոցում լինելու համար, ճիշտ է՝ ընդամենը սերտիֆիկատ ունեմ, մասնագիտությամբ խոհարար չեմ, բայց տիրապետում եմ խոհանոցի գաղտնիքներին, կարող եմ պատրաստել մեզ մոտ մատուցվող ուտեստները։

Լուսանկարը՝ Novel Art Cafe


Օրվա ընթացքում լինում եմ խոհանոցում, սպասարկում այցելուներին, որպեսզի հասկանամ՝ ինչի կարիք կա, նկատեմ խնդիրները։ Փորձում եմ նաեւ հաճախորդ լինել՝ հասկանալ, թե ես ինչ կուզեի, ինչն ինձ դուր կգար, ինչը՝ ոչ, ինչպես ավելի լավը դարձնենք սրճարանը։ Անընդհատ փորձում ենք հասկանալ, թե մարդկանց հետաքրքրվածությունը ո՞ր ուղղությամբ է եւ թարմացնել մենյուն։

Սրճարան այցելելու մշակույթ

Ժամանակի ընթացքում Իջեւանում սրճարան այցելելու մշակույթ է ստեղծվում։ Եթե այդ միջավայրում եղած չլինեք՝ չեք պատկերացնի եւ չեք հասկանա, որ կարճ ժամանակ առաջ այստեղ սրճարան գնալն ամոթ էր։ Հարցը միայն կարծրատիպերը չէին, պարզապես, քանի որ հաճելի միջավայր չկար, մարդիկ չէին ուզում այցելել։
Մեր սրճարանի բացումից մեկ ամիս հետո քաղաքում մեկ այլ սրճարան էլ բացվեց, որը նույնպես հետաքրքիր մոտեցումներ ունի։ Մրցակցությունն այս դեպքում օգնում է միասին ձեւավորել սրճարանային մշակույթի միջավայր։

Այժմ ուզում ենք, որ Novel Art Cafe-ն ընդլայնի իր տարածքը, չկորցնի կոնցեպտը եւ զարգացումները լինեն սրընթաց, ինչպես նովելներում է։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին