×

Նունե Մանուկյանը ու Մերի Բադալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Գինու Օրեր»-ի մրցանակը եւ գինին կենցաղ բերողները

«Գինու Օրեր» փառատոնը Հայաստան է բերում ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ միջազգային մրցանակներ։ Փառատոնը Wine Travel Awards-ում արժանացել է «Տարվա միջոցառում» մրցանակի։

Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են առցանց քվեարկությամբ եւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով։ «Գինու Օրեր» փառատոնը կազմակերպող «ԷվենտՏուրա» ընկերությունում ասում են, որ մրցանակն իրենց անակնկալի է բերել, այնքան են զբաղված եղել «YereWineDays» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներով, որ մոռացել են հետեւել քվեարկության ընթացքին։

«ԷվենտՏուրա»-ի համահիմնադիրներ եւ «Գինու Օրեր» միջոցառման կազմակերպիչներ Նունե Մանուկյանն ու Մերի Բադալյանը GatsroVino-ի հետ զրույցում խոսել են գինու տուրիզմի ոլորտի «Օսկար»-ին արժանանալու, փառատոնի տարածքն ընդլայնելու եւ ապագա գինեսերների հետ այսօր աշխատելու մասին։

Անակնկալ առաջադրումն ու հաղթանակը

Մերի Բադալյան

«Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ»-ը եւ GIZ Armenia-ն անակնկալ էին արել եւ մեզ առաջադրել համաշխարհային Wine Travel Awards մրցանակաբաշխությանը՝ «Տարվա միջոցառում» անվանակարգում։ Ասացին, որ օնլայն քվեարկություն է ընթանալու, բայց երբ տեսանք, որ մեր անվանակարգում առաջադրվել է նաեւ Օդեսայի «Wine week» միջոցառումը, մտածեցինք՝ Եվրոպան «քաղաքականապես կոռեկտ» կգտնվի եւ հազիվ թե մրցանակը մեզ բաժին հասնի։

Երբ մեզ տրված ձայները հատել էին հազարի սահմանը՝ այնքան զբաղված էինք, որ պարզապես մոռացանք մրցանակաբաշխության մասին ու գնացինք հաջորդ միջոցառմանը պատրաստվելու։

Մերի Բադալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մայիսի 2-ին տեղեկացանք, որ արժանացել ենք մրցանակի։ Պարզվեց, որ օնլայն քվեարկությամբ առաջին երեք ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցները հանձնվել են ժյուրիի դատին եւ հաղթողներին որոշել են ժյուրիի 12 անդամները, որոնք առնչություն ունեն գինու ոլորտի հետ եւ տեսել են աշխարհի շատ միջոցառումներ։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունիսի 8-ին, London Wine Fair-ի ժամանակ, բայց ժամկետների սղության պատճառով գրեթե շանս չունենք վիզա ստանալու։ London Wine Fair-ը մեծ էքսպո է, որին Հայաստանից շատ մասնակիցներ են լինելու եւ պետք է խնդրենք, որ մրցանակը ստանան մեր գործընկերները։

Նունե Մանուկյան

Սա կարեւոր, իմիջային մրցանակ է եւ մեր թիմին տալիս է մեկ անգամ եւս ուրախանալու առիթ, որ այն, ինչ անում ենք, գնահատված է եւ հասել է իր նպատակին։ Այս հաղթանակով մենք «մարտահրավեր» ենք նետել տարածաշրջանի եւ Եվրոպայի շատ երկրների։ Նույն անվանակարգում մեզ հետ մրցում էին նաեւ Մոլդովան, Իտալիան, Հունգարիան, որտեղ անցկացվող Budapest Wine Festival-ն անցյալ տարի նշեց 30-ամյակը։ Ստացվում է, որ վեց տարեկան մեր փառատոնը հաղթում է Եվրոպայում տարիներ շարունակ անցկացվող փառատոններին։

Նունե Մանուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Wine Travel Awards-ի ժյուրիի անդամներն ուսումնասիրել եւ գնահատականներ են տվել մի քանի չափանիշներով։ Նրանք հաշվի են առել, թե մեր մասին որ պարբերականներն են գրել, որքանով է միջոցառումը զբոսաշրջային, որքանով է երկրին ճանաչելիություն բերում, արդյո՞ք հանուն այս միջոցառմանը մասնակցելու զբոսաշրջիկները գալիս են մեր երկիր, հաշվի են առել նաեւ սոցիալական տարրը, որ ունի միջոցառումը։

Գինին կենցաղ բերողը կինն է

Մերի Բադալյան

Ուսումնասիրություն անցկացրեցինք, որ տեսնենք՝ ինչպես է հնարավոր Հայաստանում ավելացնել գինու սպառումը, քանի որ հատկապես հայկական գինու սպառումը ներքին շուկայում աճելու տեղ ունի։ Պարզեցինք, որ սպառումն ավելացնելու համար պետք է ազդել այն անձի վրա ով որոշում է կայացնում իր ընտանիքի ամենօրյա սննդի հարցում։ Դրանք հիմնականում տան կանայք ու աղջիկներն են։ Փորձեցինք հասկանալ՝ նրանց վրա ո՞վ է ազդում սննդի հարցում։ Պարզվեց, որ կանանց վարքագծի վրա բավականին մեծ ազդեցություն ունեն food-բլոգերները։ Եթե կինը հետեւում է food-բլոգերի, նշանակում է՝ ուզում է տեսնել, թե ինչ ուտեստ է պատրաստում, որ ինքն էլ փորձի պատրաստել։

Լուսանկարը՝ «ԷվենտՏուրա»


Գտանք Հայաստանում բնակվող մոտ 30 food-բլոգերի եւ նրանցից 25-ի համար հետաքրքիր ցերեկույթ կազմակերպեցինք, որի ընթացքում պատմեցինք՝ ինչ է հայկական գինին, գինու մշակույթը, ով ենք մենք, ինչ ենք անում։ Պրոֆեսիոնալ սոմելյեն երկու ժամանոց դասընթաց անցկացրեց նրանց հետ, կարելի է ասել՝ մենք անցանք food-բլոգերներին կրթելու շարունակական արշավի առաջին փուլը։ Այժմ նրանց «Երեւանի Գինու Օրեր» միջոցառման շրջանակում համարում ենք հայկական գինու դեսպաններ, որոնք պետք է փորձեն կանանց «համոզել», որ ամեն երեկո ընթրիքը կարող են համադրել որեւէ հետաքրքիր հայկական գինու հետ եւ եթե չեն կարողանում ընտրություն անել, այդ հարցում եւս կօգնեն։ Մայիսը պետք է լինի հայկական գինու դեսպանների արշավի ամիս։

Նունե Մանուկյան

Այս արշավը ոչ ագրեսիվ ձեւով կազդի կանանց վարքագծի վրա եւ նրանք կհասկանան՝ կարմիր գինին որեւէ ուտեստի հետ համադրելու արդյունքում այն ավելի համեղ կլինի, քանի որ այդպես է արել նաեւ food-բլոգերը, որին նրանք հետեւում են։ Սկզբում տան կինը կամ աղջիկը, գուցե, անի առանց գիտակցելու, բայց ժամանակի ընթացքում կդառնա սովորույթ։ Այս միջոցը կբարձրացնի գինու ներքին շուկայի վաճառքը, կվերականգնվի ավանդույթը եւ մարդիկ գինին չեն համարի զուտ տոնական խմիչք։

Լուսանկարը՝ «ԷվենտՏուրա»


Այս արշավի կարեւոր նպատակներից մեկն էլ գինու որակի բարձրացումն է, քանի որ հաճախ, օրինակ՝ հարսանիքների ժամանակ, ռեստորանում մեծ մասը խմում է օղի, կոնյակ եւ ընդամենը մի քանի շիշ գինի է լինում սեղաններին՝ կանանց համար, այն էլ՝ ոչ այնքան լավ որակի։ Երբ հայ կինը կարողանա տարբերակել լավ եւ վատ գինիները, գինեգործները, որոնք դեռ շարունակում են անորակ գինի արտադրել կամ ստիպված կլինեն բարձրացնել որակը, կամ այլեւս չեն արտադրի։

Նորարարությունն ու փառատոնի առցանց հարթակը

Նունե Մանուկյան

Երբ Հայաստանում փառատոնային ոլորտը նոր էր սկսում զարգանալ՝ փառատոնները ոչ կոմերցիոն էին, կազմակերպվում էին մարդկանց էնտուզիազմի, ընկերների օգնությամբ, երբեմն կառավարությունը հատկացնում էր որոշակի ֆինանսավորում։

«ԷվենտՏուրա» ընկերությունը ցույց տվեց, որ կարելի է լինել կոմերցիոն, որովհետեւ դրանով բարձրացնում ես միջոցառման որակն ու ունենում լավ գործընկերներ։ Օրինակ՝ մեր գլխավոր հովանավորը ԱԿԲԱ Բանկն է, եւ նրանց հետ միասին մտածում ենք, թե որն է լինելու մեր մյուս քայլը, որ փառատոնը դառնա շատ ավելի նորարարական, տեխնոլոգիական միջոցների օգտագործմամբ։ «Գինու Օրեր»-ը շուտով կլինի Metaverse-ի հարթակում։ Աշխարհն արագ է փոխվում եւ մենք պետք է կարողանանք համահունչ գնալ առաջ, քանի որ արդեն ուշացել ենք։

Մերի Բադալյան

«Գինու Օրեր»-ն ամեն տարի տեղի կունենա, բայց մենք կկազմակերպենք նաեւ վիրտուալ 3D MR ձեւաչափով Meta Wine & Tourism Days-ը, որի միջերեսը (interface) ձեւավորված կլինի «Գինու Օրեր»-ի փողոցների նմանությամբ։ Գինու տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները, իրենց երկիր հայկական գինու ներմուծմամբ հետաքրքրվող մարդիկ տարբեր երկրներից կկարողանան «այցելել» տաղավարներ եւ տեղեկություն ստանալ իրենց հետաքրքրող գինու եւ տուրիստական տուրերի վերաբերյալ։

Լուսանկարը՝ «ԷվենտՏուրա»


Մայիսի 24-ին տեղի կունենա մեծ կոնֆերանս, որը կոչվում է IRL-ից դեպի URL՝ իրականությունից դեպի համացանցային աշխարհ, եւ մեր 120 գործընկերներին կպատմենք փառատոնային ոլորտի նորությունների մասին։ Meta Wine & Tourism Days-ը կանցկացվի հոկտեմբերին՝ մի քանի օրով, բայց տարեցտարի կավելացնենք օրերի քանակը։

Գինու երեք օր՝ երկուսի փոխարեն

Մերի Բադալյան

«Գինու Օրեր» փառատոնի ընթացքում մեր 10-15 կամավորները քաոտիկ տարբերակով մոտենում են 2 000 մարդու եւ հարցախույզ անցկացնում։ Փառատոնի մասնակիցների հարցերի պատասխանները հետո պրոֆեսիոնալ վերլուծության են ենթարկվում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարի փառատոնը կտեւի երեք օր՝ հարցախույզների արդյունքում պարզել ենք, որ երկու օրը քիչ է։ Քանի որ փառատոնը տեղի է ունենում Երեւանի կենտրոնում, 23։00-ին էլ պետք է անջատել երաժշտությունը, լույսերը, մենք ավարտում ենք կես ժամ առաջ, որ հասցնենք անել այդ ամենը։ Այսինքն՝ ամենաակտիվ, լավ պահին բոլորին զրկում ենք ուրախությունից։ Երրորդ օրն ավելացնում ենք փոխհատուցելու «գողացված» ուրախությունը։

Նունե Մանուկյան

Զբոսաշրջությունը փոխել է իր դեմքը, դարձել ավելի իրադարձային, մարդիկ որեւէ երկիր այցելում են կոնկրետ իրադարձության համար։ Ամենակարեւորն այն է, թե մենք ինչ օգուտ ենք բերում երկրին այս փառատոնով։ Հարցախույզի շնորհիվ կարողացել ենք հասկանալ, թե «Գինու Օրեր»-ի համար մոտավոր քանի զբոսաշրջիկ է գալիս Հայաստան։ Ըստ հաշվարկների՝ մեկ զբոսաշրջիկը գոնե 5 օրով Հայաստան այցելելիս կարող է ամենաքիչը ծախսել 1200 դոլար։ Զբոսաշրջիկը փառատոնին ներկա է լինում 1-ից մինչեւ 2 ժամ, մնացած օրերի ընթացքում Հայաստանում տարբեր ծառայությունների համար է գումար ծախսում։

Հարցախույզները ցույց են տալիս, որ փառատոնը ձնագնդի ազդեցություն ունի եւ տնտեսական մեծ օգուտ է տալիս գինու տուրիզմի վրա։ Մեր անցկացրած հարցախույզի համաձայն՝ 2021 թվականին «Գինու Օրեր»-ին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ եւ կարող ենք հաշվել, թե որքան գումար են նրանք ծախսել մեր երկրում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2017 թվականին փառատոնն անցկացվել է միայն Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկում, իսկ հիմա զբաղեցնում է երեք փողոց՝ Թումանյան, Սարյան եւ Մոսկովյան։ Տարեցտարի եւ մասնակից ընկերությունների թիվն է ավելանում, եւ փառատոնի այցելուների։ Ակնկալում ենք, որ այս տարի փառատոնը կունենա շուրջ 40-50 հազար այցելու։

Անվտանգ երկրի զբոսաշրջային պոտենցիալը

Նունե Մանուկյան

Մենք ուրախ ենք Wine Travel Awards մրցանակի համար, բայց դա չի նշանակում, որ կանգնելու ենք նույն տեղում, պետք է առաջ գնանք, զարգացնենք նաեւ այլ ոլորտներ։ Երբ 2021 թվականին՝ Արցախում պատերազմից հետո, մենք անցկացրեցինք «Գինու Օրեր» փառատոնը, դրանով փորձում էինք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն անվտանգ երկիր է, մեր ամենակարեւոր մեսիջներից մեկը սա է։

Մերի Բադալյան

Ինչքան էլ ասենք, որ գինու արտադրության վեց հազարից ավելի տարվա պատմություն ունենք՝ ժամանակակից աշխարհում որակով արտադրության մեր պատմությունը առավելագույնը, գուցե, 15-20 տարի լինի: Մենք համարվում ենք երիտասարդ, նոր եւ հետաքրքիր գինու աշխարհ։ Հայաստանը գինու միջոցով ճանաչելի դարձնելու աշխատանքը ոչ միայն գինեգործները պետք է անեն, այլեւ «Գինու Օրեր» փառատոնի նման հարթակները պետք է աջակցեն։

Չենք կարող մեզ թույլ տալ չօգտագործել Հայաստանի զբոսաշրջային գեղեցիկ ներուժը, մշակույթը, կոթողները, քիմքի համար հաճելի սնունդն ու գինու բարձրորակ արտադրությունը։ Պարտավոր ենք այս ամենը միասին ներկայացնել «Գինու Օրեր»-ի հարթակում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փառատոնի ընթացքում անվճար տաղավարներ են հատկացվելու նաեւ այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են զինծառայողների կրթությամբ կամ առողջությամբ։ Այս պահին տասը հայտից վեցը լրացված է եւ բաց ենք այլ հայտեր ընդունելու համար։

Մեկ տաղավար էլ տալիս ենք Հայաստանում գործող բոլոր փառատոններին, որոնք կարող են ներկայացնել իրենց միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։

«Գինու Օրեր» միջոցառումն այս տարի տեղի կունենա հունիսի 3-ից 5-ը, իսկ հոկտեմբերին կսկսենք աշխատել 2023 թվականի միջոցառման համար։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին