×

Աննա Մկրտումյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արցախի նռան տտիպ հյութը, հնեցված օղին եւ ընտանեկան գործարանը

Ստեփանակերտում գտնվող ArtsakhBerry գործարանի պահածոները, հյութերն ու չրերը նախկինում հասնում էին մի քանի երկիր, բայց այժմ արտադրանքը սպառվում է միայն Արցախում եւ Հայաստանում։

ArtsakhBerry-ն ընտանեկան, փոքրիկ գործարան է, հիմնվել է 2011-ին։ Այս տարիների ընթացքում գործարանում աշխատանքները դադարել են մեկ անգամ՝ ուղիղ մեկ տարով, 44-օրյա պատերազմից հետո։

GastroVino-ի հետ զրույցում ընտանեկան բիզնեսի մասին պատմել է ArtsakhBerry-ի հիմնադիր Էրիկ Մկրտումյանի դուստրը՝ Աննա Մկրտումյանը, ով կարճ ժամանակ առաջ է միացել ընտանեկան գործին։ Նա պատմել է Norn կոլեկցիոն շարքի, անհայտ բովանդակությամբ տակառների եւ արտահանման խոչընդոտների մասին։

Պատերազմին հաջորդած դադարը

Մինչ 44-օրյա պատերազմը ընտանիքս բնակվում էր Ստեփանակերտում, միայն ես էի Երեւանում սովորում, բայց պատերազմից հետո ընտանիքի մի մասը միացավ ինձ, սպիտված էինք կիսվել Արցախի ու Երեւանի միջեւ։ Պատերազմի ժամանակ արկակոծվեց ոչ միայն մեր տունը, այլեւ իմ ընտանիքին պատկանող ArtsakhBerry-ի փոքրիկ գործարանը։

Լուսանկարը՝ ArtsakhBerry


Գործարանը հիմնել է հայրս՝ Էրիկ Մկրտումյանը։ Նա երկար տարիներ ծառայել է բանակում եւ այդ աշխատանքը թողելուց հետո սկսել է մտածել Արցախում որեւէ արտադրություն հիմնելու մասին։

Վայրի պտուղներից՝ հոն, մոշ, ընկույզ, ինչպես նաեւ՝ այգիներից վերցվող մրգերից ու հատապտուղներից պատրաստվող պահածոները, հյութերն ու չրերը հայտնի են Արցախում, մինչեւ 2016 թվականը արտադրանքն ուղարկում էինք Ռուսաստան, այնուհետեւ՝ նաեւ ԱՄՆ ու Լիբանան։ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ պետք է աշխատանքի թեժ շրջան լիներ, հումքը գործարանում փչացավ, արկակոծության պատճառով գործարանը վնասվեց եւ չեղարկվեցին տարիների ընթացքում կնքված բոլոր պայմանագրերը։

Պատերազմից հետո չգիտեինք՝ ինչ անել, առաջին հերթին հորս համար էր հոգեբանորեն դժվար։ Միայն մեկ տարի անց նկատեցինք, որ ինչ-որ բան անելու ցանկություն ունի: Վերականգնեցինք գործարանի վնասներն ու վերսկսեցինք աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ մտածեցինք Norn շարքի մասին։

Աննա Մկրտումյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ այս շարքը առանձնապես առնչություն չունեի գործարանի հետ։ Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, փորձել եմ Արցախը նաեւ իմ աշխատանքների միջոցով ներկայացնել, բայց որոշեցի հորս օգնել։ Կարծում եմ՝ պատերազմից հետո շատերի մոտ Արցախում եւ Արցախի համար ինչ-որ գործ անելու ցանկություն կա։  

Քույրս՝ Մերին, մինչ այդ էլ հորս օգնում էր արտասահմանում սպառողների հետ կապեր հաստատելու հարցերում եւ նրան դիտարկում էինք որպես «սեյլս մենեջեր», ես էլ դարձա «մարքեթինգի մենեջեր» (ծիծաղում է-հեղ․

Արցախի նոռնը

Նոռնը արցախյան բարբառով նշանակում է նուռ։ Մենք շատ ենք կարեւորում բարբառի եւ մշակույթի պահպանությունը, դրա համար էլ շարքի անունը դրեցինք Norn։

Երբ մտածում էինք տարաների ու շշերի դիզայնի մասին, ուզում էինք, որ այն պարզ լինի, բայց նաեւ միտք ունենա։ Ում էլ դիմում էինք՝ մեծ գումարներ էին ուզում ռեբրենդինգի համար։ Ես երբեք դիզայնով չեմ զբաղվել, բայց տիրապետում եմ գործիքներին։ Ընկերներիցս մեկը համոզում էր, որ ինքս զբաղվեմ դրանով, որոշեցի փորձել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընկերներիցս մեկի հետ սկսեցինք աշխատել եւ քանի որ փորձ չունեինք, մտածեցինք, որ պիտակները պետք է որեւէ առանձնահատկություն ունենան, այսպես եկավ նռան հատիկի տեսքով անցքեր անելու գաղափարը, որն առավել նկատելի է դառնում շշի դատարկվելու ընթացքում։

Ամեն ինչ նռան հատիկներից

Մինչ «Norn» շարքի գաղափարը՝ արդեն ունեինք նռան դոշաբ եւ հյութ, երկրորդը հատկապես մեծ պահանջարկ ուներ եւ հենց այստեղից եկավ նաեւ այլ պրոդուկտներ պատրաստելու միտքը։ Հայրս գաղափարներով լի մարդ է, շատ է սիրում նորույթներ ստեղծել։ Մեր գործարանում աշխատող տեխնոլոգն էլ նրա հետ «մի ալիքի վրա» է։ Նրանց համատեղ փորձարկումների արդյունքում նռից պատրաստվել է այն ամենը, ինչ հնարավոր է։ Այժմ ունենք նռան կոմպոտ, հյութ, թեյ, մուրաբա, քացախ, դոշաբ, օղի եւ գինի։

Ցանկացած արտադրանք ստեղծելիս հայրս շատ է կենտրոնանում, որ բացի համեղ լինելուց, այն նաեւ հնարավորինս բնական ու օգտակար լինի առողջության համար։ Մեր գործարանում պատրաստվող նռան հյութը զերծ է կոնսերվանտներից, կողմնակի հավելումներից, չի պարունակում շաքար։ Նուռն ամբողջությամբ ճզմվում է եւ դրա համար է, որ շշի հատակին նստվածք է լինում։ Նռան հյութը տտիպ է եւ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ մեծ քանակությամբ խմել, դրա համար նաեւ փոքր շշերով ենք պատրաստել։

Լուսանկարը՝ ArtsakhBerry


Նռան մուրաբայի եւ կոմպոտի մասին, հավանաբար, քչերը գիտեն, ինքս էլ հենց մեր արտադրածն եմ առաջին անգամ փորձել։ Դրանցում երեւում են նռան ամբողջական հատիկները։

Գործարանում գրեթե ամեն ինչ արվում է ձեռքով եւ յուրաքանչյուր աշխատող աշխատանքային օրվա ընթացքում կարողանում է մաքրել եւ առանձնացնել մոտ 9 կգ նռան հատիկ։

Լուսանկարը՝ ArtsakhBerry


Հայրս մի օր արթնացավ եւ ասաց՝ «նռան թեյ չկա, կարելի է պատրաստել»։ Ասացի՝ «թթու է, ո՞վ է խմելու», պատասխանեց՝ «կարող ենք ինչ-որ բաներ խառնել»։ Ու սկսեցինք մտածել, թե ինչ կսազի նռան հետ։ Ավելացրեցինք խնձոր՝ քաղցրության համար, կարկադե եւ այլ բաղադրիչներ, ստացվեց մի փոքր թթվաշ թեյ, որում օգտագործվում է ինչպես նռան չորացած կեղեւը, այնպես էլ՝ հատիկները։

Ինչ վերաբերում է նռան մուրաբային, ապա սկզբում կարծում էի, որ սպառողները չեն գնի, բայց Երեւանում հայտնի սուպերմարկետներից մեկին տվել էինք որոշակի քանակությամբ եւ, կարծես թե, ամբողջությամբ վաճառվել է։

Տանը փորձարկվող արտադրանք

Արցախում ArtsakhBerry-ն հայտնի է, Երեւանում՝ ոչ այնքան, որովհետեւ առանձնապես ներկայացած չէինք, բայց նռան շարքը հետաքրքրություն առաջացրեց։

Norn շարքի արտադրանքի պահպանման ժամկետը երկու տարի է, բայց, հավանաբար, մինչ այդ ամբողջ խմբաքանակը սպառված կլինի, որովհետեւ փորձնական եւ սահամանափակ խմբաքանակից արդեն մնացել է քիչ քանակությամբ։ Այս խմբաքանակով մենք ուզում էինք հասկանալ՝ պահանջարկ կլինի՞, թե՝ ոչ։

Լուսանկարը՝ ArtsakhBerry


Երբ ArtsakhBerry-ն նոր էր սկսել գործել, ես ու քույրս 13-14 տարեկան էինք, մտնում էինք Ստեփանակերտի այն խանութները, որտեղ կար մեր արտադրանքը, գնում ու սկսում խանութում խոսել դրա մասին։ Մեզ համար գովազդի տարբերակ էինք գտել (ծիծաղում է-խմբ․)։ Հիմա ես կրկին այցելում եմ խանութներ, բայց արդեն ստուգելու՝ արտադրանքը վաճառվո՞ւմ է։

Այն ամենը, ինչ արտադրվում է մեր գործարանում, փորձարկվում է մեր տանը։ Դոշաբը, օրինակ, մայրս օգտագործում է ձկնամթերքի, մսեղենի հետ։ Ես մի փոքր տարակուսում էի, թե ինչի համար է քացախը, հետո մայրս ասաց, որ եթե պատրաստելուց առաջ միսը որոշ ժամանակ պահվի նռան քացախի մեջ, ապա հետաքրքիր համ կունենա։ Դոշաբն ու քացախն էլ իրար խառնելու դեպքում ստացվում է աղցանների համար սոուս։

Տակառում պահված օղի

Norn շարքի գինին եւ օղին ոչ թե Ստեփանակերտում, այլ մեր պապական գյուղում են պատրաստվում՝ Ծմակահողում։ Շուկայում նռան գինիներ շատ կան, բայց մենք պատրաստում ենք ընտանեկան ավանդական եղանակով։

Լուսանկարը՝ ArtsakhBerry


Նռան օղին Արցախում շատ սիրված է, բայց հայրս այն պատրաստում է հատուկ տեխնոլոգիայով։ ArtsakhBerry-ի օղին վեց տարի պահվում է կաղնու տակառների մեջ եւ դրանց շնորհիվ ստանում հետաքրքիր համ ու ոսկեգույն երանգ։
Հայրս սիրում է փորձարկումներ անել, գյուղի մեր տանը ընտանիքի անդամների անուններով տարբեր տակառներ կան եւ հաճախ չենք էլ իմանում, թե ինչ պարունակություն ունեն դրանք։ Օղին էլ այս փորձարկումներից մեկն է, այն ունի բարձր աստիճան եւ հասցրել է սիրվել։

Աշխարհին ներկայանալու ցանկություն

Նախկինում, երբ ArtsakhBerry-ի արտադրանքը արտահանվում էր, անվան պատճառով, երբեմն, խոչընդոտներ էին լինում, բայց մենք որոշեցինք անփոփոխ թողել այն։ Պատերազմից հետո, առհասարակ, որեւէ բան չենք արտահանում, առաջիկայում Կալիֆորնիայում մասնակցելու ենք էքսպոյի, որի ընթացքում պետք է փորձենք պայմանավորվածություններ ձեռք բերել, պայմանագրեր կնքել, որ կարողանանք շարունակել աշխատանքը, այժմ ֆինանսական օգնության կարիք կա, չգիտենք, եթե արտահանում չլինի՝ կկարողանա՞նք շարունակել աշխատել, թե՞ ոչ։

Norn կոլեկցիայի առաջին խմբաքանակը պատրաստվել է անցած տարվա աշնանը, ցավալի կլինի, եթե սա լինի առաջինն ու վերջինը։ Մինչեւ պատերազմը ինչ-որ պատրաստում էինք՝ Աղդամի շրջանի այգիներից էր, այս տարի պատրաստվում էինք Խրամորթի այգիներից նուռ գնել, այնպես որ, չգիտենք, թե հետո ինչ կլինի։

Չեմ ուզում Արցախի մասին տխուր խոսել, բայց ապագայի մասին որեւէ բան ասելը դժվար է։ Հույսը չենք կորցնում, մտածում ենք՝ կընդլայնվենք ու աշխարհը նաեւ մեր արտադրանքի միջոցով կիմանա Արցախի մասին։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ ArtsakhBerry-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին