×

Մագդա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Mornin. Տնտեսագետ Մագդայի հայկական մյուսլիի բանաձեւը

Շվեյցարացի բժիշկ Մաքսմիլիան Բիրխեր-Բեները դեռ 100 տարի առաջ իր հիվանդների առողջությունն արագ վերականգնելու համար պատրաստում էր վարսակի հիմքով, մրգերով եւ ընկույզով ուտեստ՝ մյուսլի:

Մեկ դար անց մյուսլիի հիմքը՝ վարսակը, անփոփոխ է մնացել, բայց դրան գումարվել են միկրոէլեմենտներով եւ վիտամիններով հարուստ այլ բաղադրիչներ՝ սերմնատեսակներ եւ չրատեսակներ:

Հայկական Mornin մյուսլիների հեղինակ տնտեսագետ Մագդա Կարապետյանը մշակել է իր բանաձեւը: Նրա արտադրած մյուսլիները եւս առողջարար են, բայց բժիշկ Մաքսմիլիանի պատրաստածից տարբերվում են հայկական չրերով:

GastroVino-ի հետ զրույցում Մագդա Կարապետյանը պատմել է բանկային հատվածից  սննդի արտադրության ոլորտ տեղափոխվելու, իր հեղինակած մյուսլիների տեսակների եւ բաղադրության մասին:

Ինչպես «եփվեց» մյուսլիի գաղափարը

Mornin մյուսլիների առաջին թողարկումը եղել է 2021 թվականի մայիսի 22-ին, բայց մինչ այդ Մագդան ուսումնասիրության երկար շրջան է անցկացրել՝ սննդի արտադրություն սկսելու համար:

Մագդա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկար տարիներ բանկային ոլորտում աշխատելուց հետո Մագդայի համար մյուսլիների արտադրությամբ զբաղվելու որոշման առիթ է դարձել «մյուսլիասեր» լինելն ու սեփական երկրում որեւէ արտադրություն ստեղծելու կարեւորությունը:

«Մյուսլիի հարմարավետությանը եւ օգտակարությանը ծանոթացել էի տարբեր երկրներ ճանապարհորդելու ընթացքում: Այն հասցրել էր դառնալ իմ կենսակերպի անբաժան մաս: Երեւանյան խանութներից մյուսլիներ գնելիս փնտրում էի հայկական արտադրանք, բայց չէի գտնում: Հենց սա էլ առիթ դարձավ սննդի ոլորտում արտադրություն սկսելու: Մի քանի տարի իմ մեջ եփվող գաղափարը վերջապես իրագործեցի»,- պատմում է Մագդան:

Մագդա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Գաղափարիս միս ու արյուն տալը համընկավ համավարակի եւ պատերազմի ժամանակահատվածի հետ: Դա էլ պատահական չէր: Զգում էի, որ սպառվում եմ որպես մարդ, իսկ դա հաղթահարելու համար ինչ-որ բան պետք էր ստեղծել, որը հնարավորություն կտար ոչ միայն ինքս ինձ նորովի գտնելու, այլեւ մթերքը հավելյալ արժեքով զինելու համար, ինչը շատ նպաստավոր է ոչ միայն արտադրողի, այլեւ երկրի համար»,- նշում է նա:

Մարզային արտադրությունը

Mornin մյուսլիներն արտադրվում են Արարատի մարզի Մասիսի շրջանում:

«Արտադրությունը սկսելու համար մի կարեւոր սկզբունք ունեի՝ այն անպայման պետք է լիներ մարզում: Մենք Երեւանից 20 րոպե հեռավորության մարզեր ունենք, որտեղ արտադրական ծավալներ, հզորություններ չկան, իսկ բնակիչները՝ հատկապես կանայք, աշխատանքի խնդիր ունեն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անգամ շատ փոքրիկ արտադրամաս ստեղծելով՝ կարելի է այդ ներուժն օգտագործել եւ գոնե մի քանի հոգու համար աշխատատեղ ստեղծել»,- ասում է նա:

Mornin-ի 7 գույները

«Ընդհանրապես, մյուսլիները շատ հարմար են նախաճաշին՝ եռացրած ջրով կամ որեւէ կաթնամթերքով ուտելու համար: Վարսակի հիմքով այս ուտեստում առկա սննդային մանրաթելերը երկարամարս են, ինչի արդյունքում մարդը կարողանում է երկար ժամանակ քաղցածության զգացողություն չունենալ եւ վիտամինների ճիշտ պաշար ստանալ»,- ասում է Մագդան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Mornin-ն առաջարկ ունի ոչ միայն հայկական ծիրանի, դեղձի, սալորի եւ խնձորի չրի սիրահարների, այլեւ շոկոլադասերների, սպորտով զբաղվողների եւ երեխաների համար:

«Փորձել ենք ընտրության հնարավորություն տալ գրեթե բոլորին եւ յուրաքանչյուր տեսակ մշակելիս մանրամասն աշխատել ենք սննդաբանի հետ: Այսինքն՝ ոչ թե հինգ տարբեր բաղադրիչ ուղղակի խառնել ենք իրար, այլ փորձել ենք չրատեսակներն ու մնացած բաղադրիչներն այնպես համադրել, որ համեղ լինելուց բացի՝ յուրաքանչյուրն իր ֆունկցիան ճիշտ կատարի:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տեսակներից ոչ մեկը մյուսի բաղադրությունը չի կրկնում, բոլորն իրենց նպատակային նշանակության բաղադրիչներն ունեն: Օրինակ՝ սալորի չիրը համադրված է քունջութի, արեւածաղկի սերմերի, ամբողջահատիկ ցորենի խտացրած թեփի հետ, որը թույլ է տալիս մարդուն B վիտամինային ամբողջ կոմպլեքսը ստանալ, խնձորը՝ չիայի սերմերի, պնդուկի հետ, որը օմեգայի եւ վիդամին D-ի մեծ աղբյուր է, ծիրանը՝ հունական ընկույզի, դդմի սերմերի հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Mornin Sport-ի պարագայում գերակշռում է ընդեղենը, որը բնական պրոտեինի աղբուր է իրենից ներկայացնում եւ համադրված է արմավի հետ:

Շոկոլադասերների համար էլ սեւ շոկոլադը համադրել ենք ծիրանաչրի հետ: Սննդաբանի հետ նախատեսում ենք պատրաստել նաեւ քաշը կարգավորող, դիաբետիկ տարբերակ»,- ասում է Մագդան:

Համագործակցությունը

«Այս գործում շատ եմ կարեւորում համագործակցությունը մյուս արտադրողների հետ: Սերմնատեսակներն ու չրատեսակները ձեռք եմ բերում տեղական արտադրողներից, ներմուծում եմ միայն այն բաղադրիչները, որոնք այստեղ չեն աճում: Ինքս հարցումներ եմ անում, փորձում եմ գտնել փոքր արտադրություն ունեցող տնտեսություններ: Մի անգամ այդ հարցումների ժամանակ աշտարակցի մի կնոջ գտա, ով այնքան էր ուրախացել, որ կարող է իր ունեցած հնարավորություններով տալ մեզ անհրաժեշտ հումքը: Հասկացա, թե ինչքան կարեւոր է, երբ քո գործով կարողանում ես նաեւ ինչ-որ մեկին հնարավորություն տալ թեկուզ փոքր ծավալով, բայց իր արտադրանքն իրացնելու»,- նշում է նա:

Մագդա Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինչ վերաբերում է վաճառքին, Մագդան ասում է, որ մյուսլիները սուպերմարկետներից բացի՝ վաճառվում են նաեւ դեղատներում.

«Սա նաեւ մտածելակերպ է փոխում, մարդիկ հասկանում են, որ դեղատունը կարող է լինել նաեւ առողջ սննդի վաճառքի կետ: Մեր մյուսլիները հասնում են նաեւ լեռներ՝ Ալպինիզմի ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ: Փաթեթավորումն այնպես ենք մտածել, որ լեռնագնացներն այն հանգիստ տեղավորեն ուսապարկի մեջ եւ սարերում կարողանան ստանալ իրենց անհրաժեշտ սննդի պաշարը»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին